ՄԵՐ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 10-րդ տարեմուտը

1993 թվականի մարտի 30-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ձայների ջախջախիչ մեծամասնությամբ եւ առանց որեւէ դեմ ձայնի ընդունեց «Լեզվի մասին» օրենքը, որը ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ստորագրեց ապրիլի 17-ին։ Այսպիսով, օրենսդրական հունի մեջ մտավ լեզվական ոլորտը Հայաստանի անկախ Հանրապետությունում։ Այս օրենքի հիմնական դրույթներն էին հայոց լեզվիՙ ՀՀ պետական եւ հայազգի երեխաների հանրային կրթության միակ լեզվի մասին կարեւորագույն դրույթները։ Դրանք հետագայում հաստատագրվեցին նաեւ «Կրթության մասին» եւ այլ օրենքներում, ենթաօրենսդրական նորմատիվ ակտերում, ինչպես նաեւ 1995 թ. հուլիսին ընդունված ՀՀ առաջին եւ առայժմ գործող Սահմանադրությունում։

«Լեզվի մասին» օրենքի պահանջները գործադրելու եւ դրանց վերահսկելու համար, ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը։

Այս բոլորով հանդերձ, լեզվական վիճակն այսօր Հայաստանում, մեղմ ասած, անընդունելի է, հակառակ Լեզվի պետական տեսչության պետ Լեւոն Գալստյանի հավաստիացումների, թե տագնապելու կարիք չկա։ Նրա այս «հանգստացնող» կոչերը տխուր մտորումների տեղիք են տալիս։ Երեւի պրն Գալստյանը չի տեսնում ու չի լսում ՀՀ կյանքի բոլոր ոլորտներում, ընդհուպ պետական բարձրաստիճան այրերի հատկապես բանավոր խոսքում հայոց ազգային ու ՀՀ պետական միակ լեզվի դեմ ամեն վայրկյան կատարվող ոտնձգությունները։ Առ այսօր ո՛չ ՀՀ պետությունը, ո՛չ նույնիսկ Լեզվի պետական տեսչությունը լրջորեն չեն զբաղվել հայերենի ուղղագրության միասնականությանՙ համազգային նշանակության հարցով, որը հիշյալ օրենքների պահանջներից է։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մի շարք պաշտոնյաների մեղսակցությամբ, կոպտորեն խախտվում են «Լեզվի մասին», «Կրթության մասին» եւ այլ օրենքներն ու Սահմանադրությունըՙ արտասահմանից վերադարձած հայազգի երեխաներին «ընդամենը մեկ տարով» (որը երբեմն դառնում է մի քանի տարի…) ռուսական դպրոցներում կամ դասարաններում սովորել թույլատրելու, ինչպես նաեւ «երկլեզվյա կրթություն» կոչվող լեզվա-կրթական աղանդավորության տեսքով։ Վերջինս հատկապես վայելում է փոխնախարար Աիդա Թոփուզյանի ու նրան թիկունք կանգնողների բարձր հովանավորությունը…

Հռչակագրային է մնում «Լեզվի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ՀՀ-ին պարտավորեցնում է «խրախուսել» հայոց լեզվով հրատարակությունները, պարբերական մամուլը, թատերական ներկայացումները եւ այլն։ Անհասկանալի է, թե այդ խրախուսումը ինչո՞վ է արտահայտվում. հարկային արտոնություններո՞վ, պետական հատկացումներո՞վ, կամ թեկուզ բարոյական «պարգեւներո՞վ»ՙ շքանշաններ, պատվոգրեր եւ այլն։ Սրանցից եւ ո՛չ մեկը, որը ծաղր է թե այս օրենքի, թե՛ նույնինքն հայոց լեզվի նկատմամբ։

Այսքանն էլ երեւի ընդունելի լիներ, եթե վերջին տարիներին ու հատկապես վերջին ամիսներին, պետական մարմինների ու այրերի կողմից արշավ սկսված չլիներ հայոց լեզվի դեմ։ Թվարկենք դրանցից մի քանիսը.

