Նամակ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը

Բեյրութ, 17 սեպտեմբերի 2012թ., ժամը 21:00

Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը

Շնորհակալությամբ ստացա ՀՀ անկախության 21-ամյակի առթիվ Ձեր կազմակերպած ընդունելության հրավերը: Շնորհավորելով Ձեզ եւ համայն հայությանը այս ուրախ տարեդարձի առթիվ, հայտնում եմ, որ Ձեր հրավերին չեմընդառաջելու` անձնապես խորապես վիրավորված լինելով հրավերի տոմսակում հայոց լեզվի` ՀՀ պետական ՄԻԱԿ լեզվի իսպառ բացակայության ամոթալի փաստի համար:

Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ Լիբանանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը հայերենը պետական լեզու հռչակած ՀՀ անկախության տարեդարձի առթիվ իր հրավերներում հիմնովին անտեսում է հայոց լեզուն, որը, քանիերորդ անգամ եմ շեշտում, ՀՀ պետական լեզուն է` ըստ հենց նույն ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի, էլ չեմ խոսում <Լեզվի մասին> օրենքի եւ ենթաօրենսդրական բազմաթիվ իրավական ակտերի մասին:

Երբեք արդարանալի չեն կարող լինել սոփեստությունները, թե հրավերը տպագրվում է մեկ տարբերակով եւ ուղարկվում ոչ միայն հայազգի անհատների, այլեւ` օտարների` լիբանանցի պետական պաշտոնյաների, օտար պետությունների դեսպանների եւ այլն եւ այլն: Կասկած չունեմ, թե որեւէ անպատեհություն կամ տեխնիկական բնույթի արգելք չկար, որ հրավերի հենց սկզբում գրված լիներ հայերեն, այնուհետեւ` օտար լեզվով, նախընտրաբար` նախ տվյալ պետության, որտեղ գործում է դեսպանությունը – պետական լեզվով, այս դեպքում` արաբերենով, այնուհետեւ միջազգայնորեն ընդունված որեւէ օտար լեզվով` անգլերենով,  ֆրանսերենով եւ այլն:

Դեսպանատան այս տոմսակը, ինչպես եւ նախորդ տարիների տոմսակները տեղ կգտնեն ՀՀ լեզվի օրենքի ընդունման 20-ամյակի առթիվ կազմակերպվելիք եւ հայոց լեզվի` հենց ՀՀում եւ սփյուռքի հայկական շրջանակներում անարգման նվիրված ցուցահանդեսին:

Գեւորգ Յազըճյան (ազատ լրագրող, Լիբանանի լրագրողների միության անդամ, ՀՀում հայոց լեզվի գազանաբարո հոշոտման իբրեւ բողոք պատմ. գիտ. թեկնածուի աստիճանից կամովին հրաժարած պատմաբան)

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Խախտումներ, Հատուկ բաժնում։ Էջանշեք այս հղումը.