Հայերեն ստեղնաշար` iOS 7-ի համար. hայ ծրագրավորողի ստեղծած հավելվածն արդեն App store-ում է

iOS 7-ի համար հայերեն ստեղնաշարը Apple ընկերությունն արդեն հաստատել է, ուստի, արդեն 1 օր է, այն հայտնվել է Apple-ի պաշտոնական ինտերնետային խանութում` App store-ում: iOS 7 օպերացիոն համակարգի համար ստեղծված հայերեն ստեղնաշարի (ArmKeyboard) հեղինակը ծրագրավորող Վահրամ Գևորգյանն է, ով կարողացել է մեկ ամսում միայնակ ստեղծել հավելվածը, այն էլ՝ աշխատանքից հետո, երեկոյան ժամերին, իսկ հաստատման համար սպասել է մոտ 1 շաբաթ:

Մեզ հետ զրույցում Վ. Գևորգյանը նշեց, որ Apple-ն ունի բազմաթիվ չափորոշիչներ, որոնց համար կարող են նաև մերժել ու չհաստատել հավելվածը, այս դեպքում, սակայն, նման բան չեղավ, և հավելվածն արդեն հասանելի է: Այսպես, նշյալ հավելվածի միջոցով iPhone և iPad սարքերի օգտատերերը, որոնք աշխատում են iOS 7 oպերացիոն համակարգով, կկարողանան հայերեն գրել:

«Հավելվածն ունի երեք ստեղնաշարային դասավորվածություն` Phonetic, Typewrtier, Western, ինչն էլ հնարավորություն է տալիս օգտվողներին ընտրել իրենց նախընտրած ստեղնաշարը»,- ասաց Վ. Գևորգյանը: Նրա խոսքով` այս հավելվածում ստեղնաշարն աշխատում է` ինչպես landscape, այնպես էլ` portrait: Այսինքն` երբ սմարթֆոնը կամ պլանշետը շրջում եք, ստեղնաշարը ևս ավտոմատ կարող է շրջվել, ինչն էլ ավելի հարմար է դարձնում դրա օգտագործումը:

Ըստ ծրագրավորողի` նոր հավելվածը տարբերվում է իր նմաններից ինչպես դիզայնով, այնպես էլ` ֆունկցիաներով: «Այստեղ շատ բաներ կան, որոնք ես չեմ գտել ուրիշ ոչ մի հավելվածի մեջ, սակայն դրա ստեղծման համար հաշվի եմ առել արդեն շուկայում առկա հավելվածների ինչպես` թերությունները, այնպես էլ` առավելությունները: Այսպես՝ նոր հավելվածի շնորհիվ կարելի է, օրինակ, հայատառ հաղորդագրություն ուղարկել Facebook-ով, SMS-ով, Twitter-ով, առանց ծրագիրը լքելու՝ կարելի է օգտվել YouTube-ից, Google Translate-ից, Google Search-ից և այլն: Բացի այս՝ նոր հավելվածի միջոցով կարելի է հայերեն պահպանել կոնտակտներն ու, օրինակ, հայերեն հիշեցումներ կատարել (Reminder), ինչը մինչ այսօր iOS համակարգերով աշխատող սարքերի միջոցով որևէ ձևով հնարավոր չէր կատարել»,- ասաց Վ.Գևորգյանը` նշելով, որ այսքանով հավելվածի ֆունկցիաները չեն սահմանափակվի, և դեռ կավելանան նոր հնարավորություններ: Նշենք, որ հավելվածի արժեքը 1 դոլար է, այն ունիվերսալ է և իր մեջ ներառում է ինչպես iPhone, այնպես էլ` iPad սարքերի համար նախատեսված տարբերակները:

Տեղեկացնենք, որ Վահրամ Գևորգյանը տարբեր սեփական ծրագրեր է ստեղծել, նա հեղինակն է նաև առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթի` «Անահիտի», որն արդեն շուկայում մեծ իրարանցում է առաջացրել և բարձր է գնահատվել արտասահմանցի տարբեր գրախոսների կողմից:

Լուսինե Մովսիսյան
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

ԼԺՏ-ի հավելումը․ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս տպելու հայերեն, բայց պահանջում է ևս մի հավելյալ գործողություն պատճենել/կպցնել  (քոփի/փաստ)։ Այսինքն հայերեն տպելու հարցը իր վերջնական լուծմանը դեռ չի հասել։

Գրառումը կատարվել է Էլեկտրոնային ծրագրեր, Տառատեսակներ բաժնում։ Էջանշեք այս հղումը.