Երկու խաղ` բառապաշարը հարստացնելու նպատակով

Չգիտեմ նույնիսկ ի՞նչ անուն տալ այդ խաղերին, բայց կարևորն էությունն է: Երկուսն էլ շատ հետաքրքիր են ու օգտակար և, հավանորեն, շատերին ծանոթ:

Մեկի կարգը հատևյալն է. երկու կամ մի քանի հոգի ընտրում են մի որևէ բառ. հետո ամեն մեկն առանձին բառեր է կազմում մայր բառի մեջ եղած տառերով: Ասենք, թե ընտրեցինք նորակառույց բառը, ի՞նչ բառեր կարելի է կազմել դրա մեջ եղած տառերից: Նոր-ն ու կառույց-ն իսկույն երևում են, բայց հետո գալիս են ակ, ակն, ական, ակնոցն, այց, այր, արան, կար, կոր, կռան, կու, ուրց, ուրան, ունկ, յար, ցան…   Տեսնո՞ւմ եք ինչքան բառեր դուրս եկան, շատ հնարավոր է, որ ես բոլոր բառերը չգտա, փորձեցեք ավելացնել:

Երբ պայմանավորված ժամանակը լրանում է` անցնում են ստուգման, մեկը կարդում է, մյուսը (կամ մյուսները) ջնջում են այն բառերը, որ գտնվել են: Հաղթում է նա, ով մյուսներից ավելի շատ բառեր է գտել:

Վերստին մտաբերելով Պարույր Սևակին, ասեմ, որ այս խաղում հաղթողը միշտ նա էր լինում: Այնպիսի բառեր էր գտնում, որ ոչ մեկի մտքով չէր անցնում: Հիշում եմ, մի անգամ նա գրել էր նոտր բառը: Վեճ ընկավ, թե նման բառ չկա: Պարզվեց, որ շատ լավ էլ կա, բառարանում գրված էր` նոտր գիր նշանակում է շեղ գիր: Մենք պարտվեցինք, բայց փոխարենը սովորեցինք ևս մի բառ:

Իրոք, սա հիանալի խաղ է, որից հաղթողն էլ, պարտվողն էլ շահում են հավասարապես, չէ՞ որ երկուսն էլ շարժում են իրենց միտքը, հարստացնում բառապաշարը, վարժվում ուղղագրության, մեջտեղ բերում ենթագիտակցության խորքերում թաքնված բառերը, ակտիվացնում պասիվ բառապաշարը, մի խոսքով` բարձրացնում լեզվի կուլտուրան:

Նույնքան օգտակար է և մեկ ուրիշ բառախաղ, որ իր ընթերցողներին առաջարկել է ռուս գրող և լեզվաբան Լև Ուսպենսկին:

Խաղի կանոնները նույնն են, միայն թե այս անգամ ընտրվում է մի որևէ բառարմատ և մրցակիցները բարդ և ածանցավոր բառեր են ստեղծում դրա հիման վրա: Ասենք թե ընտրվել է ջուր բառը, և ահա խնդրեմ` ջրալի, ջրառատ, ջրատար, ջրաբաշխ, ջրվոր, անջրդի, ջրազուրկ, ջրաման, ջրաբույս, ջրահեղձ, ջրամուկ, ջրաներկ, ջրավազան, ջրասույզ, ջրադիմացկուն, ջրվոր, ջրիկ, ջրբաժան, ջրհեղեղ…

Լա՛վ, բավակա՛ն է, ժամանակը սպառվեց: Անցնենք ստուգման: Հաղթում է նա, ում բառապաշարն ավելի հարուստ է, ում միտքն ավելի արագ է աշխատում և ավելի ճկուն է:

Պատմելիս այս խաղերը գուցե շատ էլ հետաքրքիր չթվան, բայց խաղալիս իրոք հետաքրքիր են, մինչև անգամ հափշտակող, եթե, մանավանդ, ուժերը հավասար են լինում: Գուցե փորձե՞ք, սովորեցնենք նաև ուրիշների՞ն: Կարելի է նույնիսկ տարբեր դասարանների, թերևս նաև դպրոցների ամենահմուտ խաղացողներին հանել միմյանց դեմ:

Ասեմ նաև` բառեր կազմելիս չպիտի մտածեք գրակա՞ն բառեր են դուրս գալիս, թե բարբառային, բուն հայերե՞ն, թե օտարամուտ, «տգե՞ղ» բառեր են, թե «գեղեցիկ»:

Լևոն Հախվերդյան, Զրույցներ լեզվի մասին, Սովետական գրող, Երևան 1986, 29-30:

Թվայնացումը` Լեզվի ժողովրդական տեսչության

Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին, ԼԺՏ-ի նյութերը բաժնում։ Էջանշեք այս հղումը.