Բարբառով խոսել նշանակում է պաշտպանել մեր լեզուն

Քսաներկու տարեկան եմ և խոսում եմ   ֆրանկոպրովանսալ. բարբառը պաշտպանող երիտասարդի պատմությունը

Միշտ հպարտացել եմ, որ կարողանում եմ մեր բարբառով խոսել: Այստեղ, Սաժում[1], այն կոչվում է «Էվոլենի բարբառ»: Մեր բարբառը ֆրանկոպրովանսալ լեզուների ընտանիքից է: Մերոնք՝ հայրս, մայրս, քույրս, եղբայրս ու տատիկ-պապիկներս տիրապետում են բարբառին: Երբ նոր էի սկսել մանկապարտեզ հաճախել ընդամենը ֆրանսերեն մի քանի բառ գիտեի: Մարդկանց մի մասը հետաքրքրվում, մյուսները զարմանում են, երբ լսում են ինձ՝ բարբառով խոսելիս: Մի անգամ, բանակում, երբ հեռախոսով խոսում էի, զինվորներից մեկը հարցրեց, թե արդյոք ալբաներեն էի խոսում: Նա ինձ ասաց. «Տարօրինակ է, ես էլ եմ էդ կողմերից, բայց չհասկացա ասածներդ»: Մյուսներն ինձ ասում են. «Երբ տուն զանգես, ձայն հանիր, որ գանք քեզ լսենք»:

Բարեհունչ լեզու

Այսօր արդեն իմ սերնդի երիտասարդները ցանկություն են հայտնում բարբառով խոսել: Էվոլենցի իմ ընկերների հետ շատ հաճախ ենք իրար հետ բարբառով շփվում: Բարբառով խոսել նշանակում է պաշտպանել մեր լեզուն: Շատ քչերն են կարողանում կարդալ այդ լեզվով, էլ չեմ ասում գրելու մասին: Կարելի է բառարանից օգտվել: Սակայն որոշ բառերի ուղղագրությունը տեսնելիս՝ ինքս ինձ ասում եմ. «Ես այդպես չէի գրի»: Քերականական կանոններով այնքան էլ չեմ հետաքրքրվել: Տեխնիկական ժամանակակից իրերի (խելախոս, համակարգիչ, հեռուստացույց, հաղորդագրություն և այլն) համար օգտագործում ենք ֆրանսերեն համարժեքը: Զինվորական կոչումներն էլ չկան, բացի զինվոր բառից: Ո՞ր լեզվով եմ երազում: Երկու լեզվով էլ: Երբ գյուղում եմ՝ բարբառով, իսկ երբ Ֆրիբուրգ եմ գնում՝ համալսարանում սովորելու, ֆրանսերեն եմ մտածում:

Երջանիկ մանկություն

Ես ծնվել եմ Սաժում և ամբողջ կյանքս գյուղում եմ ապրել: Հայրս նույնպես այստեղ է ծնվել և մի փոքրիկ ատաղձագործական արհեստանոց ունի: Նրա մասին հաճախորդներն իմանում են մեկը մյուսից, մեր գյուղ այցելող զբոսաշրջիկներից ու գյուղ տեղափոխվող թոշակառուներից: Մայրս, որ Էվոլենի կողքի գյուղից է, դահուկասպորտի ուսուցչուհի է: Նա երեխաներին սովորեցնում է դահուկ քշել և տալիս է մասնավոր դասեր: Մեծ եղբայրս շուտով կավարտի Բիենի փայտամշակման բարձրագույն դպրոցը, իսկ քույրս սովորում է առևտրի բարձրագույն դպրոցում: Ես շատ կապված եմ մեր շրջանին և միշտ գոհ եմ շաբաթվա վերջին կամ հինգշաբթի օրերը գյուղ վերադառնալուս համար: Տրամադրությունս բարձրանում է: Մի տեսակ չեմ պատկերացնում, որ կարող եմ այստեղից հեռանալ: Հայրս քսան կով ունի: Իմ սիրած կենդանիները կովերն ու շներն են: Կովերին կռվացնելու համար ենք պահում, քանի որ նրանք շատ քիչ կաթ են տալիս: Կովամարտը մեզ համար իսկական մեծ տոն է: Երբ գյուղ եմ վերադառնում, միշտ ձեռք եմ մեկնում հորս, ամռանը օգնում եմ խոտհարքի ժամանակ, ինչպես բոլորը: Գարնանը և աշնանը մայրս է զբաղվում կենդանիներով մեր ալպյան գոմանոցում: Ամռանն անասունները սարերն են գնում: Կաթը փոխանակում ենք պանրով: Վաճառում էլ ենք, բայց մեզ համար էլ ենք պահում: Կով պահողները հիմնականում կողմնակի աշխատանք ունեն: Միայն կով պահելով չես կարող ապրել, նույնիսկ եթե դոտացիա ես ստանում:

