«Գրանշան 2016» տառատեսակների միջազգային մրցույթի հայաստանյան մրցանակակիրները պարգևատրվել են

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ, «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթն անցկացվում է 2008 թվականից: Ամենամյա մրցույթն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 13-17-ը, Վարշավայում, տառաստեղծների ու դիզայներների միջազգային ասոցիացիայի (ATypI) համաժողովին զուգընթաց: 

Ս. թ. նոյեմբերի 3-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվել են մրցույթի արդյունքները: Ասուլիսին մասնակցել են` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանի ազգային գրապալատի «Հայկական տառատեսակների պահպանման ու մշակման» բաժնի վարիչ, «Գրանշան» կազմկոմիտեի և մրցութային հանձնաժողովի համանախագահ Էդիկ Ղաբուզյանը, «Գրանշան» կազմկոմիտեի և մրցութային հանձնաժողովի համանախագահ, «Կոհան ընդ պարտնյորս» ընկերության նախագահ Բորիս Կոհանը (Մյունխեն): Ասուլիսին ներկա էին նաև Հայաստանի ազգային գրապալատի «Հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի» գլխավոր մասնագետ, «Գրանշան» կազմկոմիտեի և մրցութային հանձնաժողովի անդամ  Անժելա Պողոսովան, Հայաստանի ազգային գրապալատի «Հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի» առաջատար մասնագետ, «Գրանշան 2016» մրցույթի մրցանակակիր` Հրաչուհի Գրիգորյանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանող, «Գրանշան 2016» մրցույթի մրցանակակիր` Մարիետա Արզումանյանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանող, «Գրանշան 2016» մրցույթի մրցանակակիր` Սյուզի Հակոբյանը: Մամուլի ասուլիսի ընթացքում  հայտարարվել են  «Գրանշան 2016-ի» մրցանակակիրների անուններն ըստ անվանակարգերի, իսկ հայաստանցի մրցանակակիրներին հանձնվել են դիպլոմներ:
     «Գրանշան 2016» մրցույթին 28 երկրից ներկայացվել էր 98 տառատեսակ:
Մրցույթն այս տարի անցկացվել է հետևյալ անվանակարգերով.
• Հայկական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
• Արաբական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
• Չինական ավանդական և պարզեցված (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի,)
• Կիրիլյան (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
• Հունական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
• Եբրայական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
• Հնդկական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
• Կորեական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
• Թայլանդական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի),
• Եվ ցանկացած այլ լեզվական համակարգ՝ որպես ազատ ոճի տառատեսակներ:
Մրցութին Հայաստանից ներկայացվել էր 13 տառատեսակ, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են` Ազգային գրապալատի աշխատակիցներ Էդիկ Ղաբուզյանը (հանձնաժողովի համանախագահ) և Անժելա Պողոսովան (հանձնաժողովի անդամ, թարգմանիչ): Հայաստանցի տառաստեղծներ Մարիետա Արզումանյանի ու Սյուզի Հակոբյանի (Հայաստանի գեղեցիկ արվեստների պետական ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանողներ) աշխատանքներն առաջին հիմնական անվանակարգի՝ «Հայկական տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի» տառատեսակներում արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակների: Նույն անվանակարգում «Հատուկ կարծիքի» է արժանացել Հայաստանի ազգային գրապալատի աշխատակից Հրաչուհի Գրիգորյանի աշխատանքը: Մարիետա Արզումանյանի մեկ այլ աշխատանք ազատ ոճի տառատեսակներում արժանացել է «Հատուկ կարծիքի»:
     ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը շնորհավորելով «Գրանշան 2016» տառատեսակների միջազգային մրցույթի կազմակերպիչներին և մրցանակակիրներին նշել է. «Գրանշան» մրցույթն առաջին հերթին մեր մշակութային ժառանգությունը հանրահռչակելու և աշխարհին լավագույնս ներկայացնելու հնարավորություն է: Այն նաև հայկական տառատեսակների դպրոցի ստեղծման գրավականն է, ինչի շնորհիվ տառաստեղծման գործում ապահովվում է կայուն առաջընթաց և սերնդափոխություն»: Ներսես Տեր-Վարդանյանը բարձր է գնահատել ոլորտի ձեռքբերումները` առաջարկվող նոր տառատեսակները, դրանք համարելով վերջին տարիներին պետական աջակցությամբ հրատարակվող գրականության նորագույն արտահայտչամիջոց: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը անդրադարձել է նաև Հայաստանի ազգային գրապալատի կողմից ստեղծված «Գեա Գրապալատ» և «Մարիամ» տառատեսակներին, կարևորելով այն հանգամանքը, որ դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել են որպես պետական մարմիններում կիրառվող պաշտոնական տառատեսակներ: Ներսես Տեր-Վարդանյանը նաև հույս է հայտնել, որ ստեղծված տառատեսակները կհամալրեն արդեն իսկ առկա նմուշների ցանկը և կդառնան համաշխարհային շտեմարանի մաս:
     Հավելենք նաև, որ 2012 թվականից անցկացվում է նաև «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների ամենամյա միջազգային համաժողովը` նվիրված ոչ լատինական տառատեսակների խնդիրների բացահայտմանը, լուծելումների որոնմանն ու ոչ լատինական տառարվեստի զարգացմանն ու ճանաչմանը: Հայկական տառարվեստի քննարկումն ու զարգացումը մշտապես համաժողովների առանցքային հարցերից է: Համաժողովն այս տարի անցկացվել է հոկտեմբերի 25-30-ը, Կահիրեի ամերիկյան համալսարանում: Հայաստանից մասնակցել են` Էդիկ Ղաբուզյանն ու Անժելա Պողոսովան: Համաժողովի բացման օրը ողջույնի խոսքով հանդես է եկել Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը: «16-18-րդ դարերի հայկակական տպագրական տառատեսակների պատմությունն ու զարգացումը» թեմայով ելույթ է ունեցել Էդիկ Ղաբուզանը:
Աղբյուրը` http://www.nt.am/am/news/229303/
Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Գովազդ, Տառատեսակներ բաժնում։ Էջանշեք այս հղումը.