Պարտադիր է արդյո՞ք ոչ հայկական բոլոր տերմինները հայացնել (Դավիթ Գյուլզադյանի դիմատետրից)

Vardges Ovyan “Նկարելուկ… Ի՞նչ պարտադիր է ոչ հայկական բոլոր տերմինները հայացնենք”։

Խիստ պարտադիր է, հարգելի՛ Վարդգես, եթե, իհարկե, “տրոլեյբուսը” “պոզասայլակ”-ով չենք փոխարինում, և դա ո՛չ իմ, ո՛չ էլ Ձեր կամքից է կախված, այլ մեր լեզվի դինամիկ ձևից (եթե ուշադրություն դարձրիք, շատ հանգիստ գործածեցի “դինամիկ” բառը)։ Այլ լեզուների դինամիկ ձևը թելադրում է, որ դրանք օտար տարրերը վերցնեն պատրաստի ձևով, իսկ հայերենի (ի դեպ, նաև գերմաներենի, չեխերենի, լեհերենի, պարսկերենի, հնդկերենի) դինամիկ ձևի թելադրանքով այդ տարրերը մուտք են գործում գերազանցապես թարգմանաբար։

Մի առիթով, դարձյալ հարգելի ընկերոջս՝ Արթուրի էջում խոսել եմ բառի ներքին ձևի մասին. “արհեստավարժ” բառը փորձեք գնահատել ա՛յդ տեսանկյունից։ Թեև իմ նախընտրած բառերից չէ (հարկ եղած դեպքում, ըստ տվյալ խոսքիրադրության, գործածում եմ “հմուտ”, “բանիմաց” համարժեքները), այնուամենայնիվ ստիպված եմ պաշտպանության տակ առնել նաև՛ այդ բառի քաղաքացիության իրավունքը։ Ժամանակին իմաստային համարժեքություն են ունեցել “արհեստ” և “արվեստ” բառերը, ըստ որում այդ համարժեքության հետքերը հասնում են մինչև 20-րդ դար։ Շիրվանզադեն, օրինակ, “արվեստական” բառը գործածում է հե՛նց “արհեստական”-ի իմաստով (ռուսերենում այսօր էլ մեր “արվեստ” և “արհեստական” բառերի համարժեքները միևնույն փոխառյալ արմատից են կազմված՝ “իսկուստվո”, “իսկուստվեննի”)։ Հարգելի՛ Վարդգես, պարտադիր է ոչ այնքան, ինչպես Դուք եք ասում, բոլոր տերմինների թարգմանությունը (որովհետև միշտ չէ, որ արդարացված համարժեքներ ենք կարենում գտնել, և այդտեղ էլ մեղքը լեզվինը չէ, այլ մերը՝ գտնողներինս), որքան թարգմանաբար, ասել է՝ հասկանալի դարձնելու մղումը։ Եթե հինգերորդ դարից սկսած՝ այդ մղումը չլիներ, այսօր կենսաբանության փոխարեն մենք էլ “բիոլոգիա” կասեինք, թվաբանության փոխարեն՝ “արիֆմետիկա”, հանրահաշվի փոխարեն՝ “ալգեբրա”, երկրաչափության փոխարեն՝ “գեոմետրիա”, երկրաբանության փոխարեն՝ “գեոլոգիա”, աստղագիտության փոխարեն՝ “աստրոնոմիա”, տրամաբանության փոխարեն՝ “լոգիկա”, բանասիրության փոխարեն՝ “ֆիլոլոգիա”, լեզվաբանության փոխարեն՝ “լինգվիստիկա, աշխարհագրության փոխարեն՝ “գեոգրաֆիա” և այլն, և այլն։ 70-ական թվականներին երկրաչափության նոր դասագրքերում ռուսները մտցրել էին, և մերոնք էլ թարգմանելիս պահպանել էին “կոնգրուենտ” և “կոնգրուենտություն” տերմինները (այսինքն՝ հարգելի՛ Վարդգես, Ձեր “ի՞նչ պարտադիր է”-ի մոտեցմամբ էին առաջնորդվել)։ Եթե այդ տարիների մաթեմատիկայի ծանոթ ուսուցիչներ ունեք, կարող եք հարցնել, և կիմանաք, թե ինչ տառապանք է եղել նրանց համար երկրաչափական ոչ բարդ իրողությունը երկու տարի աշակերտին հասկացնելը, և ինչպես են աշակերտները սոսկ անգիր անելով ու այդպես էլ չհասկանալով սերտել այդ չարաբաստիկ կոնգրուենտն ու կոնգրուենտությունը, մինչև որ միջամտեցին Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեն և լուսավորության նախարարության (այն ժամանակ՝ մինիստրության) մաթեմատիկական տերմինաբանության խորհուրդը՝ թարգմանելով “կոնգրուենտը”՝ “համընկնելի”, “կոնգրուենտությունը”՝ համընկնելիություն”։ Դրանից հետո սահմանումը հատուկ սերտելու անհրաժեշտություն էլ չկար. դասը չսովորած աշակե՛րտն անգամ հայերեն բառի հիմքով կարող էր տրամաբանորեն արտածել երևույթի բնորոշումը…
Առայժմ՝ այսքանը. այս զրույցը շարունակություն կունենա, քանի դեռ չեմ ասել, թե երբվանից է մեզանում արթնացել “ի՞նչ պարտադիր է”-ի մտայնությունը…

 
 
Գրառումը կատարվել է Հայերենագիտություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.