Ընկերներին սովորեցնել

Հռոմի պատմությունն ինձ գրավել է դեռ փոքրուց: Շատ եմ կարդացել Աստերիքսի պատմություններն  ու պատմական այլ գրքեր, որ ծնողներս են նվիրել Սուրբ Ծննդյան և իմ տարեդարձի առթիվ: Ընկերներիցս մեկի հետ հորս արհեստանոցում վահաններ, դաշույններ ու թրեր էինք պատրաստում, հետո ներկում: Ու ընկնում էինք երանության գիրկը. եղբայրս ու զարմիկս բարբարոսներն էին, իսկ ես ու ընկերս՝ հռոմեացիները: Մենք հերթով պաշտպանում էինք հեղեղատի տակ գտնվող կամուրջը: Ես փառահեղ մանկություն եմ ունեցել:

Ճնշված ծնողներ

Մանկապարտեզ և նախակրթարան գնացել եմ Սաժում: Չորրորդ դասարանում մեր ուսուցիչը բարբառի դաս կազմակերպեց: Տասնութ աշակերտից ընդամենը չորսս գիտեինք բարբառով խոսել, բայց բոլոր աշակերտների առնվազն հայրը կամ մայրը տիրապետում էր բարբառին: Խնդիրն այն է, որ մեր ծնողների սերունդը ճնշված էր: Ժամանակին վատ աչքով էին նայում բարբառով խոսողներին, դպրոցում՝ պատժում: Ուստի բոլորը չեն, որ իրենց երեխաներին փոխանցել են մայրենի բարբառը: Ինչը ցավալի է: Մեր դասարանցիները բաժանվեցին խմբերի, որոնց մյուս չորսս սկսեցինք բարբառի հիմքը սովորեցնել: Ներկայում դպրոցները կազմակերպում եմ բարբառի ֆակուլտատիվ պարապմունքներ:

Ֆիլմ բարբառով 

Մանկությանս տարիներին Վալ դ՛Օտում կովամարտին ներկա եղած ժամանակ բացահայտեցի, որ վալդոտցիները նույնպես մեր բարբառով են խոսում՝ բացառությամբ մի քանի իտալերեն բառերի, որոնց փոխարեն մենք ֆրանսերեն համարժեքն ենք գործածում: Տարօրինակ զգացում էր այնտեղ հայտնվել և նրանց հասկանալ: Սիոնի դպրոցում ես անցնում էի տեսողական արվեստ կամընտրական առարկան: Այդ ժամանակ էլ բարբառով մի փոքրիկ ֆիլմ նկարեցի իմ բարբառախոս ընկերների հետ: Ֆիլմը պատմում էր Ժան Քինոդոյի լեգենդը, 18-րդ դարի դաժան պատմություն մի մարդու մասին, ով կնոջը խեղդամահ էր արել կատաղության պահին: Երբ ուսուցիչս իմացավ, որ բարբառով խոսել գիտեմ, կանչեց գրատախտակի մոտ, որ բոլորի առջև խոսեմ:  Ես մի քիչ ապուշություններ դուրս տվեցի, բայց երբ ուսուցիչս խնդրեց թարգմանել հնարովի բաներ ասացի:   

Բարաբառով խոսել Լոնդոնում

Դպրոցն ավարտելուց և բանակում ծառայելուց հետո ընկերներիս խորհրդով գնացի Ֆրիբուրգում սովորելու: Իմ վալեցի ընկերներից մեկի հետ բնակարան ենք վարձել: Ֆրիբուրգում վալեցի համալսարանականների միություն կա: Նրանք տարբեր միջոցառումներ ու խաղեր են կազմակերպում: Եվ քանի որ անընդհատ վալեցիների շրջապատում եմ, այդքան էլ չեմ տառապում կարոտից: Ապագայում ուզում եմ ուսուցիչ դառնալ: Իդեալական կլիներ դասավանդել Սիոնում, իսկ երեկոյան վերադառնալ տուն՝ Սաժ: Ինձ դուր է  գալիս հանգստությունը և գյուղական մթնոլորտը: Գյուղում բոլորս իրար բարևում ենք՝ անկախ ճանաչում ենք իրար, թե՝ ոչ: Քաղաքում ապրելն իմ բանը չէ: Ամենաշատը հինգ օր եմ ապրել գյուղից հեռու, բացառությամբ, երբ 2014թ.-ին յոթ օրով գնացի Լոնդոն: Իմ այստեղացի ընկերների հետ էի, և բարբառով էինք խոսում:

 
Էրիկ Քինոդոյի պատմությունն ըստ Սաբին Պիրոյի

Աղբյուրը` “J’ai 22 ans et je parle francoprovençal”

[1] Գտնվում է Շվեյցարիայի Վալե կանտոնում:

Հոդվածը ֆրանսերենից թարգմանվել է հատուկ Լեզվի ժողովրդական տեսչության կայքի համար

Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին, ԼԺՏ-ի նյութերը, Կրթական համակարգ, Միջազգային փորձ բաժնում։ Էջանշեք այս հղումը.