Բազմամիլիոնանոց Գուգլթրանսլեյթն ու էնտուզիազմով գոյատևող հայկական ISMA -ն

Չնայած աշխարհում օգտատերերի մեծ մասն օգտվում է «Գուգլի» թարգմանական ծրագրից, սակայն դժվար թե լինի մի հայ օգտատեր, որը գոնե մեկ անգամ չի փորձել հայկական translator.am թարգմանական ծրագիրը, որը հատկապես նախադասություններ թարգմանելու համար ինտելեկտուալ շատ ավելի մեծ շտեմարան ունի, քան «Գուգլը»:

Այո, համաձայնեք, որ աշխարհահռչակ «Գուգլի» թարգմանիչն այնքան էլ հաջող չէ, և հաճախ նախադասությունները թարգմանվում են բառացիորեն՝ առանց միտքն ամբողջությամբ վերարտադրելու: Մինչդեռ հայկական թարգմանիչը՝ ISMA-ն, ծրագրված է այնպես, որ հնարավորինս մոտ լինի տվյալ ազգային մտածողությանն ու ճիշտ թարգմանի միտքը: «Տեքստային թարգմանությունը սարսափելի բարդ է, դա արհեստական բանականություն է պահանջում: Դու պիտի նախադասության իմաստը լրիվ հասկանաս, իմաստային վերլուծություն կատարես, հետո նոր թարգմանես»,- ասում է ծրագրի համահիմնադիր, «Մեքենայական թարգմանություն» գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար, ճարտարագիտական համալսարանի երկարամյա դասախոս Էդուարդ Մանուկյանը:

Հայկական թարգմանական ծրագրով այս պահի դրությամբ կարելի է թարգմանություն կատարել 13 լեզվով: Սակայն ISMA-ն զուտ թարգմանիչ չէ. այն շատ ավելի հզոր գործառույթ ունի՝ սովորեցնում է հայոց լեզուն, ներկայացնում մեր լեզվի ողջ գրավչությունը, հարուստ բառապաշարը, շարահյուսությունը, մի խոսքով՝ փորձում է պահպանել հայոց լեզուն վիրտուալ տիրույթում: Բացի այդ, համակարգն ունի իր վիքիպեդիան, որտեղ ներկայացվում են բառերն ու դրանց նշանակությունը: Յուրաքանչյուր բառ ունի նաև լրացուցիչ տեղեկություններ, անգամ՝ պատկերային: Եվ այս ամենը, ի տարբերություն «Գուգլի», որի բյուջեն մոտ 300 միլիարդ դոլար է, ստեղծվել է, կարելի է ասել, զրո դրամով: Անհավատալի՞ է, բայց փաստ է: Ահա թե ինչ է պատմում Էդուարդ Մանուկյանը իր և եղբոր ստեղծած այս հրաշք նախագծի ու դրա ֆինանսական թշվառության մասին:

ISMA-ի կոլեկտիվը ձևավորվել է դեռևս 1978 թ. ՀՊՃՀ-ի գիտաշխատողներ Էդուարդ և Սուրեն Նշանի Մանուկյանների ջանքերով՝ զբաղվելով տվյալների և գիտելիքների բազաների կառավարման և արհեստական բանականության համակարգերի մշակումով:

2000 թվականից անձնակազմը հիմնականում զբաղվել է տեքստային ինտելեկտուալ վերլուծիչների մշակմամբ: Դրանց հիման վրա Մանուկյան եղբայրները 2000 թ. նախաձեռնել են հայերեն-անգլերեն և անգլերեն-հայերեն թարգմանական համակարգի մշակումները: Նկատենք, որ այդ ժամանակ անգամ «Գուգլի» թարգմանիչը չկար: «2000 թվականին պատահական ձեռքս ընկավ ռուսական «Պրոմթ» թարգմանիչը, և տեսանք, որ մենք էլ կարող ենք մեր ունեցած գիտելիքների հիման վրա դա անել: Եվ 2005 թվականին մեր համակարգն արդեն ինտերնետում էր»,- պատմում է Էդուարդ Մանուկյանը:

2008 թ. Սուրեն Մանուկյանը մահանում է, և համակարգը շահագործելու, զարգացնելու ողջ բեռը մնում է եղբոր՝ Էդուարդ Մանուկյանի ուսերին: «Կարելի է ասել՝ եղբայրս իր առողջությունն ու կյանքը զոհեց այս գործի համար»:

Էդուարդ Մանուկյանը նույնպես առոջական լուրջ խնդիր ունի՝ կապված տեսողության հետ: Նա բոլորովին չի տեսնում: Սակայն արդեն կես դարից ավելի է՝ ամեն օր պարտաճանաչ աշխատանքի է գնում, լծվում գործի: Բացի դասախոսությունից, եռանդը ներդնում է ISMA-ի վրա, փորձում է ամեն ինչ անել, որ 16 տարվա գործը կիսատ չմնա, այլ զարգանա ու ամենակարևորը՝ շահագործվի:

Երբ իրենցից հետո «Գուգլի» թարգմանական ծրագիրը ստեղծվեց, ISMA-ի համար էլ ավելի զարգանալու և նորարարություններ մտցնելու խթան դարձավ: «Ֆինանսական առումով, պարզ է, չէինք էլ կարող մրցել, բայց մեր մոտեցումն է ուրիշ. մերը իմաստային թարգմանիչ է, իսկ դրա համար պետք էր ունենալ գիտելիքների բազա: Շատերն են ասում, որ արագության տեսանկյունից օգտվում են «Գուգլի» թարգմանչից, բայց հենց որ բարդ նախադասություններ են լինում՝ մերով են թարգմանում»:

Իսկ երբ ISMA-ի թարգմանական գործառույթը բավականին կայացած էր, ընկերության համահիմնադիրն իր առաջ այլ կարևոր խնդիր է դնում՝ բառարանների ստեղծում. «Լեզուն պահելու համար պետք է ունենալ բառարաններ: Լեզուն պահում են բառերով: Ո՞ւր է, հիմա բառարան կա՞: Չկա»,- ասում է Մանուկյանն ու հավելում, որ եթե բառերը կորցնենք, ապա լեզուն էլ կկորցնենք:

Եվ հիմա ISMA-ում տեղադրված է մոտ 25 բառարան, որի նպատակը հայոց լեզվի հարուստ բառապաշարը պահպանելն է:

Բացի միջազգային լեզուներից, ISMA-ն նաև արևելահայերեն, արևմտահայերեն, գրաբար, համշենի բարբառով և այլ լեզուներով թարգմանությունների հնարավորություն ունի: Արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը թարգմանությունը շատ կարևոր է Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների զարգացման տեսանկյունից, և հենց այդ նպատակով Սփյուռքի նախարարությունը որոշակիորեն աջակցում է ծրագրին: Հետաքրքիր է, որ ISMA-ում կա նաև թալիշերեն ու լեզգիերեն թարգմանության հնարավորություն: Ինչո՞ւ: «Դա Ադրբեջանի թույլ կողմն է, գիտեք, որ այդ ազգերն այնտեղ շատ ճնշված են,- բացատրում է Մանուկյանը,- հիմա մենք թալիշներին ու լեզգիներին տվել ենք 20-ական բառարան, դա նրանց համար մշակութային մեծ օգնություն է»:

Նույնն էլ Թուրքիայում. զազաներ, քրդեր, համշենահայեր, որոնց լեզուներով նույնպես թարգմանելու հնարավորություն կա: Իսկ միայն թուրքերեն շուրջ 45 հազար բառ կա համակարգում:

«Հիմա իմ կռիվն այն է, որ էլեկտրոնային բառարաններ ստեղծենք: Լեզվի ինստիտուտն ի՞նչ է անում: Ոչինչ, բայց 60 հաստիք ունի: Ասում եմ՝ երեքը տվեք ինձ, ասում են՝ չենք կարող, բոլորը զբաղված են: Ի՞նչ են անում, չգիտես»:

