Պահպանեցեք հայ լեզուն և հայ գիրն, եթե փրկվիք այս եղեռնեն

Գնացքը կանգ առավ Խարկովի կայարանում։ Իմ ուղեկիցներն այնպես խոր էին քնել, որ նրանցից ոչ մեկը չարթնացավ, չնայած խիստ ցնցվեց գնացքը կանգնելիս և հիմա էլ կառամատույցում աղմուկ ու վազվզոց կար։

Մինչև լուսաբաց այդ մարդիկ պիտի վազվզեին կայարանում, իրեր տանեին սայլակներով նոր եկած գնացքներից, իրեր բերեին հեռու քաղաքները գնացող վագոններին բարձելու։ Նրանք աշխատում էին և մինչև արևածագ պիտի արթուն մնային։ Իսկ ես կարող էի հենց հիմա քնել, մոռանալ հոգս, կարիք, պարտք, պարտականություն, նպատակներ, երազանքներ։


Կարող էի քնել հանգիստ, երանավետ քնով։ Ասում եմ՝ կարող էի, որովհետև կամքս ազատ էր այդ րոպեին՝ անելու ցանկալին։ Բայց չէի կարողանում, որովհետև միտքս չէր դադարում գործելուց, չէր պարտվում ցերեկվա խոնջանքներից, չէր ընդարմանում։

Հուզված էի լսածս պատմություններից և հուզմունքս ավելանում էր, երբ հիշում էի, որ վաղը պիտի առաջարկեն ինձ որևէ եղելություն պատմելու։

Ի՞նչ պատմեի, որ տպավորություն թողներ, զգացմունքներ շարժեր, խորհրդածությունների առիթ տար, մանավանդ ջութակահարի ու գնդապետի և որմնադիրի պատմածներից հետո։

Պարտքս մեծ էր և հատուցելը թվում էր շատ դժվարին։ Ջանում էի մտաբերել հետաքրքրական դրվագներ իմ վաղ պատանեկության օրերից, իմ թափառիկ, աստանդական կյանքի բոլոր տարիներից, երբ կա՛մ ամբողջապես կորչելու, կա՛մ անցյալդ, ներկադ, ինքնությունդ ու դեմքդ կորցնելու վտանգի տակ էիր։ Մտաբերում էի հետաքրքրական դրվագներ, հուզիչ դեպքեր, բայց դրանք պատմել չէի կարող, որովհետև աչքովս չէի տեսել ու ականջովս չէի լսել այն մարդկանց, որոնց հետ կատարվել էին այդ բոլորը։ Միևնույնը կլիներ, որ ես պատմեի կարդացածս որևէ գրքի բովանդակությունը։ Թեկուզ այդ պատմելիքս շատ հուզիչ լիներ,ուրիշի պատմած էր, ես պիտի կրկնեի միայն։

Գնացքը, վերջապես, շարժվեց կայարանից։ Վերջին լույսերը ետ փախան լուսամատի մոտով ու հիմա սլանում էինք մութ տարածությունների միջով։ Ճակատս սառն ապակուն դրած, մտածում էի մայրենի լեզվի նվիրականության մասին և հանկարծ հիշեցի իմ մի ուսուցչին, որը կենդանացավ, զատվեց հազարավոր, տասնյակ հազարավոր ճանաչածս ու տեսածս դեմքերից ու կանգնեց մտքիս առաջ։ Այնքա՜ն կենդանի ու այնքան իրական, շոշափելի, որ հուզմունքից դողացի ամբողջ մարմնով։

Մեսրոպ էր անունը և որովհետև թուրքերենի ուսուցիչ էր, Մեսրոպ էֆենդի էին ասում բոլորը, և բազում աշակերտներն ու պաշտոնակիցները՝ դպրոցներում ու Ստամբուլի համալսարանում և հասարակության մեջ, ուր նա հավասարապես ճանաչված էր թե՛ հայ, և թե՛ թուրք միջավայրում։

— Հարցրու Մեսրոպ էֆենդիին կարծիքը,— ասում էին իրար հայկական դպրոցներում կամ խմբագրություններում որևէ գրական կամ լեզվական հարցի մասին վիճելու ժամանակ։

— Մեսրոպ էֆենդինին սոզո՛ւ դըր,— հիշեցնում էր որևէ թուրք լրագրող, կամ գրասեր, եթե իր կարծիքը հավանություն չէր գտնում։

— Եթե հավատ չեք ընծայում իմ կարծիքներիս, հարցրեք Մեսրոպ էֆենդիին,— ավելացնում էր մի ուրիշը՝ դարձյալ այդպիսի վեճի կամ ասուլիսի ժամանակ։

— Մեսրոպ էֆենդին ասաց․․․

— Մեսրոպ էֆենդին գրել է, որ․․․

― Մեսրոպ էֆենդիից պիտի հարցնեմ։

— Մեսրոպ էֆենդիին հարցրի, բացատրեց, որ․․․

Անառարկելի, ընդհանուրի կողմից ճանաչված ու ընդունված հեղինակություն էր, ամեն տեղ հաճելի զրուցակից, բոլոր գրասերների, լեզվագետների ու լրագրողների համար՝ խորհըրդատու, հայտնի ընտանիքներում ցանկալի հյուր։ Հայ ամիրա թե խմբագիր, թուրք փաշա թե հայտնի շահիր, այցելում էին նրան, կամ ետևից իրենց այցետոմսերն էին ուղարկում, խնդրելով շնորհ անել այսինչ կամ այնինչ օրը այցելելու իրենց տունը, կամ իրենց ընտանեկան նավակով զբոսանք անելու Բոսֆորի վրա։ Եվ ամեն տեղ ու ամենուրեք հաճույքով, խորին բավականությամբ ու հիացմունքով ունկնդրում էին նրա թուրքերեն խոսակցությունը, լսում էին նրա գեղեցիկ, նրբին, դասականորեն ճիշտ առոգանությունը։ Հաճախ նա հիշեցնում էր, թե արաբական կամ պարսկական ինչ դարձվածքներ, ինչ բառ ու բան էին մտել թուրքերենի մեջ, ինչով էին նրանք հարստացնում օսմանների ցեղի լեզուն և ինչով էին խաթարում նրա գեղեցկությունները։ Մեդրեսե ավարտած արաբի պես նաև արաբերեն գիտեր և պարսիկ գիտուն ախունդի պես՝ ֆարսերեն։

․․․Սուրում էր գնացքը մութ դաշտերով։ Բոլոր ուղևորները քնած էին խոր քնով։ Միջանցքում միայն ես էի կանգնած, ծխում էի ու ճակատս պաղ ապակու վրա պահած հիշում էի պատանեկությանս օրերը, աշակերտությանս տարիները Կոստանդնուպոլսի մեր ազգային վարժարանում։

