Լեզու և լեզվական հիվանդություններ. խոհի ու գործի արանքում

Աստված մարդուն հենց այնպես ոչինչ չի տվել, այդ թվում և խոսելու ընդունակությունը: Բնության մեջ մարդը միակ արարածն է, որ հաղորդակցվում է խոսքի միջոցով: Այն կենդանիներից տարբեր լինելու ամենակարևոր հատկանիշներից է:  
Լեզուն, խոսքը մարդու հայելին է, այն ձևավորում է մարդու կերպարը: Խոսքի միջոցով ծանոթանում ենք մարդու մտքերին և աշխարհայացքին:
Մարդուն քիչ թե շատ չափով կարելի է ճանաչել նրա խոսքից, թե նա ի՞նչ է խոսում և ինչպե՞ս է խոսում:  Լեզուն այնքան կարևոր դեր է խաղում մարդկության կյանքում, որ ստեղծվել են բազմաթիվ առածներ, թևավոր խոսքեր: Ահա դրանցից մի քանիսը`
  • «Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է» (հայկական):
  • «Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա» (հայկական):
  • «Քաղցր լեզուն օձին բնից կհանի» (հայկական):
  • «Մի շտապիր խոսել, շտապիր գործել» (ռուսական):
  • «Լավ խոսքը հանգցնում է կրակը» (մոլդովական):
  • «Զենքը սպանում է մեկին, լեզուն`հազարին» (չեչենական):
  • «Մարդու լեզուն իր նավի ղեկն է» (եգիպտական):
  • «Դանակը մեկ սայր ունի, իսկ լեզուն`հարյուր» (վիետնամական):
  • «Քո լեզուն մի առյուծ է, եթե նրան կապես, քեզ կպահպանի, եթե թողնես, կհոշոտի» (արամեական):
  • «Երկար լեզուն կկարճացնի կյանքը» (պարսկական):
 Կորեական առածն ասում է, որ իմ լեզուն իմ թշնամին է: Բայց չպետք է մոռանանաք, որ այն կարող է լինել նաև  մեր բարեկամը: Իսկ թե լեզուն ինչի է զորու, նկարագրում է  Հակոբոս առաքյալն իր ընդհանրական թղթում .«Լեզուն թեև մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներով է պարծենում: Գիտեք, որ փոքր մի կայծ կարող է հրդեհել հսկա մի անտառ: Լեզուն էլ կրակ է, անիրավության մի աշխարհ: Թեև մարմնի պարզ մեկ անդամն է, բայց ապականում է ամբողջ մարդուն և գեհենի կրակով բորբոքված`կրակո՛վ է վառում մեր ամբողջ կյանքը» (Հակոբոս 3.5-7):
Աստվածաշնչում կարդում ենք.«Ոչ թե բերանից ներս մտածն է պղծում մարդուն, այլ ինչ որ դուրս է ելնում բերանից, ա՛յն է պղծում մարդուն» (Մատթեոս 15.11): «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են» (Առակաց 18.21):
Կյանքում կարևոր են թե՛ լռությունը և թե՛ խոսքերը: Կան դեպքեր, որ չպետք է լռել: Մեր շուրջը այնքան շատ է աղմուկը, որ զգացվում է լռության կարիք: Լռությունը մեզ լսելու և խորհելու հնարավորություն է տալիս:  «Ով չգիտի լռել, նա չգիտի և խոսել» (Արիստոտել):
«Զղջում»-ի մեջ կարդում ենք լեզվի հիվանդությունների մասին, որոնք են`շատախոսությունը, ստախոսությունը, հայհոյանքը, ամեն տեսակ լեզվագարությունները, սուտ երդումը, անիծաբանությունը, ծաղրը:  Գանգատները, տրտունջները, հուսահատ արտահայտությունները ոչ միայն մեզ են վնասում, այլ նաև դիմացինին: Եկեղեցու հայրերը խորհուրդ են տալիս լեզվի հիվանդություններից ազատվել նաև պահքի միջոցով:
Մարդիկ ձգտում են ավելի շատ խոսել, քան լսել: Հաճախ էլ խոսում են պարզապես խոսելու  և չլռելու համար: «Իմաստությունն այն չէ, որ խոսես, այլ որ իմանաս`երբ խոսես» (Աբբա Եսայի): Երբեմն խոսքն այնքան է երկարում, որ վերածվում է շատախոսության, ինչն էլ հոգնեցնում  է լսողին: Գրիգոր Աստվածաբանն ասում է, որ ավելի լավ է շատ լսես, քան խոսես, քանի որ շատախոսության պատճառով մեղքից չես խուսափի: Տեղին է մեջբերել Աստվածաշնչից հետևյալ համարը.«Ոչ մի տգեղ խոսք թող չելնի ձեր բերանից: Խոսեցե՛ք միայն այն, ինչ որ պետք է, ինչ որ բարի է`ուրիշների հավատն ամրապնդելու համար, որպեսզի լսողները լցվեն  Աստծու շնորհով» (Եփեսացիներ 4.29):
Շատ հաճախ էլ մարդիկ  չկարողանալով զսպել իրենց լեզուն, բազմիցս տուժում են: Եկեղեցու հայրերից Հայր Արսենը ասում է. «Խոսելուց հետո ես հաճախ եմ զղջացել, բայց լռելուց`երբեք»:
Աստվածաշնչում կարդում ենք, որ անգամ բոլոր տեսակի գազանները, թռչունները, սողունները և ծովային կենդանիները նվաճված են մարդու կողմից և հնազանդվում են նրան, բայց ոչ ոք չի կարող հնազանդեցնել մարդկային լեզուն, որ չար է, անզսպելի և մահացու թույնով լեցուն (Հակոբոս 3.7-9):
«Լեզվով ենք օրհնում մեր Տիրոջն ու Հայր Աստծուն և դարձյալ նրանով ենք անիծում մարդկանց, որոնք ստեղծվել են Աստծու նմանությամբ: Այսինքն, նույն բերանից դուրս են գալիս թե՛ օրհնությունը և թե՛ անեծքը» (Հակոբոս 3.9-10): Առաքյալը այնուհետև ասում է, որ մի՞թե նույն աղբյուրից կարող է բխել քաղցր և դառը ջուր միաժամանակ և հնարավո՞ր է թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը`թուզ (Հակոբոս 3.11-12):
Շատ կարևոր է, որ մարդիկ  զգույշ լինեն խոսքերի հարցում, մտածեն մինչ խոսելը: Քանի որ, Քրիստոս զգուշացնում է. «Ասում եմ ձեզ, դատաստանի օրը մարդ իր բոլոր դատարկ խոսքերի համար հաշիվ պիտի տա, որովհետև քո խոսքերով պիտի դատեն քեզ`կա՛մ քեզ արդարացնելու, կա՛մ դատապարտելու համար» (Մատթեոս 12.36-38): 
 
Գայանե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 
www.holytrinity.am 
Գրառումը կատարվել է Ասույթներ և բանաստեղծություններ, Զրույցներ լեզվի մասին բաժնում։ Էջանշեք այս հղումը.