Մայրենի լեզուն այն հոգին է, որ միացնում է տվյալ ժողովրդին իր, դարերից ժառանգություն մնացած, հայրենիքում

«Խաչատուր Աբովյանը «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» իր հայտնի վեպում պատմում է, թե ինչպես Լիդիացվոց Կրեսոս թագավորի համր լեզուն բացվում է մայրենի լեզվի հրաշալի հրաշքով»։— Այսպես մանվածապատ, այսպես բանաստեղծական սկսեց իր այդ նշանավոր ճառը Մազութի Համոն։ Իմաստն այն է, պարզաբանեց նա հետո, որ հայրենազուրկ մարդու գոյությունը մի վերք է, մի յարա, իսկ մայրենի լեզուն— հրաշարար բալզամ։ Դուք գիտեք, թե ինչպիսի՜ մեծ սիրով, ինչպիսի մեծ ոգևորությամբ քնարերգել են բոլոր մեծ բանաստեղծները, ինչպես մեր Ալիշանը և Գամառ Քաթիպան — շարունակեց հետո Մազութի Համոն,— իրենց հայրենի երկիրը, իրենց հայրենի աշխարհը— իրենց հայրենիքը։ Ինչո՞ւ,— հարցը, շեշտակի, դրեց Մազութի Համոն,— որովհետև, ինչպես հայտնի է բոլորին և ինչպես համոզված է ինքը— այդ երկու գաղափարը, այդ երկու հասկացողություններն են— մայրենի լեզու և հայրենի երկիր— որ, հարմոնիկ կերպով շաղկապվելով իրար, ստեղծում են այն մեծ, այն, ամեն մի ժողովրդի զարգացման պսակը կազմող, հոյակապ շենքը, որ կոչվում է ազգություն։ Հայրենի երկիր և մայրենի լեզու, ահա՛ այն երկու հզորագույն ազդակները, որ շաղկապվելով իրար, ամեն մի զարգացած ժողովրդից, ամեն մի ցաքուցրիվ ցեղից կազմում են անքակտելի մի միավոր,— կազմում են, ինչպես ասաց, կենդանի մի օրգանիզմ— մի ամբողջական ազգություն։ Բայց հարց տանք, հարց տանք մեզ ամենից առաջ, թե ի՞նչ է կոնկրետ կերպով իրենից ներկայացնում ազգություն միավորը կազմող իր առաջադրած անդամներից առաջինը— հայրենի երկիրը։ Եվ, իհարկե ոչ ոքի համար նորություն չի լինի, եթե նա ասի, որ դա այն հողն է, որի վրա ապրել են տվյալ ժողովրդի նախորդները, այն հողն ու ջուրն են, որով սնվել են, դարերի ընթացքում կյանք են ստացել տվյալ ժողովրդի պապերը, պապերի պապերը, և նրանց էլ պապերն ու պապերի պապերը։ Ինքը նրա համար է այնքան անգամ կրկնում «պապերը», որովհետև ցանկություն ունի արգո հասարակության առանձնակի ուշադրությունը հրավիրել այն, ավելի քան կարևոր և տվյալ դեպքում հիմնական, հանգամանքի վրա, որ «հայրենիք» գաղափարը կապված է ո՛չ միայն այն հողի, այն երկրամասի հետ, որի վրա ապրում է հիմա տվյալ ժողովուրդը, օ, ոչ, իհարկե ոչ, հարգելի հանդիսականներ։ Այստեղ ինքը, Մազութի Համոն, հարկադրված է կիրառել ազգային հարցի շուրջը գոյություն ունեցող գիտական գրականության այն հիմնական տեսակետը, որ կոչվում է «պատմական տեսակետ»։ Բանն այն է, այն է, հարգելի հանդիսականներ, որ հայրենիք կոչվածը մի օրում չի շինվում, մի օրում չի՛ կազմակերպվում, հայրենիքը կազմվում է դարերի ընթացքում և ժառանգություն է մնում դարերի ժառանգներին։ Եթե օրինակով խոսելու լիներ, մի՞թե միայն սա՞, միթե միայն