Փոքրիկ բառարան

Երբ տեսա, թե ինչպես «Արմենիա» հեռուստալիքի երեկվա «Բարի լույս, հայեր» հաղորդման մեջ Թումոյի անիմացիայի խմբի երեխաները «storyboard» եզրի փոխարեն ասում են «պատմատախտակ», շատ ուրախացա (http://www.armeniatv.am/hy/programs/29728/46058):

Էդպես ամեն անգամ հրճվում եմ, երբ Թումոյում ստեղծված հայերեն մասնագիտական եզրերը կյանք են ստանում աշակերտների բերանում:

Ցավոք, Հայաստանում որոշ մարդիկ փորձում են բառաթարգմանական աշխատանքը ծաղրել «գրգռաճեղք» ու «փրփրագմփիկ» տիպի անեկդոտային հորինվածքներով: Նման մարդիկ պատկերացնել էլ չեն կարող, որ, օրինակ, @ նշանը տարբեր լեզուներով թարգմանվում է որպես` «կապիկի պոչ» (հաճախ «մայմուն» բառով), կամ` «փղի կնճիթ», «կատվի պոչ», «միաու-միաու», «սարդակապիկ», «բադի ճուտ», «ճիճու», «շան գլուխ», «լուսնի ականջ», «խուճուճ ալֆա», «գանգուր “ա”», «ձկան օղակ», «գյոզալ “ա”» (Թուրքիայում), «ականջ», «կեռիկ», «փաթաթված “ա”», «խխունջ», «պարույր», «խենթ “ա”», «մեյմուն “ա”» և այլն:

Թումոյի ինքնուսույց վարժանքների վրա աշխատելիս նկատեցի, թե իրականում որքան շատ ու տարբեր մասնագիտական լեզուներ ուղղակի գոյություն չունեն հայերենով, տարբեր արվեստների ու բարձր տեխնոլոգիաների եզրեր կամ ռուսերեն են կիրառվում, կամ` անգլերեն: Եվ մեր թարգմանական խումբն սկսեց աշխատել այդ եզրերը հայերեն թարգմանելու կամ արդեն թարգմանվածը վարժանքների միջոցով շրջանառության մեջ դնելու վրա: Եվ մեծ հույսեր ունեմ, որ Թումոն կդառնա մի կղզյակ, որտեղից կտարածվի նոր Հայաստանի տեսլականը` մասնագիտական ու ինտելեկտուալ տարբեր ոլորտներ ժամանակակից հայերենով հնչեցնելու ունակ, ուրեմն նաև` էդ ոլորտներում ստեղծագործական ներդրում ու մասնակցություն ունեցող մի աշխարհ: Որովհետև երբ մեր աշակերտը «Interactive»-ի փոխարեն ասում է «փոխազդու», նույնիսկ եթե բառն անծանոթ լինի, մայրենի լեզվի արմատների շնորհիվ շատ ավելի լավ է հասկանում իմաստը, ինչպես որ անգլիալեզու երեխան է նոր ու անծանոթ եզրը հասկանում անգլերեն արմատների շնորհիվ: Եվ դա կարևոր է ոչ միայն զուտ լեզվական առումով, այլ նաև` մասնագիտական:

Թումոյում, իհարկե, ստեղծելու ենք մեր բառարանը, բայց մինչ այդ ուզում եմ մի շարք եզրեր հրապարակել, որպեսզի ուրիշներն էլ ծանոթանան: Ափսոս, որ աշխատելու ընթացքում ստեղծված կամ գտած բոլոր բառերը ժամանակին դուրս չեմ գրել, բայց ունեմ մի փոքր ցանկ, որ արժե ներկայացնել:

Ուրեմն, մի շարք բառեր ստեղծել եմ ինքս` հաճախ օրեր տրամադրելով դրան: Որոշ բառերի թարգմանությունն ուղղակի օգտակար է` որպես ստեղծագործական խթանիչ: Օրինակ` Pacman խաղի անունը թարգմանելու համար ստիպված էի ուսումնասիրել խաղը. իմացա, որ բառի «pac» արմատը ճապոներեն «փաքու-փաքու» արտահայտությունից է, որը ուտելու, ծամելու, լայն բացված բերանը բացուխուփ անելու բնաձայնությունն է: Խաղի մեջ էլ կլորիկ հերոսը լայնաբաց բերանով կետիկներ է ուտում: Հայերեն էդ բնաձայնությունը կլինի` «համփ-համփ», ուրեմն խաղի անունը թարգմանեցի` Համփիկ, որ հնչողությամբ նմանվում է Համբիկ անվանը, այսինքն` առարկան գեղարվեստական պատկերավորմամբ անձնավորվում է: Այս թարգմանությունս ուղղակի օգտակար է համակարգչային խաղ ստեղծելու ցանկություն ունեցողների համար` որպես խաղակերպար կերտելու ստեղծագործական հնարամտության օրինակ:

Երկրորդ նման բառը Sprite-ն է, որ համակարգչային գրաֆիկայի մեջ նշանակում է երկչափ պատկեր, և Թումոյի վարժանքներում երեխաները սովորում են նման անիմացիոն օբյեկտներով խաղեր ստեղծել: Բառը թարգմանեցի «ՀԱՐԹուկ»` փորձելով տալ երկչափության, հարթ լինելու իմաստը, ու որպեսզի «արդուկ» բառի սխալ տարբերակի հետ չշփոթվի, արմատը մեծատառերով գրեցի:

Բացի նման գեղարվեստական տարբերակներից` թարգմանել եմ նաև որոշ այլ եզրեր, օրինակ.

