Հայաստանում կան շրջանակներ, տնաբույս քաղքենիներ, որոնք երազում են ռուսախոսության վերադարձի մասին

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը ահազանգում է. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստանում ռուսալեզու գիմնազիա բացելու մտադրությունը մեզ կկանգնեցնի ռուսախոսության տարածման վտանգի առջև:
Այլ կերպ` վերադարձ հին ժամանակներին, երբ ՀՀ-ում գործում էին ռուսական դպրոցներ և ոմանք Կրեմլին նամակ էին գրում, որ իրենց երեխան ռուսական կրթության կարողանա ստանալ, որովհետև ռուսերեն խոսելը «պատվարժան» էր. «Հայերենը վտանգված է. Հայաստանից այսօր ահռելի չափերի արտագաղթ կա դեպի Ռուսաստան, տարիներ անց նրանց զավակների համար հայերենը դառնալու է «խոհանոցային» լեզու, ինչին այսօր էլ ականատես ենք: Եթե Հայաստանում բացվի այդ գիմնազիան, պարզ է, որ այնտեղ ռուսերենով են առարկաները դասավանդվելու և այն լինելու է այդ գիմնազիան ավարտած շրջանավարտի մասնագիտական լեզուն: Ստացվում է, որ բժշկական համալսարանի ուսանողների համար կիրառելի է դառնալու ռուսերենը, և մենք դարձյալ համատարած ունենալու ենք ռուսախոս բժիշկներ: Հայաստանում կան խմբեր, շրջանակներ, որոնք երազում են ռուսախոսության վերադարձի մասին: Այո, վտանգը գալիս է ոչ թե Մոսկվայից, այլ՝ ներսից, մեր տնաբույս քաղքենիներն են այդ հողը պատրաստել, մշակել: Ես ռուսերենին դեմ չեմ, ավելին` սիրում եմ այդ լեզուն, բայց գտնում եմ` միջնակարգ կրթական լեզուն պետք է լինի հայերենը, կողքից որքան ուզում են թող օտար լեզուներ սովորեն: Հիմա կասեք` բա որ համատարած անգլերեն են խոսում, բա ամերիկյան, ֆրանսիական համալսարանները, այո, կան, բայց անգլախոսության, ֆրանսախոսության վտանգ չկա: Լեզվի պահպանումն ազգային անվտանգության հետ կապված հարց է, ուստի պետք է պետական պաշտպանության տակ այն առնվի»:

Դիտարկմանը` եթե գիմնազիան չբացվի, Հայաստանն այլևս ռուսախոսության տարածման խնդիր չի՞ ունենա, Գյուրջինյանը պատասխանեց, թե վտանգը կա և կլինի: Այս ֆոնին լեզվաբանը հիշեցրեց անհասկանալի շտեմարանների և դասագրքերի մասին, որոնց պատճառով հայերենը «զզվելի» է դարձել:

HayNews.am

Գրառումը կատարվել է Կրթական համակարգ բաժնում։ Էջանշեք այս հղումը.