¬ Վերջին տարիներին մեկը մյուսին են հաջորդում տարբեր քաղաքական կուսակցությունների, նույնիսկ առանձին պատգամավորների օրենսդրական նախաձեռնություն-պահանջներըՙ մի մեծ տերության լեզուն ՀՀ երկրորդ պետական լեզու հռչակելու եւ այդ լեզվով հանրակրթություն թույլատրելու մասին։ Դրանցից վերջինը «Օրինաց երկիր» կուսակցության եւ նույնինքը ԱԺ պատգամավորական խմբակցության նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Բաղդասարյանի մշակած ու ԱԺ քննարկմանը ներկայացրած լեզվական տխրահռչակ օրինագիծն է, որն արդեն շատ բուռն բողոքի ալիք է առաջացրել թե՛ ՀՀ-ում եւ թե՛ սփյուռքում։

¬ Վերջերս ՀՀ նախագահի ԵՊՀ-ում ելույթը այն մասին, որ մեկ քայլ նահանջ պետք է կատարել լեզվական ոլորտում։

¬ Օտարների «խորհրդատվություն» պարտադրանքի տակ կատարված կառավարական կառուցվածքային «բարեփոխումների» ծիրում նվազեցվեց Լեզվի պետական տեսչության կարգավիճակը։ Այս պետական մարմինը կառավարությանն առընթեր գերատեսչությունից դարձավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կառույցում մի մարմին։ Մեր կարծիքով, սա առաջին քայլն է այս տեսչությունը վերջնականապես լուծարելու ճանապարհին, ինչպես դա եղավ շուրջ վեց տասնամյակ առաջ հիմնված Կրոնի գործերի պետական խորհրդի հետ։ Այստեղից էլ պարզից պարզ է դառնում, որ այս կառուցվածքային չարափոխումները կատարվում են ՀՀ-ում լեզվական, կրթական ու դավանանքային աղանդավորության տարածմամբ շահագրգռված օտար եւ մութ ուժերի թելադրանքովՙ ՀՀ չինովնիկների լուռ մեղսակցությամբ։

¬ «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ներկայումս գործող օրենքում կա մի դրույթ, որն այդ օրենքի ընդունման պահից առ այսօր կոպտորեն խախտվում էՙ առանց արժանանալու ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությանը եւ պատժամիջոցներին։ Այս անտարբերությունը լիովին հասկանալի է, քանի որ նախարարը Դավիթ Հարությունյանն է, իսկ դրույթը վերաբերում է ԶԼՄ-ների լեզվին, մինչդեռ նախարարը առանձնապես հակակրանք է տածում «Լեզվի մասին» օրենքի նկատմամբ։ «Մամուլի եւ ԶԼՄ-ների մասին» գործող օրենքում հստակորեն նշված է, որ տվյալ ԶԼՄ-ն թողարկվում է իր կանոնադրության մեջ նշված լեզվով (լեզուներով), որից (որոնցից) փոփոխություն կարող է կատարվել ԶԼՄ հիմնադրի ցանկությամբ եւ ԶԼՄ գրանցող պետական մարմնի, այսինքնՙ ՀՀ արդարադատության նախարարության համաձայնությամբ։ «Եվ» բառն այստեղ նշանակում է, որ փոփոխությունները կատարելուց առաջ հարկավոր է ունենալ դրանք թույլ տալու մասին արդարադատության նախարարության համաձայնությունը։ Առ այսօր, նման համաձայնություն ստանալու համար ոչ մի ԶԼՄ չի դիմել նախարարությանը, որն էլ, իր հերթին, չի զբաղվել այս հարցով։

Շնորհավորելով մեզ բոլորիս «Լեզվի մասին» օրենքի 10-րդ տարեմուտի առթիվ, առաջարկում ենք ՀՀ սահմանադրության տարբեր նախագծում ամրագրել նրանում ՀՀ պետական միակ լեզվի մասին հոդվածի անփոխելիության մասին դրույթը, որպեսզի որեւէ մեկն այսուհետեւ չհանդգնի ձեռք բարձրացնել հայոց սրբություն սրբոցիՙ ազգային ու պետական միակ լեզվի դեմ։

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 17-04-2002

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Կրթական համակարգ, Օրենսդրություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.