Հայալեզու հավելված՝ iPhone-ի և iPad-ի համար

Օրեր առաջ ներկայացվեց հայկական արտադրության «KitKeys Armenian» ստեղնաշարը: «KitKeys» թարգամանաբար նշանակում է օգտակար բանալիներ: Հավելածի սկզբնական արժեքը 1.99 դոլար է: Այն նախատեսված է iOS (iPhone, iPad) օպերացիոն համակարգի համար, իսկ հիմնադիրը «Մոբոս» ընկերությունն է:

«KitKeys Armenian»-ն առաջարկում է բազմալեզու ստեղնաշար, ինչպես նաև՝ Տրանսլիտ ռեժիմի օգնությամբ կարելի է տպել հայատառ՝ օգտագործելով ռուսերեն կամ անգլերեն տառեր:

Առաջարկում է բառեր՝ կանխագուշակելով առավել հավանական հաջորդիվ բառը և դրանք ցուցադրում՝ ստեղնաշարի վերևում: Բացի առաջարկելուց, հավելվածը մտապահում է օգտագործված բառապաշարը  և վերարտադրում՝ կախված տեքստի բովանդակությունից։

Հավելվածով օգտվելիս՝ բառի վերջավորություն գրելու կարիք չկա. սեղմած պահելով համապատասխան տառը՝ կարելի է անմիջապես գրել «ություն» կամ «ական» վերջավորությունները։ «Kitkeys»-ն ունի բազմաթիվ զմայլիկներ (սմայլիկներ), որոնք դնելու համար հարկավոր չէ տպել խորհրդանիշեր։ Հավելվածը նաև ինքնաշտկում  է բառերը՝ հայերեն լեզվով iOS սարքերի համար:

Արագ կուրսորի միջոցով կարող եք սեղմած պահել բացատը, այն տեղաշարժել աջ կամ ձախ և շտկել տեքստը, կետադրել կամ ուղղել այն։

«Սկզբում մտածում էինք հայատառ հավելված ստեղծել, սակայն հետո որոշեցինք, որ միևնույնն է դժվար կլինի հայերեն չգրող մարդկանց «համոզել» օգտվել հայատառ ստեղնաշարից: Բացի այդ, IPhone-ից օգտվողների մի հատված կա, ով հայերեն տեքստերը գրում է լատինատառ: Նաև այս հանգամանքը դարձավ մոտիվացիա, որպեսզի լատինատառ կամ ռուսալեզու օգտատերերի համար ստեղծենք մի հավելված, որը տեքստը ինքնուրույն կփոխարինի հայատառի: Հայատառ տեքստերը նաև կօգնեն արտաքին աշխարհին ներկայանալ մեր լեզվով, ոչ՝ անգլերեն տառերով»,- նշում է «Մոբոս» ընկերության խորհրդատու Մուշեղ Մավիսակալյանը:

Աշխատանքային թիմը նպատակ ունի հավելվածը հասանելի դարձնել Google play-ի, Mac-ի և Windows-ի համար: Նաև ցանկանում են նման հավելված ներկայացնել պարսկական և վրացական շուկաներում, քանի որ նկատել են՝ այնտեղ ևս լատինատառ ստեղնաշարերը գերակշռում են:

Հավելվածն արդեն ունի գրեթե 5000 ներբեռնումներ: Սակայն ընկերության համար այս պահին առավել կարևոր է ոչ թե ներբեռնումների, այլ դրանից օգտնվողների քանակը:

Այս ամիսների ընթացքում ընկերությունը նաև կուսումնասիրի հավելվածի պահանջարկն ու նրա հանդեպ ցուցաբերվող հետաքրքրությունը: Միգուցե հավելվածը ներբեռման արժեքը 1.99 դոլարից դարձնի 99 ցենտ կամ մեկ դոլար:

«Մեր գլխավոր նպատակն այն է, որ հայերեն գրելու համար օգտատերերը առաջինը ոչ թե հիշեն KDwin-ը, այլ «KitKeys Armenian-ն»,-ասում է Մուշեղ Մավիսակալյանը:

Դիանա Ղազարյան

Աղբյուրը` http://hetq.am/arm/news/70090/hayalezu-havelvats-iphone-i-ev-ipad-i-hamar.html

Գրառումը կատարվել է Գործարարություն, Էլեկտրոնային ծրագրեր, Հայերենացնենք ցանցը բաժնում։ Էջանշեք այս հղումը.