Հայը, կորցնելով իր լեզուն, կդադարեր ապրել իբրև առանձին ազգ

— Պարո՛ւյր,-գոչեց նա,-ձեր մեջ սառել է հայկական արյունը, դուք մեր հայրենիքի համար կորած մարդ եք: Ձեզ պատմում են այն թշվառությունները, որ պատահել են մեր աշխարհում, և դուք սառնասրռությամբ լսում եք: Դուք փոխվել եք, դուք շատ եք փոխվել: Դուք, որ մի քանի օր առաջ ձեր պերճախոսությամբ հիացրիք ամբողջ Աթենքը, դուք այժմ շատ վատ եք խոսում այն լեզվով, որով խոսում էիք մի ժամանակ ձեր ծնողների հետ: Հելլենամոլությունը ձեր մեջ այն աստիճան զարգացել է, որ դուք փոխել եք մինչև անգամ ձեր անունը: Ձեզ ձեր հայրենիքում Պարույր էին կոչում, իսկ այստեղ կոչվում եք Պրոերեսիոս:
Հռետորը զգացվեցավ: Երիտասարդը շարունակեց;
— Ես իրավունք եմ համարում հանդիմանել ձեզ, Պարույր, թեև տարիքով և դիրքով դուք շատ մեծ եք ինձանից: Բայց մի՛ մոռացեք, որ դուք ևս այն երիտասարդներից մեկն էիք, որոնք գիտության առաքելության անունով թողեցիք հայերնիքը, որոնք ուխտեցին մեր Սահակն հեր և Մեսրոպի առջև` գնալ, աշխարհե աշխարհ պտտել և, գիտության պաշար հավաքելով, հետո վերադառնալ, հայրենիքը լուսավորել: … Այժմ հիշյալ երիտասարդները` լսելով մեր աշխարհի աղետները, մասամբ վերադարձել են հայրենիքը, մնացածներն ևս շտապում են գնալ: Նրանք տանում են իրենց հետ մի նոր զենք Հայաստանը փրկելու, և դա է լուսավորությունը:
…. Հռետորը լսում էր` մատներով իր մորուքի հետ խաղալով: Երիտասարդը շարունակեց.
— Մեր Սահակ հոր նախարդները խիստ սահմանափակ և խախուտ հիմքերի վրա էին դրել ժողովրդի կրթության գործը: Քրիստոնեության հետ նրանք մտցրին մեր մեջ հունաց և ասորաց դպրությունը: Գրում էինք, կարդում էինք նրանց լեզուներով: Մեր եկեղեցում անգամ տիրապետում էր օտար լեզու: Սուրբ գրքերի ընթերցանությունը լսում էինք կամ հունաց, կամ ասորաց լեզուներով: Մի կողմից էլ պարսիկն էր աշխատում իր լեզուն մեր մեջ մտցնել, որպես դպրոցների և դիվանների պաշտոնական լեզու: Մեր Սահակ հայրը պարզ տեսնում էր, թե ինչ մեծ չարիք կարող էր առաջանալ այդ բոլորից: Մայրենի լեզուն հետզհետե մեռնում էր, մեռնում էր նրա հետ և ազգությունը: Եվ դրա մեջ էր Հայաստանի իսկական մահը: Հայը, կորցնելով իր լեզուն, կլուծվեր, կանհետանար այլ ազգերի մեջ, որոնց լեզվով խոսում էր: Վտանգի մեծությունը սարսափելի էր: Եվ մեծ Հայրապետը աշխատեց վտանգի առաջը առնել: Նա գիտեր, որ հայը, կորցնելով իր անկախությունը, մի ժամանակ դարձյալ կարող էր անկախություն ձեռք բերել, եթե ազգը կենդանի մնար: Բայց հայը կորցնելով իր լեզուն, կդադարեր ապրել իբրև առանձին ազգ,— նա կլիներ հույն, ասորի, պարսիկ, կամ այն ազգերից մեկը, որոնց լեզվով խոսում էր. այդ մեծ չարիքի առաջը առնելու համար ձեռք առին ժողովրդի կրթության գործը։ Հարկավոր էր ամեն ինչ հայացնել, ամեն ինչ ազգային դարձնել։ Մեր Սահակ հայրը իր ընդարձակ նպատակների մեջ աջակից ունեցավ մի գործունյա մարդ, որպիսին էր Մեսրոպը։ Նա շտապեց հնարել հայերի համար նոր տառեր, որպեսզի հայերը այլևս հունաց, ասորոց և պարսից տառերով չգրեին։ Սկսեցին նույն տառերով թարգմանել սուրբ գրքերը, որպեսզի եկեղեցու մեջ ևս տիրապետեր հայոց լեզուն և գիրը։ Սկսեցին ամեն տեղ դպրոցներ բաց անել և հայոց գրով ու հայոց լեզվով կրթել մանուկներին։
