Բայրոնի հայերեն ստորագրությունը

… Թանգարանում պահվում են մի շարք նկարներ, որոնք կապված են Բայրոնի անվան հետ: Դրանցից մեկը ներկայացնում է Բայրոնի մուտքը Հայոց կղզին: Բանաստեղծը դուրս է գալիս նավակից, իսկ միաբանների մի խումբ ափին կանգնած, դիմավորում է նրան: Հեռվում, մշուշի մեջ, երևում են Վենետիկը և մի քանի առագաստանավեր: Այդ նկարը պատկանում է հանճարեղ ծովանկարիչ Հ. Այվազովսկու վրձնին, որը մի քանի անգամ այցելել է ս. Ղազար:

Մյուս նկարը ներկայացնում է Բայրոնին նստած հայոց լեզվի դասին: Բանաստեղծը ձեռքում բռնած ունի փետուրե գրիչ: Գրասեղանի վրա դրված է մի բացված գիրք, իր առաջ կանգնած է հայոց լեզվի ուսուցիչ Հարություն Ավգերյանը (գործ անհայտ նկարչի):

Մի ուրիշ նկար պատկերում է Բայրոնին մի խումբ հայերի շրջանում: Բանաստեղծը Ավգերյանի և մյուս հայրերի հետ զբաղված է խոսակցությամբ: Արեգակը դանդաղորեն սահում է հերիզոնի հետև: Կա նաև մի նշանավոր նկար` Բայրոնը ձիթենիների տակ նստած երազելիս (գործ C. Reichart-ի):

Մագեյը այսպես է գրում այդ թանկագին իրերի և նկարների մասին.

«Փողով հնարավոր չէ դրանք ձեռք բերել (ինչպես որ չի կարելի ձեռք բերել Լորդ Բայրոնի հիշատակները) և միայն հատուկ զիջումով դրանք կարելի է տեսնել հսկող վանականի նախանձախնդիր հայացքի տակ»:

Բանաստեղծ Չաս. Գամմելը վերադառնալով հայրենիք, հետևյալ տողերն է գրել կղզու միաբաններից մեկին:

«Երբ 1922-ի Հոգեգալուստի օրը այցելեցի ս. Ղազար կղզին, խորապես հուզվեցա այն հանգամանքեն, որով կպահեիք Լորդ Պայրընի նկարն ու նշխարները այն սենյակի մեջ` ուր նա հայոց լեզուն սորվեցավ հ. Հարություն Ավգերի հետ…»:

Նույն բանաստեղծը անգլերեն լեզվով գրած մի ոտանավոր է նվիրել Վենետիկի Մխիթարյան հայրերին, որի վերջին տողերում հիշատակելով Բայրոնի մասին ասում է. «Եթե Անգլիային պատկանում է բանաստեղծի մարմինը, իսկ Հունաստանին` նրա սիրտը, ապա իր հոգու մի մասը դուք եք ժառանգում, թերևս ազնվագույնը, քանզի ձեզ հետ են մնում բանաստեղծի խաղաղությունն ու մտերիմ սերը և ոչ նրա ցավն ու վիշտը»:

Բոլոր այս թանկագին հիշատակների թվում, որ պահպանվում են կղզու վրա, գտնվում է նաև Բայրոնի հայերեն ստորագրությունը:

Այդ ստորագրությունը պահվում է ապակու տակ, ուր հայերեն է սովորել բանաստեղծը: Կազմված է երկու բառից` Լօ[րդ] Բայրոն: Անմիջապես նկատվում է, որ կիսավարժ ձեռքով է գրված և գրողը օտարազգի է:

Թագավորի ստորագրություն չէ, ոչ էլ որևէ վարչապետի կամ արտաքին գործոց նախարարի, այլ մի աստանդական բանաստեղծի, որի մասին դեռևս 1846 թվականին հայկական մամուլը արձանագրել է. «Նապոլեոնեն ետքը մեկ մարդ մը չէ եղած, որ այնչափ մեծ անուն հանե աշխարքիս վրա, աս դարուս մեջ, որչափ աս բանաստեղծը. բնությունն ալ կարծես թե ասոր տուած խելքն ու կարգե դուրս կատարելությունները ուրիշ մարդու չէ տուեր»:

Ոչինչ չի պարտավորեցնում Բայրոնի այդ ստորագրությունը: Նրանով նույնիսկ հնարավոր չէ մի քոչվոր ավազակապետի դեն հրել Արարատի լանջերից, այն բիբլիական սարի, որ Բայրոնն ուզում էր տեսնել պարսկական սատրապներից ու թուրքական փաշաներից ազատագրված Հայաստանի կենտրոնում:

Եվ սակայն այդ ստորագրությունը մի բան պարտավորեցնում է: Այն պարտավորեցնում է սիրել մեր մայրենի լեզուն և հայրենի գիրը:

Կարևորը այն չէ, թե Բայրոնը որչափով է սովորել հայերենը: Կարևորը երևույթն է, այն ջերմ համակրանքը, որ նա տածել է մեր երկրի պատմության և գրականության հանդեպ, այն խանդավառ հափշտակությունը, որ նա ամեն օր Ադրիականի փոթորկոտ ջրերը ճեղքելով գնացել է Հայոց կղզին` մի ազնիվ նպատակով համակված` սովորել հայոց լեզուն:

… Այդ ստորագրությունը մի տեսակ վկայագիր է Բայրոնի այդ անհանգիստ օրերի, նրա ձեռքով հաստատված մի նվիրական կնիք, որ վավերացնում է ս. Ղազարում պահպանվող նրա բոլոր հիշատակները և նրա կապը հայերի հետ:

Մեծ է Բայրոնը, սակայն պատիվ է եղել նրա համար սովորել Մեսրոպ Մաշտոցի և Մովսես Խորենացու լեզուն: Այդ ստորագրությամբ նա իր անունը հավիտյան դրոշմել է մեր ազգի սրտի վրա և նրա դպրության ոսկե մատյանում:

Բայրոնից հետո շատ երևելի մարդիկ են այցելել Հայոց կղզին: Այնտեղ գնացող բոլոր հյուրերին բանաստեղծի անգլերեն ստորագրությունից բացի, մի առանձին սիրով միշտ ցույց է տրվում նաև նրա հայերեն ստորագրությունը:

«Առաջին մարդը, որ ստորագրել է իր անունը վանքի արձանագրությունների տետրում, եթե չեմ սխալվում, ինքը Բայրոնն է,-ասում է Մագեյը: — Դրանից հետո, եկել են թագավորներ, թագուհիներ, բայց ոչ մի անուն այնքան պատվի չի արժանացել, ինչքան լորդ Բայրոնինը,-ոչ մի ստորագրություն այնպիսի հպարտությամբ չի ցույց տրվում այցելուներին, որքան անգլիական Ապոլոնինը, նրա, որ Շեքսպիրից հետո ամենաազնվագույն անունն է գրականության մեջ: Այդպես կլինի ընդմիշտ թե՛ վանքում և թե՛ համայն աշխարհում. թագավորներն ու թագուհիները կմեռնեն, բայց Բայրոնը արդեն մահացած` կապրի հավիտյան:

«Եթե ամբողջ Եվրոպայի մեջ կա մի վայր, ուր Լոնդոնից ու Միսսոլոնգիից հետո պետք է Բայրոնի արձանը կանգնեցնել,-մատնանշում է նույն բանասերը,-այդ վայրը Վենետիկն է: Վենետիկի ամեն կողմը կարող է լինել-Լիդո, Հասարակաց պարտեզ կամ ս. Ղազար կղզի: Բայց եթե վենետիկցիները անտարբեր են արձանի տեղի համար, թող ուրեմն հայերը կանգնեցնեն այն` հանուն աստծո»:

Այո, Բայրոնը մի՛շտ կապրի: Նրա պես վիթխարի քերթող աշխարհը քիչ է ծնել: Սակայն անմահության համար, դժբախտաբար, փոքր է այն կղզին, որի վրա գտնվում են բանաստեղծի թանկագին հիշատակները և նրա հայատառ ստորագրությունը: Իսկական Բայրոնը հավերժ կենդանի է Հայաստանի մեջ: Նրա անձեռագործ արձանը վաղուց վեր է բարձրացած հայ ժողովրդի սրտում, մեծ հսկայի` Շեքսպիրի, կողքին:

Խաչիկ Դաշենց, Բայրոնը և հայերը, Հայպետհրատ, Երևան 1959թ., 170-177:

Թվայնացումը` Լեզվի ժողովրդական տեսչության

Գրառումը կատարվել է ԼԺՏ-ի նյութերը, Լուսանկարներ, Հայերենագիտություն, Հրապարակախոսական բաժնում։ Էջանշեք այս հղումը.