19-ամյա Արմինեն ճարտարագիտականի ուսանող է և ISMA-ի այն երիտասարդ աշխատողներից, որոնք ավելի շատ աշխատում են էնտուզիազմից ու լավ գործ անելու գաղափարից դրդված, քան իբրև վարձու աշխատող, քանի որ ընկերությունը գումարներ չունի աշխատողներին կայուն ու բարձր աշխատավարձով ապահովելու համար: Էդուարդ Մանուկյանին նաև այդ առումով է մտահոգում համակարգի ճակատագիրը: Եղբայրն արդեն չկա, ինքն էլ իր սուղ միջոցները ներդնելու և որոշ բարեգործական նվիրատվությունների շնորհիվ եղած մի քանի աշխատողների պահում է, իսկ ի՞նչ է լինելու իրենից հետո, ո՞վ է պատասխանատու լինելու այս գործի համար: Նա պատրաստ է ծրագիրն ամբողջությամբ նվիրել պետությանը. փոխարենը ոչինչ չի ուզում, միայն երաշխիք, որ պետությունը միջոցներ կգտնի համակարգն անխափան շահագործելու համար: «Ինձ ոչինչ պետք չէ, քանի որ սա զուտ տեխնիկական, անձնական ծրագիր չէ, սա ազգային հարց է, լեզվի պահպանման հարց: Սա նաև երկրի վարկանիշն է բարձրացնում: Երբ ծրագիրը ստեղծվեց, այն տարածաշրջանում միակն էր, միայն գերտերություններն ունեին»:

Ի դեպ, Մանուկյանների ստեղծած ծրագրին ժամանակին մեծ հավանություն է տվել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որ 2005 թ. 10 միլիոն դրամ է հատկացրել սերվերային համակարգը պատրաստելու համար: 2007 թ. պայմանավորվածություն է ձեռք բերվել 45 մլն դրամ փոխանցելու վերաբերյալ, բայց, ցավոք, գործը կիսատ է մնացել. «Մահվանից 3 օր առաջ թուղթը ստորագրեց, ու դրանից հետո թուղթն ընկավ Տիգրան Սարգսյանի ու նրա թիմի ձեռքը, և այդպես էլ գումարը թղթի վրա մնաց»:

Անցյալ տարի պետբյուջեում ծրագրի համար գումար է հատկացվել, սակայն խնայողությունների պատճառաբանությամբ կրկին հանվել է: Ընդհանրապես, ամեն անգամ ինչ-որ բան կարծես խանգարել է, որ գործն առաջ գնա, և դա, ըստ Մանուկյանի, պատահական չէ: «Սա ազգային ծրագիր է, դրա համար էլ խանգարում են»,- ակնարկում է նա:

Չնայած այդ ամենին, Էդուարդ Մանուկյանը հույս ունի, որ այս տարվա պետական բյուջեում ծրագրի շահագործման համար գումար կհատկացվի: Ասում է՝ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն անձամբ է մեկուկես ժամ իր կողքին նստել և ուսումնասիրել համակարգը՝ զարմանալով ու հիանալով:

Նրա կարծիքով՝ այսօր Հայաստանում «գիտություն», «գիտնական» բառերը սպեկուլյացիայի աղբյուր են դարձել: «Ի՞նչ գիտություն, դա խաբեություն է,- ասում է նա,- քանի դեռ մասնագետ չես՝ չես կարող լինել գիտնական: Իսկ մասնագետ դառնում են երկար տարիների աշխատանքի շնորհիվ»:

Էդուարդ Մանուկյանը դոկտորի կոչում է ստացել դեռ խորհրդային տարիներին՝ սարսափելի դժվարություններ հաղթահարելով, սակայն իրեն համարում է ոչ թե գիտնական, այլ մասնագետ: Ինչ վերաբերում է հայաստանյան գիտությանը, ապա նա այն կարծիքին է, որ Գիտությունների ակադեմիան, Գիտությունների պետական կոմիտեն և նման կառույցները պետք է փակվեն, քանի որ դրանք զուտ ադմինիստրատիվ գործառույթ են կատարում. «Ֆինանսները պետք է ուղղվեն կիրառական գիտությանը: Մեր աղքատ երկիրը պետք է զբաղվի ոչ թե ֆունդամենտալ գիտությամբ, այլ կիրառական՝ լուծելով իր առջև դրված ազգային կոնկրետ խնդիրներ»:

Հեղինակ` Անի Գասպարյան

http://ankakh.com/article/45199/%E2%80%8Bbazmamilivonanvots-guglthranslyeythn-u-entuziazmvov-gvoyatyevvogh-haykakan-ISMA—n

Գրառումը կատարվել է Բառարաններ, Գերատեսչություններ և կազմակերպություններ, Գովազդ, Գործարարություն, Զանազան, Էլեկտրոնային ծրագրեր, Հայերենացնենք ցանցը, Ուղղագրիչ, Փոխարկիչներ բաժնում։ Էջանշեք այս հղումը.