Հայերեն իմացողին ինչո՞ւ են պետք հայերենի բառարանները

Մարդ իր խոսակցական լեզվում սովորաբար գործածում է մի քանի հազար բառ, մինչդեռ զարգացած լեզուների բառերի ընդհանուր քանակը հասնում է հարյուր հազարի կամ նույնիսկ անցնում է հարյուր հազարից: Ժամանակակից հայոց լեզվի բառերի քանակը 100 000-ից ավելի է: Քանի որ այդ բոլոր բառերը չեն գործածվում ամեն մի անհատի կողմից, այդ պատճառով դրանց մի զգալի մասը մնում է չյուրացված: Չյուրացված բառերի քանակը մեծանում է հատկապես հին հայերենից, բարբառներից, այլ լեզուներից ժամանակակից հայերենին անցած բառերի հաշվին: Հաճախ շատերի համար անհասկանալի են լինում նաև որոշ մասնագիտական տերմիններ: Տվյալ սերնդի համար անհասկանալի կարող են լինել նաև այնպիսի բառեր, որոնք նախորդ սերնդի համար գործածական են եղել, բայց այժմ այս կամ այն չափով հնացել են և անցել կամ անցնում են հնաբանությունների շարքը: Վերջապես անհասկանալի կարող են լինել այն նոր բառերը, որոնք դեռևս տարածում չեն գտել և իրենց իմաստը լեզվի մեջ չեն որոշակիացրել:
Այնուհետև. բառը կարող է հայտնի լինել խոսողներին, բայց նրա այս կամ այն իմաստը` մատչելի չլինել նրանց: Այսպես, թեև աբեթ-ը գրական բառ է և զետեղվում է նույնիսկ համարյա բոլոր դպրոցական ուղղագրական բառարաններում, բայց նրա իմաստը ոչ բոլորին է հայտնի: Բառարանն օգնում է իմանալու, թե ինչ է աբեթը. «Այրված կտավից, աբեթասունկից և նման բաներից պատրաստված դյուրավառ նյութ, որ բռնկվում է կայծքարի կայծից»:
Ենթադրենք` դուք Րաֆֆու «Սամվել» վեպը կարդալիս հանդիպել եք բաժանորդ բառի հետևյալ գործածությանը. «Իսկ իբրև մի քաջ զորավար, յուր փայլուն հաղթություններով… հիշեցնում էր յուր թագավորի մեծությունը, որին ինքն ևս փառակից էր և բաժանորդ»: Բաժանորդ բառը ձեզ հայտնի է ամենից առաջ «թերթերին, ամսագրերին բաժանորդագրված անձ» իմաստով: Հասկանալի է, որ Րաֆֆին նշված բառն այդ իմաստով չի գործածել: Բացելով բառարանը` դուք կարդում եք բաժանորդ բառի իմաստները, ուր հնց. (հնացած) նշումով տրված է այդ կիրառության իմաստը. «մասնակից, հաղորդակից»:
Կամ, ասենք, կարդացել եք Ավ. Իսահակյանի հետևյալ տողերը. «Պարկը ուսին, բամբիռը անութի տակ և ցուպը ձեռին… թափառում էր արքայական բանաստեղծը», և ձեզ համար անահասկանալի են բամբիռ և անութ բառերը: Բացելով«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի» 1-ին հատորը` դուք կարդում եք բամբիռ բառի հետևյալ բացատրությունն ու օրինակը. «Լարավոր նվագարանի տեսակ, փանդիռ: Նա մատներով զարկում էր բամբիռի լարերին և հետն էլ երգում (ՍԶ)»: Այդ նույն բառարանից դուք իմանում եք նաև, որ անութ բառը նշանակում է «թևի տակի փոս, թևատակ, կռնատակ»:
Այսպիսով` բառարանից օգտվելը խիստ անհրաժեշտություն է ամեն մեկի, մասնավորապես աշակերտի համար:
Իտալական մի գրող բառարանի մասին գրում է, որ ինքը բառարանը կարդում է արտակարգ կլանված: Նա բառարանը համեմատում է մի հսկայական դահլիճի հետ, ուր հավաքված են համաշխարհային ամեն կարգի ցուցահանդեսների ցուցանմուշներ, և դուք հեշտությամբ ծանոթանում եք այդ ամենին: Անցնելով այդ դահլիճը, դուք մեծ բավականություն եք զգում` ծանոթանալով հետաքրքրական բազմազանությունների. դուք անցնում եք քաղաքից գյուղ, ծովից ցամաք, երկրից երկինք, և այդ բոլորը հեշտությամբ ու արագ, ինչպես որ հեքիաթներում արվում է կախարդական գավազանով: Եվ այդպես շրջելով` ծանոթ կահույքի կողքին հանդիպում եք միջնադարյան զենքի, զենքի կողքին` հազվագյուտ ձկան տեսակի, մի փոքր այն կողմ` ասիական արտասովոր բույսի, քիչ հեռու` տեխնիկայի մի հրաշագործության… Ոմանց մոտով անցնում եք անատարբերությամբ, մյուսների մոտ երկար եք կանգնում, հանգամանորեն լսում նրանց մասին, դիտում դրանք, հիանում, սքանչանում, հարստանում…
Քերականական ձևերի բազմազանությունը կամ սկավությունը լեզվի հարստության չափանիշ չեն: Անգլերենն ունի 2 հոլով, ռուսերենը` 6, հունգարերենը` 19, աֆրիկյան որոշ լեզուներ` 40: Այս և նման թվերը որևէ առավելության կամ թերության չափանիշ չեն այս կամ այն լեզվի համար: Մինչդեռ բառերի, դարձվածքների քանակը համարվում է և, իրոք, հանդիսանում է տվյալ լեզվի հարստության չափանիշ: Դա վերաբերում է նաև ամեն մի հեղինակի, ամեն մի խոսողի լեզվի: Ըստ որում, հեղինակի ու խոսողի համար կարևոր է ոչ թե նրա գործածած բառերի քանակն ինքնին վերցրած, այլ առավել կարևոր է բառերի տեղին ու դիպուկ գործածությունը. բառերի քանակի մեծությունը սովորաբար հետևանք է լինում ճիշտ ու դիպուկ գործածության: Բառարանները ձեզ սովորեցնում են հարստացնել ձեր բառապաշարը և իմանալ ամեն մի բառի իմաստային ու կիրառական հատկանիշները:
Բառարաններից օգտվելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչպիսի՛ բառարաններ կան և ինչպե՛ս են կառուցվում նրանք: Բանն այն է, որ բառարանները ստեղծվում են տարբեր նպատակով, ուրեմն և տարբեր նպատակների համար պետք է դիմել տարբեր բառարանների: Բառարանների ամենատարածված տեսակը բացատրական բառարանն է:
Ս.Գ. Աբրահամյան, Հայոց լեզու, Լույս հրատարակչություն, 1978թ.
Թվայնացումը` Լեզվի ժողովրդական տեսչության
Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին, Հայերենագիտություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.