«ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո» անարգվում է հայոց լեզուն

Այն, որ ՀՀ գովազդի լեզվում հայերենը վերջին տարիներին հայտնվել է աղքատ Ղազարոսի վիճակում` ամեն քայլափոխի ակնհայտ է: Այս ամոթալի փաստը կարծես չի հուզում մեր հասարակության ստվար մասին: Համարյա օրինաչափության է վերածվել անգլերենի` գիշերային ակումբների որմազդների լեզուն դառնալու երևույթը: Ավելին, այդ որմազդներում, եթե հայերենը «սխալմամբ» կամ «պատահաբար» հանդիպում էլ է` ապա ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ տպվում է լատինական տառերով:

Նույնպես գաղտնիք չէ, որ հիշյալ տնտեսավարողների սեփականատերերը կամ «տանիքները» ՀՀ պետական մանր, միջին կամ բարձր օղակների ծառայողներ են: Ահա թե ՀՀ պաշտոնյաները ինչ մեծ հոգածություն են դրսևորում ՀՀ պետական լեզվի նկատմամբ…

Վերջին օրերին Երևանի փոքր կենտրոնի փողոցներում, մասնավորապես մարդաշատ անցումների պատերին և խաչմերուկների էլեկտրասյուներին հայտնվել է ամերիկահայ երգիչ Սերժ Թանգյանի` Երևանում օգոստոսի 12-ին նախատեսված համերգի որմազդը: Տեղեկություններից ընդամենը համերգի վայրն ու թվականն են տպագրվել հայոց լեզվով. մնացյալը անգլերեն է: Ավելին, համերգի 16 հովանավորներից (որոնց մեծագույն մասը ՀՀ տնտեսավարողներ են, այդ թվում 6-ը` ԶԼՄ-ներ) 13-ի անունները նույնպես անգլերեն են: Հայերենը հանդիպում է ընդամենը երեք հովանավորների անուններում` Հանրային ռադիո, Հանրային հեռուստատեսություն (այն էլ եթե նրա անվան «Հ» տառը այդպիսին համարենք, այլ ոչ թե լատինական այբուբենի C տառը` իր ձևավորման տեսքով) և … ՀՀ վարչապետը: Վերջինիս համար, ՀՀ զինանշանի ներքևում տպված է. «ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո»:

Նախ պետք է ուղղել` «վարչապետ» բառն այստեղ պետք էր գրել փոքրատառով: Եվ երկրորդ` հարց է առաջանում. ՀՀ վարչապետ, ինքն իրեն ժամանակին նժդեհական ու ցեղակրոն, վերջին տարիներին էլ ազգային պահպանողական, բոլոր դեպքերում` ինքն իրեն ազգայնական հայտարարած Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ պր Տիգրան Սարգսյանը տեղյա՞կ է արդյոք, որ իր անունը հայտնվել է այս` հիմնականում օտարալեզու գովազդ-որմազդում: Եթե տեղյակ չէ` ապա դուրս է գալիս, որ ինչ-որ արարածներ ՀՀում կարող են իրենց խելքի փչած ձևով չարաշահել ՀՀ վարչապետի վարկը: Իսկ եթե պր Սարգսյանը տեղյակ է այս գովազդից և այն տեսել է, ապա ինչու՞ հրապարակավ չի խայտառակում իրեն խայտառակողներին: Մնում է ևս մեկ հավանականություն. ՀՀ վարչապետը տեսել է գովազդը ու բանի տեղ չի դրել նրանում ՀՀ պետական լեզվի անարգված վիճակը: Վերջինս ավելի հավանական է, քանի որ ՀՀ լեզվական օրենսդրության համատարած դարձած խախտումների դեմ ՀՀ իշխանությունները ոչ միայն ըստ էության չեն պայքարում, այլև հենց իրենք են շատ դեպքերում խախտում օրենքը, միաժամանակ նաև` անարգում մեր` հայերիս ազգային արժանապատվությունը: Հիշեցնենք, որ ըստ զանգվածային լրատվամիջոցների, հենց պր Տիգրան Սարգսյանն է ՀՀ «Լեզվի մասին» և «Կրթության մասին» օրենքներում չարաբաստիկ փոփոխությունների գլխավոր ջատագովներից մեկը: Անհերքելի փաստ է սակայն, որ հենց Տիգրան Սարգսյանը, իբրև ՀՀ կառավարության գլուխ, անմիջական պատասխանատվություն է կրում ՀՀ կառավարության անունից ՀՀ Ազգային ժողովին ներկայացված վերոհիշյալ երկու տխրահռչակ օրենսդրական նախաձեռնությունների համար:

Սերժ Թանգյանի համերգի առթիվ հրապարակված ու տարածված գովազդ-որմազդի առթիվ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հիշեցնում ենք` ՀՀ պետական լեզուն հայերենն է, և նրանից պահանջում` հարգել և բոլորին հարգել տալ ՀՀ լեզվական օրենսդրությունը: Հավելենք` հայերենը ՀՀ պետական ՄԻԱԿ և հայոց ազգային ՄԻԱԿ լեզուն է: Հետևաբար, թող բարի լինի ինքն իրեն կարգի հրավիրել կամ իր անունով նման խայտառակ որմազդ հրապարակողներին կարգի հրավիրել: Այլապես իրավունք ունենք կասկածելու իր ազգային պատկանելության կամ ՀՀ պետական դավաճանություն գործելու մասին: Սա չափազանցված դատողություն չէ. «Հայոց լեզուն անարգողը չի կարող հայ կոչվել» հաստատումը պարզապես անքննելի ճշմարտություն (աքսիոմ) է:

Գևորգ Յազըճյան

պատմական գիտությունների թեկնածու

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Գովազդ բաժնում։ Էջանշեք այս հղումը.