Շուրջ 400 լեզվական խախտում՝ Կենտրոնում

Թեեւ կառավարության որոշմամբ տեսչական ստուգումները տնտեսվարողների մոտ սահմանափակվել են մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը, այնուամենայնիվ, դա չի խանգարել, որպեսզի Լեզվի պետական տեսչությունը որոշակի դիտարկումներ կատարի մայրաքաղաքի կենտրոնում հրապարակային գրվածքների վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսչության պետ Սերգո Երիցյանը նշեց, որ իրենց դիտարկումները կատարվել են հունիսի 13-27-ն ընկած ժամանակահատվածում՝ Երեւանի Մաշտոցի, Սայաթ-Նովա, Թումանյան, Աբովյան, Բաղրամյան, Կորյունի, Սարյան, Տերյան, Պուշկին, Ալեք Մանուկյան, Մոսկովյան, Ամիրյան, Հանրապետության եւ  Նալբանդյան փողոցներում.

«Դիտարկումների մեխանիզմը մեզ հնարավորություն է տալիս ծանոթանալ իրավիճակին եւ մտածել, այսպես ասած, դեղատոմսերի մասին»,-նշեց նա՝ հավելելով, որ սկզբնական շրջանում իրենք հորդորում են տնտեսվարողներին, հետո միայն անցնում պատժիչ միջոցների: Նշենք, որ խախտում կատարած տնտեսվարողները տուգանվում են 200-250 հազար դրամով:

Սերգո Երիցյանի խոսքով՝ նշված ժամանակաշրջանում Կենտրոնում կատարված դիտարկումների արդյունքում տեսչությունը հայտնաբերել է 366 խախտում՝ օտարալեզու գրվածքով 175 ցուցանակ, իսկ 191 ցուցանակի դեպքում թեեւ հայերեն գրվածք եղել է, բայց գերակշռել է օտար լեզուն. «Սկզբունքորեն Երեւանի կենտրոնական հատվածում ունենք օրենքի խախտում: Դրանք հիմնականում խանութները, ռեստորանները, սրճարանները, զբոսաշրջային եւ նման կարգի ծառայություններ մատուցող կազմակերպություններ են, որոնք գործ ունեն անմիջապես հանրության, այցելուների հետ»,- նշեց Լեզվի պետական տեսչության պետը՝ հավելելով, որ նման կերպ տնտեսվարողները ցանկանում են ավելի շատ զբոսաշրջիկ, այցելու գրավել:  Սակայն նա կարծում է, որ օրենքը ազատական է շատ, եւ որեւէ բան տնտեսվարող սուբյեկտին չի խանգարում նաեւ օտար լեզվով գրել այն, ինչը գրված է հայերեն:

Հարցին, թե ինչ են պատրաստվում անել իրենց դիտարկումների արդյունքների հետ, պարոն Երիցյանը պատասխանեց, թե առայժմ միայն կարող են տեղեկացնել տնտեսվարողներին, որ խախտում են օրենքը, մնացածը՝ նրանց բարի կամքի վրա են թողնում, մինչեւ, իհարկե, տեսչական ստուգումների եւ վարույթներ իրականացնելու արգելքը հանվի:

Սերգո  Երիցյանը չի կարծում, թե տնտեսվարողները տեղյակ չեն օրենքից.

«Լավ էլ տեղյակ են, երբ հարկ է լինում պայքարել դատական գործընթացներում, լավ էլ պայքարը վարում են, բայց մենք միշտ պատրաստ ենք եւս մեկ անգամ իրենց բացատրել եւ պարզաբանել օրենքի պահանջները»:

Հիշեցնենք, որ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու եւ վերջիններիս աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց  տնտեսվարողների մոտ ստուգումների իրականացման արգելքի ժամկետը երկարաձգել՝ այս տարվա հուլիսի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

Աղբյուրը` http://www.a1plus.am/1471271.html

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Գովազդ, Գործարարություն, Իրավական, Խախտումներ բաժնում։ Էջանշեք այս հղումը.