փոքրիկ այդ քաղա՞քն է իրենց հայրենիքը… Ծիծաղելի կլիներ, եթե այդպես մտածեին։ Օ, նա գիտե, Մազութի Համոն համոզված է միանգամայն, որ ո՛չ ոք արգո հանդիսականներից այդպես չի մտածում։ Բայց ինչո՛վ, ինչո՛վ պիտի հաստատեն իրենք, որ այսինչ կամ այնինչ երկրամասը, որի վրա ապրում են այսօր բոլորովին տարբեր, օտար ցեղեր— ինչի՞ հիման վրա կարելի է պնդել, որ այդ երկրամասը ևս կազմում է այսինչ ժողովրդի հայրենիքը, նրա օրինական սեփականությունը։ Ոչ այլ ինչով, եթե ոչ կենդանի պատմությամբ, այսինքն գոյություն ունեցող այն պատմական հետքերով, որ թողել է տվյալ ժողովուրդը տվյալ երկրամասերում, ահա թե ինչ, ահա՛ թե ո՞րտեղ է հարցի կենտրոնը, հարգելի հանդիսականներ։ Ուրեմն, պարզ ասած, հայրենիք գաղափարի հիմքն է կազմում տվյալ ժողովրդի կուլտուրան, կուլտուրական անցյալը— ահա ամենաէականը։
Ուրեմն, հիմնական այս տեսակետը պարզաբանելուց հետո, պարզ պիտի լինի ամեն մեկի համար, որ այսինչ ցեղը, կամ ժողովուրդը, որ, դեպքերի բերումով դարեր շարունակ տիրել է տվյալ երկրամասին և իր ապրած վայրում ոչ մի հետք, ոչ մի կուլտուրական արձան չթողնելուց բացի՝ քանդել է այդ միևնույն տեղում ապրած ու վաստակած ժողովրդի հնագույն հետքերը,— պարզ է, հարգելի հանդիսականներ, որ նման մի ցեղ ո՛չ մի իրավունք չունի խոսելու իր այդ ժամանակավոր ապաստանի մասին, որպես «հայրենիքի»։ Երկա՜ր-երկա՜ր խոսեց այս ուղղությամբ Մազութի Համոն, բերեց կոնկրետ օրինակներ, ինչպես «մենք և ոսոխը», և ապա անցավ իր առաջադրած «երկու հիմնական հասկացողություններից» երկրորդին— մայրենի լեզվին։ Ինչպես հոգին է՝ մարմնի մեջ, ինչպես հոգին է շնչավորում չոր մարմինը և կենդանի կապակցություն ստեղծում մարմնի բոլոր մասերի, բոլոր անդամների, բոլոր բջիջների մեջ— այնպես էլ լեզուն, մայրենի լեզուն, այն հոգին, այն, ավելի լավ է ասել՝ ցեմենտն է, որ միացնում է տվյալ ժողովրդին իր, դարերից ժառանգություն մնացած, հայրենիքում, կապում է այդ ժողովրդի անհատներին իրար, կերտում է նրանցից այն անքակտելի միավորը, որ կոչվում է «ազգություն»։ Ահա՛ թե ի՛նչպես է լուծում լեզվի և հայրենիքի, այսինքն, մի խոսքով ասած՝ ազգության պրոբլեմը ժամանակակից գիտությունը, հարգելի հանդիսականներ։ Ուրեմն, պարզ ասած, «հայրենիքը» տվյալ ազգության մարմինն է, իսկ «լեզուն»— հոգին։ Ուրեմն, հարգելի հանդիսականներ, եթե մենք հարցը կոնկրետացնենք և կիրառել ուզենանք մեր հայրենի իրականությանը, պիտի ասենք.