Հայկական դպրոցի տարածքը ռուսականին տրամադրելու մասին որոշման դեմ բողոքի ակցիաներ են հասունանում

Կառավարության վերջին որոշումը, Խրիմյան Հայրիկի անվան հիմնական դպրոցի շենքում ռուսական «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցին տարածք տրամադրելու մասին, դժգոհության ալիք է բարձրացրել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամների շրջանում: Նրանք պատրաստվում են բողոքի ակցիաներ սկսել:

Հիշեցնենք` կառավարության մայիսի 27-ին կառավարության ընդունած որոշման համաձայն Չարենցի 75 հասցեում գտնվող շենքի 3-րդ և 4-րդ հարկերից 105 մլն 770 հազար դրամ շուկայական արժեքով 608.7 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը վերցնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցից և կրթական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցին:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ այս օրերին իրավաբանների հետ ինքը քննարկում է կառավարության որոշումը բողոքարկելու հնարավորությունների մասին:

«Եթե հիմքեր գտնվեն և իրավաբանները խորհուրդ տան, անպայման ես ինքս անձամբ բողոքարկելու եմ», -ասաց Հովհաննիսյանը:

Բացի այդ, նրա փոխանցմամբ, խմբի անդամները մտադիր են բողոքի ակցիաներ կազմակերպել թե կառավարության շենքի մոտ, թե դպրոցի մոտ:

«Շատ սկզբունքային հարց կա` հանրակրթական դպրոցից տարածք են օտարում ռուսական մասնավոր դպրոցի համար և որ այդ մասնավոր դպրոցում ուսուցման գործընթացը լինելու է ռուսերենով», -նկատեց խմբի անդամը` ընդգծելով, որ մի քանի օր կքննարկեն խմբի ներսում և նոր միայն գործուն քայլերի կդիմեն:

Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի տնօրենի հայտարարությունը, թե «մեկ է, մեր դպրոցը կիսադատարկ է», Հովհաննիսյանին հիշեցրել է խորհրդային ժամանակները, երբ հայկական դպրոցները դատարկվում էին, իսկ ռուսական դպրոցներում ուսանող աշակերտների թիվը շատանում էր:

«Կամաց-կամաց կհասնեն մսուր: Եթե պետությունը չի կանգնեցնում այդ գործընթացը, բնական է, պետք է տարածվի այդ համակարգը: Մի հարց էլ կա` մեզ համար սլավոններ միայն ռուսնե՞րն են: Գիտեմ, որ սլավոններ են նաև ուկրաինացիները, սերբերը, բելառուսները: Անունը դնում են սլավոնական կրթություն, և ես համոզված եմ, որ այդտեղ մեկ պետության շովինիստական գովքն է լինելու ու խորը արհամարհանք է ներշնչվելու մնացած բոլոր սլավոնական մշակույթների նկատմամբ: Դա նշանակում է, որ անվանման մեջ արդեն սուտ կա ու դա մեկ պետության քաղաքականության հետ կապ ունի», -եզրակացրեց Հովհաննիսյանը:

Կառավարության նույն որոշման մեջ նշվում է, որ «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի հետ անհատույց օգտագործման պայմանագիր է կնքվելու, որով նա պարտավորվում է այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 տարվա ընթացքում կատարել առնվազն 5 մլն 200 հազար դրամի ներդրումներ՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի մյուս անդամ Արամ Ապատյանի համար անընդունելի է կառավարության բացատրությունը, թե այդ 600 քմ տարածքի դիմաց ռուսական դպրոցը տարեկան կես միլիոն դրամի ներդրում է կատարելու:

«Անընդունելի է առաջին հերթին այն պարզ պատճարով, որ այդ տարածքը անհրաժեշտ է հայալեզու կրթական համակարգին: Երկրորդ՝ այդ անհատույց վարձակալությունը ունի շատ հստակ շուկայական գին, որն առնվազն քսանհինգ անգամ ավելի մեծ է: Այդ գումարը կարող էր և պետք է ներդրվեր հայալեզու կրթության բարելավման նպատակով: Հետևաբար, սրանով կառավարությունը կրկին կատարում է քայլեր, որոնք հակասում են հայալեզու կրթության նկատմամբ իր պարտավորություններին»,- նկատեց Ապատյանը

Նրա պնդմամբ, Հայաստանի կառավարության առաջնահերթ պարտականություններից է հայալեզու կրթության որակի բարելավումը, իսկ այլալեզու դպրոցին անհատույց տարածք տրամադրելը, ի հաշիվ հայկական դպրոցի, ակնհայտորեն հակասում է դրան:

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

http://www.panorama.am/

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Լուրեր, Խախտումներ, Կրթական համակարգ բաժնում։ Էջանշեք այս հղումը.