Աշխարհի միակ ժողովուրդը, որը ուզում է խոսել այլ լեզվով

Խորհրդային ժամանակների ամենալավ երևույթներից մեկը մուտքերի պատերին փակցված փոստարկղերն էին, որոնց միջից դուրս էին ցցվում թերթերի ու ամսագրերի եզրերը: Այդ երևույթից մի հուշ մնացել է մինչ այսօր` «Литературная газета»-ն, որի բազմաթիվ էջերի մեջ մի բան միշտ լինում է կարդալու: Այս անգամ  «լիտգազետան» մի նպատակով վերցրի, որ մի ժամի չափ տառի տեսքով չտեսնեմ ներքաղաքական աղտեղություններից որևէ տող:

Այն, ինչ ունեցա այդ վճռական որոշման արդյունքում արդի հայերենի խոսակցական բառապաշարում կոչվում է «մանթռաշ»: «Литературная газета»-ի մի քանի թերթը տրամադրված էր «սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ ծրագրերի» հիմնադրամի պատրաստած նյութերին, որոնք ներկայացնում էին Հայաստանում ռուսաց լեզվի պահպանման առաքելության շրջանակներում առաջացած մտահոգությունները:

Զգացողությունն այնպիսին էր, որ պարտիզանական շարժման առաջնորդների հաշվետվություն էր կարդացածս:

Ռուսալեզվության ամենացասումնալից պաշտպաններից մեկը` Իվան Սեմյոնովը, ծնվել է Դիլիջանում, ավարտել է պոլիտեխնիակական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը: Եղել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերով պետական կոմիտեի նախագահ: Հեղինակը գրում է. «Այժմ մենք կոչ ենք անում, որ հայ օրենսդիրները արագ ըմբռնեն ռուսաց լեզվի նշանակությունը և լիբերալիզացնեն 1993-ին հապշտապ ընդունված «Լեզվի մասին» օրենքը: Ռուսերենը, որպես ազգամիջյան շփման լեզու, անհրաժեշտ է դարձնել երկրորդ պաշտոնական լեզու»:

Պրն.  Սեմյոնովի հաշվետվության մեջ հատկապես ընդգծվում է ռուսալեզու հայերի «մեծ ողբերգության» մասին` շրջանցելով միատարր Հայաստանում ռուսալեզու բնակչության քանակի փաստը, ինքնին որպես ազգային ողբերգություն: Սեմյոնովը նշում է. ««Լեզվի մասին» օրենքը հատկապես ցավոտ հարված էր ռուսալեզու հատվածի համար, որի հետևանքով ամբողջ գործավարությունը կատարվում էր հայերեն, և հարյուր հազարավոր ռուսալեզու մասնագետներ զրկվեցին աշխատանքից»:

Չի նշվում, իհարկե, այն ողբերգությունը, որ հարյուր հազարավոր հայեր չէին տիրապետում մայրենի լեզվին այնքան, որ կարողանային գործավարությունն անել մայրենի լեզվով: Թեև իրականում շատերը տարիների ընթացքում սկսեցին տիրապետել մայրենիին այնպես, որ օրինակ, փայլուն վերլուծություններ են գրում հայերեն, այն դեպքում, երբ Հայաստանում միջնակարգն ավարտելուց հետո իմացել են միայն տառերը: Ահա «Լեզվի մասին» օրենքի իրական արդյունքը: Փաստորեն, ռուսերենը ԱՊՀ տարածքի երկրներում պրոպագանդողների համար հասանելի չէ, որ փաստը, որի մասին գրում են հենց իրենք, թե հայ մասնագետները Հայաստանում չեն տիրապետել մայրենի լեզվին այն չափով, որ կարողանային շարունակել իրենց աշխատանքը՝ գործավարությունը հայերեն դարձնելու դեպքում` ողբերգություն է:

Եվ երբ հեռուստաալիքները ցուցադրում էին ռուս մտավորականների այցը Հայաստան` ռուսերենի դերն ու նշանակությունը ԱՊՀ տարածքի երկրներում բարձրացնելու խորագրով`պետք է տեսնեինք իրական ծրագիրը:

Հաջորդ ծավալուն հոդվածի հեղինակը Տիգրան Ներսիսյանն է, սովորել է ՄԱԿ –ին կից խորհրդային դպրոցում, ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, յոթ տարի որպես առաջատար մասնագետ աշխատել է Հայաստանի ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Ներկայում  «Դրագո Բարզինի» մարքեթինգային հաղորդակցության ընկերության ղեկավարն է: Բոլոր հոդվածների մեջ ռուսաց լեզվի ամենակրքոտ պաշտպանը մեր հայրենակից Տիգրան Ներսիսյանն է, իսկ նույն հոդվածի համահեղինակ է նաև Ելենա Շուվաևա-Պետրոսյանը` գրող, լրագրող, Հայաստանի գրողների միության անդամ:

Հաշվետվության առաջին տողերն ահազանգում են . «Չնայած հայ-ռուսական դարավոր բարեկամությանը` ռուսաց լեզուն Հայկի երկրում, խորհրդային կարգերի տապալումից հետո կտրուկ հանձնեց իր դիրքերը… Իհարկե, դրան նպաստեցին փոքր ազգերին բնորոշ սրված ազգայնական տրամադրությունները: Ռուսերենի հանդեպ հարձակումների ամենավառ օրինակը ռուսական ստեղնաշարով գրամեքենաների դուրս շպրտելն էր պատուհաններից»:

Ապա հեղինակները հայտնում են խնդիրը լուծելու ուղիները: «Հայաստանում գործում է ռուսական կապիտալով աշխատող մոտ 1500 ձեռնարկություն: Այստեղ զարմացնում է ռուս գործարարաների անտարբերությունը մայրենի լեզվի հանդեպ հայկական տարածքում, ինչը չի կարելի ասել ամերիկյան կազմակերպությունների ու Ամերիկյան դեսպանատան մասին Հայաստանում»: Այս տողերի հեղինակը հայ է: Վստահ եմ, որ մտածելու ու դատողություն անելու սովորություն ունեցող ցանկացած մեկին էլ կզարմացնի հոդվածագրի վերաբերմունքը սեփական լեզվի նկատմամբ, մինչ ինքը ամոթանք է տալիս ռուս գործարարաներին, որոնք ռուսական կապիտալը Հայաստան բերելով` չեն ճնշում ու պահանջում դուրս մղել հայերենը Հայաստանից ու վերականգնել ռուսերենի մենաշնորհը:

Հոդվածներից ոչ մեկում չի նշվում ռուսերենի ուսուցման մակարդակի, ռուսական մշակույթին ու գրականությանը նոր սերնդի բացարձակ անտեղյակության, պրոֆեսիոնալ թարգմանիչներ չունենալու ու նման իրական հարցերի մասին: Չէ, անպայման ինքնաստորացման ու ծառայակամության մանիֆեստներով պիտի պահպանեն մանկուց «ինծիլիգենտնիյ չելավեկ»-ի մասին իրենց մոլորությունը: Աշխարհում չկա ինտիլիգենտ, որ արհամարհի սեփական լեզուն, նսեմացնի մայրենի լեզվի կարևորությունը: Սա հոգեխանգարման հասած մոլորություն է`արդեն հարյուր դար տևողությամբ:

Սրա հետևանքն է, որ նախկին ռուսական դպրոցի ուսուցիչը հարցնում է` ինչ է ինտիլիգենտը, և տասներկուամյա աշակերտը բացատրում է իր պատկերացումները, ինչին ուսուցիչը, ընդ որում` ոչ ռուսաց լեզվի, ռուսերեն բացատրում է. «Ինտիլիգենտը ռուսախոս մարդն է»: Այո՛, այսօր մեր օրերում «Լեզվի մասին» օրենքի առկայությամբ է սա ասվում: Տասներկուամյա երեխան կարողանում է հակադարձել, ասում է ` «ուրեմն Տիգրան Մանսուրյանը ինտիլիգենտ չէ՞», ինչին ինտիլիգենտ ուսուցչուհին տոլերանտորեն պատասխանում է` «бывают исключения»:

Շատ ծանոթ ու սպասված անսպասելիությամբ զարմացրեց, որ ամենաթունդ ռուսոֆիլը հայ է, ամենահարձակվողական հոդվածը հայ հեղինակինն է: Ապրեցե՛ք երկար: Բայց ձեր պիեսների դեմն առնելու միակ միջոցը «հապճեպ ընդունված լեզվի մասին օրենքն է»:

«Литературная газета»-ի մի քանի թերթ «Սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ ծրագրերի հիմանադրամի» պատրաստած նյութերի արանքում տեղադրված էր ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած ռուսների լուսանկարը կաթողիկոսի նստավայրում: Լուսանկարի տակ գրված է. «Ռուսաց լեզվի օրերի մասնակիցները Հայաստանում համայն հայոց կաթողիկոսի նստավայրում մի լեզվով էին խոսում»:

Բնականաբար, այդ լեզուն ռուսերենն է: Իսկ կաթողիկոսի ռուսերենը հայ հոգևոր հոտը հիշում է վրացիների հոգևոր առաջնորդի հետ զրույցից: Անշուշտ, բոլոր առումներով մայրենի լեզվով շփվելը գերադասելի է, իսկ պրոֆեսիոնալ թարգմանիչները` անհրաժեշտ` հանուն ոչ միայն հայերենի, այլև ռուսերենի:

Հետաքրքիր մի փաստ ևս` այս հոդվածաշարում ներկայացված էին նաև մեր և հարակից տարածաշրջաններ կատարած այցերի արդյունքները: Վրաստանում ռուսաց լեզվի վիճակի մասին հաշվետվությունը ներկայացնում է դարձյալ ազգությամբ հայ` Կիրակոզով Արտյոմ Գրիգորևիչ…

Դե այլ ենք, այլ…

Ռուսական մամուլի հայկական նվաստացումից հետո մնում է նորից վերադառնալ ներքաղաքական աղտեղություններին` հայատառ ամենատհաճ, երևի միակ տհաճ երևույթին…

Լուսինե Հովհաննիսյան

www.zham.am

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Հրապարակախոսական բաժնում։ Էջանշեք այս հղումը.