Գովք բենգալերենի` իմ մայրենի լեզվի

Ես միշտ հպարտանում եմ, որ չնայած ծնվել և մեծացել եմ Նյու Յորքում, սակայն ազատ տիրապետում եմ բենգալերենին: Դրա համար պարտական եմ բանգլադեշցի ծնողներիս, որոնք անզիջում էին` փոքր քրոջս և ինձ սովորեցնելու այն լեզուն, որի համար մարդիկ կատաղի պայքար էին մղել:

Փետրվարի 21-ը Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը ճանաչել է Մայրենի լեզվի միջազգային օր` ի հիշատակ 1952 թվականին Բանգլադեշում սկիզբ առած Ազգային լեզվի շարժման: Մինչև 1971 թվականին անկախություն ձեռք բերելը` ներկայիս Բանգլադեշը կոչվում էր Արևելյան Պակիստան: Երբ Պակիստանի կառավարությունը բենգալերենը պաշտոնական կիրառությունից հանեց և պարտադրեց ուրդուն, Դաքայի համալսարանի ուսանողները բողոքի ցույցի դուրս եկան 1952թ.-ի փետրվարի 21-ին: Բազմաթիվ ցուցարարներ վիրավորվեցին և սպանվեցին ոստիկանության կրակոցներից:


Որպես երիտասարդ ներգաղթողներ, ծնողներս իրենց հարազատ լեզուն պահպանելու հարցում չէին զիջում այդ գործիչներին: Նրանք մեզ արգելում էին խոսել անգլերեն մինչև 15-16 տարեկան դառնալը: Անգլերեն խոսելը անհարգալից վերաբերմունքի նշան էր, չնայած ծնողներս ազատ տիրապետում էին անգլերենին: Եթե ինչ-որ բան պետք է խնդրեինք կամ ասեինք, միայն բենգալերեն կարող էինք արտաբերել: Մայրս տնային տնտեսուհի էր և մեզ փոխանցում էր բենգալերեն երգերի, պոեզիայի և արձակի հանդեպ սերը` հրամցնելով այդ բանաստեղծական լեզվի գեղեցկությունը:

Ես այնքան վարժ էի խոսում ծնողներիս լեզվով, որ մանկապարտեզում ինձ դրեցին այն երեխաների խմբում, որոնց համար անգլերենը երկրորդ լեզու էր համարվում: Հետո, երբ դաստիարակը հասկացավ, որ ընդամենը ամաչում եմ անգլերեն խոսել, ինձ տեղափոխեցին սովորական խումբ:

Ու թեև ես մտածում, կարդում և գրում եմ նախ և առաջ անգլերեն, չեմ կարող վստահաբար ասել, թե անգլերենն իմ առաջին լեզուն է: 1980-90ական թվականներին Նյու Յորքում ապրելու տարիներին, երբ շատերի համար Բանգլադեշն ընդամենը «Հնդկաստանի կողքին գտնվող փոքրիկ երկիրն» էր, բենգալերենը մեր ընտանիքը միավորող ամուր շղթան էր: Ծնողներս միմյանց հետ բենգալերեն էին խոսում և լեզուն փոխանցում Ամերիկայում ծնված իրենց զավակներին:

Երբ 15 տարեկան էի, հայրս ինձ ուղարկեց Դաքա` ամառն անցկացնելու տատիս մոտ: Դաքայում հարազատներս ապշած էին, թե որքան լավ և հստակ էի խոսում բենգալերեն: Ինձ համար, ընդհակառակը, զարմանալի էր բենգալերեն չիմանալը: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հաղորդակցվեի ծնողներիս և հարազատներիս հետ: Ես դաստիարակվել էի այն ոգով, որ ծնողներիս կամ որևէ բենգալացու հետ անգլերեն խոսելն անհարգալից վերաբերմունքի նշան է:

Երբ ավագ դպրոց ընդունվեցի, հուսով էի և աղոթում էի, որ ունենամ բենգալացի ընկերներ, որոնց հետ կկարողանամ շփվել իմ խորհրդավոր լեզվով: Երազում էի, որ գվինեացի, դիմինիկանցի և հինդու ընկերներս բանգալդեշցի լինեին, քանի որ ինձ համար հաճախ ավելի հեշտ էր արտահայտվել բենգալերեն: 10-րդ դասարանում որոշեցի պատմությունից աշխատանք պատրաստել բենգալերենի ծագման մասին: Հենց այդ ժամանակ էլ իմացա Բոնգ (Վոնգ) ցեղախմբի և բենգալերենի ու սանսկրիտի միջև կապի մասին: Նաև տեղեկացա Բհաշա Անդոլանի (ազգային լեզվի շարժում) և Մայրենի լեզվի օրվա մասին:

2010 թվականին առաջին անգամ այցելեցի Շահիդ մինար` Ազգային լեզվի շարժման հիշատակին Դաքայում կանգնեցված հուշարձանը: Ես բազմաթիվ պատմություններ էի լսել, գրքեր կարդացել և ֆիլմեր դիտել այդ շարժման մասին, սակայն չէի կարող երևակայել, որ համալսարանով քայլելիս այդքան կհուզվեմ: Բանգլադեշի ակադեմիայով անցնելիս հանկարծ գիտակցեցի, որ կցանկանայի ինքս էլ լինել այդ երկրի պատմության մի մասը` Դաքայի համալսարանի ուսանող լինելով:

Թեև մարդկանց հոծ բազմությունն ինձ այս ու այն կողմ էր հրում, իսկ արևը` մաշկս այրում, այդուհանդերձ, անհնար էր ինձ շեղել շահիդների (նահատակների) պայքարի արդյունքով զմայլվելուց. ամենուր մարդիկ խոսում էին մի լեզվով, որը տարիներ շարունակ գտնվել էր արգելքի, ճնշումների և հալածանքի տակ: Ես ինձ զգացի այդ պայքարի ժառանգորդը և հասկացա, որ վերապրել ենք լեզվի և ազատության սպանդից:

Երբ վերջապես մոտեցա հուշարձանին և նկատեցի իր զոհված որդիներին կանչող մոր արձանի ետևում փայլփլող պայծառ կարմիր արևը, մի պահ աչքերս փակեցի և երախտագիտությունս հայտնեցի այն մարդկանց, որոնք իրենց կյանքն էին նվիրաբերել, որպեսզի իմ ծնողները կարողանան ազատորեն խոսել և սովորել իրենց հնամենի լեզուն, օվկիանոսը կտրեն և այն ինձ փոխանցեն:

Ջենիֆեր Չոուդհուրի

Jennifer Chowdhury

http://india.blogs.nytimes.com

Հոդվածը թարգմանվել է հատուկ Լեզվի ժողովրդական տեսչության կայքի համար:

 

Գրառումը կատարվել է ԼԺՏ-ի նյութերը, Հրապարակախոսական, Միջազգային փորձ բաժնում։ Էջանշեք այս հղումը.