Flashback- հետաթարթ, հետակնարկ

Multiplayer— բազմախաղորդ

Powerups- ուժաճ

Pan out— հետագնա

Pop-down- վարիջակ

Pop-up- վերելուկ

Quick reader— արագընթերց

Storytelling- պատմասություն

Synopsis— համառոտագիր

Touch face— հպերես

Layout— շարակարգ,  և այլն:

Թարգմանել եմ նաև որոշ բառեր կինոարդյունաբերության ոլորտից, որ հիմնականում ռուսալեզու է մեզանում, օրինակ` տեսախմբագրման եզրեր.

Cut— հատում, կտրանցում

Final cut— վերջնահատում

Jump cut- ցատկանց, ցատկանցում

dissolve- լուծանց, լուծանցում

Cross cut— խաչանցում 

Cutaway- հեռանցում 

Keyframe— հիմնակադր 

Match cut- սազանցում

Fade in, fade out- լուսանցում, մթնանցում 

Row cut կամ rough cut- կոշտ հատում

Wipe cut— արտամղում

Տեսախմբագրման այս եզրերը իմ խնդրանքով հայկական Վիկիպեդիայով զբաղվող գործընկերներիցս մեկը տեղադրեց Վիկիում, քանի որ մեր վարժանքներում հղում կար անգլերեն տարբերակին (http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%BF%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%B8%D6%82%D5%B4):

Հատկապես նոր տեխնոլոգիաների բառամթերքը թարգմանելու համար հաճախ օգտվում ենք նաև Microsoft-ի բառարանից: Առաջարկված որոշ բառեր ուղղակի հրաշալի են, լիարժեք փոխանցում են իմաստը, կարճ են ու բարեհունչ, օրինակ`

Sensor— զգիչ

Short cut— կարճատ

Browser— զննիչ

Cursor— նշորդ

Homepage— տնէջև այլն:

Մի խոսքով, ահա մի փոքրիկ բառարան.

Access— մատչում

Application— գործադիր

Arrow key- սլաքաստեղն

Brain storm – մտագրոհ

Browser— զննիչ

Cameratracking- հետքագրում

Capture— կորզում

Check box— նշատուփ

Colorpicker-գունընտրիչ

Concept— հղացք

Control panel- հեռավարիչ

Cross cut— խաչանցում

Cursor— նշորդ

Customize— ընտելացնել, կազմաձևել

Cut (տեսախմբագրման եզր)— հատում, կտրանցում

Cutaway- հեռանցում

Default- սկզբնադիր

Desktop— սեղանակ

Dialog box— երկխոսատուփ

Display— ցուցադրիչ

Dissolve- լուծանց, լուծանցում

Double click- երկ-կտտացնել

Drop down- իջնորդ

Easi-in – դյուրամուտ

Easi-out— դյուրելք

Fade in, fade out- լուսանցում, մթնանցում

Flashback- հետաթարթ, հետակնարկ

Flip book- սահատետր

Folder— պանակ, թղթապանակ

Gradient— սահանցում

Highlight— գունանշել

Homepage— տնէջ

Host— տեղակայել

Icon— պատկերակ

Input—  ներածում

Insert— զետեղել

Interactive- փոխազդու

Interface— միջերես

Jump cut- ցատկանց, ցատկանցում

Keyframe— հիմնակադր

Laptop— ծնկդիր

Layout— շարակարգ

Marker— նշիչ

Match cut- սազանցում

Multiplayer— բազմախաղորդ

Option— ընտրանք

Output— արտածում

Pacman- Համփիկ

Pan out— հետագնա

Panel— վահանակ

Pop-down- վարիջակ

Pop-up- վերելուկ

Portable— առձեռն, դյուրակիր

Powerups- ուժաճ

Preference— նախընտրանք

Preset— նախակայում

Projector- արտապատկերիչ

Quick reader— արագընթերց

Redo- վերարկել

Render— նյութավորել

Right click- աջկտտացնել

Router— երթուղիչ

Row cut— կոշտ հատում

Scale- չափափոխել

Scroll— գլիկ

Selfmotivated- ինքնամղված

sensor— զգիչ

Server— սպասարկիչ

Set— կազմ

setting— կայանք

settings— կարգավորում

Short cut— կարճատ

Smartphone- խելախոս

Snapshot— ճեպապատկեր

Sound effect— ձայնային ազդանք

Spacebar— բացատ

Sprite- ՀԱՐԹուկ

Storytelling- պատմասություն

Synopsis— համառոտագիր

Tab— ներդիր, սյունատ

Tag— տրոհ, պիտակ

Timelapse- ժամահոսք

Timeline— ժամագիծ

Toolbar- գործիքագոտի

Touch face— հպերես

Undo- հետարկու

Unzip- անխիտ

Visions- տեսլակներ

Wipe cut— արտամղում

Workflow— աշխատահոսք

Workshop- աշխատարան

Zip – խիտ

Zip file- խիտ ֆայլ, սեղմանիշք

Zooming— դիտափոխում

Վիոլետ Գրիգորյան

www.tert.am

Գրառումը կատարվել է Բառարաններ, Կրթական համակարգ բաժնում։ Էջանշեք այս հղումը.