Լատվիայում կամավորները պատրաստ են անվարձահատույց ստուգայցեր կատարել հանուն «լեզվի պաշտպանության»

Լատվիայում խստորեն հետևում են, որպեսզի լատիշերենը գերիշխի հասարակական կյանքում: Տեղացիները պատրաստ են կամավորագրվել Լեզվի պետական կենտրոնին և անվարձահատույց ստուգայցեր կատարել:

Հարվածի տակ են ոչ միայն ռուսներն ու լատիշները, այլև Էրիթրեայի փախստականները:

Ինչ-որ մի բան այն չէ

Լայնեն ապրում է Սիգուլդա զբոսաշրջային քաղաքում, որտեղ գրեթե ռուսախոսներ չկան: Փոխարենն այստեղ միշտ շատ զբոսաշրջիկներ են այցելում՝ տեսնելու միջնադարյան ամրոցներ ու այլ տեսարժան վայրեր: Նրանք իրենց հետ բերում են աշխատանքի հնարավորություններ տեղացիների համար և ցանկանում հասկանալի լեզվով տեղեկատվություն ստանալ: Եվ ուրեմն, բոլոր ցուցանակները, գրությունները, ուղենիշները, բրոշյուրները, ճաշացանկերը փաստորեն թարգմանվում են անգլերեն, գերմաներեն կամ ռուսերեն:

Լայնեն խոստովանում է, որ լատիշական ինչ-որ մի բան պակաս է: «Կցանկանայի պաշտպանել լատիշերենը, այն մաքրել աղտից: Ես շատ հայրենասեր եմ, աշխատում եմ հիմնականում լատիշերեն խոսել: Ու սովորաբար, մարդիկ անցնում են լատիշերենին»,-խոստովանում է նա Բի-բի-սիի ռուսական ծառայությանը: Այդպես օտարների հետ հաղորդակցվել իհարկե չի ստացվում, բայց լավ աշխատում է տեղացի ռուսախոսների հետ:

«Օրինակ Ռիգայում երբեմն անհարմար դրության մեջ եմ ընկնում, երբ փողոցում որևէ մեկը հարց է տալիս ոչ թե լատիշերեն, այլ ռուսերեն: Ինքս ինձ կորցնում եմ: Ի՞նչ լեզվով պատասխանել: Եթե Լատվիայում ես, ապա խոսակցությունը պետք է սկսել լատիշերենով: Հետո նոր կարելի է պայմանավորվել այլ լեզվին անցնելուն»,-կարծում է Լայնեն: Նա կարող է պատասխանել և՛ ռուսերեն, և՛ անգլերեն: Սակայն ավելի հաճելի է մայրենի լեզուն:

Այս պատճառով էլ նա սկսեց իր հասարակական գործունեությունը. Լայնեն դարձել է Լեզվի պետական կենտրոնի կամավոր օգնական: Առանց որևէ պարգևավճարի աշխատանքից հետո ազատ ժամանակը Լայնեն շրջայցեր է կատարում հասարակական վայրերում, պետական և վարչական հաստատություններում: Նրա նպատակը՝ բացահայտել պետական լեզվի մասին օրենքի խախտումները:

«Ես չեմ տուգանում, ուղղակի հասարակական հիմունքներով օգնական եմ: Կարող եմ տեղեկատվությունը փոխանցել խախտումների գծով համակարգողին: Նա է որոշում հաջորդ քայլը: Ես աշխատում եմ ի նպաստ հասարակության, ինձ դուր է գալիս մարդկանց հետ խոսել»,-շարունակում է Լայնեն:

Նրա խոսքով մարդիկ միայնգամայն դրական են արձագանքում հասարակական հիմունքներով օգնականի իր դիտողություններին:

«Ինձ հետաքրքիր է այս գործը, և ես այն պատրաստակամորեն եմ անում, բացատրում եմ, թե ինչու է ինձ անհրաժեշտ բյոշյուրը լատիշերեն»,-ասում է Լայնեն: Գուցե հետագայում հասարակական աշխատանքը չինովնիկների կամ գործարարների հետ բախման առիթ լինի. ոչ բոլորն են պատրաստ դիտողություն ստանալ, և բոլորը չէ, որ ունեն խախտումն անմիջապես շտկելու հնարավորություն:

Փոքր քաղաքում բոլորն իրար ճանաչում են, հետևաբար ցանկացած բախում կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Բայց Լայնեն չի վախենում:

«Շատ եմ կարդում հաղորդակցման հմտությունների մասին, որպեսզի հնարավոր լինի խաղաղ ճանապարհով հանգուցալուծել ճգնաժամային իրավիճակները»,-ասում է նա:

Մրցակցությունն առիթ չէ օրենքը խախտելու համար

Իսկ ճգնաժամային իրավիճակներ կարող են ծագել յուրաքանչյուր քայլափոխի: Օրինակ,այդպիսի իրավիճակ կարող է առաջանալ, երբ բացակայում է որևէ տեղեկատվության լատիշերեն թարգմանությունը:

Եթե խոսքը պետական հաստատությունների մասին է, ապա հայտարարությունները, գրառումները և բրոշյուրները պետք է բացառապես լատիշերեն լինեն: Տեղեկատվությունը կարող է լինել նաև օտար լեզվով, սակայն եթե որևէ մեկը հատուկ չի պահանջել, արգելվում է այն հասարակայնորեն ի ցույց դնել:

Մասնավոր հաստատություններն իրենց հաճախորդներին կարող են առաջարկել ծառայություններ ցանկացած օտար լեզվով սեփական նախաձեռնությամբ միայն լատիշերեն բնօրինակի առկայությունից հետո:  

«Խնդրեմ, Լատելեկոմի (կիսապետական հեռահաղորդակցության ընկերություն) գովազդը,- Լայնեն ցույց է տալիս գովազդային թերթիկը,- մի կողմում ռուսերեն է, մյուս կողմում լատիշերեն: Ընկերության 51%-ը պետությանն է պատկանում: Իսկ եթե ընկերությունը պետական լիներ, ապա տեղեկատվությունը հավանաբար միայն լատիշերեն կլիներ»:

Ճիշտ է, ընկերության իրավաբանական կարգավիճակի հետ կապված հարցեր կան: Խոսքը առևտրային գործունեությամբ զբաղվող պետական ընկերությունների մասին է: Փաստորեն երկսայրություն է առաջանում: Լայնեն այսպես թե այնպես ընկերությանը տուգանել չի կարող, սակայն գործընկերներին տեղեկացնել հնարավոր խախտման մասին լիովին կարող է:

Փաստը, որ Լատելեկոմը մրցակցում է մասնավոր ընկերությունների հետ, ի թիվս այլոց՝ նաև ռուսալեզու հաճախորդներին գրավելու համար, և պետք է շահույթ ապահովի իր սեփականատերերի, ներառյալ պետության համար, նշանակություն չունի: Լայնեն կարծում է, որ բոլորը պետք է գործեն օրենքի շրջանակում:

Լեզուն եկամտից կարևոր է

Մեր ետևում բար է: Քաղաքի կենտրոնում՝ երկաթուղային կայարանի ու ավտոբուսների կանգառի հարևանությամբ, զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնն է: Բարի դռան վրա փայլփլող ցուցանակ է՝ «Open»: Օրենքի խախտում է: Ցուցանակը պետք է լինի պետական լեզվով: Նշանակություն չունի, թե շրջանում քանի զբոսաշրջիկ կա և թե ում համար է բարի տերը կախել «Open»-ը:

Մի ուրիշ անգամ, երբ բարի տերը տեղում կլինի, Լայնեն նրան կասի խախտման մասին: Իսկ եթե նա հրաժարվի խախտումը վերացնել, բարը կտուգանեն: Խախտումներն անտեսելու համար հիմք չեն կարող ընդունվել երկրորդ ցուցանակ պատվիրելու փողի բացակայությունը, երկրում առկա բարդ տնտեսական իրավիճակը, բնակչության արտագաղթն ու աշխատատեղերի պակասը:  

«Եթե գործարարն ի վիճակի է գործ սկսել, նշանակում է՝ փող ունի: Իսկ փողերը պետք է բաշխել այնպես, որ ամեն ինչին բավարարի, և նորմերը չխախտվեն»,-շարունակում է կամավոր տեսուչը: Հիշում է մի այսպիսի դեպք. «Մի խանութպան Ա4 թղթի վրա ձեռագիր երեք լեզվով գրել էր «Открыто» ու պատուհանից կախել: Օրենքը մնում է օրենք. օրենքին պետք է հետևել: Իսկ ձեռագիր գրելու համար շատ փող պետք չէ»:

Առաջ գնանք: Մեր առջև զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնն է: Մտնում ենք ներս: Մեր առջև բրոշյուրների կույտ է: Համարյա բոլոր բրոշյուրներն անգլերեն ու ռուսերեն են, իսկ լատիշերեն չկա: Տեղեկատվական կենտրոնը պատկանում է շրջկենտրոնին, հետևաբար ողջ տեղեկատվությունը պետք է պետական լեզվով լինի: Իհարկե կարելի է աշխատանքի բնույթից ելնելով՝ աչք փակել օտարալեզու բրոշյուրների վրա, սակայն լատիշերեն տարբերակի բացակայությունն աններելի է:

Լայնեն ասում է, որ նման իրավիճակներ լինում են նաև Սիգուլդայի այլ վայրերում. անգլերենով ու ռուսերենով բրոշյուրներ կան, իսկ լատիշերենով՝ ոչ: Եվ դա սխալ է, կարծում է նա:Նշանակություն չունի, որ բնակավայրը զբոսաշրջային առումով կարևոր է, իսկ այցելուների մեծ մասը հարցերը տալիս է անգլերեն: Օրենքը օրենք է: Այսօր հանգստյան օր է, և Լայնեն այդ հարցը չի քննարկի կենտրոնի աշխատակիցների հետ, սակայն մի ուրիշ անգամ, երբ բռնացնի ղեկավարությանը, նա լիովին կարող է այդ հարցը բարձրացնել:

Գործարարները, որպես կանոն, աշխատում են չվիճաբանել Լեզվի պետական կենտրոնի պաշտոնյաների հետ: Օրենքը օրենք է, իսկ տուգանքներն այնքան էլ բարձր չեն: Հատկապես, որ խախտումը վերացնելու խոստումը որպես կանոն բավարար է: Բայց ոչ միշտ:

Չեմ ուզում հիմար վիճակում հայտնվել

Մարտինիչ Կոսովիչսը օպտիկայի սրահի համասեփականատեր է: Նա խանութներ ունի Լատվիայի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Ռիգայում: Այնտեղ էլ նրան այցելեցին Լեզվի պետական կենտրոնի տեսուչները:

«Ինձ տուգանեցին՝ ակնոցների վրայի «Sonya Rykiel — handmade» անգլերեն գրության համար: Ըստ տեսուչների` գրությունը պետք է թարգմանվեր լատիշերեն: Նրանք առաջարկեցին յուրաքանչյուր ակնոցի վրա սոսնձել գրության թարգմանությունը: Բայց ավելի լավ է ես 50 եվրոյի չափ տուգանքը վճարեմ, քան թարգմանությունը սոսնձեմ: Չեմ ուզում հիմար վիճակում հայտնվել»,-խոստովանում է նա Բիբիսիի ռուսական ծառայությանը:

Հիմա Մարտինիշի և Լեզվի պետական կենտրոնի միջև նոր բախում է հասունանում: Նա Լատվիայի այն հազվագյուտ մարդկանցից է, ով հրապարակայնորեն ցանկություն է հայտնել աշխատանքի ընդունել փախստականի կարգավիճակ հայցողի: Երկար փնտրտուքներից հետո գտնվեց թեկնածուն՝ նախկին բժշկականի ուսանող Ֆիլմանը՝ Էրիթրեայից: Նա մի քանի անգամ եղել է սրահում, սերտել բոլոր եզրույթների լատիշերեն անվանումները, ծանոթացել աշխատակիցների հետ և սկսել է մերվել:

«Ես տեսնում եմ նրա մեջ այդ ցանկությունը, նա փորձում է շփվել, կինո է գնում ապագա գործընկերների հետ, ցանկանում է մնալ երկրում»,-շարունակում է Մարտինիշը:

Ֆիլմանը լրատվամիջոցների հետ չի շփվում. առանց այն էլ իր վրա չափից շատ են ուշադրություն դարձնում: Բանն այն է, որ Ֆիլմանը վերջերս է տեղափոխվել Լատվիա և սպասում է փախստականի կարգավիճակի մասին իշխանությունների որոշմանը: Նա դեռ բնակվում է «Մուցենիեկի» պետական կենտրոնում և սովորում լատիշերեն, սակայն գիտելիքներն անբավարար են:

Ըստ Լատվիայի օրենսդրության, աշխատանք կարելի է ձեռք բերել պետական լեզվի իմացության տեստը հաջող հանձնելուց հետո: Յուրաքանչյուր մասնագիտության համար գոյություն ունի լեզվական նվազագույն շեմ, իսկ այնպիսի ցածր որակավորում ունեցող մասնագիտություններ, ինչպիսիք են հավաքարարը կամ բեռնակիրը, բացառություն չեն համարվում: Պետական լեզվի իմացության առավել բարձր մակարդակ է պահանջվում բժիշկներից և նրանց օգնականներից: Հենց այս ոլորտում էլ Ֆիլմանը կարող էր աշխատել՝ տանը նստելու և պետբյուջեից նպաստ ստանալու փոխարեն:

Լատվիացի պաշտոնյաները խստորեն հետևում են, որպեսզի պետական օրենքը գործի, և Լատվիայում բոլոր աշխատողները կատարեն նրա պահանջները: Լեզվի իմացության ստուգումները նույնպես Լեզվի պետական կենտրոնի պատասխանատվության ոլորտում են, իսկ խախտումների համար տուգանվում են գործատուները:

«Բոլորս էլ գիտենք, որ այդ կանոնները մտածված են տեղի ռուսալեզու բնակչության համար, որպեսզի նրանք իրենց տեղը իմանան: Սակայն չի կարելի նույնը պահանջել մի մարդուց, որը հենց նոր է ոտք դրել մեր երկիր: Պետությունը վճարում է լատիշերենի տասը դասի համար, սակայն պահանջում լեզվի իմացություն»,-ասում է Մարտինիշը Բիբիսիի ռուսական ծառայությանը:

Մարտինիշը չի պատրաստվում զիջել: Նա անպատճառ աշխատանքի կընդունի Ֆիլմանին, նույնիսկ եթե հանուն դրա հարկ լինի խախտել օրենքը: «Այդ դեպթքում կվճարեմ տուգանքը»,-համաձայնում է նա: 

Օկսանա Անտոնենկո

Աղբյուրը` В Латвии рейды по “защите языка” добровольцы готовы проводить бесплатно

Հոդվածը ռուսերենից թարգմանվել է հատուկ Լեզվի ժողովրդական տեսչության կայքի համար:

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Գովազդ, Գործարարություն, Դատաիրավական, Իրավական, ԼԺՏ-ի նյութերը, Լուրեր, Խախտումներ, Կրթական համակարգ, Միջազգային փորձ, Օրենսդրություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.