Սիրել մայրենին, նշանակում է լինել բարձր առաքինությունների տեր մարդ

Մայրենի լեզու, գրականություն, ուսուցիչ

Հայաստանի գրողների միության վարչության նախագահ ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ զեկուցումը` մայրենի լեզվի և գրականության դասավանդման խնդիրներին նվիրված հանրապետական խորհրդակցությունում 1982թ.

Ամենից առաջ կուզենայի հայ գրողների անունից իմ ուրախությունն արտահայտել հայոց լեզվի և գրականության ուսուցիչների նման պատկառելի համաժողովի հրավիրման բուն երևույթի առումով: Ներկա համաժողովի փաստը պետք է տեսնել մեր մայրենի լեզվի նկատմամբ համապետական և համաժողովրդական սևեռուն ուշադրության ու հարգանքի այն ոսկե շղթայի մեջ, որի սկիզբը 1920թվականի նոյեմբերն էր: Փոխ առնելով հիմնական զեկուցողի` հանրապետության լուսավորության մինիստր ընկ. Ս. Հախումյանի ձևակերպումը, ես ևս կուզենայի հավաստել, որ «դպրոցը նախ և առաջ մայրենիի ուսուցումն է, որովհետև իմանալ մայրենին, նշանակում է գիտակ և հասու լինել բոլոր առարկաներին, սիրել մայրենին, նշանակում է լինել բարձր առաքինությունների տեր մարդ»:

Մեր լեզուն երկար ու դժվարին ճանապարհ է անցել, այդ ճանապարհին ստեղծելով գրականության անթառամ արժեքներ: Բայց խորապես արդար կլինի արձանագրել, որ նրա զարգացման համակողմանի ծաղկման համար երբեք չեն եղել այն պայմանները, ինչ վերջին վաթսուն տարիներին. մեր հողի վրա ե՞րբ են եղել այսքան դպրոց և ուսուցիչ, հայերենով լույս տեսնող գրականության այսպիսի հարստություն, հայրենի հողի վրա ստեղծագործող հայ գրողների այսպիսի անընդմեջ շղթա:

Ուրեմն, մեզանից, միայն մեզանից` հայ մտավորականից ու բանվորից, ուսուցչից և ինժեներից, գյուղացուց, գրողից, արտիստից, հավաքական առումով` ժողովրդից է կախված այդ լեզվի հետագա զարգացումն ու ծաղկումը: Լեզուն կենդանի օրգանիզմ է, որ կյանքի և ժամանակի թելադրանքով պիտի հարստանա, նորանա, ավելի ճկուն և տարողունակ դառնա, այդ լեզվով շարունակաբար պիտի ստեղծվեն գրականության և արվեստի նոր, վավերական արժեքներ: Ապրել անցյալում ստեղծված արժեքների տոկոսներով միայն, նշանակում է լեզուն դարձնել պահածո, թեկուզև սրբազան պահածո:

Անցած վաթսուն տարիներին մեր լեզուն զարգացել է ճիշտ այդ ճանապարհով, այդ է նաև նրա հեռանկարը, և տարբեր առիթներով արտահայտվող մեր մտահոգությունները պետք է բացառապես գործնական երանգ ունենան, այլ ոչ թե հնչեցնեն կեղծ տագնապի ահազանգ կամ էլ ծառայեն էժանագին ծափեր կամ գրգիռներ հրահրելու նպատակին:

Մայրենի լեզվի նկատմամբ պատասխանատվության շղթայի մեջ մեզանից ամեն մեկն իր խնդիրն ունի:

Հայ գրողը լավ և տաղանդավոր պիտի գրի: Ընթերցողը նրա գիրքը չի կարդա միայն նրա համար, որ հայերեն է գրված կամ նվիրական թեմա է մարմնավորում: Նաև հայ գրողը պիտի կարողանա հայելին դառնալ մեր բարդ ու դրամատիկ ժամանակի և դիմանա գրականության համամիութենական և միջազգային բարձր չափանիշներին: Արվեստի մեջ տեղական չափանիշներ չկան:

Ուսուցիչը պետք է խոր ու կայուն գիտելիքներ տա մայրենի լեզվից, աշակերտի մեջ ներարկի մեր լեզվի գեղեցկությունը, ուժն ու նրբությունը, կարողանա նրա ձեռքը տալ գրականությունն զգալու, ընկալելու կախարդական բանալին:

Հայ արտիստը պետք է հմայիչ ու մաքուր հայերենը հնչեցնի բեմից, կինոյի և հեռուստատեսության էկրանից:

Մի՞շտ է, որ այդպես է…

Հաճախ, անգամ մտավորական մարդիկ, մեր լեզվի ճակատագրի հոգսերից խոսելու պահին իսկ` արտահայտվում են խեղճ ու անօգնական հայերենով:

Մեր լեզվի համար բարձր պատասխանատվություն կրող մտավորականության շարքում առաջին տեղը պատկանում է ուսուցչին, մասնավորապես, մայրենի լեզվի և գրականության ուսուցչին:

Ես ասացի` մասնավորապես մայրենի լեզվի, որովհետև այդ պատասխանատվությունը կրում են բոլոր առարկաների ուսուցիչները: Առանց բացառության` բոլորը: Չի կարելի խեղճուկրակ լեզվով քիմիա կամ մաթեմատիկա սովորեցնել, էլ չեմ ասումմ` պատմություն, բնագիտության կամ աշխարհագրություն: Այս տրամաբանությամբ` երևի սխալ չէր լինի «խնդրելու պես պահանջել և պահանջելու պես խնդրել» մեր մինիստրությանը` ուսումնասիրել տիրող վիճակը խորությամբ և լայնքով և ոչ հեռու ապագայում նման մի համաժողով ծրագրել` արդեն մյուս առարկաների ուսուցիչների համար. ի՞նչ հայերենով են նրանք գիտելիքներ ներարկում աշակերտներին և ի՞նչ հայերենով են աշակերտները նրանց պատասխանում:

Եվ, այնուամենայնիվ, մտահոգության այս շղթայի առաջին և վճռական օղակը մայրենի լեզվի և գրականության ուսուցիչն է:

Հայ ժողովրդի համար, սկսած Մեսրոպ Մաշտոցից` հայերենի ուսուցչի ֆենոմենը խորագույն հարգանքի և գնահատության առարկա է եղել: Մայրենի լեզվի ուսուցիչները գյուղի կամ քաղաքի կարևոր դեմքերից են եղել, նրանց խորհրդին են դիմել մարդիկ` կյանքի կնճռոտ իրավիճակների պահին: Մեր ճակատագրի ամենադժնդակ ժամանակներում անգամ նրանք հավատարիմ են մնացել ուսուցչի իրենց բարձր առաքելությանը: Այդ բանը հաստատող բազում վկայություններին կուզենայի ավելացնել ևս մեկը: Արևմտահայաստանից մեզ հասած ձեռագրի մի մատյանի վերջին էջին ես կարդացել եմ ցնցող մի պատմություն:

«Մեռավ Տեր-Մինասը` գյուղի միակ ուսուցիչը: Գյուղն ու վեց աշակերտները որբացան: Տեր-Մինասը մեռավ դպրոցի շեմին ընկած, հարբած ենիչերու թրի հարվածից: Այդ օրը ուսուցիչը այբուբենի վերջին տառն էր սովորեցնում և խնդրեց ենիչերիներին, որ չընդհատեն դասը, մինչև երեխաները սովորեն գրել վերջին տառը: Հարբած ենիչերին չանսաց և խփեց Տեր-Մինասին: Վիրավոր գլխից արյունը հոսեց քարե սալին: Վերջին շնչում Տեր-Մինասը մոտ կանչեց իր Վահրամ աշակերտին, նրա ձեռքը թաթախեց իր արյան մեջ և քարե սալին գրեց մեր այբուբենի վերջին տառը: Գյուղ Ջրասուն, 1827 թիվ, Կարին: Բոլորը հավաքվել նայում են այբուբենի վերջին տառին ու լալիս են: Անձրևոտ մի օր էր»:

Նաև այսպես` իր արյունով է հայ ուսուցիչը սովորեցրել մայրենին և դրա համար մեծարել է նրան ժողովուրդը` որպես իր ինքնության պահապանի:

Մեր ժողովրդի նոր ժամանակներում, երբ վերածնված Հայաստանում հարյուրավոր դպրոցներ բացվեցին, և ուսուցիչների թիվը տասնյակ հազարների հասավ, իսկ աշակերտների թիվը` հարյուր հազարների, ժողովրդի վերաբերմունքը ամենևին չտատանվեց. ուսուցչի դժվարին գործն այսօր էլ արժանանում է ամենայն հարգանքի և գնահատության: Բայց աչք չփակենք նաև նոր իրավիճակի բարդության վրա. ոչ հեռու անցյալում, երբ գյուղում մեկ-երկու ուսուցիչ էր, քաղաքում` 25-30, վիճակը բնականաբար այլ էր: Նախ ուսուցիչ էին դառնում քչերը, ընտրյալները (մենք այսօր հիշում ենք Ներսիսյան դպրոցի ուսուցիչներին, իսկ քանի՞ Ներսիսյան դպրոց ունեինք) և ապա` երբ ուսուցիչ մեկ-երկուսն են, բնականաբար, նրանք արժանանում են շատ ավելի ընդգծված ուշադրության և վերաբերմունքի:

Այսօր, հազար հինգ հարյուր դպրոցի, 40 հազար ուսուցչի (վեց հազար` միայն հայերենի ուսուցիչ կա) 600 հազար աշակերտի պայմաններում պատկերը, բնականաբար, նույնը լինել չի կարող: Այսօր մենք շատ ավելի հիանալի ուսուցիչներ ունենք , բայց նրանց համար իբրև իսկական ուսուցիչ ընդգծվելը շատ ավելի մեծ տաղանդ, գիտելիք և մտավորական ավելի բարձր նկարագիր է ենթադրում:

Չմոռանանք նաև մեր ժամանակի բարդությունը, այլևայլ ինֆորմացիայի այն հեղեղը, որ թափվում է աշակերտի գլխին, պատանուն ձգող, նրան ուսուցումից կտրող հմայքները` հեռուստատեսություն, մոդա, կինո, սրճարան և այլն: Չմոռանանք նաև կյանքի սուր հարցերից, կյանքի ստվերոտ կողմերից` նոր սերնդի լավատեղյակությունը: Նաև ամեն ինչ քննարկելու նրանց կիրքն ու, հաճախ, կեցվածքը: Չմոռանանք նաև իդեալի և իրականության անհամապատասխանության ոչ քիչ դրսևորումները:

Եվ այս ամենի դեմ-հանդիման կանգնում է ուսուցիչը: Կանգնում է ամեն օր: Աշակերտը գիտի նաև իր ուսուցիչների անձնական կյանքը. որքա՞ն  է համապատասխանում նրանց քարոզած ճշմարտությունը այն կյանքին, որով իրենք են ապրում: (Ճշմարտության մասին խոսելն ավելի դյուրն է, ճշմարիտ ապրելն է դժվար): Այս ամենի միահյուսումից է այսօր գոյանում «ուսուցչի հեղինակություն» կոչվող առեղծվածը. ի՞նչ հրաշքով է նա գոյանում, ի՞նչ ցնցումներից է նա երերում…

Ուրեմն, այսօր է՛լ ավելի կարևորագույն նշանակություն է ստանում, թե ո՞վ է ուսուցիչը:

Մենք ունենք մանկավարժական բուհեր: Հարկ չկա և, մանավանդ, ես պատրաստ չեմ այսօր խոսելու վիճակի մասին ընդհանրապես, միայն երկու մտահոգություն: Առաջին` մանկավարժական բուհեր, ցավոք, գնում են ոչ ամենաշնորհալիները, հաճախ այդ բուհը շրջանավարտների համար պարզապես դառնում է խարիսխ գցելու ամենավերջին նավահանգիստը: Եվ ապա` ուսուցիչը ոչ միայն գիտելիք է, այլև երեխաների հետ աշխատելու հակում և տաղանդ, խստության և բարության ներդաշնակ միահյուսում, ճաշակ, բարեկրթություն, անգամ` արտաքին տեսք, քայլվածք, առոգանություն:

Ո՞վ է այս ամենը ճշգրտում` այդ բուհերում ընդունելության քննություններից առաջ: Եվ մի՞թե այդքան անհնար է դա իրականացնել. փորձված մանկավարժների, մտավորականների տարբեր հանձնախմբեր մի՞թե չեն կարող նախապես զրուցել դիմորդների հետ և պարզել` ո՞վ հակում ունի իր ապագա կոչման նկատմամբ: Այդ զրույցի եզրահանգումն ինձ ավելի կարևոր է թվում, քան հետագա քննությունների արդյունքները. գիտելիքները ձեռք բերովի բաներ են, ուսուցչի տաղանդը պետք է լինի մարդու էության մեջ` ինչպես արտիստի, գրողի, նկարչի տաղանդը:

Այս ամենն ընդգծված կարևորություն է ստանում լեզվի և գրականության ուսուցչի պարագայում: Ես ինձ թույլ եմ տալիս մեջբերելու իմ «Վերջին ուսուցիչը» վիպակի հերոս, գրականության ուսուցիչ Վահան Մամյանի բառերը, որովհետև ավելի լավ հավանաբար չկարողանամ ասել:

Վերհիշելով Ավ. Իսահակյանի տողերը` «Ես ձեզ ասում եմ կգա Ոգու սով և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ»,-Մամյանը մտորում է.

«Գրականությունն, այո, հրեղեն խոսք է, իսկ ի՞նչ ենք մենք հասցնում երեխաներին այդ «հրեղեն խոսքից». մի սիգարետի ծուխ, մի լուցկու կրակ… Այսինչ վեպի գաղափարական բովանդակությունը, այսինչ պոեմի պատկերները, այսինչ պիեսի դրական և բացասական կերպարները: «Հրեղեն խոսքը» կտոր-կտոր ենք անում, մասնատում, տեսակավորում, որ հեշտ լինի վերլուծելը: Բանաստեղծության հեղեղը ճգնում ենք խցկել ջրմուղի խողովակների մեջ և բաց թողնել կաթիլ-կաթիլ: Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին: Մենք նրանց ծով ենք մտցնում ազդանշանով և թույլ տալիս, որ խորանան մի քանի մետր միայն, ամեն քայլի ստիպում ենք, որ ետ նայեն. հո շատ չհեռացա՞ն ափից: Եվ ծովը դադարում է ծով լինելուց, դառնում է տաք ջրով լողավազան: Այդպես չե՞ն նրանք առաջին անգամ շփվում Պուշկինի, Թումանյանի, Տերյանի հետ… Եվ գրականության անհայտ, կախարդական աշխարհը դառնում է թվանշան ստանալու համար տված «տնային հանձնարարություն»:

Ես հասկանալի է, ամեն ինչում չէ, որ համաձայն եմ իմ հերոսի պոռթկուն ծայրահեղության հետ և բնավ ցանկություն չունեմ բանաձևելու գրականության դասավանդման այսօրվա ընդհանուր պատկերը:

Եվ, այնուամենայնիվ, վիճակը հաճախ դառը խորհրդածությունների առիթ է տալիս:

Ծրագիր և դասագիրք: Նախ և առաջ` սրանցով է պայմանավորվում լեզվի և գրականության դասավանդման գործը: Գուցեև հասկանալի, բացատրելի պատճառներով (աշխատանքի ուսուցում և այլն, և այլն), բայց ցավալի է, որ երկրի դպրոցներում ընդհանրապես կրճատվեցին 8-10 դասարանների լեզվի և գրականության դասաժամերը: Ես հիշում եմ, 10-րդ դասարանում մենք շաբաթական 5 ժամ լեզու և գրականություն ունեինք, հիմա` երկու ժամ է դարձել: Եվ` միայն գրականություն: Չեմ կարծում, թե հիմնավորված էր մայրենի լեզվի ուսուցումը 8-րդ դասարանով ավարտելու որոշումը, թեպետ բարձր դասարաններում քերականություն, շարահյուսություն պետք է դասավանդել երևի այլ սկզբունքներով, միահյուսված գրականության փաստերի հետ:

Անցյալ տարվանից հաստատվել և գործի է դրվել լեզվի և գրականության նոր ծրագիր, որը մինիստրության մի հանդեսի խմբագրականում արդեն գնահատվել է իբրև էապես նորացված և ավելի գիտական:

Ես հասկանում եմ, որ ծրագիր ստեղծելը բարդ, դժվարին գործ է, բայց նոր այս ծրագիրը, մեղմ ասած, իմ մեջ խանդավառություն չի առաջացնում: Այս պահին ես լսում են ընկեր Ս. Հախումյանի մեղմ հակաճառությունը. «Չէ՞ որ մենք ծրագիրն ուղարկեցինք գրողների միություն, խնդրելով այն քննարկել»: Ծրագիրը, իրոք, մեզ ուղարկվեց: Բայց ես կարծում եմ, որ նման ծրագիրը նպատակահարմար էր քննարկել ոչ թե առանձին-առանձին, այլ միայն համատեղ` մանկավարժ-գիտնականների, գրողների և ուսուցիչների խառը հանձնախմբով. մենք պետք է լսեինք իրար ու միասին հանգեինք որևէ եզրակացության:

Նոր ծրագրում կատարված մեկ-երկու փոփոխության մասին: Ասենք, Նար-Դոսի` «Սպանված աղավնին» փոխարինվել է «Աննա Սարոյան» վիպակով: Բայց չէ՞որ Թուսյանի կերպարը իր ցինիզմով, մարդկային նուրբ զգացմունքների նկատմամբ ծաղրական կեցվածքով, թերևս, շատ ավելի արդիական հնչողություն ունի և, մանավանդ, ուսուցչին հնարավորություն կտա այդ առնչությամբ խոսելու այսօր հանդիպող մարդկային նման կերպարների մասին (նաև պատանիների մեջ), քան Աննա Սարոյանի սրտաճմլիկ նամակները, որոնք մերօրյա սերնդի մեջ կարող են նաև քմծիծաղ առաջացնել:

Կամ` դուրս է թողնված Եղիշե Չարենցի «Գանգրահեր տղան» զմայլելի բանաստեղծությունը, պատճառաբանությամբ, թե տարիքային առանձնահատկությունն, իբր, հնարավորություն չի տալիս այդ բանաստեղծության հիման վրա «լիարժեք դաս կառուցել»:

Ծրագրի մեկնաբանությունները, հակիրճ բնութագրումները երևի կողմնացույց պիտի լինեն ուսուցչի համար: Կարդանք մեկ-երկուսը: «Անչափահաս տղայի առաջին աշխատանքը: Փոքրիկ ցրիչի և հեռագրատան ավագ աշխատակիցների փոխհարաբերությունները»: Սա վերաբերում է Վիլյամ Սարոյանի «Հեռագրատուն» պատմվածքին. ինչպե՞ս պիտի զարմանար Սարոյանը` այս ծրագրից իմանալով, թե ահա, ուրեմն, ինքն ինչ է գրել: «Աշխատանքային փոխօգնության գովքը պատմվածքում» — սա մեջբերում եմ Հր. Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի բնութագրումից: Երրորդ օրինակը. «Ոսկեհանդերձ աշնան պատկերումը «Աշուն» բանաստեղծության մեջ». – սա վերաբերում է Տերյանին: Բայց չէ՞ որ բանաստեղծի համար աշունը ոչ թե բնության եղանակ էր, այլ մետաֆոր, խորհրդանիշ, և նա, բնավ, բնապատկեր ստեղծելու մղում չի ունեցել: Ոմանց լրջորեն երևի թվում է, թե Տերյանը պարզապես նայել է պատուհանից, տեսել է աշուն է, թափվում են տերևները և նստել բանաստեղծություն է գրել: Այսպես անում են միայն չորրորդական, օրացուցային բանաստեղծները, բայց ոչ Տերյանի նման զտարյուն բանաստեղծները:

Ծրագիր կազմելը հիրավի դժվարին գործ է և նույնպես տաղանդ է ենթադրում: Մի կողմում Է1600-ամյա գրականության բյուրեղացած արժեքները, մյուս կողմում` անողորմ ժամանակը, որը կարող է կասկածի տակ առնել անցյալի նույնիսկ վավերական արժեքները: Բայց եթե ծրագիրը չստեղծվի ժամանակի նրբին զգացողությամբ, իմացությամբ ու տակտով, մենք կարող ենք հասնել նաև հակառակ արդյունքի: Ձևականորեն կանցնենք այսինչ հեղինակին, նրա այսինչ գործը, իրականում կանվանարկենք նույն այդ հեղինակին, ավելի մեծ հաշվով` մեր գրականությամբ:

Կուզենայի, որ ծրագրի հեղինակները ինձ ճիշտ հասկանային: Ես խորագույն հարգանքով եմ վերաբերում նրանց աշխատանքին և ինձ հաշիվ եմ տալիս, որ միայն մոտավոր եմ պատկերացնում նրանց գործի կնճռոտ բարդությունը: Իմ մտահոգությունը թելադրված է մի ցանկությամբ` չխրտնեցնել արդի սերնդին մեր գրականությունից:

Այնուհետև` լուսավորության մինիստրության նույն հանդեսում, որի մասին վերը խոսվեց, նոր ծրագրի արժանիքն է համարվում նաև այն, որ սովետահայ արդի գրականության անվանացանկը 20 անունից դարձվել է վեց անուն: Ես չեմ ուզում վիճարկել այդ վեց անունների անվրեպ ընտրությունը, բայց ուզում եմ միամտորեն զարմանալ: Այդ ինչպե՞ս պատահեց. սովետահայ գրականությունը զարգանում է, հարստանում նոր անուններով ու գործերով, իսկ անուններն այդպես հախուռն կրճատվում են: Սովետահայ արդի գրականությունը կարմրելու հիմքեր չունի, մեր լավագույն գրողների գործերը թարգմանվում են ռուսերեն, մեր երկրի ու աշխարհի տարբեր լեզուներով, այդ ստեղծագործությունների մասին ամենուրեք գրվում են լուրջ հոդվածներ և ուսումնասիրություններ, իսկ ծրագրի հեղինակներն արդեն վերջնակետի են հասել: Ինչպե՞ս հասկանալ: Երևի ինձ կհակաճառեն, թե կա նաև արդի գրականության նախասիրական (ֆակուլտատիվ) դասընթաց: Նախ ուզում եմ հարցնել, թե քանի՞ դպրոցում և քանի աշակերտ է հաճախում այդ դասընթացները: Հավանորեն նրանց թիվը մեծ չէ: Եվ ապա. նախասիրական դասընթացի ծրագրում, վերջին տասնամյակների մեր ողջ գրականությունից հանձնարարվում է միայն հինգ անուն, ի դեպ, նույն անունները, որ կան հիմնական ծրագրում: Ընդ որում, հինգ բանաստեղծ: Չկա ոչ մի արձակագիր: Նույնիսկ ներածական բաժնում, որտեղ թվարկված են մի քանի դրամատուրգ և քննադատ, դարձյա արձակագրի անուն չկա: Ինչպե՞ս հասկանալ: Վերջին տասնամյակների մեր արձակի նվաճումներն ակնհայտ են և վավերացված ոչ միայն հայ, այլև համամիութենական քննադատության կողմից, ինչպես նաև գրողների մեր համագումարներում: Շատ արձակագիրներ սիրված անուններ են ընթերցողների համար, նրանց գրքերին սպասում են, կարդում, քննարկում: Այդ թվում նաև պատանի ընթերցողը: Մասնավորապես արձակի մեջ է մարմնավորվում մեր ժողովրդի արդի հոգեկան նկարագիրը, հանրապետության իրականությունն ու պրոբլեմները, այսօրվա սերունդն այդ գրքերում է որոնում իր շատ հարցերի պատասխանները, ուրեմն, ինչո՞ւ նման քամահրական վերաբերմունք…

Եվս մի խնդիր:

Մեր արդի գրական և կենդանի լեզուն հղկվելով, նորանալով, վերջին տասնամյակներում բավականաչափ հեռացել է այն հայերենից, որով ստեղծվել են դասական շատ արժեքներ: Հենց այդ հանգամանքն էլ հաճախ խոչընդոտ է դառնում, որ նոր սերունդը կարդա, սիրի այդ գրքերը: Ուրեմն, կամաց-կամաց այդ գրքերը չե՞ն դառնալու գրադարանի զարդ… Ասենք, Աբովյանի «Վերք Հայաստանին» — զգացմունքների այդ հրաբուխը, մեր ժողովրդի բնավորությունը, պայքարն ու ճակատագիրն իմաստավորող այդ զմայլելի վեպ-պոեմը: Այսօրվա դպրոցականներից քանի՞սն են կարդացել… Եվ պատճառը արդեն ինչ-որ չափով անմատչելի դառած լեզուն չէ՞: Ուզում եմ առաջ քաշել մի գաղափար, որ կարող է նաև դիմադրության հանդիպել, բայց մտածենք: Մի՞թե չի կարելի առնվազն, «դպրոցական գրադարան» մատենաշարի հրատարակությամբ «Վերքը» վերամարմնավորել արդի հայերենով, կատարելով նաև ինչ-ինչ կրճատումներ: Իհարկե, պայմանով, որ այդ անողը տաղանդավոր գրող լինի: Նույնը կարող է վերաբերել նաև անցյալի ուրիշ գրողների` Սունդուկյան, Պռոշյան, արևմտահայ որոշ գրողներ: Կորուստներ կլինեն անպայման, բայց պետք է ճշգրիտ հաշվենք, ի՞նչ ենք կորցնում և ի՞նչ ենք շահում: Քանի հարյուրամյակ Գրիգոր Նարեկացին միայն սրբազան անուն էր, համարյա միֆ, որի հանճարեղ պոեմը միայն հատուկենտ մարդիկ էին կարդացել: ԵՎ ահա, Նարեկացին այսօր հնչում է արդի հայերենով և շարունակում է իր կյանքը իբրև կենդանի բանաստեղծ:

Կրկնում եմ` կորուստներ կլինեն. Գրողի ոճի, լեզվի պատկերների ինչ-ինչ նրբություններ դժվար կլինի պահպանել, բայց… բայց գրողը կվերադառնա ընթերցողի հոգեկան աշխարհը, կշարունակի ապրել:

Մի քանի խոսք դասագրքերի մասին:

Դեռևս 1916 թվականին Թումանյանը գրել է. «Մեր լեզուն և գրականությունը բարեփոխվում են տարեցտարի, և դասագիրքն էլ,եթե կենդանի դասագիրք է, պետք է նորոգվի և կատարելագործվի»:

Այո′, գրականության և լեզվի դասագիրքը նույնպես հեշտ չի ստեղծվում: Բայց օրինաչա՞փ է, արդյոք, որ այսօր էլ աշակերտն օգտվում է30-ական թվականներին ստեղծված շարահյուսության դասագրքից, որ վերահրատարակվում է, եթե չեմ սխալվում, 30-րդ անգամ: Մազաչափ անգամ չեմ ուզում ստվեր գցել այդ դասգրքի վրա – այն արել է իր գործը և լավ է արել: Բայց չէ՞ որ հնացել են առնվազն օրինակները, և դրանք հաճախ չեն արտահայտում մեր օրերի աշակերտների կենսափորձը: Նաև լեզվի գեղցկության և մաքրության առումով` ոչ-քիչ օրինակներ քննություն չեն բռնում այսօր:

Այս ցանկությունն արտահայտելով, ճիշտն ասած, ես նաև փոքր-ինչ զգուշանում եմ: Միշտ չէ, որ հնի փոփոխությունը նաև բարեփոխում է բերում: Մասնավորապես պետք է զգույշ և նրբանկատ լինել քերականության կայունացած տերմինների նկատմամբ: Հայոց լեզվի մի ուսուցիչ ինձ պատմեց, որ իմ սերնդին հայտնի «ապառնի»-ն ինչ-որ ժամանակ վերանվանվեց «կատարելի», իսկ վերջերս արդեն` «ապակատար»: Կամ անկատարի 2-րդ ձևը վերջերս վերանվանվել է«համընթացական». բառն արտասանել անգամ դժվար է: Առհասարակ, քերականական տերմինների մասին: Մեր լեզվաբանները գուցե ավելի գթասիրտ դառնան և բեռնաթափեն դասագրքերը շատ խրթին տերմիններից, որոնք էական չեն:

Գրականության դասագրքերը նույնպես պետք է տևականորեն վերափոխվեն, նորանան: Մեր գրականագիտությունն այս տարիներին ճշգրտել է շատ արժեքներ և երևույթներ, սրբագրվել են անգամ մեր գրականության մեծերին տրված ինչ-ինչ կամայական բնութագրումներ, նշանավոր գրողների հոբելյանների առիթով ի մի է բերվել այդ ամենը և գոյացել են գնահատության ավելի ճշգրիտ չափանիշներ: Դասագիրքը չպետք է անտարբեր մնա այս սրբագրումներին: Մեր անվանի գրականագետ Հր. Թամրազյանը գրել է «Սովետահայ գրականության պատմության» առաջին մասը: Սովետահայ գրականության ձևավորման և առաջին հիսնամյակի գրական մի շարք էական երևույթներ, առանձին գրողներ և երկեր ստացել են նոր, ավելի ճշգրիտ և խոր մեկնաբանություն: Ես կարծում եմ, որ այդ ամենը պետք է արտացոլում գտնի նաև նոր դասագրքերում, իսկ ուսուցիչն այդ ամենը պետք է նկատի ունենա արդեն այսօր:

Մեր դասագրքերի դասագիրքը «Այբբենարանն» է, առաջին պատուհանը, որ մանկան համար բացվում է մայրենի լեզվի և գրականության կախարդական աշխարհի վրա: Եվ, ուրեմն, «Այբբենարանը» եղել է և պիտի մնա մեր հոգսերի հոգսը: Այս մտահոգությամբ էլ վերջին տարիներին մեր գրողները բանավոր և գրավոր մի շարք ելույթներ ունեցան: Ես նկատի ունեմ, մասնավորապես, Լևոն Հախվերդյանի հոդվածը «Գրական թերթում»: Գրողների մեր վերջին համագումարում արձանագրվեց, որ հիշյալ հոդվածը, իրոք, գրված է պոլեմիկ սուր շեշտադրությամբ, մի շարք օրինակներ, մեղմ ասած, չէին համոզում, հոդվածում երևի պակաս էր նաև այն պարտադիր հարգանքը, որ մենք պիտի ունենանք նման դժվարին դասագրքի հեղինակների շնորհակալ աշխատանքի նկատմամբ: Մենք` գրողներս, բնականաբար հասկանում ենք, որ «Այբբենարանին» առաջադրվում են խստիվ կանխորոշված ուսուցողական, մանկավարժական խնդիրներ: Բայց մի՞թե այդ խնդիրների շրջանակում չի կարելի բարեփոխել, ավելի գեղեցիկ և հրապուրիչ դարձնել դասագրքերից ամենակարևորը` ինչը և հիշյալ հոդվածի գլխավոր մտահոգությունն էր: Եվ այս հարցում մեր հարգարժան մանկավարժները մի՞թե չեն զգում գրողների կարիքը:

Շատ թռուցիկ ուզում եմ անդրադառնալ մեր թարգմանվող դասագրքերի հայերենին: Սա փոքր հարց չէ. նաև մաթեմատիկայի, պատմության, քիմիայի դասագրքով է աշակերտը սովորում մայրենի լեզու: Այդ հայերենը, ցավոք, չի դիմանում ամենամակերեսային քննադատության անգամ: Բերեմ երկու օրինակ 6-7-րդ դասարանների կենսաբանության դասագրքից: Դասագրքի 76-րդ էջում տպագրված ճանճի նկարի տակ կարդում ենք. «հարսնյակից դուրս եկած երիտասարդ ճանճ»: Երիտասարդ բանաստեղծ գիտեինք, հիմա պարզվում է, որ լինում է նաև երիտասարդ ճանճ, երևի կլինի նաև միջին տարիքի, ապա ծեր կամ թոշակառու ճանճ: Նույն դասագրքի 189-րդ էջում կարդում ենք. «Կապույտ կետը ժամանակակից ամենախոշոր կաթնասունն է: Առանձին անհատներ ունենում են մինչև 30 մետր երկարություն և 156 տոննա քաշ»: Այստեղ էլ` կետ ձուկը դառնում է անհատ և եթե փորձենք ետ թարգմանել ուսերենի` կետը, ուրեմն, կդառնա личность:

Մի քանի խոսք ռուսերեն ուսուցմամբ դպրոցներում հայոց լեզվի և գրականության դասավանդման վիճակի մասին: Այդ դպրոցներում հիմնականում սովորում են հայ երեխաներ և նրանք պարտավոր են խորապես իմանալ իրենց մայրենի լեզուն, գրականությունը, պատմությունը: Նրանց հետագա կյանքն ու աշխատանքը նույնպես կապված են լինելու իրենց ժողովրդի, հանրապետության հետ և, բնականաբար, անթույլատրելի, նաև անհարգալից է` քամահրական որևէ վերաբերմունք այս հարցում:

Ասվել է շատ, բայց կրկին պետք է ասվի` անհրաժեշտ է հասնել այն բանին, որ հայկական դպրոցներն ավարտող պատանիներն ու աղջիկներն ըստ ամենայնի տիրապետեն ռուսերենին` աշխարհի ամենահարուստ, ճկուն և շքեղ լեզուներից մեկին: Ռուսերենը մեր երկրի ժողովուրդների եղբայրության և մշակույթների փոխհարստացման լեզուն է, ռուս մեծ մշակույթի և համաշխարհային գրականության դռները բացելու անփոխարինելի ոսկե բանալին:

Եվ, միաժամանակ, ռուսերեն ուսուցման մեր դպրոցների շրջանավարտները պետք է ըստ ամենայնի տիրապետեն հայերենին: Նման հարցադրումը վեճ չի հարուցում ամենևին: Այդ դեպքում ինչո՞ւ հայոց լեզվի և գրականության ուսուցումն այդ դպրոցներում որոշվում է աշակերտների կամ նրանց ծնողների կամքով, ավելի ճիշտ` քմահաճույքով. այսինքն` կուզենամ կսովորեն, կուզենամ` ոչ: Նման կեցվածքի համար նրանցից շատերն ափսոսում են հետագայում կամ կափսոսան, բայց ամեն սխալ չէ, որ հետո կարելի է ուղղել: Եվ նման «նախասիրական» պայմաններում ամեն ինչ մնում է հայոց լեզվի ուսուցչի անձնական հմայքին կամ էնտուզիազմին: Այս վիճակը ուղղվելու կարիք ունի: Ռուսերեն ուսուցման դպրոցներում հայոց լեզվի և գրականության դասավանդման գործն առհասարակ կարոտ է լուրջ ուշադրության ու ջանքերի, մինչդեռ առ այսօր նրանց համար ստեղծված չէ անգամ հայերենի քերականության դասագիրք:

Ի մի բերելով ասվածը, կուզենայի վերհիշել Ստ. Զորյանի արտահայտած մի կարևոր միտք. «Մեր լեզուն պահպանում են մեկ նրանք, որ մի այլ լեզու չգիտեն, բացի հայերենից, և մեկ էլ նրանք, որ շատ լեզուների են տիրապետում, բայց հայերենը հիմնավոր գիտեն»:

Խորաթափանց գրողի հետ միասին մենք ևս կարող ենք հպարտանալ, որ հայ ժողովրդի, մանավանդ նրա ճշմարիտ մտավորականության համար երբևէ հրապուրիչ և ընդունելի չի եղել առաջին ուղին, որ տրամաբանորեն հանգեցնելու է ազգային մշակույթի ներփակման` իր կեղևի մեջ, ժողովրդին զրկելու է փոխադարձ կապերից ու առնչություններից և նույն այդ մայրենի լեզուն տանելու է աստիճանական քայքայման: Մանավանդ նոր ժամանակներում, երբ ժողովուրդը, իբրև իր երկրորդ մայրենի, սովորում և յուրացնում է ռուս մեծասքանչ լեզուն, իսկ ետպատերազմյան սերունդները` նաև օտար լեզուներ, Ստ. Զորյանի հիշյալ նկատառումը ավելի կարևոր խորհուրդ է հուշում:

Դպրոցը հայ գրողի համար միշտ էլ եղել է հոգսի և սիրո առարկա: Անցյալի մեր շատ դասականներ պաշտոնավարել են իբրև ուսուցիչ, դասագրքեր են գրել, եղել են դպրոցական ծրագրերի հեղինակներ:

Այսօր մեր գրողները դպրոցին պետք է օգնեն ամենից առաջ լավ, ազնիվ և խելոք գրքեր գրելով. խոսքը վերաբերում է նախ և առաջ պատանեկությանը հասցեագրվող գրքերին: Քիչ բան չի ստեղծված այս տարիներին, բայց մեր չմարած պարտքերը շատ ավելի են: Մասնավորապես ժամանակակից դպրոցը` իր առօրյայով, ուսուցիչների և աշակերտների բնավորության մեջ ուրվագծվող հոգեբանական տեղաշարժերով, հոգսերով ու բարդություններով` համարյա սպիտակ կետ է մեր գրականության քարտեզի վրա: Անկեղծ ասած` ինձ անհասկանալի է թվում «մանկական գրող» արտահայտությունը: Մանուկների համար գրել են և պետք է գրեն իսկական գրողները. ինչպես ասում են` երեխաների համար պիտի գրել այնպես, ինչպես մեծերի համար, բայց ավելի լավ: Հանրապետության Հրատպետկոմի հետ միասին գրողների միությունը ջանքեր է անում վիճակը շտկելու համար: Այս տարվա գարնանը մանկավարժների, մանկական գրադարանների աշխատողների մասնակցությամբ մենք կանցկացնենք գրողների միության վարչության հատուկ պլենում` նվիրված մանկապատանեկան գրականության, թատրոնի, կինոյի հարցերին: Կարծում եմ սպասվում է տաք և օգտակար խոսակցություն:

Այնուհետև, գրողների միությունում արդեն երրորդ տարին գործում է գրականության ժողովրդական համալսարան` հայոց լեզվի և գրականության ուսուցիչների համար: Ամիսը մեկ անցկացվող պարապմունքներում ուսուցիչների առաջ հանդես են գալիս մեր նշանավոր գրողները, գրականագետները, թարգմանիչները` հայ, ռուս, ինչպես նաև միջազգային գրականության կարևոր երևույթների մեկնաբանությամբ: Տեղի են ունենում կենդանի զրույց, հարցուպատասխան, բանավեճ: Կարծում եմ, որ համալսարանը կարող է օգտակար լինել ուսուցչին` իր գործնական աշխատանքում:

Հանրապետության վեց դպրոցներում անցյալ տարի մենք իրականացրինք նոր մտահղացում` գրականության դասը վարում է գրողը: Առաջին դասերի արդյունքը գոհացուցիչ է թվում. և՛ աշակերտների, և՛ ուսուցիչների համար օգտակար և հետքրքիր եղավ ծրագրային թեմայի գրողական ընկալումը: Կարծում եմ, որ փորձը պետք է ավելի լայն ու խոր շարունակություն ունենա. գրողների միայն տոնական հանդիպումները դպրոցներում, որոնք նույնպես արվում են, երևի բավարար չեն:

Ուզում եմ խոսել մի գաղափարի մասին, որ, լուսավորության մինիստրության բարեհաճ աջակցությամբ, այս տարվա սեպտեմբերին երևի կյանք կստանա: Խոսքը երևանյան դպրոցներից մեկին հայոց լեզվի և գրականության խորացված ուսուցման թեքում տալն է: Եթե բնական է և օգտակար, ասենք, մաթեմատիկայի թեքումով դպրոցը, ապա սա նույնչափ բնական է, և կասկած չկա, որ օգտակար կլինի: Այդ դպրոցում հավանորեն հնարավոր կլինի անցնել նաև գրաբար, գուցե և արևմտահայերեն, դպրոցը կհրապուրի գրականության, լեզվի մեջ շնորհալի պատանիների, որոնց կարիքը պակաս չէ, քան շնորհալի քիմիկոսի կամ մաթեմատիկոսի: Գրողների միությունը սիրով հանձն է առել այդ դպրոցի շեֆությունը և իր կողմից ամեն բան կանի լավ մտահղացումն իրականացնելու առումով:

Մի խոսքով, գրող-դպրոց հարաբերությունը անսպառ հնարավորություններ ունի, և մեր հիմնական անելիքները առջևում են: Լուսավորության մինիստրության հետ միասին մենք առաջիկայում կանցկացնենք գրականության ծրագրերի, դասագրքերի համատեղ քննարկումներ, որոնք կարծում եմ, գործնական օգուտ կբերեն: Մեր մտահոգությունները նույնն են` ամեն բան անել, որ պատանին դպրոցն ավարտի մայրենի լեզվի բարձր իմացությամբ, կարողանա զգալ գրականության իրական հմայքն ու գեղեցկությունը, որ այդ գրականությունն արձագանք ունենա նրա հոգեկան աշխարհում, նպաստի նրա բարոյական նկարագրի ձևավորմանը:

 

Գրական թերթ, 5 մարտի 1982թ.

Թվայնացումը` Լեզվի ժողովրդական տեսչության

Գրառումը կատարվել է ԼԺՏ-ի նյութերը, Հայերենագիտություն, Հատուկ, Հրապարակախոսական բաժնում։ Էջանշեք այս հղումը.