Հայերենը ՀՀ առողջապահական հիմնարկներում

 Երեւան, 29 մարտի 2013 թ.

ՀՀ ԿԳՆ Լեզուի պետական տեսչութեան,

Պատճէնը` ՀՀ առողջապահութեան նախարար պր. Դերենիկ Դումանեանին,

Սոյն նամակին կից ձեզ եմ փոխանցում լուսապատճէնը ՀՀ առողջապահութեան նախարարութեան կառոյցում գործող մի ինչ-որ փորձարան-կենտրոն (օտար բառով` լաբորատորիա) ՊՈԱԿ-ի մի փաստաթղթի, որը թէեւ լրացուել է հայոց լեզուով, սակայն տպագիր հիմնական նիւթը ոչ-պետական լեզուով է: ՀՀ անկախութեան հռչակումից աւելի քան 21 տարի, ՀՀ «Լեզուի մասին» օրէնքի ընդունումից գրեթէ 20 տարի եւ ՀՀ Սահմանադրութեան ընդունումից շուրջ 18 տարի ետք ՀՀ պետական մի կառոյցում հայոց լեզուի անարգման նման երեւոյթի գոյութիւնն իսկ ՄԵԾԱԳՈՅՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹԻՒՆ  Է ԵՒ ԻՐԵՂԷՆ ԱՊԱՑՈՅՑ Լեզուի պետական տեսչութիւն կոչուող պետական կառոյցի, շատ մեղմ ասած, անգործութեան կամ անկարողութեան:

Եւս մի խախտման մասին, որը ժամանակի գործօնի ոյժով առօրէական է դարձել, թէեւ լինի զզուելի անարգանք հայոց լեզուին: Կասկած չունեմ, որ ՀՀ ԿԳՆ ԼՊՏ աշխատակիցների համարեա բոլորը գործածում են բջջային հեռախօսներ: Շատ հաւանաբար, նրանցից մի քանիսը օգտւում են «Արմենտել» ընկերութեան բջջային հեռախօսակապի ծառայութիւնից: Ասացէք խնդրեմ, ինչո՞ւ են նրանք առ այսօր լռել, կամ` չեն կարողացել այս ընկերութեանը (նաեւ միւս երկու ընկերութիւններին`«Վիվասել էմ. Տէ. Էս. » եւ «Օրանժ») պարտադրել գործածել մեսրոպեան այբուբենը: Աւելի խայտառակ փաստը այն է, որ «Արմենտելը» իր որոշ աւտոմատ հրահանգ-պատասխաններում վերջին մէկ տարում լատինատառ «հայերէնը» փոխարինել է … լատինատառ ՌՈՒՍԵՐԷՆՈՎ. օրինակ, երբ տոմսակի (օտար բառով` քարտի) գաղտնաթիւը (օտար բառով` կոդը) մուտքագրում ես բջջային հեռախօս, ճիշտ կամ սխալ գաղտնաթիւ հաւաքելուց յետոյ` ստանում ես պատասխան-հաղորդագրութիւն` լատինատառ ՌՈՒՍԵՐՆՈՎ: Եւ սա կոչւում է հայկակա՞ն պետութիւն, որի տարածքում իբր հանգչում է (հանգչո՞ւմ է արդեօք` առ ի գոյութիւն նման վայրագութիւնների) սրբազնասուրբ Մեծն Մեսրոպ Մաշտոցը: ԱՄՕ՛Թ:

Վերոբերեալ երկու աղաղակող խախտումները ներկայացնելով ձեր ուշադրութեան, պահանջում եմ օրինախախտ եւ մեր ազգային ու պետական արժանապատուութիւնը ոտնակոխող յանցագործների նկատմամբ ձեռք առնել պատժի համապատասխան քայլերը եւ օրէնքով հաստատուած կարգով ինձ տեղեկացնել այդ միջացառումների ու դրանց ԱՐԴԻՒՆՔՆԵՐԻ մասին:

Մաղթելով Ձեզ ամենայն բարիք,

Գէորգ Եազըճեան (ազատ լրագրող, Լիբանանի Լրագրողների միութեան անդամ, ՀՀում, յատկապէս հայագիտական կառոյցներում հայոց լեզուի անարգման իբրեւ բողոք պատ. գիտ. թեկնածուի աստիճանից կամովին եւ հրապարակաւ հրաժարած պատմաբան)

[հետեւում են նամակագրի հասցէն եւ հեռախօսահամարը, կցված է օրինախախտ բուժհիմնարկի օտարալեզու փաստաթղթի պատճենը]

Վերեւի նամակը հեղինակման օրն իսկ փոխանցվել է Լեզվի պետական տեսչության: Հեղինակից անկախ պատճառներով, պատճենը ՀՀ առողջապահության նախարարության նամակների բաժին փոխանցվել է ս. թ. ապրիլի 9-ին: Նամակագիրը ապրիլի 25-ին փոստով ստացել է ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի` 18. 04. 2013, թիվ ՍՔ / 111 / 4442-13 հետեւյալ պատասխանը.

Յարգելի պարոն Եազւճեան,

Ի պատասխան Ձեր` սույն թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հասցեագրված գրության, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Ձեր կողմից բարձրացված խնդիրը մշտապես պահում է իր ուշադրության կենտրոնում` ձեռնարկելով անրաժեշտ միջոցներ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների պահպանման ուղղությամբ:

Միեւնույն ժամանակ հայտնում եմ, որ նկատի ունենալով Ձեր վերը նշված գրությունը եւ նպատակ ունենալով բացառել նման երեւույթների առկայությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության կազմակերպություններում,` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին համապատասխան գրությամբ հանձնարարել է իր ենթակայության բոլոր կազմակերպությունների ղեկավարներին` իրենց գործունեության ընթացքում պահպանել «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ` ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆ [կնիք եւ ստորագրություն]

Նամակագիր Գեւորգ Յազըճյանը ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության Վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանից ս. թ. ապրիլի 25-ին ստացել է բանավոր պատասխան, թե ԼՊՏ-ն հիշյալ բժշկական փաստաթղթի փաստի առթիվ հարուցել է դատական հայց, որն ընդունվել է: Դատարանը մոտակա օրերին կնշանակի դատական նիստի թվականը, որն էլ կփոխանցվի բողոքած քաղաքացուն:

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Գործարարություն, Դատաիրավական, Իրավական, Խախտումներ, Օրենսդրություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.