Հայաճանաչությունը Ֆրանսիայում մահանում է ձեր իսկ սեփական կամքով

armenian_students
Փարիզ, 2015թ. ապրիլի 24
Կոմիտասի արձանի առաջ սպասում ենք ֆրանսիացի պաշտոնյաների ելույթներին: Հայ երիտասարդներից բաղկացած մեր խումբը զրույցի է բռնվում: Խոսում ենք ուծացումից, մասնավորապես, ըստ մեր դիտարկումների, Ֆրանսիայում խառնամուսնությունների (հայի և ոչ հայի միջև) աճից: Զրուցում ենք ֆրանսերեն ու հայերեն: Մեր շուրջը ստվարանում են հավաքվածները: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի համար շատերն են հեռու տեղերից եկել: Այդ պահին էլ մի մարդ է խառնվում մեր խոսակցությանը՝ բացականչելով՝. «Ճերմակ ջարդ»: Ներեցե՞ք: Նա պնդում է՝. «Ճերմակ ջարդ. ահա թե ինչ է տեղի ունենում»: Նրան ֆրանսերեն խնդրում ենք բացատրել, թե ինչ նկատի ունի: Այդ պահին մտքներովս չէր անցնում, որ նա մեզ Հայեցիության դաս էր տալու:

Կայտառ, քառասնամյա տղամարդը հայի նմանություն չունի: Եվ հիրավի, նա բրետոն էր: Ուշագրավ փաստ. հային չնմանվող այդ անձը շարունակում էր արտահայտվել հայերեն` փոքր-ինչ անվստահ շարահյուսությամբ, բայց զարմանալիորեն հարուստ բառապաշարով:
Ուրեմն մարդը հայ չէ, նույնիսկ լեզվաբան էլ չէ: Բայց, ինչպես ինքն է ասում՝ պաշտում է Հայաստանը, նրա լեզուն ու գրականությունը … այն աստիճան, որ հայերենից բրետոներեն է թարգմանել Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան 1835-1888թթ.) գրական ստեղծագործությունները: Դա առաջին ապտակն էր: Այս «օտար» անձը հայ գրականություն ավելի լավ գիտեր, քան ապրիլի 24-ի միջոցառմանը ներկա գտնվողների մեծ մասը:
Երկրորդ ապտակը զգացինք, երբ այդ մարդը մեզ բացահայտ դաս տվեց… արդարացիորեն: Հայոց պատմությունը «չի սահմանափակվում Հայոց ցեղասպանությամբ»: Հայ գրականությունն անգին գանձ է, որին սակայն «Ֆրանսիայի հայերը գրեթե անծանոթ են»: Հայաճանաչությունը Ֆրանսիայում մահանում է, «ձեր իսկ սեփական կամքով»: «Արթնացե՛ք»:
Կարծում էինք, թե «Ճերմակ ջարդ» արտահայտությամբ նա բացառապես Ֆրանսիայում խառն ամուսնությունները նկատի ուներ… Բայց այս հանդիպումը մի լրջագույն խնդիր բարձրացրեց, որի առաջ կանգնած է Ֆրանսիայի հայ համայնքը:
Այն է՝ սեփական լեզվի, առավել ևս գրականության, ուստի և իր ողջ ինքության չիմացությունը… Ի՞նչ է սա, եթե ոչ սպիտակ ցեղասպանություն:
Մի նորսերնդականի վկայություն
Աղբյուրը` http://haiastan.fr/?p=246
Հոդվածը ֆրանսերենից թարգմանվել է հատուկ Լեզվի ժողովրդական տեսչության համար:
Գրառումը կատարվել է ԼԺՏ-ի նյութերը, Հայերենագիտություն, Հրապարակախոսական, Սփյուռք բաժնում։ Էջանշեք այս հղումը.