— ահա՛ մեր հոգին, ահա՛ մեր մարմինը։ Վաղո՜ւց, վաղո՜ւց է արդեն, որ բաժանված է մեր հոգին մեր մարմնից, բայց, հարգելի հանդիսականներ, քանի դեռ կենդանի է հոգին— կենդանի է և մարմինը։ Ինչքան էլ «լեզուն» և «հայրենիքը»անքակտելի օղակներ կազմեն «ազգություն» կոչված կենդանի միավորի, բայց պատմության մեջ շատ անգամ պատահել են դեպքեր, երբ որևէ ազգություն, դեպքերի դժբախտ բերումով զրկվելով մեկից՝ կառչել է մյուսին և այդպիսով հնարավորություն է ունեցել չձուլվել օտարներին, պահել իր ազգային դեմքը, ինչպես մենք, արգո հանդիսականներ, ինչպես նաիրցիներս։ Եվ այսօր, բայց ավելի լավ է ասել՝ մինչև օրս, որովհետև նո՜ր, նո՜ր և պայծառ հեռանկարներ են բացվում այսօրվանից մեր առաջ, հարգելի հանդիսականներ,— ի՞նչ, ի՞նչ էինք մենք մեզանից ներկայացնում, որպես ազգություն, ես կասեի՝ հոգի առանց մարմնի, հոգևոր ազգություն։ Որովհետև, այո, մայրենի լեզո՛ւն էր միայն, որ դեռ պահում էր մեզ, պաշտպանում էր ձուլման վտանգից— և նրա՛, նրա շնորհիվ էր միայն, որ մենք, ուրիշ շատ և շատ ազգերի, ինչպես, օրինակ, Ասորեստանի և Բաբելոնի նման կորստյան չմատնվեցինք… Ո՞րն էր, ո՞րն էր Նաիրին մինչև օրս, հարգելի հանդիսականներ, ո՞րն էր, այո,— կենդանի Նաիրին։— Նաիրին ե՛ս էի, հարգելի հանդիսականներ, Նաիրին դո՛ւք էիք և բոլոր նրանք, որոնք մեզ նման խոսում էին նաիրյան քաղցր լեզվով, որի մասին այնպիսի հրաշքներ է պատմում Խաչատուր Աբովյանը… Ես հիմա խոսում եմ,— հիշում եմ ձայնը բարձրացնելով՝ մարգարեական հուզմամբ բացականչեց, ոգևորված, Մազութի Համոն.— ես խոսում եմ հիմա Հոգևո՛ր Նաիրիի մասին, հարգելի հանդիսականներ,— և այս իմաստով ես կարող եմ ասել, որ Նաիրին այնտեղ է, որտեղ կա գոնե մի նաիրցի։ Առաջին՝ մարմնավորի, հայրենիքի իմաստով՝ Նաիրին այնտեղ է, որտեղ ապրել են մեր պապերը, մեր պապերի պապերը և նրանց էլ պապերի պապերը, հարգելի հանդիսականներ,— այնտեղ է, ասենք— Վանում, Բիթլիսում, Դիարբեքիրում. այնտեղ է— Կիլիկիայում, Դերսիմում, Գարահիսարում. իսկ երկրորդ՝ լեզվի, հոգևորի իմաստով — Նաիրին, կրկնում եմ, այնտեղ է, որտեղ կա, որտեղ ապրում է այսօր գոնե մի նաիրցի։ Իսկ որտե՞ղ, որտե՞ղ, ասացեք խնդրեմ, չկա, չի ապրում հիմա մեր եղբայր նաիրցին… Որտե՞ղ, աշխարհի ո՞ր, թեկուզև ամենահեռավոր անկյունում, չկա, ոտք չի դրել հայրենազուրկ նաիրցին… Տարել է, տարել է իր հալածված ստվերը, տարել է աշխարհից-աշխարհ թափառական նաիրցին։ Ելել է նա, նաիրցին— հինգ դար առաջ ելել է հայրենի աշխարհից ու թողել է հնամյա իր անունը աշխարհի բոլոր կողմերի վրա թափառական նաիրցին։ Եվ այսօր ահա արդեն հնչում է ժամը, հարգելի հանդիսականներ, ժամանակ է արդեն, որ գա, ետ դառնա նորից հնամյա իր երկիրը աստանդական նաիրցին։ Եվ արդեն— արդեն՝ աշխարհի հեռու, ամենախուլ անկյուններից պարզում է իր ձեռքը դեպի իր հայրենիքը, պարզում է դեպի հայրենի Նաիրին— աստանդական զավակը. մարմինը կորցրած ուրվականի նման՝ մարմնանալ է ուզում հազարամյա Նաիրին… Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս մարմնանա…»— Այստեղից էր ահա, որ անցավ Մազութի Համոն «ներկա մոմենտին»։
Եղիշե Չարենց «Երկիր Նաիրի» 1926թ.
Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին, Հրապարակախոսական բաժնում։ Էջանշեք այս հղումը.