Ինչո՞ւ ամենից գլխավորը

(հատված)

Որովհետև առարկաներից ոչ մեկի տված հմտությունը մեզ այնքան պետք չի գալիս մեր ամբողջ կյանքում, մեզ չի ուղեկցում այնքան համառորեն, որքան լեզուն:

Որովհետև մեր ամբողջ կյանքում մենք լողում ենք լեզվական իրադրությունների մեջ` համոզում ենք ու համոզվում, սիրում ենք ու ատում, հուզում ենք ու հուզվում, կռվում ենք ու հաշտվում, խնդրում ենք ու մերժում` ամեն ինչ լեզվի միջոցով:

Ի՞նչ կասկած, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, պատմություն և այլն, բոլորն էլ հարկավոր, իրենց անփոխարինելի կարևորությունն ունեցող առարկաներ են: Բայց, նախ և առաջ, դրանք նույնպես լեզու են, լեզվով են բացատրվում (բանաձևերն իրենց հերթին), լեզվով են հասկացվում, լեզվով են արտահայտվում, և որքան ստույգ ու տպավորիչ` այնքան լավ: Եթե մի բան ստույգ չես բացատրում, ուրեմն ստույգ չգիտես: (Ահա ինչու չպիտի կարծել, թե լեզվի ուսուցումը միայն լեզվի ուսուցչի գործն է, դա վերաբերում է բոլոր առարկաների ուսուցիչներին անխտիր: Բայց դրա մասին քիչ հետո):

Եվ ապա` մենք ամբողջ կյանքում չենք լողում քիմիական կամ մաթեմատիկական իրադրությունների մեջ, ավելի ճիշտ լողում ենք, բայց դրանք մեզանից պատասխան վերաբերմունք, առավել ևս` մասնագիտական վերաբերմունք չեն պահանջում: Ասենք, մենք գիտենք, որ Երևանի օդը մաքուր չէ, բայց քչերը (մասնագետները) գիտեն, որ մեր օդն ինչ նյութերով է աղտոտ: Նույնը կարող ենք ասել բոլոր գիտությունների մասին, բացի լեզվից: Ֆիզիկոսը, ճիշտ է, ամբողջ կյանքում կարող է զբաղվել ֆիզիկայով, քիմիկոսը` քիմիայով, բայց և՛ մեկը, և՛ մյուսը, և ուրիշ մասնագիտությունների տեր մարդիկ օրն ի բուն գործ ունեն լեզվի հետ, մտածում են լեզվով: Ուրիշ խոսքով` լեզվական գործունեությունը բոլորին վերաբերում է անխտիր:

Ահա՛ ինչու` ամենից գլխավորը:

Եվս մի պարագա:

Առօրյա կյանքում մենք շփվում ենք ամենաբարդ երևույթների հետ, որոնց գաղտնիքները կարող ենք և չիմանալ, չգիտենք ու պետք էլ չէ, որ իմանանք, այլապես կարելի է գժվել; Հեռուստացույց ենք նայում, գիտե՞նք, թե պատկերն ինչպես է գալիս ու մտնում կախարդական տուփի մեջ, երաժշտություն ենք լսում ու հիանում` հարմոնիայի խորախորհուրդ օրենքները գիտե՞նք: Չգիտենք: Թող մասնագետները գլուխ կոտրեն իմանան: Մենք ինքներս բնության մի-մի բարդագույն ստեղծագործություն ենք` ինչպե՞ս ենք հիշում, ի՞նչ բան է հիշողության ապարատը, ի՞նչ է կատարվում մեզ հետ, երբ քնում ենք: Չգիտենք: Թող մասնագետները հասու լինեն, եթե կարող են: Մեր գործը հիշելն ու քնելն է:

Բայց լեզուն պետք է բոլո՛րն իմանան, որովհետև լեզվից դուրս գոյություն չունի ոչ մի գիտություն և մասնագիտություն: Ահա ինչու լեզվի ու գրականության ուսուցմանը վերապահվում է (պե՛տք է վերապահվի) այնպիսի բացառիկ դեր, որ ոչ մի ուրիշ առարկա հավակնել չի կարող:

Չափազանցությո՞ւն է: Լավ, հապա ի՞նչ կասեիք դուք, եթե լսեիք անգլիացի հռչակավոր գրող Ջոն Պրիստլիի «չափազանցությունը», որ նա հայտնել է անգլիական գրականության և լեզվի ուսուցիչների Չիկագոյում կայացած համագումարում. «Այժմ, երբ մեր վիճակն առհասարակ հուսահատական է, երբ արտաքին աշխարհի ճնշումն ու ստրեսները հակադրվում են մեր ներաշխարհի խորհրդավոր պոռթկումներին և դառնագին երազատեսիլքներին, հայրենի գրականությունն, իմ կարծիքով, այլևս չի կարելի դիտել իբրև պարզապես մի առարկա աշխարհագրության կամ պատմության կողքին: Լեզուն և գրականությունը կարող են մեզ օգնել ներդաշնակ ապրելու մեր ներաշխարհի հետ, իսկ այդպիսի օգնություն մեզ պետք է հատկապես այժմ: Ժամանակակից աշխարհը լեցուն է մարդկանցով, որ այլևս չեն կարողանում իրենք իրենց հետ համերաշխ ապրել… Ես չեմ չափազանցում, ասելով, թե լեզուն և գրականությունը ոչ թե ուսուցման սովորական առարկա է, այլ փրկությո՛ւնն է խեղդվողների»: Նա լեզվի և գրականության ուսուցումը համարում է ոչ այլ ինչ, քան ճակատամարտ, այնպիսի «ճակատամարտ, որ պետք է մղվի դեռևս նոր-նոր կյանք մտնելու պատրաստվող դեռահաս մարդու համար»: Իսկ եթե այդ ճակատամարտը պետք է վարի գրականություն չսիրող մեկը, ապա Ջոն Պրիստլին կուզենար նրան խնդրել. «Հրաժարվե՛ք գրականություն ավանդելուց հանուն ձեր սաների, հենց հանուն ձեզ, հանուն արարիչ աստծո» («Ինոստրաննայա լիտերատուրա», 1985, N1):

Ա՛յ ձեզ «չափազանցություն»:

Մի վերջին, բայց ըստ կարևորության առաջին պատճառ` լեզուն հայրենասիրություն է, մայրենի լեզվի իմացությունը հայրենասիրության չգիտակցված ձև է (չգիտակցված այնքանով, որ մայրենի լեզուն իմացողը չի նկատում, չպիտի էլ նկատի, թե ինքը դրանով հայրենասիրական գործ է անում): Ահա ինչու ես շատ եմ տխրում, որ մեր հանրապետության ռուսական դպրոցներում հայոց լեզուն գտնվում է աղքատ ազգականի վիճակում, կուզեն կսովորեն, կուզեն` ոչ: Եվ ի՞նչ: Ռուսական դպրոցի շրջանավարտը, երբ չգիտի կամ վատ գիտի հայերեն, հայտնվելով հայկական բարձրագույն դպրոցում, խեղճանում է: Ուզում է, ձգտո՛ւմ է յուրացնել հայերենը, բայց մեծ արդյունքի չի հասնում, որովհետև լեզու սովորելու թանկագին հասակը դպրոցում կորցրել է անվերադարձ (սա ևս հաստատ եմ ասում, ելնելով դասախոսական աշխատանքի իմ համեստ փորձից): Մեղք չե՞ն, հայ են, երևանցի ու հայերեն չգիտեն, կամ գիտեն այնքան վատ, որ անհարմար են զգում խոսել, իսկ գրել բնավ չեն կարողանում: Ես նրանց աշխատանքի մեջ էլ եմ տեսնում, մարդկանց, որ զբաղվում են հայ արվեստով, կինոնկար են ստեղծում, երաժշտություն են գրում, հայ կերպարվեստ, երաժշտություն, թատրոն են ուսումնասիրում` հայերեն չիմանալով: Եվ խեղճանում են կարեկցանք հարուցելու չափ, քանի որ հայերենը նաև ազգային ոգու և ոճի արտահայտություն է, իսկ առանց այդ ոճն ու ոգին զգալու ինչպե՞ս կորղ ես գործ տեսնել ազգային մշակույթի ոլորտներում:

… Լեզուն բոլորի առաջ սփռված է հավասարապես, բոլորին է մատչելի, ինչպես օդն ու ջուրը:

Լևոն Հախվերդյան, Զրույցներ լեզվի մասին, Սովետական գրող, Երևան 1986, 238-241:

Թվայնացումը` Լեզվի ժողովրդական տեսչության

 

Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին, ԼԺՏ-ի նյութերը, Հրապարակախոսական բաժնում։ Էջանշեք այս հղումը.