Նա մեր թուրքերենի ուսուցիչն էր և մենք, որ նախավերջին դասարանն էինք հասել, դեռ ոչ մի անգամ նրա բերանից հայերեն մի խոսք չէինք լսել։ Հարգում էինք նրան, հպարտանում էինք նրանով, բայց չէինք սիրում։ Նույնիսկ ակնածանքով էինք նայում նրան, բայց սիրո զգացմունք չէինք տածում։

Դրանք տարբեր բաներ են։

Բարձրահասակ էր, տոհմիկ իշխանի կերպարանքով։ Խոշոր սև աչքեր ուներ, միֆական հելլենացու դեմք, ուժեղ կամք արտահայտող ծնոտ, լայն կուրծք, երկար թևեր, մեծ, բայց գեղեցիկ ձեռքեր։ Եվ ամենից գեղեցիկն այդ սպարտական մարմնի վրա նրա հոյակապ, կոթողական, հպարտ գլուխն էր։

Գեղեցիկ տղամարդ էր և ի վերուստ օժտված շատ շնորհներով։ Ինքն էլ գիտեր իր այդ բոլոր արժանիքներն ու առաքինությունները և շատացնում էր դրանք ու առավել գեղեցկություն էր տալիս իրեն։ Կենսագետ լինելով, նաև գեղագետ էր։ Հագնում էր կոկիկ, ընտիր կտորներից վարպետ դերձակների ձեռքով կարած հագուստներ։ Փողկապը միշտ օսլայած, անարատ սպիտակությամբ շողում էր, կոշիկների վրա երբեք փոշու հատիկ չէր երևա։ Քայլում էր ոչ արագ՝ գործնական մարդու պես, ոչ էլ ծույլերին ու անբաններին հատուկ դանդաղ քայլվածքով։ Հանդիպողները հարգանքով հանում էին գլխարկները նրա առաջ, ծանոթ-անծանոթի բարևն ընդունում էր հարգալիր, հպարտ գլուխը թեթև խոնարհելով։

— Մեսրոպ էֆենդին այսօր ինձ բարևեց։

— Մեսրոպ էֆենդիին բարևեցի ես, բարևս առավ, առողջությունը հարցրեցի, շնորհակալություն հայտնեց։

— Մեսրոպ էֆենդին մենակ կզբոսներ այսօր։

— Մեսրոպ էֆենդիին Բոսֆորի վրա տեսա, սուլթանի որդուն հետ։

— Մեսրոպ էֆենդին Գրիգոր Զոհրապի ու Դանիել Վարուժանի հետ Բերայի վրա կզբոսներ․․․

Ամեն մեկը հաղորդում էր, թե որտե՞ղ է տեսել նրան, ո՞ւմ հետ է տեսել, նրա ի՞նչ խոսքն է լսել, ուրիշներն ի՞նչ են ասել նրա մասին։ Եվ բնական էին համարում, որ սուլթանի որդին Մեսրոպ էֆենդու ընկերակցությունն է փափագում, որ հայ մեծ գրող, իրավագետ ու մեջլիսի ոսկեբերան պատգամավոր Գրիգոր Զոհրապի ու բանաստեղծ Դանիել Վարուժանի ընկերը, սրտակիցն ու բարեկամն է Մեսրոպ էֆենդին։

Ամեն մեկի բարեկամությունը պարգև էր մյուսի համար։ Մեջլիսի վեճերից հետո, երբ Զոհրապի ճառերը՝ թուրք կնոջ ազատության մասին, կատաղություն էին հարուցում խավարամիտ մեհպուսների մեջ, դռանը ծաղկեփնջերով հայ գրողին ողջունելու էին սպասում նաև այն վեզիրների ու փաշաների կանայք, որոնք Զոհրապի մոլի հակառակորդներն էին մեջլիսում։ Հայ վիպագիր մեհպուսի ամեն խոսքը տպվում էր թերթերում և բերնեբերան էր անցնում թուրքական մայրաքաղաքի հասարակության մեջ։

Բանաստեղծ Դանիել Վարուժանն էլ իր ազգի սիրտն էր ու նրա լեզունէ։ Նրա սիրելի զավակն էր, նրա հոգու հետ խոսող։

Եվ Մեսրոպ էֆենդին երկուսի մեջտեղ, հասակով երկուսից էլ բարձր, սրտով հավասար ու խոնարհ, քայլում էր՝ մտերմիկ զրույցներին նվիրելով թանկագին ժամեր իր բազմազբաղ առօրյայից։ Բայց նա ո՞ր լեզվով է խոսում հայ վիպագրի ու հայ բանաստեղծի հետ զբոսանքների այդ պահերին, կամ ընտանեկան սեղանի շուրջ։ Մի՞թե դարձյալ թուրքերեն,― մտածում էինք մենք ու չէինք պատկերացնում ականավոր թուրքագետին հայերեն խոսելիս, որովհետև չէինք լսել երբեք, ո՛չ մի անգամ, ոչ դասարանից ներս, ոչ էլ դրսում։

— Սյդպիսի հայից ի՞նչ օգուտ ունի հայ ազգը,— ասում էր որևէ մեկը մեր ընկերներից, երբ խոսք էր բացվում Մեսրոպ էֆենդու մասին։

— Լավ չէ՞, որ հայ մարդն ուրիշ-ուրիշ ազգերի մեջ մեծ պատիվ ու հարգանքի կարժանանա։

— Բայց հայ ազգն ի՞նչ օգուտ ունի այդ պատվից ու հարգանքից։

— Հպարտություն չէ՞, որ Մեսրոպ էֆենդին, հայ լինելով, թուրք լեզվի ամենից գիտական քերականությունն է կազմել, թուրք սուլթանի ընտանիքի անդամներին էլ թուրքերեն է ուսուցանում։

