Մի թարգմանության առթիվ

Գյուղատնտեսական գրականությունը մեզանում զգալի ծավալվում է. եղած հրատարակչական մարմիններին ավելացել է մեկը` Հողժողկոմատը, որ գուցե հետագայում կարևոր մասն է առնելու իր վրա` գյուղատնտեսական գրականության: Մի թերի կա, որ ըստ հնարավորության պետք է վերացնել. եղած գրքույկների 90 տոկոսը թարգմանություն է, ըստ մեծի մասի` ռուսերենից: Ճիշտ է աշխատում են «հայացնել», հարմարել մեր պայմաններին ու գյուղացու տնտեսության, սակայն շատ քիչ դեպքում է այդ լրիվ հաջողվում: Լավ թարգմանած գրքերի արժեքն իմացվում է այն ժամանակ, երբ այդ գիրքն ընկնում է ընթերցողի` գյուղացու ձեռքը: Այդ դեպքում ավելի շուտ է երևում գրքի թերին և առավել կողմը:

Գյուղատնտեսական մեր գրականությունն աստիճանաբար նվաճումներ է կատարում գյուղում, նույնիսկ շատ հեռու անկյուններում: Եվ մեր գրքույկներն ավելի ուշադիր պիտի թարգմանել ու կազմել, որ գյուղացին համոզվի, նրան մատչելի լինի գրքում գրածը:

Շատ հաճախ է պատահում կազմակերպել գյուղատնտեսական զրույցներ, նաև ընթերցումներ: Գյուղացիների համար կարդում եք մի գրքույկ (իհարկե գյուղատնտեսական) և մեկնում: Հետո հարցեր են տալիս, գրքի պակաս-պռատը լրացնում: Եվ այդ բոլոր խոսքերն ու նկատումները դարավոր փորձից են, անթիվ սերունդների դիտումից: Դրա համար էլ նոքա արժեք ունեն:

Նման թարգմանություններից է և Ա. Յուրմալյատի գրքույկը «Հորթերի կերակրելն ու խնամքը» (32 էջ), ագիտբաժնի թ.7 սերիայի գրքույկներից: Խմբագրողը` ընկ. Խ. Երիցյանը, և թարգմանիչը` Ա. Աթայանը, հայացրել են, բայց ոչ այնքան հաջող:

Մեր գոմերը ձմռանը տաք են լինում, նրանց գլխավոր պակասը լույսի բացակայությունն է: Գրքույկում գոմի տաքության վրա ավելի շատ ուշք է դարձրած (ինչպես բնագրում), իսկ ոչ մի խոսք չկա լուսավոր գոմերի առավելության մասին: Ընթերցող գյուղացու համար մի ծանոթություն էլ պիտի դնել, թե այդ վերաբերում է Ռուսաստանի գոմերին:

Ամենևին պարզ չէ, թե ո՞րն է չոր «հարդը» (ծղնոտ) և դարմանը: Թարգմանիչը շփոթել է դարմանը (հարդ) «քյուլաշի» (ծղնոտ) հետ: «Թարք» ասում են միայն ձիու համար. թարքը մարմնի մասի անուն չէ, ուրեմն և շատ անտեղի է գործածվում: Գյուղացին ծիծաղում է, երբ կարդում է հորթի «թարքի» մասին: Գոմի օդահանության համար եղած խողովակի նկարագիրը անասելի խրթին է, բնագրում նկարը կա, որ շատ է օգնում հասկանալու: Եթե հնար չկար այդ նկարն արտատպելու, ավելի լավ կլիներ, որ այդ պարբերությունը կրճատվեր, մանավանդ, որ գոմերի այդ ձևի օդահանումը շատ հարցական է մեր գոմերում:

Հորթին չեն «թիմարում», այդ էլ անսազական մի բառ է, սարքովի մի խոսք: «15 արշին հատակին 1 արշին լուսամուտ ընկնի» պարբերության մեջ մոռացված է քառակուսի բառը: Արդյո՞ք մի քիչ վաղաժամ չէ մեզ համար «ամեն ամիս հորթին տաք ջրով ու կանաչ սապոնով լվանալու» խորհուրդը, երբ գյուղացու մարմինը տարիներով տաք ջրի երես չի տեսնում: Նման առաջարկը, որքան էլ գիտականորեն հիմնավորված լինի, ընթերցող գյուղացուն խրտնեցնում է գրքույկի մեջ եղած շատ օգտակար և, որ գլխավորն է, հենց այսօրվա մեր գյուղին մատչելի արժեքավոր խորհուրդներից:

Առաջին կաթը կոչվում է «դալամա» (դալ). նույն էջի ծանոթության մեջ ասված է, որ մեր մի քանի գավառներում առաջին կաթին «խիժ» են ասում: Այդ այնքան էլ ճիշտ չէ. «դալման» առաջին կաթը (որին Զանգեզուրում «աղուզ» են ասում) եփելուց հետո են ստանում, իսկ «խիժը» կամ «խեժնը» (Զանգեզուր)` առաջին կաթը մակարդելուց: Քանի դեռ որոշ տերմին չկա, ավելի լավ էր գործածել միայն «առաջին կաթ», քան ընթերցողին մոլորեցնել ոչ ճիշտ տերմիններով:

Գրքի մատչելիությունն ավելի շահած կլիներ, եթե ասեին «հինգից մի մասը» («մի հինգերորդի», «կամ ½-ի» փոխարեն. գյուղացին պարզ թվերը հազիվ է ջոկում): Նույն բանը կարելի է ասել և հորթի կերակրման աղյուսակների մասին: Ո՞րն է «լափը» («Չորրորդ ամսից լափը կտրում են»): Դրա փոխարեն կարելի է ասել «կեր», և ոչ մի գյուղացի գլխի չի ընկնի, թե այդ լափել բայի արմատից է կազմած: Շատ խրթին է «ստերժ կովեր» կոչվածը. այդ խոսքը եթե դուրս հանվեր, միտքը ավելի պարզ կլիներ: Երես 20-ում խոսվում է «զուգավորվելու» մասին, բայց հենց իսկույն շուռ տալիս` «բուղով տալու»: Այս շատ լավ, հաջող և հասկանալի բառը միշտ պիտի գործածել և դեն ձգել «զուգավորվելը»: Նման գրքից «բանվորացու» ցեղը դժվար է հասկանալ. լավ է ասել (ինչպես ասում է գյուղացին) լծկան կամ եզնացու: «Մորթելու հորթի» փոխարեն վատ չի լինի, եթե գործածենք «մսացու հորթ»: Ո՞րն է «գարնան դարմանը»: Բնագրում ասվում է գարնանացանի դարմանի մասին. տարբերությունը խիստ զգալի է: Ինչ են ասում այդ սխալները կամա թե ակամա:

Այդ գրքույկների միջոցով մեր գյուղերում գյուղատնտեսական գիտելիքները հանրացնելուց բացի, մենք աննկատ, բայց շատ հաստատ ստեղծում ենք գյուղատնտեսական տերմիններ, ընդհանրացնում ենք այս կամ այն բառը և աստիճանաբար գրքի մեջ մտցնում` իբր ընդունված և ճշմարիտ: Թարգմանելիս շատ անգամ ստիպված են լինում հնարել բառ, իրար կցել և նոր խոսք ստեղծել այն ժամանակ, երբ մեր գյուղերում հազար տարիներ գործ են ածվում որոշ տերմիններ ու բառեր: Շատ բաներից զուրկ մեր գյուղը այդ մի կողմից ետ չի մնում: Բառեր շատ ունի նա պահած, բառեր, որոնք շատ ճիշտ տալիս են գաղափար այս կամ այն գործողության, հատկության, մարմնի մասի, բույսի և այլնի մասին:

Որովհետև մենք ստեղծում ենք և հանրացնում գյուղատնտեսական տերմիններ, վատ չէր լինի գյուղացու ունեցած փորձն օգտագործել: Այդ գործն անելու միջոց ունենք: Հարկավոր է կազմել յուրաքանչյուր ճյուղի այն բառերի ու դարձվածքների ցանկը, որոնց հայերենը դժվարանում ենք կազմել: Այդ ցուցակը կուղարկվի մեր գավառական գյուղատնտեսներին, տեղերում հարցուփորձի միջոցով ստուգելու այս կամ այն բառն ու դարձվածքը:

Տեղական անուններն ու դարձվածքները հավաքելուց հետո այդ ամենը կարելի է ի մի գումարել, ջոկել ավելի շատ գործածականը և հարմարը ու աստիճանաբար հիմք դնել մի ժողովածուի` գյուղատնտեսական բառերի տերմինների հավաքածուի:

Այդ կլինի պարտադիր ամբողջ երկրի համար, միևնույն ժամանակ և անսպառ աղբյուր` գալիք գյուղատնտեսական գրականության համար: Այդ դեպքում էլ չեն կրկնվի անճիշտ թարգմանությունների դեպքերը, կհեշտանա գյուղատնտեսական գիտելիքների հանրացման գործը:

Ակսել Բակունց, Երկեր չորս հատորով, հատոր IV, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան 1984թ., 159-162:

Թվայնացումը` Լեզվի ժողովրդական տեսչության

Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին, ԼԺՏ-ի նյութերը, Հայերենագիտություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.