Ֆուտբոլ. մեր լեզուն` վերջին տեղո՞ւմ

Ֆուտբոլային հադիպումների հայերեն  հեռարձակումները շատ վաղուց դիտում եմ «մեկնաբանների» ձայնն անջատած վիճակում: Ճիշտ է, դրա պատճառով խաղից այն հաճույքը չես ստանում, քանի որ չես լսում մրցավարի սուլոցը եւ հանդիսատեսի աղմուկը, բայց փոխարենը, ազատվելով հաղորդավարների խոսքից, խնայում ես նյարդերդ, հետեւաբար` պահպանում առողջությունդ:

Եվրո- 2012-ի առաջին խաղն անզգուշաբար նայեցի ձայնի ուղեկցությամբ: Հետո որոշեցի «գլուխ չպահել» եւ դիմանալ: Իհարկե, թուղթն ու գրիչը ձեռքիս: Հիշում եք, ՈՒԵՖԱ-ն հետաքրքիր ծառայություն էր մատուցում մեկնաբաններին. հաշվում եւ տեղեկացնում էր, թե ով քանի անգամ է հարվածել գնդակին, ով քանի փոխանցում կատարել եւ այլն: Ես էլ փորձեցի հաշվել, թե խաղի ժամանակ մեր «մեկնաբանները»  քանի անգամ են ասում նույն բառը: Հետաքրքիր բան ստացվեց. առաջին 45 րոպեների ընթացքում 145 անգամ լսելով «մի փոքր» բառակապակցությունը, հոգնեցի եւ երկրորդ խաղակեսում անցա «հեղինակ» բառի գրանցմանը:

Սա մեր ֆուտբոլային «մեկնաբանների» բառապաշարի զարդն է: Բայց նախ, ովքեր չգիտեն` թող իմանան սրա կենսագրությունը: Մի քանի տասնամյակ առաջ խորհրդառուս մարզական մեկնաբան Նիկոլայ Օզերովը կատակով ասաց`«Գոլի հեղինակ դարձավ Այսինչովը»: Սա այն դեպքը չէ, որ ասես` մի հիմար քարը գցեց ջրհորը… Օզերովը, իրոք, լավ մեկնաբան էր: Եւ նա շատերի համար վարպետ էր` բառիս բուն իմաստով: Բայց նա դա հաշվի չէր առել: Եթե իմանար, թե դրանով ինչ կբերի ռուսաց եւ այլոց լեզուների գլխին, չէր ասի: Քիչ ժամանակ անց ինչ որ-մի ռուս հաղորդավար եւս մեկ անգամ օգտագործեց վարպետի այդ արտահայտությունը: Բայց նա դա շատ լուրջ ասաց, ոչ թե կատակով: Հետո երկրորդն ասաց: Ապա երրորդը…

Վարակը հասավ նաեւ Հայաստան: Վերցնելով էստաֆետի այդ բառ-փայտիկը, հայ մարզական «մեկնաբաններն» այլեւս ձեռքից, ավելի ճիշտ` լեզվից, չգցեցին «գլուխգործոցը»:

Դե, եթե մարդը կարող է գոլի հեղինակ դառնալ ու ոչ մեկը հաղորդավարին չի ասի այդ տխմարությունն այլեւս չօգտագործես, ապա ի՞նչն է խանգարում, որ նա դառնա նաեւ փոխանցման հեղինակ: Դրանից հետո մարզիկը կարող է դառնալ նաեւ խաբսի հեղինակ, խախտման հեղինակ, հարվածի, դուբլի, հեթ-տրիկի, հնարքի, ծեծի, վեճի, ռեկորդի, սխալի, սեյվի, հաղթանակի եւ այդպես` անթիվ բաների հեղինակ: Անգամ` երկրորդ հարվածի հեղինակ:

Եթե այս ամենը մարսվում է, կարելի է ոչ միայն հեղինակ դառնալ, այլեւ անընդհատ հեղինակել (գնդակ, հարված, փոխանցում եւ այլն): Օրինակ, Գերմանիա- Հունաստան խաղի ՀԱՅ հաղորդավարն ասաց` «Ինչպիսի՛ գնդակ է հեղինակում»: Վաղն էլ երեւի կասեն մեկնարկային (եզրափակիչ) սուլոցի հեղինակը մրցավարն է, անձրեւի, ձյան, քամու հեղինակը երկինքն է, Աստվածը: Աղմուկի հեղինակն այսինչ թիմի երկրպագուներն են:

Ավելին, փոխանակ ասեն «դատավորը սուլեց», «անձրև է գալիս», «ուժեղ քամի է փչում», «մարզասերներն աղմկում են», կասեն`մրցավարը  սուլոց հեղինակեց, երկինքն անձրև հեղինակեց, Աստված ուժեղ քամի է հեղինակում, մարզասերներն աղմուկ են հեղինակում և այլն:

Երկրպագու բառի մասին: Դա, հասկանալի է, նշանակում է երկիրը` հողը համբուրող: Չգիտեմ մեր հաղորդավարներն ում համար են երկիրը պագում, բայց, համոզված եմ, մրցարանում գտնվողներից ոչ բոլորն են ֆուտբոլիստների ոտքի տակի հողը համբուրում: Մարզադաշտ եկածների մեծամասնությունն Աստծուն է երկրպագում և ֆուտբոլ(մարզ)ասեր է, ֆուտբոլ(մարզ)ամոլ, այս կամ այն թիմի կամ ֆուտբոլիստի ջատագովը, կողմնակիցը, նվիրյալը, համակիրը, ցավքաշը (ռուսերեն բառի ուղիղ թարգմանությունը) եւ այլն: Էլ չեմ խոսում հանդիսատես պարզ բառի մասին: Բայց քանի որ մեր լեզուն վաղուց է դարձել որբի գլուխ, յուրաքանչյուրն իր չափով փորձարկումներ է կատարում նրա վրա:

Խնդրեմ. Ռուսաստան- Լեհաստան խաղի մեկնաբանն ասում է` ռուսեր: Իրեն երեւի թվում է, թե այդպես ավելի քաղաքավարի է հնչում: Եւ ինչո՞ւ չասի, եթե մեր տեղական թերթերից մեկը վերջերս գրեց կապիտալիզմի շնաձկեր, ձուկի գլուխ:

Կամ, Պորտուգալիա- Իսպանիա հանդիպման «պատմիչն» ասաց` «Գնդակը դարպասաձողին է դիպչել», «Ռուս երկրպագուները ռասսայական խտրականության խնդիրներ ունեցան»: Գերմանիա- Հունաստան. «Խնդիրներ ունի գնդակը բռնելու հետ»,Դանիա-Պորտուգալիա. «Ազդրի մկանի հետ խնդիր է ունեցել»: Իսկ դուք ինչո՞ւ խնդիր ունեք մեր լեզվի հետ, երեւի ձեր գլուխներն էլ են դարպասաձողին դիպչել:

Գերմանիա-Իտալիա. «Մի փոքր մկան է ձգել»: Կեցցես, տղաս, Երեւանից տեսար, որ մարզիկը Վարշավայում մեկ փոքր մկան է ձգել: «Երկու աշխարհի չեմպիոն»: Տեսնես մյուս աշխարհը որտե՞ղ է, գուցե այնտեղի մեկնաբանները գրագե՞տ են:

Իսպանիա- Ֆրանսիա. «Այդ բախումը միանշանակ չէր ձգում 11 մետրանոցի»: Իսկ ռուսերենը պատճենող քո լեզո՞ւն ուր է միանշանակ ձգում մեր ոսկեղենիկը:

Հոլանդիա- Պորտուգալիա. «1:0: Սա, իհարկե, ոչինչ չի նշանակում: Սա միայն մի բան է նշանակում…», «Ես սխալվեցի: Ավելի ճիշտ` չսխալվեցի, ուղղակի չէի հիշում», «Ֆիզիկապես հանգեցին», «Գերխոշոր հաշիվ կլինի», «Դժվար է մի փոքր հասկանալ»: Իսկապես որ դժվար է հասկանալ, բայց ոչ թե «մի փոքր», այլ շատ, ավելին` «գերխոշոր» դժվար:

Իսպանիա- Իտալիա. «Երկրորդ տեմպով հարձակում», «Այս Իտալիայի հավաքականին կարելի է հավատալ», «Մի փոքր չհասկացա»: Չգիտեմ, թե այս ջահելը ո՞ր Իտալիայի հավաքականը նկատի ուներ, բայց ես ոչ թե մի փոքր, այլ «մի շատ մեծ» չհասկացա իր հայերենը:

Գերմանիա- Հունաստան. «Այս խաղի ամենահավանական հաշիվը 1:0, 2:0 կամ 3:0 է»: Ինչպիսի՛ կանխատեսում:

Դանիա- Պորտուգալիա. «Նանիի եզրը պարապության է մատնված»:

Անգլիա- Ուկրաինա. «Դա ցածր թիվ է», «Առայժմ նա լռում է ֆուտբոլային լեզվով»: Լավ կլինի, որ դուք էլ լռեք մարդկային լեզվով:

Տեսնես սրանց հայոցի դասատուները, դասախոսները լսո՞ւմ են իրենց սաների խոսքը:

Ո՞վ է տուգանային հարված նշանակելու եւ ո՞վ Է դա իրացնելու մեր հեռուստաընկերությունների դարպասին: Ո՞վ է դեղին կամ կարմիր քարտ ցույց տալու այդ կիսագրագետներին, դրանով իսկ հայոց լեզուն ՍԵՅՎ անելով այդ տգետներից:

Վերջապես ավարտվեց ֆուտբոլային մարզահանդեսը: Ոմանց ցավ է պատճառում Իտալիայի թիմի հետ կատարվածը: Իսկ ես ցավ եմ ապրում անգրագետ հաղորդավարների պատճառով «վերջին տեղը» գրաված մեր լեզվի համար:

Ֆուտբոլային մի տոնահանդեսն ավարտվեց: Սկսվեց օլիմպիականը: Դա էլ կավարտվի: Սակայն, ցավոք, մեր լեզվի ծաղրահանդեսն ամեն օր է, եւ ոչ միայն մարզական հաղորդումների ժամանակ, եւ ոչ միայն եթերում:

«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթին ուղարկված նամակը հեղինակեց

Համլետ Մոսինյանը

Գրառումը կատարվել է Զանազան, ԶԼՄ-ներ, Հրապարակախոսական բաժնում։ Էջանշեք այս հղումը.