— Բայց հայ ազգն ի՞նչ օգուտ ունի այդ փառքից․․․

Անվերջ էին մեր վեճերը, ու որևէ տրամաբանական եզրակացության չէինք հանգում։

Մեսրոպ էֆենդին իսկապես Ստամբուլի թուրք համալսարանի զարդն էր, իսկապես հեղինակն էր թուրք լեզվի քերականության ամենից լուրջ դասագրքի, իսկապես մաքուր թուրքերեն խոսելու և թուրքական առոգանության դասատու էր եղել սուլթանի որդիներին։ Նաև հայատառ թուրքերեն թերթ էր հրատարակում նա։ Ասում էին հայ տառերով թուրքերեն կարդալն ավելի դյուրին է, քան արաբական տառերով։ Մեսրոպ էֆենդին հայատառ թուրքերենով տպվող իր թերթի մեջ հրատարակում էր ֆրանսիական, իտալական, ռուս և հայ գրականությունից հուզիչ պատմվածքներ, բանաստեղծություններ և հոդվածներ լուսավորության մասին, ավանդություններ, որ ցույց էին տալիս, թե աստծու ստեղծած բոլոր մարդիկ, որ արարչի կերպարանքն ունեն, նրա զավակներն են, եղբայրներ են, ինչ լեզվով էլ խոսեն և ինչ կրոն էլ դավանեն։ Եվ ասում էին, որ նրա թերթը կարդում էին շատ փաշաների և նույնիսկ՝ մեծ վեզիրի ընտանիքում և թուրք երևելիների կանայք նամակներ էին գրում նրան՝ հայտնելով իրենց երախտագիտությունը Մեսրոպ էֆենդիի ազնիվ գործունեության համար։ Նույնիսկ թուրք մոլլաները լավ ճանաչում ու խորապես հարգում էին նրան։ Երիտասարդ կրոնավորներին նա արաբերեն և պարսկերեն էր ուսուցանում, բացատրում էր Ղուրանի խրթին դարձվածները, սովորեցնում էր հասկանալ պարսկական հնամենի իմաստությունները՝ պարսիկ ձեռագրերը կարդալով և իսլամի աղանդների պատմությունը։ Ասում էին, որ գլխավոր կրոնապետը Մեերոպ էֆենդուն սիրելով է, որ բարյացակամ է հայերի հանդեպ ու միշտ սուլթանից գթասրտություն է հայցում հայ ժողովրդի համար․ «Քո այդ հպատակներն օգտակար են տերությանդ համար, ամենակալ ու հզոր սուլթան,— ասել էր նա,— մեղք է սուր բարձրացնեք այն ազգի վրա, որի զավակները նույնիսկ թուրքերին թուրքերեն են սովորեցնում, իսլամին՝ Ղուրանի առեղծվածներն են մեկնում»․․․

Ինչե՜ր ասես չէին ասում Մեսրոպ էֆենդու մասին։ Մենք հպարտությամբ էինք լսում այդ պատմությունները, որովհետև այդ երևելին հայ էր և մեր ուսուցիչն էր, բայց չէինք սիրում, որովհետև ոչ մի անգամ նա մեզ հետ հայերեն չխոսեց ու ոչ մի անգամ նույնիսկ չժպտաց մեզ հայերեն։ Չէինք սիրում, բայց հպարտ էինք զգում մեզ, որ թուրքական պետության մեջ կան այդպիսի հայեր, մեր ժողովրդի անունն ու համարումը պահպանող այդպիսի անձնավորություններ։ Պատահում էր, որ վեճի էինք բռնվում թուրք տղաների հետ։ Հազար իննհարյուր ութի հուռյաթից և հազար իննհարյուր իննի՝ սուլթան Համիդի գահընկեցությունից հետո հնարավոր էին դարձել այդպիսի վեճերը։ Թուրք տղաները, որ մի քիչ մտքով զարթնած՝ անիծում էին համիդյան բռնակալությունը և իդիհաթական էին, հայերին ազատություն տալու մտքից բարկանում ու բորբոքվում էին։

— Դուք հպատակներ եք, և լավ կլինի, որ այդ բանը հիշեք միշտ ու չմոռանաք, որպեսզի հետո, երբ զղջաք, ուշ չլինի,― ասում էին նրանք մեզ։

— Բայց չէ՞ որ «հուռյաթը» եղբայրություն ու հավասարություն է հռչակել,— հիշեցնում էինք մենք։

— Մի բաժանվեք մեզնից, ազգային ինքնավարություն մի պահանջեք, համարեցեք ձեզ օսման թուրքեր և այն ժամահակ ձեզ վրա էլ կտարածվի եղբայրության ու հավասարության ազնիվ սկզբունքը,— պատասխանում էին նրանք ու ավելացնում․

— Իսկ եթե ուզում եք հայ մնալ, մի՛ մոռացեք, որ մենք տիրող ենք, դուք՝ հպատակներ․․․

Մենք էլ էինք զարթնել։ Զարթնել էինք և՛ մտքով, և՛ հոգով։ Այդպիսի խոսքերը բորբոքում էին մեր հոգու կրակը, որի վրայից ժամանակի ձեռքը հեռացրել էր մոխիրների շերտը։

― Մենք հպատակներ ենք,— պատասխանում էինք մենք,— բայց մեջլիսում մտքերը լուսավորվում են հայ գրող ու մեհպուս Զոհրապի ճառերից, և ձեր մայրերը նրան են շնորհակալություն հայտնում, որ պահանջում է ազատություն տալ թուրք կնոջը, որպեսզի ձեր կրտսեր եղբայրները ձեզ նման ստրկուհիների որդիներ չլինեն․․․ Մենք հպատակներ ենք, բայց մենք ենք ձեզ համար քյոշկ ու սարայներ և մզկիթներ կառուցանում, հայ Մեսրոպ էֆենդու գրքերով եք դուք ձեր լեզուն սովորում․․․

Սնապարծությունը զենք էր մեզ համար՝ ստորացումներից պաշտպանվելու։ Միամիտ ու կործանարար զենք, որի կրակոցը չէր խոցում հակառակորդին, այլ գրգռում ու գազազեցնում էր նրան։ Չկարողանալով տիրել մեզ բանականության զենքով, նա հետագայում պիտի վրեժխնդիր լիներ զենքի բանականությամբ․․․

․․․Խաղաղ գիշեր էր։ Գնացքը զիլ սուլում էր՝ փոքրիկ կայարաններին հասնելով ու դղրդալով անցնում էր առաջ, շունչ առնելու մեծ քաղաքների մոտ։ Ոտքերս արդեն ցավում էին լուսամուտի առաջ կանգնելուց, բայց քունս փախել էր հեռու, շատ հեռու։ Կենդանացել էր մեջս վաղուց մեռած, կորած պատանեկոեթյանս աշխարհը։ Հարություն էին առել հոգուս մեջ նահատակված հարազատներս ու ընկերներս, և իր գեղեցիկ, ինքնավայել կերպարանքով կանգնել էր մտքիս մեջ Մեսրոպ էֆենդին, այնպես, ինչպես վերջին անգամ ծանրաքայլ մտավ մեր դասարանը․․․

«Հայ Մեսրոպ էֆենդու գրքերով եք դուք ձեր լեզուն սովորում․․․»

Այդ խոսքերն էինք նետում մենք թուրք տղաների երեսին։ Ասում էին, որ Մեսրոպ էֆենդին բարկանում էր, լսելով, որ մենք իր գործն ու գործունեությունը թուրքերի երեսովն էինք տալիս։ «Ես ամեն ինչ կընեմ, որ թուրք ու հայ իրարու հասկնան, համաձայն ըլլան միմյանց ու համերաշխ ապրին իրարու հետ։ Իմ անունովս ու գործովս վեճի մտնիլ և թեկուզ խոսքով՝ բզկտիլ իրարու՝ հակառակ է նպատակիս»,– ասել էր նա ինչ-որ ընկերության տարեկան ժողովի մեջ։ Մենք լսել էինք այդ խոսքերը մեծերից ու տարօրինակ էինք համարում, որ նա արգելում է մեզ իր անունը զենքի տեղ գործածել՝ պաշտպանվելու համար․ «Այդ բանը հակառակ է նպատակիս»․․․

Ինչո՞ւ պիտի հակառակ լիներ իր նպատակին իր իսկ աշակերտների հպարտությունն՝ իրենց ուսուցչի անունով ու գործով։ Իսկ նրա գործերն ամեն տարի ավելանում ու շատանում էին։ Պատմում էին, որ նոր գրքեր է գրել, որոնք շուտով պիտի տպագրվեն, «Օսմանյան պետության պատմությունը», «Օսման ժողովուրդը և անոր բարքերն ու հատկությունները»։ Այդ երկու գիրքն էլ գրել է հայերեն՝ հայերի համար և երկու գիրք էլ թուրքերի համար՝ «Հայերը, նրանց ծագումն ու պատմությունը» և «Հայերն օսմանյան պետության մեջ»։

Ամեն բան, որ ասվում, խոսվում էր Մեսրոպ էֆենդու մասին հասարակության մեջ, գալիս, հասնում էր մեզ, նրա աշակերտներին և դարձյալ առիթ էր դառնում բուռն վեճերի։ Հակառակորդները, ճիշտ է, առաջվա պես անվերապահ ժխտական դիրք չէին բռնում, «հայ ազգն ի՞նչ օգուտ ունի»․․․ Բայց հիացմունք ու ցնծություն էլ չէին արտահայտում։ Թե ինչ էր անում նա մեզնից հեռու, մեզ անմատչելի շրջանակների մեջ, դա մենք չէինք տեսնում, միայն պատմություններ էինք լսում նրա մասին, իսկ ինչ որ տեսնում էինք և լսում իրենից, չէր շոյում մեր ազգային ինքնասիրությունը։ Չնայած այդպիսի գրքեր էր գրել նա թուրքերեն՝ հայերի մասին ու թուրքերի համար և հայերեն՝ թուրքերի մասին ու հայերի համար, բայց առաջվա պես դասարան էր մտնում իր վսեմափայլ կերպարանքով, իր խոշոր-խոշոր սև աչքերով նայում էր մեզ ու բարևում թուրքերեն․

— Սալամ, չոջուկլարըմ․․․

Կամ՝

— Սաբահինիզ խեյր, ուշագլար․․․

Ինչ էին պետք մեզ նրա գրած այդ գրքերը, նրա փառաբանված հմտությունը՝ արաբերենի ու պարսկերենի, Ղուրանի ու հին-հին թարիխների մեկնության մեջ։ Գոնե մի անգամ մեզ հայերեն «Բարի լույս» ասեր, ասեր՝ «Բարև, տղաք», լսեինք, որ նրա շուրթերը հայերեն բառեր են արտասանում, տեսնեինք, որ նրա աչքերը ժպտում են մեզ այն պայծառ, լուսեղեն ժպիտով, որ հեռվից տեսնում էինք նրա դեմքին, երբ Բերայի վրա զբոսնում էր Զոհրապի, Վարուժանի ու Կոմիտասի հետ։

Մեզ համար նա միայն թուրքերենի ուսուցիչ էր և թուրքի պես միշտ մռայլադեմ էր մեր աչքում։

— Սալամ, չոջուկլարըմ․․․

— Սաբահինըզ խեյր, ուշագլար․․․

Սրտներիցս արյուն էր գնում։ Դրա համար էր, որ չէինք սիրում օսմանյան պետության մայրաքաղաքի այդ երևելի մարդուն, չնայած հարգում էինք նրան՝ հայ լինելու համար և հաճախ էլ պարծենում էինք նրա անունով։ Մի անգամ քիչ մնաց լսեինք, թե ինչպես է նա հայերեն խոսում։ Մեզանից մեկը նույնիսկ լսեց։ Բայց միայն մեկը։ Խմբով դուրս էինք եկել Բոսֆորի ափերը գնալու։ Քայլում էինք ուրախ խոսելով։ Գարուն էր, օրը հստակ, օդը թափանցիկ։ Քաղաքն ուրախ շողշողում էր։ Հանկարծ մեզնից մեկը շշնջաց․ «Տղաք, Մեսրոպ էֆենդին՝ Կոմիտասի, Վարուժանի ու Զոհրապի հետ կզբոսնե»։

Մեզնից առաջ քայլում էին նրանք՝ դանդաղ, հանդարտ։ Հակառակ մայթով առաջ վազեցինք, որ դեմքերը տեսնենք։ Եվ տեսանք։ Տեսանք Կոմիտասին, Վարուժանին, Գրիգոր Զոհրապին և նրանց մեջ մեր թուրքերենի ուսուցիչ Մեսրոպ էֆենդիին, որ հասակով բոլորից բարձր էր։ Տեսանք։ Հիմա էլ աչքիս առաջ քայլում են նրանք միասին, կենդանի, ուրախ, լույս ու ջերմություն, վեհություն ու վսեմություն տարածելով իրենց շուրջը։ Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չեմ մոռանա այդ սրբազան պահը, երբ նայում էի հայ հանճարի այդ չորս կոթողներին՝ երկյուղածությամբ, սրտի թրթիռով, սքանչացումով, ինքնամոռացությամբ։ Հիմա էլ, քառասուն տարի հետո, ուշ գիշերին, Երևան-Մոսկվա երկաթուղով սլացող գնացքի մեջ, ճակատս լուսամատի սառ ապակուն հպած, հիշում էի այդ պահերը և հոգիս համակվում էր բուռն երջանկությամբ, որ տեսել եմ Կոմիտասին ու Զոհրապին, Վարուժանին և Մեսրոպին։ Ինքս իմ աչքին բարձրանում, պատմական նշանակություն էի ստանում հենց նրա համար, որ սեփական աչքով տեսել էի մեր ազգային հանճարներին և միաժամանակ տանջահար հոգիս համակվում էր սոսկումով ու ահավոր զգացումով, երբ հիշում էի նրանց ողբերգական բախտը։

Քայլում էին չորսով՝ բարի հայացքներով գրկելով մարդկանց, քաղաքը, երկինքը, ծովը, աշխարհը։ Գիտեի՞ն նրանք արդյոք այդ րոպեներին, որ հիացքով իրենց նայող հայ պատանիների մեջ կա մեկը, որ պիտի ապրի դեռ շատ տասնամյակներ ու իր հոգու մեջ մինչ ի մահ պիտի պահի նրանց պատվերները, նրանց ոգին, որ մայրենի լեզվի ուսուցիչ դառնալով և ուսուցիչ մնալով իր ողջ կյանքի ընթացքին, այդ պատանին այդ օրն իրեն համակած մեծ զգացմունքը պիտի փոխանցի նորանոր սերունդներին, որոնք այդ պահերին դեռ աշխարհ չէին եկել։

Գնացքը կանգնեց ինչ-որ կա յանում, կարծես հոգնած, ծանր շնչելով, ծանր փնչալով։ Կառամատույցը դատարկ էր, լուռ, կիսախավար։ Ուշադրություն գրավող ոչ մի բան չկար կես գիշերային այդ անեզր ու անսահման խաղաղության մեջ։ Ես քայլում էի վագոնի միջանցքում, զգույշ, հուշիկ քայլելով, որ խցերում ոտնաձայներ չլսվեն։ Վաղը, ուրեմն, պիտի խնդրեն ինձ որևէ եղելություն պատմելու՝ մայրենի լեզվի նվիրականության մասին։ Երբ բարձրաձայն պատմում ես, մարդկանց դեպքերն են հետաքրքրում, և դու չես կարողանում հաղորդել այն տպավորությունները, որ հարուցել են մեջդ այդ դեպքերը և այն խորհրդածությունները, որ ծնել են նրանք մտքիդ ու հոգուդ մեջ։ Ինչպե՞ս պատմեմ ես նրանց, որ տեսա մեր թուրքերենի ուսուցչին Կոմիտասի հետ բարեկամաբար, թև-թևի քայլելիս, Վարուժանի հետ, մեծ Գրիգոր Զոհրապի հետ, տեսա և հետո՞․․․

․․․Մեր ընկերներից մեկն ասաց․

― Տեսնաս Կոմիտասի հետ ա՞լ Մեսրոպ էֆենդին թրքերեն կխոսի․․․

Այդ հարցը բոլորիս շուրթերի վրա էր, նա կանխեց մյուսներին։ Որոշեցինք ետ ընկնել։ Մեզնից մեկը թող ետևից կամացուկ մոտենա լսելու, թե ինչ լեզվով է Մեսրոպ էֆենդին խոսում։ Ետևներից անձայն, ոտքերի մատների վրա մեր ընկերը մոտեցավ նրանց, այնքան մոտեցավ, որ մեզ թվում էր թե կպավ լայնաթիկունք Մեսրոպ էֆենդուն։ Ու մի քանի րոպե այդպես գնալով նրանց ետևից, հանկարծ շուռ եկավ ու վազեց մեր կողմը։ Ուրախացած էր, մեզ էլ ուրախ լուր պիտի բերեր։ Դեռ մեզ չմոտեցած՝ ձայն տվեց․

— Հայերեն կխոսեր, տղա՛ք, և այնպես աղվո՜ր հայերեն․․․

Մենք խմբվեցինք շուրջը․

― Ի՞նչ ըսավ, պատմե, ի՞նչ ըսավ․․․

Հուզմունքից շիկնել էր մեր ընկերը։

— Ի՞նչ լսեցիր, ի՞նչ խոսքեր ըսավ․․․

Մի պահ հանգստանալով, որ շունչ քաշի, արագախոս մեր ընկերը հաղորդեց մեզ, որ պարզ լսել է Մեսրոպ էֆենդու խոսքերը։ Նա պարզ հայերենով ասել էր․ «Նողկանք կզգամ ես ազգային թշնամանքե։ Ազգերու համերաշխությունն իմ երազս է, և ուխտած եմ ծառայելու այդ գաղափարին ու չպիտի շեղվիմ իմ ուխտես»։ Զոհրապն ասել է․ «Կփափագիմ հաջողիս ազնիվ նպատակիդ ճանապարհին»։ Կոմիտասն ավելացրել է․ «Ճշմարիտ է Մեսրոպի գաղափարը և ճանապարհը ճիշտ է․ իրար հարգելու համար ազգերը պիտի ճանաչեն իրար, ճանաչելու համար պիտի գիտնան միմյանց լեզուներն ու մշակույթը, Մեսրոպը ճիշտ է ասում»։ Մեր ուսուցիչը Կոմիտասի այդ խոսքի վրա ասել է․ «Քաջալերանք է ինձի համար հավանությունդ, հայր սուրբ»․․․

Հետևյալ օրը մեր դպրոցի բոլոր աշակերտները գիտեին, որ մենք լսել ենք Մեսրոպ էֆենդու, Կոմիտասի, Զոհրապի ու Վարուժանի զրույցներից մի պատառիկ և լսել ենք, թե ինչպես Մեսրոպ էֆենդին հայերեն է խոսել։ Բոլորը մեր խմբին երջանիկ էին համարում, իսկ մեր մեջ ամենաերջանիկը մեր ընկերն էր, որ լսեց իր ականջներով։ Նա բոլորի նախանձի առարկան էր հիմա։

Բայց ահա, հետևյալ օրը կրկին մեր դասարանը մտավ մեր թուրքերենի ուսուցիչ Մեսրոպ էֆենդին, ինչպես միշտ՝ պատկառելի, ազդու կերպարանքով, ինչպես միշտ՝ թուրքավարի՝ մռայլադեմ և ինչպես միշտ՝ արտասանեց բարի լույսի նույն թուրքերեն խոսքերը, որ լսում էինք տարիներ շարունակ․

— Սալամ չոջուկլարըմ․․․

Ու այնուհետև միշտ էլ այդպես․

— Սաբահինըզ խեյր, ուշագլար։

— Սալամ չոջուկլարըմ․․․

Հիմա արդեն սկսում էինք ակնհայտ, անզուսպ ատելություն տածել դեպի այդ արքայատեսք մարդը, որ, ասում էին, ծնվել է հայ դարբնի ընտանիքում և հիմա էլ հայրը դարբնություն է անում։ Օտարանում էր նա մեզ համար իր համառությամբ, իր հաստատած անխախտելի կարգապահությամբ ու խստապահանջությամբ։ Չէինք սիրել նրան, բայց բոլոր առարկաներից առավել լավ՝ թուրքերեն էինք սովորում, հիմա էլ օտար էր մնում նա մեզ համար, բայց բոլոր ուսուցիչներից առավել՝ դարձյալ նրանից էինք ակնածում։

Այդպես անցնում էր ժամանակը։ Ամեն օր նորություններ էին լինում երբեմնի բյուզանդական կայսրերի, հիմա օսմանյան պետության շքեղ ու աղքատիկ, փայլուն ու աղտոտ մայրաքաղաքում։ Մեկ՝ եվրոպական նշանավոր դերասաններն ու դերասանուհիներն էին հայտնվում Բոսֆորի ափերին ու ընդհանուր հետաքրքրություն ստեղծում, մեկ՝ քաղաքը հուզվում էր չգիտես որ աղբյուրից բխած «հավաստի» լուրերով, թե արյունոտ սուլթան համիդի կողմնակիցները հեղաշրջում են պատրաստում, մեջլիսում սուր վեճեր էին լինում՝ հասնելով երբեմն իրար զենքով սպառնալու, մեկ՝ հանճարեղ Կոմիտասը համերգներ էր տալիս, հմայելով մարդկանց սրտերը, կամ Գրիգոր Զոհրապը նոր ճառ էր ասում մեջլիսում՝ գրգռելով արյունռուշտ խավարամիտներին։ Տագնապին հաջորդում էր խաղաղությունը, խաղաղությանը՝ նոր տագնապ։ Ոգևորությունն ու հիասթափությունը փոխարինում էին իրար ամեն ամիս ու ամեն շաբաթ։

Իսկ դպրոցական մեր առօրյան համարյա նույնն էր մնում՝ մի քիչ տեղեկություններ գիտությունների մասին և վարժություններ՝ լեզուների մեջ՝ հայոց նոր լեզվի ու գրաբարի քերականությունը, ֆրանսերեն և անխուսափելի Մեսրոպ էֆենդին ու նրա թուրքերեն ողջույնները ամեն առավոտ, առաջին դասին․ «Սալամ չոջուկլարըմ»․․․

Այդպես հասանք մենք վերջին դասարանին, երբ պատերազմը պայթեց։ Գուցե միայն նրա համար, որ «ադալյաթ, մուսաֆատ»՝ «հավասարություն, ազատություն» հռչակողները կոտորեն, մոլուցքով ջանան իսպառ ոչնչացնել մեր ժողովրրդին։ Հազար իննհարյուր տասնհինգի գարնանը օսմանական կայսրության հեռավոր ծայրագավառներից տեղահան էին անում ամբողջ գյուղերի ու քաղաքների հայ բնակչությանն ու քշում դեպի հարավ, դեպի Իրաքի ու Սուրիայի անապատները։ Ինչպես հետո գաղտնագրերը ցույց տվին, վաղուց ծրագրված ու պատրաստված ժողովրդասպանություն էր դա, պատմության մեջ չեղած ու չլսված։ Վաղուց ծնված ու հիմա այնպես դաժանորեն գործադրվող թուրք պետական մտայնությունն էր հաղթանակում։ Ամեն օր մեկը մյուսից առավել սոսկումնալի, ավելի անհավատալի ու ավելի սահմռկեցուցիչ, լուրեր էին լսվում։ Տեղահան ժողովրդին զանգվածաբար սպանում էին տարագրության ճանապարհներին՝ ձորերը լցվում էին երեխաների, կանանց ու ծերունիների դիակներով, գետերը կարմրում էին նրանց արյունից։

Մենք արդեն մանուկներ չէինք և հասկանում էինք ժամանակի ահավորությունը, վտանգի անկշռելի չափը, մեր ժողովրդի ու ամեն մեկիս բախտի ողբերգականությունը։

Հիմա հերթը մայրաքաղաքի մտավորականությանն էր հասել․․․

․․․Եվ տագնապով, ահով, սարսափով, ողբերգականությամբ լի, անհուսության այդ օրերին կատարվեց այն, ինչ որ պիտի վաղը պատմեի վագոնի իմ ուղեկիցներին՝ ջութակահարին, գնգապետին ու որմնադիրին։

Մի օր, վաղ առավոտ, ծանրաքայլ ու պատկառելի դասարան մտավ Մեսրոպ էֆենդին։ Նրան տեսնելով, մենք սոսկումով իրար նայեցինք, մեր մարմինները փշաքաղվեցին։ Եկել է մեզ թուրքերենի քերականությո՞ւնը սովորեցնելու։ Թուրքերեն մեզ «Բարի առավոտ» մաղթելու։ Ինձ այնպես էր թվում, թե հենց որ բերանը բացի ու առաջին բառն արտասանի, տեղից վեր կթռչեմ ու եղունգներով կչանգռեմ նրա խոշոր-խոշոր, սև աչքերը, կգոռամ, կճչամ, ու բոլորս կթափվենք այդ թուրքամոլ հայի վրա, մեր իսկ դասարանում կխոշտանգենք նրան։ Պատրաստ էի ես այդպիսի վայրենության և դասարանի մյուս ընկերներս՝ նույնպես։

Ահավոր էր այդ զգացումը։

Բայց ահա ծանրաքայլ, գլուխը լայն կրծքին հակած, մոտեցավ ամբիոնին Մեսրոպ էֆենդին, սովորականից ավելի մռայլ։ Ամբիոնը նրա կրծքից ցածր էր։ Լուռ մոտեցավ, կրթնեց նրա վրա, որ երբեք չէր անում ու նայեց մեզ։ Նայեց խելագարի հայացքով, որից բոլորս սարսռացինք։ Եվ սկսեց խոսել։ Օ՜, զարմանք, նրա շրթունքները հայերեն բառեր էին արտասանում։

— Սիրելի հայորդիներ․․․ անուշի՜կ զավակներս․․․

Այդ խոսքերը շշնջաց ու շրթունքները զողացին, աչքերը լցվեցին, կրծքով հենվեց ամբիոնին։ Վայելչատես, վսեմաշուք Մեսրոպ էֆենդին փոքրացել էր կարծես, փոքրացել ու խեղճացել էր։

Նայում էինք նրան, և թվում էր մեզ, թե սարսափը գիշատիչ թռչունի կերպարանքով սավառնում է մեր գլխավերևում։

Մեսրոպը չէր կարողանում շարունակել իր խոսքը։ Ահավոր լռություն էր տիրում դասարանում։ Թվում էր, թե բոլորս այդպես լուռ ու քարացած պիտի մնանք։ Վերջապես մեր ուսուցիչը շտկվեց, ամբողջ փառահեղ հասակով մեկ կանգնեց ամբիոնի առաջ ու շարունակեց իր կիսատ խոսքը․

— Զավակնե՜րս,— կրկնեց նա գունատված,— անողորմ է իրականությունը մեզի համար․․․ Ազգովին նահատակվելու և պատմութենեն հեռանալու սև վտանգն է կախվեր հայոց ազգի վերա։ Զավակնե՜րս, հայորդիներ՝ այս գիշեր կալանքի են առնվեր Կոմիտաս, Զոհրապ, Սիամանթո, Վարուժան և բազում, բազում այլք․․․ կեռ յաթաղանը պիտի անոնց հանճարեղ գանգերն ալ փշրե․․․

Փլվեց ամբիոնին, երկու ափերով աչքերը ծածկեց։ Մենք, որ ժպիտ չէինք տեսել նրա հայկական աչքերում, նրա հայերեն լացը տեսանք։ Դասարանում լսվեցին հեծկլտոցներ։ Ես հեկեկում էի ջղաձիգ ցնցումներով։

Քիչ հետո Մեսրոպ էֆենդին սթափվեց, վշտով և հուսաբեկ հայացքով նայեց մեզ։

Ու խոսեց․

— Հիմա ոչինչ չունինք մենք, զավակներս, ոչ հույս ու ապավեն, ոչ զենք ու զորություն։ Ունինք միայն հայ լեզու և հայ գիրն․․․ Պահպանեցեք, որ չկորնչին, պահպանեցեք հայ լեզուն և հայ գիրն, եթե փրկվիք այս եղեռնեն։ Եթե իմ հիշատակս հարգել ցանկանաք, սիրեցեք և գալոց սերունդներուն ավանդեցեք հայ լեզուն ու հայ գիրն․․․

Լռեց։ Մտացրիվ նայում էր մեզ, մենք շնչահեղձ նրան էինք նայում։ Հիմա զսպում էր իրեն։ Կանգնել էր հոյակապ մի կոթողի նման և կարծես ոչ մի հողմ ու փոթորիկ չպիտի կարողանային տեղից շարժել այդ կոփածո հուշարձանը։

Դարձյալ դողացին շրթունքները, դարձյալ աչքերը լցվեցին, խոշոր-խոշոր, սև աչքերը ու վերստին խոսեց։

— Մնա՛ք բարյավ, զավակնե՛րս․․․ Մնաք բարյավ։ Այլևս երջանկություն չպիտի ունենամ ձեզի տեսնելու․․․

Դարձյալ հեծկլտանքներ ու հեկեկոց լսվեցին դասարանում։

Այս անգամ, նահատակության գնացող առաքյալի պես, հանդարտ՝ աջ ձեռքը վեր բարձրացրեց ու կրկին քարացավ՝ այդ կեցվածքի մեջ։

— Գիտցեք միայն, զավակնե՛րս,— շարունակեց, զարմանալի հանգիստ ձայնով,— որ ձեր թուրքերենի խիստ ուսուցիչը խիստ սիրտ չուներ։ Ան կսիրեր ձեզի և բոլոր մանուկներուն, կսիրեր բոլոր ազգերու լեզուները և ամենեն ավելի՝ հայոց նվիրական լեզուն։ Գիտցեք, որ ան հայ էր ծնվեր, հայ ապրեցավ և հայ ալ պիտի մեռնի հպարտությամբ։ Իսկ դուք՝ չմոռնաք վերջին խնդիրքս՝ ապրեցուցեք հայ լեզուն ու հայ գիրն։ Մնա՛ք բարյավ․․․

Եվ երբ այդ խոսքերից հետո նա ծանրաքայլ ու լուռ դուրս եկավ դասարանից, հասկացանք, որ գնում է մեռնելու, որ վաղը, կամ գուցե հենց այսօր աշխարհը կկորցնի այդ մեծ մարդուն։

Թվաց թե կյանքը մեկեն դատարկվեց, կանգ առան բոլոր սրտերը, որ տրոփում էին, ներս խուժեց մահվան պաղ շունչն ու պարուրեց մեր հոգիները․․․

* * *

Գնացքը թափ առած, հևիհև սլանում էր ընդարձակ դաշտերով։ Բացվում էր վճիտ, հստակ, գեղեցիկ մի առավոտ։ Գինովցածի պես երերալով, ես ներս մտա վագոնի մեր խուցը։ Ջութակահարն ու որմնադիրը հանգիստ քնած էին, գնդապետն անկողնու մեջ նստած ծանր շնչում էր։ Ինչ-որ հաբեր կուլ տվեց։ Ես մի բաժակ ջուր բերի նրան։ Երկու կում խմեց, շնորհակալություն հայտնեց ու բաժակը սեղանիկի վրա դնելով, նկատողություն արեց ինձ․

— Ինչպե՜ս կարելի է ամբողջ գիշերն արթուն մնալ, ի՞նչ եք անում․․․

Պառկեցի քնելու։ Երևի գնդապետը թույլ չէր տվել, որ ինձ արթնացնեն։ Քնել էի մինչև օրվա երկրորդ կեսը։ Արթնացա, գնացի լվացվելու, վերադարձա մեր խուցը։

― Մի բաժակ օղի տամ,— ասաց որմնադիրը,— կհանգստացնի։

— Շնորհակալ եմ,— պատասխանեցի ես։ Չունեի ոչ խմելու, ոչ ուտելու ախորժակ ու տրամադրություն։

— Գունատ եք,— նկատեց ջութակահարը։

Մի քանի ժամ հետո պիտի հասնեինք Մոսկվա։

— Իսկ դուք մտադիր չե՞ք ձեր պարտքը հատուցելու, մայրենի լեզվի ընկեր դասատու,— հարցրեց ջութակահարը։

Գնդապետը նայեց ինձ ժպտալով։ Շողքեր ու ջերմության կային այսօր նրա ժպիտի մեջ։

— Կխնդրե՛նք, ներողությո՜ւն,— կրկնեց որմնադիրը։

Եվ ես պատմեցի նրանց այն ամենը, ինչ հիշել էի ողջ գիշերը ոտքի վրա արթուն մնալով, ճակատս լուսամուտի պաղ ապակուն դրած։

Երբ ավարտեցի, վագոնի մեր խցում երկարատև լռություն տիրեց։ Հետո, ծանր շնչելով, գնդապետը հարցրեց․

— Ձեզ էլ նույն հարցը տանք․ ի՞նչ պատահեց հետո Մեսրոպ էֆենդուն։

— Այո՛, ես էլ պիտի հարցնեի,— ասաց որմնադիրը․․․

Եվ ես լրացրի կիսատ մնացած պատմությունը․

Նշանավոր թուրքագետն ընդունելություն է խնդրում ներքին գործերի մինիստր Թալեաթ փաշայի մոտ։

— Գայլի որջն է գնացել, — ասաց որմնադիրը։

— Այո՛։ Գայլի որջը, ամենակատաղի գայլի։ Գնում է Թալեաթի մոտ ու դեռ ոտի վրա, հուզմունքով ու զայրույթով դիմում է ներքին գործերի ամենազոր մինիստրին․

