Եվ դա անհերքելի է…
— Դու ո՞վ ես, որ ինձ վրա խոսես (եթե փորձես առարկել):
— Ի՞նչ ես առաջս կտրել, արագացրո՛ւ (եթե փորձես մի փոքր հապաղել):
— Էս է, ուզում ես վերցրու, ուզում ես` չէ (եթե խնդրես, որ խանութում քեզ փտած միրգ չտան):
— Չես ուզում քեզ հրեն, տաքսիով գնա (եթե բողոքես տրանսպորտային հրմշտոցից):
— Փող չունես, տաքսի մի՛ նստիր (եթե քառասուն կոպեկի փոխարեն մի ռուբլի չտաս):
Եվ զարմանալին այն է, որ հանդուրժում ենք այս «դուախոսությունը», որը եթե վիրավորելու նպատակ էլ չի հետապնդում, ապա նվաստացուցիչ է թե՛ խոսակցի, և թե՛ ավելի շատ` խոսողի համար, որովհետև անմիջապես երևան է հանում նրա գռեհիկ էությունը:
Հիրավի լեզուն հոգեբանություն է;
Եթե մեկնումեկի մասին ասվի` «Մի սրա՜ն նայեք», անմիջապես հայտնի կլինի խոսողի վերաբերմունքը, բայց արդյո՞ք չի պատահում, որ մարդու մասին` առանց ետին մտքի էլ, նրա իսկ ներկայությամբ անունը տալու փոխարեն սա, դա, նա ասենք (սրա նկարն է, նրանն ու դրանը պատրաստ չեն):
Հասկանալի է, որ դարիս ջղագար վազքը շատ բան է փոխում լեզվի մեջ` մանավանդ բանավոր հաղորդակցության ժամանակ: Կարճանում են նախադասություններն ու բառերը, խոսքը դառնում է թռուցիկ ու ոչ հանգամանալից, երբեմն էլ ոչ թե ասվում, այլ ուղղակի շպրտվում էանփույթ աճապարանքով: Բայց և այնպես, չպետք է մոռացվի կիրթ ու վայելուչ արտահայտվելու հարգը: Իմ սերնդին բախտ է վիճակվել տեսնելու շատ պատվարժան մարդկանց հին մտավորականներից, որոնք խանութ մտնելիս հանում էին գլխարկը, իսկ դուրս գալիս շնորհակալություն հայտնում սպասարկման համար: Հնարավո՞ր է պատկերացնել, որ այդպիսի պատկառելի անձինք, ասենք` Ստեփան Զորյանն ու Հրաչյա Աճառյանը, ինչ-որ խնդրում համաձայնության գալուց հետո իրար երեսի նետեին` «-Եղա՞վ», «-Եղա՛վ» (նրանք, անշուշտ, կասեին` «բարի՛, շա՛տ բարի»), և կամ թե հրաժեշտ տալիս «Հաջո՛ղ» մաղթեին միմյանց:
Կարիք կա՞ Տոլստոյին վկայակոչելու, թե խոսքն ինքնին վարմունք է, վարվեցողություն: Խոսքը սերտորեն կախված է մեր մտածելակերպից ու ներքին կուլտուրայից: Եվ նրա գռեհկացումը ամենևին էլ պայմանավորված չէ անպատճառ անպարկեշտ բառերի ու արտահայտությունների գործադրմամբ: Ի՞նչ հանցանք էհեռախոսը վերցնելը ու տեղը դնելը (փոխանակ լսափողը), կինո կամ թատրոն տեսնելը (փոխանակ կինոնկարն ու ներկայացումը), բայց հայտնի էվատ օրինակի վարակիչ հատկությունը` «Մի հատ արի մեր տուն», «Էս ի՞նչ ձևի մարդ է», «Ստի՞ց ես ասում», «Չէ՛, իսկականից» և այլն: Այսպիսի «շտրիխները» մատնում են իրենց տերերի ճաշակը, և այն էլ ոչ միայն լեզվական, այնինչ սրանցից մի երկուսը, ցավոք, սողոսկել են գրականության մեջ:
Ամեն մեկին տրված չէ շողշողուն ու խլրտուն լեզվով խոսել-գրելու ձիրքը, բայց և ոչ մեկին էլ թույլատրված չպետք է լինի ոտնատակ տալու լեզվի հանրորեն ընդունված սահմանները, ինչպես որ կենցաղում արգելված է քաղաքավարության նվազագույն պահանջների ոտնահարումը:
Հետաքրքիր է, ի՞նչ տպավորություն կթողներ խոսակից պատանիների (աշակերտ-ուսանող) վրա իրենց ներքոբերյալ զրույցը, եթե անտես ձայնագրիչով վավերացնելուց հետո տրամադրվեր նրանց լսողությանը:
— Արա դիլխոր եմ, քաշվա:
— Ֆռցնում ես, բա շըպպո՞ն:
— Արա, վառեցին:
— Յա՜ն տու, մանթրաշի մեջ ընկնողիս տես:
— Չէ, արա՛, տոշնի: Վահանը պտի իշմար աներ, ուշացավ:
— Է՜, լավ հերիք ճոռես: Արի հելնենք:
— Ո՞ւր:
— Բիթի չե՞ս:
— Բիթին բիթի եմ, համա վախենամ էն օրվա նման պիտակ տանք:
— Փոստեր մի արա, շատ էլ որ փքացել են, հլա թող մի փորձվեն երևան, կլարենք:
— Արա՛, Հասմի՛կ, մեզ չծախես:
— Բալամուտ մի՛ արա, սկեք:
— Թխի` գա:
— Դե՛հ, մենք ցվրվանք…
Ի՞նչ օրինաչափության և ի՞նչ տրամաբանության է ենթարկված այս «գռեհկատարափը»: Ծածկալեզո՞ւ է, բայց ծածկալեզուն պետք է գողերին և հանցագործներին: Գուցե սա մի յուրօրինակ ընդդիմությո՞ւն է: Բայց ո՞ւմ և ինչո՞ւ: Գուցե քող է` սեփական ներաշխարհը թաքցնելու և «ախպեր-տղերքից» շատ էլ չզանազանվելու համար: Բայց գուցե ձգտում է ինքնաբացահայտման և ինքնահաստատմա՞ն: Ինչ էլ որ լինի, այսպիսի լեզուն կործանարար է երիտասարդ բնավորության շրջանում, որովհետև գռեհկախոսությունը, սովորության վերածվելով, աստիճանաբար կոպտացնում ու գռեհկացնում է նաև հոգին: Եթե բարեկրթությունը , վերջին հաշվով, այլ բան չէ, քան վերաբերմունքի, զգացմունքների, ներքին ցանկությունների զուսպ դրսևորում, ապա կիրթ լեզուն ևս բառերի արտահայտությունների մեջ որոշ զսպություն և ընտրություն է պահանջում: Դժվար է հավատալ, թե ընկերուհուն «արա» ասողը հետագայում ևս զուրկ չի մնա այն թանկագին զգացումից, որ պարգևում է տղամարդուն կնամեծար ասպետականությունը: Այսպիսի լեզուն անահամատեղելի է հարուստ բանականությանն ու նրբամտությանը: Այսպես հաղորդակցվող պատանիներն ու աղջիկները, ընկնելով ընկերական նոր` ավելի բարձր շրջան, մշտապես ընկճվելու են իրենց լեզվի (և ոչ միայն լեզվի) թերարժեքության զգացումից:
Որևէ ժամանակի կամ հասարակության լեզվական ընդհանուր որակը կախված է սոցիալ-հեգեբանական մի շարք գործոններից, որոնք աննկատ կերպով ազդելով լեզվին` կամաց-կամաց իրենց վրձնախաղերն են դնում նրա պաստառին:
Հաճա՞խ եք լսել, որ մայրն իր զավակի մասին ասի, թե նա ծույլ է կամ անբանի մեկը: Ոչ, նա ընդամենը կասի` «ծույլիկ», և այն էլ այնպիսի գորովագութ քնքնշանքով ու հաճկատար անահամաձայնությամբ, կարծես թե ներում է հայցում նրանից դրա համար: Որտեղի՞ց լույս ընկավ այս անհարիր կազմությունը «իկ» փաղաքշականով, որ այդպես պինդ կպել է մարդկային ամենահոռի սովորույթներից մեկի պոչից: Մեր մանկության տարիներին, որ համընկավ ժողովրդի` մաքառումներով լի անագորույն շրջանին, չեմ հիշում, թե երբևէ լսած լինեմ այդ բառը: Ընդհակառակը, անբանությունը թե՛ տանը, թե՛ դպրոցում խարանվում էր ամենախիստ կերպով, իսկ հիմա նույնիսկ գրախոսության մեջ կարդում ենք, թե` «Բանաստեղծը ծաղրում է ծույլիկ աշակերտին»: Արդյոք սա արտահայտությունը չէ՞ զավակների նկատմամբ ընդհանրապես ներկայումս շատ տարածված խնամակալական վերաբերմունքի, շարունակությունը շատ մայրերի այն վարքագծի, որ կիրառում են հանրակառքերում` նստարաններին տեղավորելով իրենց առույգ երեխաներին, երբ ոտի վրա են մնում հիվանդ ու տարեց ուղևորները: Եվ իսկույն էլ հայտնվում են «փաստաբանները». «Տե՛ղ արեք, երեխան նստի»: Ու երեխան էլ փառավորապես բազմում է` անտարբեր շուրջը հածելով: Իսկ հետո զարմանում ենք, թե ինչո՛ւ է աշխարհում նվազում գթասրտությունը:
Սխալվա՞ծ կլինենք, եթե ասենք, որ մեզանում այժմ ծայր է առնում (համենայն դեպս դրա շորշոփները որոշակիորեն զգացվում են) քաղցր-մեղցր, կես օտար-կես հայ, սպառողական հոգեբանության կնիքը վրան, քաղքենի-քաղաքային խունջիկ-մունջիկ մի ոճ:
Ահա այդ ոճի բողբոջներից մի երկուսը. «Խնդրեմ, օգտվեք սեղանից»,- ասում է հյուրասեր տանտիրուհին` անհարմար կարծելով «անուշ արեք», «կերեք», «խմեք» բառերը: Հյուրն էլ կարող է պատասխանել, թե արդեն ամեն ինչից «օգտվել» է, կամ` ինքը սխտոր չի «օգտագործում», և կամ` շատ է «հարգում» խաշը: Իրոք որ` «Իմ լեզուն է իմ թշնամին», որովհետև այսպիսի ասուլիսից հետո այս «հասարակությանը» այլևս ոչինչ չի կարող փրկել` ո՛չ վերջնատարազ նրանց հագուստ-կապուստը, ո՛չ էլ գրպաններում դրած դիպլոմները. սրանց աշխարհայացքն ու կրթական արտոնակարգն արդեն աչքի առաջ են:
Մեր հասարակության որոշ խավերում երկար տարիներ տրապետող խնամիա-հովանավորչական կամ սպառողական նույն հոգեբանության պտուղ չե՞ն, արդյոք, «խոսելու վրայա», «Ի՞նչ հաշվով ես ասում» և նման ուրիշ արտահայտություններ: Մարդիկ խոսում են իրար հետ բոլորովին չեզոք մի նյութի շուրջ, և հանկարծ մեկը կարող է հարցնել` «Ի՞նչ հաշվով ես ասում»: Եղբա՛յր, ի՞նչ կապ ունի այստեղ հաշիվը, վերջապես, մի՞թե մարդկանց միջև հաշվից դուրս հարաբերություններ չկան կամ չեն կարող լինել:
Դարեր ի վեր մեր ժողովուրդը ողջունել ու հրաժեշտ է տվել բարու մաղթանքով` բարև (նշանակում է բարիով), բարով տեսանք, բարով եկար, բարի լույս, բարի իրիկուն, բարի աջողում, գնաս բարով, մնաս բարով, բարի ճանապարհ, բարին ընդ քեզ: Հիմա հինգ տարեկան երեխան էլ, բարիի հեռավոր արձագանքն անգամ լսած չլինելով, շատ լավ գիտի հաշվենկատ-գործարար-չարչիական հաջող-ը: Ժամանակը չէ՞ դեն նետել մուրացիկի քղանցքը մեր լեզվի վրայից և վերջապես մտքներիցս հանել, թե խանութում մեզ ինչ-որ բան են տալիս կամ ինչ-որ բան են տալու: Չէ որ դրա դիմաց մենք էլ դրամ ենք տալիս, այսինքն` գնում ենք այն, ինչ որ մեզ վաճառում են:
Քաղքենի ոճի մեկ ուրիշ դրսևորում էլ այսպես կոչված «ընտիր» բառերով արտահայտվելու հակումն է, միտքը «գեղեցիկ» լեզվակաղապարով մատուցելը: Սա ևս պակաս անհարիր չէ իսկապես կիրթ խոսքին, քան հայեցի և օտար բառուբանի խառնուրդավորումը:
Տրամաբանորեն կուռ, մկանուտ ու առնացի մեր լեզվին խորթ են ամեն կարգի սեթևեթանքները, որ երբեմն էլ իրենց տակ թաքցրած բարոյախոսությամբ ավելի անցանկալի են, քան գռեհիկ պարզախոսությունը:
Եթե մեզանից շատերը կենցաղում տուրք տալով քաղքենի մտայնությանը («Բոլորն այդպես են անում», «Այդպես է ընդունված», «Ասում են…») տեղի են տալիս քաղքենի սովորույթներին (հար և նման բնակարանային հարդարանքներ` դրվագազարդ պատ-առաստաղով ու նախշազարդ մանրահատակով, միշտ նորաձև կահկարասիով, դեկորատիվ գրապահարաններով, թանարժեք փոխնվիրատվություններ, օժիտներ, շքեղաշուք հարսանիքներ, թաղումներ և այլն), ապա մեր հրաշակերտը` մեր մայրենին պահել-պահպանելու, զորացնել-փայլեցնելու հոգսը պիտի պարտադրի զերծ պահելու նրան գռեհիկ և քաղքենի ոճատարրերով փառակալելուց, պիտի մղի հաղթահարելու մեր լեզվի միահանգ սահմանափակությունը, ոլործուն ճոռոմախոսությունը, հայկախառն օտարախոսությունը, հաճոյամոլ գալարախոսությունը, գռեհկամիտ կոպտախոսությունը: Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է հասարակության լայն խավերի մեջ ստեղծել առողջ լեզվակլիմայական մթնոլորտ, որ ամենևին էլ դյուրին գործ չէ և ենթադրում էհամապատասխան քաղաքակիրթ մակարդակ: Խոսքը կրթական վկայագրերի քանակին չի վերաբերում, այլ նրան, որ կրթական գործի ծավալային թափին ներդաշնակի որակային կուտակումը, որովհետև անհատի և հասարակության կուլտուրական տեսքն է որոշում նրանց հոգևոր և բանական կարողությունների եզրագիծը: Իսկ լեզուն և հոգեբանությունը ապրում են հարատև փոխներգործության մեջ, քանի որ հոգեբանության արտացոլքը լինելով հանդերձ` լեզուն նաև նրա սնուցիչն է, նրան ձև և սլացք տվողը:
Մայա Ավագյան, Խոհեր մայրենի լեզվի մասին, «Արևիկ» հրատարակչություն, Երևան 1988թ., 110-115:
Թվայնացումը` Լեզվի ժողովրդական տեսչության