Գերմանացի պահպանողական. մզկիթների լեզուն պետք է լինի գերմաներենը

Գերմանիայի պահպանողական թևի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ Անդրեաս Շոյերը, հայտարարել է, որ Գերմանիայի մզկիթների լեզուն պետք է դառնա գերմաներենը: Նա նաև կոչ է արել վերջ դնել Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից մզկիթների ֆինանսավորմանը:

Շոյերը, ով Անգելա Մերկելի քրիսոնեա-դեմոկրատների հետ միության մեջ մտած քրիստոնեա-սոցիալական միության քարտուղարն է, կարծում է, որ իսլամի քաղաքականացումը կազմաքանդում է ներգաղթյալ համայնքների ինտեգրման ջանքերը:

Այդ հայտարարությունը նա արել է Գերմանիայում թափ առնող թուրքական աղմկահարույց խայտառակության ֆոնին. Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը պահանջել է դատի տալ գերմանացի երգիծաբան Յան Բյոմերմանին:

Գերմանիայի հանրային հեռուստատեսության եթերում Բյոմերմանի արտասանած անհարմար ոտանավորը զայրացրել է Էրդողանին:

Երգիծաբանը նախազգուշացրել է, որ հիմա կխախտի խոսքի ազատության մասին գերմանական օրենքը, որից հետո արտասանել է ոտանավորը, որտեղ տողեր կային այն մասին, թե թուրք առաջնորդը սեռական կապի մեջ է մտել այծերի և ոչխարների հետ:

Նախօրեին թուրքական իշխանությունները բողոքել էին Անկարայում Գերմանիայի դեսպանին՝ գերմանական մեկ այլ ալիքով հեռարձակված երգիծական երգի համար: Երգը քննադատում էր Էրդողանին` կառավարման ավտորիտար ոճի համար: Այժմ Գերմանիայի դատախազությունը պետք է որոշի, թե արդյո՞ք անհրաժեշտ է մեղադրանք ներկայացնել Բյոմերմանին՝ օտարերկրյա պետության ղեկավարին վիրավորելու համար:

Երգիծաբանը ոստիկանական պաշտպանության տակ է, իսկ նրա հերթական հաղորդման օրը տեղափոխվել է:

Այս իրավիճակը բարդ երկընտրանքի առաջ է կանգնեցրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով, եվրոպական մյուս երկների ղեկավարների նման, ցանկանում է, որպեսզի Թուրքիան իր մոտ տեղաբաշխի Հունաստանից վտարվող միգրանտներին:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը չորեքշաբթի ընդգծել է, որ լրատվամիջոցների ազատության ոլորտում եվրոպական արժեքները վերանայման ենթակա չեն՝ անկախ միգրանտների շուրջ ձեռք բերված համաձայնության կարևորությունից: Բյոմերմանի անունը նա կոնկրետ չի հիշատակել:

Էրդողանի շահերը ներկայացնող գերմանացի իրավաբանը երեքշաբթի մանրամասնել է, թե իր հաճախորդը պահանջում է Բյոմերմանին պատժել` «նրան դարձի բերելու համար»: Գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում Անդրեաս Շոյերը հայտարարել է, թե Էրդողանի ռեակցիան «դժվար է մարսել» և հավելել, որ Եվրոպան չպետք է հրաժարվի իր լուսավորական սկզբունքներից:

Գերմանիայում մզկիթների ֆինանսավորման գործում Թուրքիայի դերի մասին հարցին ի պատասխան՝ նա կոչ է արել իսլամի մասին օրենք ընդունել, որով կարգելվի Գերմանիային խորթ, երբեմն էլ ծայրհահեղական արժեքների ներմուծումը արտերկրից:

Մզկիթների և իսլամական մանկապարտեզների ֆինանսավորումը այնպիսի օտարերկրյա պետությունների կողմից, ինչպիսիք են Թուրքիան և Սաուդյան Արաբիան պետք է դադարեցնել,-ասել է նա: Իմամների ուսուցումը պետք է տեղի ունենա Գերմանիայում, նրանք պետք է կրեն մեր արժեքները: Մեր մզկիթների լեզուն պետք է դառնա գերմաներենը:

Գերմանիայի մոտ երեք միլիոն բնակիչների ծնողներից առնվազն մեկը թուրք է: Գերմանիայում գործող մզկիթների մեծ մասը մտնում են կրոնի հարցերով Թուրք-իսլամական միության մեջ:

Գերմանիայի իմամներից շատերը թուրքական ծագում ունեն և ընկալվում են թուրքական իշխանության ազդեցության միջնորդներ: Սակայն վերջին տարիներին գերմանական մի քանի համալսարաններ հիմնադրել են իսլամական կենտրոններ՝ այնտեղ իմամների նոր սերունդ պատրաստելու համար, իսկ Գերմանիայի մի շարք իսլամական համայնքներ փորձել են հեռվանալ Անկարայի ազդեցությունից:

Հոդվածը թարգմանվել է հատուկ Լեզվի ժողովրդական տեսչության կայքի համար:

http://www.bbc.com/russian/international/2016/04/160413_germany_mosque_row

Գրառումը կատարվել է Իրավական, ԼԺՏ-ի նյութերը, Միջազգային փորձ բաժնում։ Էջանշեք այս հղումը.