
Տառաստեղծ Ռուբեն Թառումյանը տառեր սկսել է ստեղծել դեռևս 1990 թվականից: Տառեր ստեղծելու սերը Թառումյանը, ինչպես 168.am-ի հետ զրույցում նա ասաց, հավանաբար, ժառանգել է հորից, ով գրքերի ձևավորմամբ է զբաղվել: Այս տարիների ընթացքում Ռ. Թառումյանը ստեղծել է 100-ից ավելի տառատեսակներ, որոնց մեծ մասը՝ կամավոր՝ իր նախաձեռնությամբ: Սակայն նրա աշխատանքը չի վրիպել խոշոր տեխնոլոգիական այնպիսի ընկերության աչքից, ինչպիսին՝ Microsoft-ն է, որը և հայաստանցի մասնագետին պատվիրեց հայերեն տառատեսակներ ստեղծել:
Այսօր արդեն հանրաճանաչ տառաստեղծ Ռուբեն Թառումյանի ստեղծած տառատեսակները կիրառվում են Microsoft ընկերության ծրագրերի հայերեն տարբերակների մեջ: Ռ. Թառումյանը շարունակում է աշխատել և նոր համակարգչային տառատեսակներ (font-եր) ստեղծել: Երեկ՝ ապրիլի 3-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում տառաստեղծ Ռ. Թառումյանը ներկայացրեց իր կողմից ստեղծված Արիան ԱՄՅու (Arian AMU) տառատեսակը, որը եկել է փոխարինելու ABBYY ընկերության կողմից ստեղծած Arial AMU-ին: