Լեոն` անունով հայ, բայց իրապես օտարացած տարրերի առաջանալու մասին

(հատված «Պատմություն հայոց գրականության» հոդվածից)

XI դարից է, որ Միջին Ասիան ձեռնարկում է ջախջախել ամբողջ Արևմտյան Ասիան, դրա մեջ ասել է, և Հայաստանը: Այդ գործողությունը կարելի է բնորոշել մի բառով` «ջարդ»: Հայ ժողովրդի գլխին այդ ջարդը կատարվում է ամբողջ յոթ դար: Եվ ջորդվում է այդ ժողովուրդն ամեն կողմից: Այս երկարատև ջարդի ընթացքում է, որ հայությունը կորցնում է իր ազգաբնակչության միապաղաղությունը, հատվածների է բաժանվում և այդ հատվածներից շատերը, միանգամից անջատվելով մյուս մասերից կամ հեռանալով երկրից, կորցնում են և իրանց լեզվական կապը և մեծամեծ զանգվածներով օտարանում են: Լեզվի արժեքը կորչում է այդ հատվածների մեջ, և գոյանում են անունով հայ, բայց իրապես օտարացած տարրեր, որոնց պետք է լինում անվանել այն լեզուներով, որ նրանք ընդգրկել են իրանց մայրենի լեզվի փոխարեն – թրքախոս, թաթարախոս, վրացախոս, քրդախոս, չերքեզախոս, և այլն: Նայելով այս չափազանց խոշոր հանգամանքին, թվում է, թե շատ քիչ կան հայերի նման ժողովուրդներ, որոնք այնքան անտարբեր լինեն իրանց մայրենի լեզվի վերաբերմամբ և այնքան հեշտ լքեն նրան` օտար մի լեզու յուրացնելու համար: Ազգային տարրերի այս մեծամեծ կորուստները նույն մեծության կորուստներ էին և հայոց գրականության և առհասարակ հայ մշակույթի համար: Այս հողի վրա էր, որ սեղմվում ու փոքրանում էր հայ մտքի գործունեության ասպարեզը, նեղացնելով և աղքատացնելով հետաքրքրությունը դեպի հայ մշակութային աշխատանքը, փոքրացնելով պահանջի չափերը և  արտադրողականությունը խրախուսող ու պահպանող սպառողական կարողությունը: Հայ լեզվի և մշակույթի պահպանման ամբողջ հոգսը մնում էր ծանրացած իր հայրենի հողի վրա ապրող և հարյուրավոր ծվենների վերածված հայ աշխատավոր ժողովրդի, գլխավորապես գյուղացիության վրա:

Լեո, Երկերի ժողովածու, իններորդ հատոր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 431.

Թվայնացումը` Լեզվի ժողովրդական տեսչության 

 

Գրառումը կատարվել է Գիտական նյութեր, Զրույցներ լեզվի մասին, ԼԺՏ-ի նյութերը, Հայերենագիտություն, Հրապարակախոսական բաժնում։ Էջանշեք այս հղումը.