— Հույները և պարսիկները, որոնք արդեն Հայաստանը իրանց ճանկերի մեջ էին բռնել, և պատրաստվում էին ազգովին ևս կլանել նրան,— այդ երկու ահեղ պետությունները չէին կարող չնկատել այն հզոր ընդդիմադրությունը, որ Հայաստանի հեռատես Հայրապետը պատրաստում էր նրանց նենգավոր քաղաքականության առաջը առնել։ Հույները սկսեցին արգելել Հայաստանի այն մասում, որ իրանց գերիշխանության ներքո էր գտնվում, հայոց դպրոցներ բաց անել։ Ձեզ պետք է հայտնի լինի, թե ո՛րքան հալածանքներ կրեց, որքան բանակցություններ ունեցավ մեր Սահակ հայրը Բյուզանդիայի Բարձր Դռան հետ այդ մասին, մինչև Մեսրոպը նրա թոռ Վարդանի հետ ստիպվեցան անձամբ Բյուզանդիա գնալ և կայսրից ու հունաց Ատտիկոս եպիսկոպոսից թույլտվություն խնդրել դպրոցներ բանալու համար, որը և ստացան մեծ դժվարությամբ։ Նույն դժվարություններից ավելի սաստիկը բարձրացրեց պարսից կառավարությունը։ Նա ուղարկեց ազգով հայ Մերուժան չարագործին և նրա ձեռքով այրել տվեց մեր գրքերը, և նրա ձեռքով աշխատում էր մտցնել մեր նորահաստատ դպրոցներում մոգության ուսումը ու պարսից լեզուն։
Հռետորը շարունակում էր իր մատներով խաղալ մորուքի հետ։ Երիտասարդը առաջ տարավ յուր խոսքը.
— Մրցությունը հունաց և պարսից քաղաքականության հետ սաստիկ էր, իսկ ուժերը անհավասար։ Մեր Սահակ հորը և Մեսրոպին հարկավոր էին լավ պատրաստված ուժեր։ Եվ այդ մտքով նրանք ընտրեցին քեզ, ինձ և իրանց հառաջադեմ աշակերտներից շատերին, և ուղարկեցին Բյուզանգիա, Աղեքսանդրիա, Հռոմ, Աթենք բարձր ուսում ստանալու համար։ Մենք անցանք քաղաքներ, որ հունական գիտությունը ստանալով, վերադառնանք մեր հայրենիքը, և իրանցից ստացած զենքերով իրանց հետ պատերազմենք։
— Դա շատ նպատակահարմար միջոց է,— պատասխանեց հռետորը դադարելով խաղալ իր մորուքի հետ։
— Բայց այդ զինվորներից մեկն էլ դուք պետք է լինիք,— պատասխանեց երիտասարդը ուղիղ հռետորի աչքերի մեջ նայելով։ Ես հենց դրա համար էլ եկա ձեզ մոտ, որ միասին գնանք։
Հռետորը խորին վարանման մեջ ընկավ։ Նա այդ առաջարկությունը չէր սպասում երիտասարդից։ Նա չգիտեր, ինչ պատասխանել։
Երիտասարդը խոսեց։
— Հասկանում եմ ձեր լռության և մտատանջության պատճառը, Պարույր, բայց համաձայնվել ձեզ հետ չեմ կարող։ Այն փառքը, այն հռչակը, որ դուք վայելում եք այստեղ, շլացրել են ձեզ։ Թողնել այդ բոլորը և գնալ թշվառ հայրենիքը, ուր շատ զոհողություններ է պահանջվում գործիչներից,— դա վախեցնում է ձեզ։ Մեր ընկերները Դավիթ Անհաղթը, Եղիշեն, Եզնիկը, Ղազար Փարպեցին, Կորյունը, իմ եղբայր Մամբրեն, Հովսեփր, Ղևոնղը, մի խոսքով բոլոր ուսանողները, որոնք զանազան երկրներում էին գտնվում, այժմ վերադարձել են կամ վերադառնալու վրա են։ Մնացել ենք ես և դուք, գնանք, չհապաղենք, հայրենիքը կոչում է մեզ։ Գնանք գիտություն և լուսավորություն տարածենք մեր աշխարհում, բաց անենք մեր հայրենակիցների աչքերը, սովորեցնենք նրանց, որ հասկանան իրանց չարն ու բարին,— հասկանան, թե ո՛րպիսի անդունդի եզրում են կանգնած, որ գլորվելով նրա մեջ, պիտի կորչեն հավիտյան։ Դուք այնպիսի զորեղ հանճար ունեք, որ մնալով այստեղ, ես հավատացած եմ, ավելի ևս կբարձրանաք, և գուցե առաջինը կլինեք մեր ժամանակի փիլիսոփաների ու հռետորների մեջ։ Բայց դրանից ի՞նչ օգուտ ձեր հայրենիքին։
— Դրանից կօգտվի մարդկությունը,— պատասխանեց հռետորը երկար լռռւթյունից հետո։— Ես ծառայելով գիտությանը, միևնույն ժամանակ ծառայում եմ ամբողջ աշխարհին։
— Այդ իրավ է,— ասաց երիտասարդը փոքր֊ինչ տաքացած կերպով։— Բայց դուք չե՞ք ընդունում որ մի առանձին պարտավորություն ունեք դեպի ձեր հայրենիքը և դեպի ձեր հայրենակիցները։
— Ընդունում եմ, բայց իմ նպատակը շատ ընդարձակ է։ Գործեցեք դուք, կամ ով որ ցանկանում է ձեզ հետ, փոքրիկ շրջաններում, կամենում եմ ասել՝ մարդկության առանձին բաժինների մեջ, որ դուք ազգ եք կոչում։ Բայց իմ հայրենիքը ամբողջ աշխարհն է, իսկ իմ հայրենակիցները — ամբողջ մարդկությունը։
Կրակոտ երիտասարդը զայրացած կերպով կանգնեց.
— Դա մի կեղծավոր պատճառաբանություն է, Պարույր,— ասաց նա և սաստիկ վրդովմունքից նրա հզոր ձայնը կտրատվում էր։— Դուք, այսպես խոսողներդ, գիտության փարիսեցիներ եք։ Մասնավորի համար անընդունակ լինելով գործել, միշտ ընդհանուրի անունով եք խոսում, ինչպես իրանց մասնավոր պարտքը վատ վճարողները, ընդհանուր սեփականություն են քարոզում։ Ես հույս ունեի, որ դուք երկար խոսել չէիք տալ ինձ, այլ լսելով թշվառ հայրենիքի դրությունը կընկերանայիք ինձ հետ և հենց այս առավոտ կթողնեիք Աթենքը։ Բայց ես ավելի խոսեցի, քան հարկավոր էր, և դա իզուր ժամանակի կորուստ եղավ ինձ համար։ Գիտության սերը և հանրամարդկային լուսավորություն տարածելու գաղափարը չէ, որ կապում է ձեզ Աթենքի հետ, այլ սնոտի փառքը և այն մագաղաթի կտորը, որ դրած է ձեր սեղանի վրա…
Այդ խոսքերի հետ նա ձեռքը մեկնեց և վեր առեց կայսրի հրովարտակը, որ նույն օրը ստացել էր հռետորը և բարձրացնելով ասաց.
— Ահա, այդ մագաղաթի կտորն է, որ հրապուրում է ձեզ։ Արևելքի և արևմուտքի կայսրը այդ հրովարտակով հրավիրում է ձեզ իր մոտ։ Իսկ մյուս կողմից, անբախտ հայրենիքը իմ բերանով կոչում է ձեզ։ Դուք մերժում եք նրա ձայնը, և այղ պատճառով անարժան եք Հայաստանի զավակ կոչվելու։
Վերջին խոսքերի հետ երիտասարդը հեռացավ։ Հռետորը շանթահարի նման մնաց ապշության մեջ։
Երիտասարդը Մովսես Խորենացին էր։
 
 
Րաֆֆի, «Պարույր Հայկազն», Երկերի ժողավածու, հատոր յոթերորդ, Երևան 1985թ.
Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին բաժնում։ Էջանշեք այս հղումը.