— Եկել եմ հարցնելու Ձեզ, Թալեաթ փաշա, այս ի՞նչ է կատարվում։ Ինչո՞ւ եք վերադարձրել զուլումի տարիները, և ավելի ահավոր չափերով, քան տեսել էինք․․․

— Նստեցեք խոսենք, ուսուցիչ,— հանդարտ ժպտալով ու մոտենալով նրան, ասում է հսկայատիպ Թալեաթը,— նստեցեք, մալում․․․

— Այս ի՞նչ է կատարվում,― կրկնում է Մեսրոպ էֆենդին,― ես եկել եմ Ձեզնից բացատրություն պահանջելու․․․

– Դուք այդ իրավունքը չունե՛ք,– պատասխանում է Թալեաթը,— բայց որպես հին բարեկամի, ես կարող եմ Ձեզ բացատրություն տալ։ Օսմանցիների տերության մեջ պիտի միայն օսմանցիներ ապրեն։ Այդպես է մեր պետական կամքը։ Հայերդ չուզեցիք օսմանցիներ համարվել, ուրեմն չպիտի ապրեք․․․ այս երկրում։ Այդպես որոշված է Աստծու և Մարգարեի ողորմածությամբ։ Չպիտի՛ ապրեք։ Որոշումն անխախտելի է և ինձանից ու իմ գլխից բարձր․․․

Մեսրոպր շշմել էր։ Նա այդքան բացարձակ խոստովանություն չէր սպասում նույնիսկ Թալեաթից։

— Իսկ ո՞ւր մնացին երեկվա Ձեր խոստումները, Ձեր ջերմեռանդ երդումները․․․

– Երեկ են ասում անցած օրվան, ուսուցիչ,– անայլայլ պատասխանում է Թալեաթը,— հիմա օրն ուրիշ է․․․

Վերջին ուժերը հավաքելով, Մեսրոպը վերջին հարցն է տալիս․

– Իսկ ինչո՞վ եք Դուք տարբերվում արյունոտ Սուլթան Համիդից, Թալեաթ փաշա, և ինչո՞ւ մենք միասին գահընկեց արինք Սուլթանին․․․

— Շատ բանով ենք տարբերվում, մալում, շատ ու շատ բանով։ Նա միամիտ, հիմար ու վախկոտ մարդ էր՝ երեսուն տարի սուլթանական գահին նստած։ Կարծում էր, թե հայերին մեկ-մեկ, կամ խումբ-խումբ կոտորելով կարող է գլուխն ազատել, այսպես կոչված «հայկական հարցի» գլխացավանքից։ Այդպես էր կարծում այդ սուլթանը։ Իսկ մենք այդքան միամիտ ու այդպես վախկոտ չենք։ նրա փորձից մենք հասկացանք, որ ճիշտ միջոցը հայերին ազգովին վերացնելն է։ Չլինեն հայեր, չի լինի և «հայկական հարց»։ Հասկանո՞ւմ եք ինձ, մալում։ Ինչո՞ւ եք գունատվել, ինչո՞ւ եք դողում այդպես։ Ձեզ համար կարող եք չանհանգստանալ։ Ես կարգադրություն կանեմ, որ՝ նկատի ունենալով Ձեր ծառայությունները․․․

Պատմում էին, որ Մեսրոպը կտրուկ ընդհատում է բռնակալի խոսքը․

— Հիմի պատիվ չէ ինձի համար ձեր հարգանքն ու գնահատությունն, հիմի կանպատվեք զիս՝ կյանքս ինձի թողնելով․․․

Թալեաթն այդ ժամանակ սեղանին է պարզում իր գերանաչափ թևերը, իրար վրա է դնում իր խոշոր, մսոտ թաթերը և բռնակալի լայն դեմքին խաղում է միայն իրեն հատուկ դիվական ժպիտը։

Ասում են՝ Թալեաթի այդ կեցվածքը սարսափ էր ազդում նույնիսկ օտարերկրյա դեսպաններին։ Մի անգամ Մորգենթաուն նրան ասում է․ «Ետ քաշեք ձեր թևերը սեղանի վրայից, Թալեաթ փաշա, որպեսզի կարողանանք հանգիստ խոսել»․․․

— Մալում,— ասում է Թալեաթը՝ թաթերը երկարելով դեպի Մեսրոպ էֆենդին,― Դուք մեծ ծառայություններ ունեք օսման ցեղին, և մենք կարող էինք մոռանալ, որ դուք հայ եք, որոնց մենք պիտի ոչնչացնենք մեր ցեղի բարգավաճման համար։ Բայց դուք խնդրում եք, որ չտարբերենք ձեզ մյուս հայերից։ Ձեր նկատմամբ ունեցած իմ խորին հարգանքը թելադրում է ինձ չմերժել ձեր խնդիրքը, ուղարկել ձեզ Զոհրապ էֆենդու մոտ, որին անձնապես համակրում էի, բայց որպես օսմանցի, պարտավոր էի ոչնչացնել։ Օսմանցին իմ մեջ գերազանցում է մարդուն․․․

Թալեաթ փաշան համհարզի միջոցով շտապ իր մոտ է կանչում Ստամբուլի ոստիկանապետին․

— Փեթրի բե՛յ,– դիմում է նրան բռնակալը,― Մեսրոպ էֆենդին վիրավորված է, որ ուրիշ ականավոր հայեր չկան արդեն Ստամբուլում, իսկ ինքը ապրում է ողջ, առողջ։ Մեռնելն իր համար պատիվ է համարում նա․․․ մի՛ զրկիր նրան այդ պատվից, Փեթրի բեյ։ Ես չեմ կարող մերժել Մեսրոպ էֆենդու նման հարգելի մարդուն․․․

— Օ՜, ինչ մեծահոգությո՜ւն, փաշա՛․․․ ձեզի՛ միայն արժանի մեծահոգությո՜ւն,— ասում է Մեսրոպ էֆենդին,— օսման պատմությունը ձեզի պես մեկի մը դեռ չի ծներ։ Հավատացեք ինծի, որ դուք իսկապես բոլորեն գերազանց եղաք, փաշա՛․․․

Պատմում էին, որ Մեսրոպ էֆենդին շատ ուրիշ ծանր խոսքեր է նետել ամենազոր Թալեաթի երեսին և այդպիսով արագացրել իր նահատակությունը․․․

․․․Գնացքը մոտենում էր Մոսկվային, արդեն երևում էին մեծ մայրաքաղաքի լույսերը։

8 ապրիլի, 1964, Լուսակերտ

Հրաչյա Քոչար, Երկերի ժողովածու վեց հատորով, Հատոր II, Սովետական գրող, 1980թ., 605-624:

http://www.litopedia.org

Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին, Հայերենագիտություն, Հատուկ, Հրապարակախոսական բաժնում։ Էջանշեք այս հղումը.