
Պեկինի օտար լեզուների համալսարանում Հայոց լեզու առարկան կունենա մշտական մասնագիտության կարգավիճակ: Հայաստանի կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպմանը այդ պայմանավորվածությունը վերհաստատել է Չինաստանի կրթության նախարար Չեն Բաո Չենը: Լեւոն Մկրտչյանի Չինաստան կատարած այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը երկու նախարարները քննարկել են երկկողմ կրթական գործակցության հեռանկարները: Այդ մասին հայտնում է կրթության ու գիտության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը:
Ըստ հաղորդագրության, երկու նախարարները մանրամասն քննարկել են Հայաստանում կառուցվող չինական դպրոցի գործունեության հեռանկարները, կարևորել դպրոցին տարածաշրջանային նշանակություն տալու հարցը, ինչպես նաև վերապատրաստումների համակարգ ունենալու հնարավորությունը: ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանի չինական դպրոցի կառուցման աշխատանքներին չինական կողմի աջակցության համարՙ ընդգծելով, որ նախագիծը կյանքի է կոչվել երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում:
Չինաստանի կրթության նախարարը ողջունել է Պեկինի մանկավարժական համալսարանի և Երևանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` համատեղ ծրագրեր իրականացնելու և կրկնակի դիպլոմ տրամադրելու ուղղությամբ: Կողմերը պայմանավորվել են գարնանը կազմակերպել Պեկինի մանկավարժական համալսարանի և Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի պատվիրակների այց Հայաստան, որի ընթացքում կկնքվեն համապատասխան պայմանագրեր:Նույն օրը նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի (Հանբան) տնօրենի պաշտոնակատար Սիա Ձիենհուիի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը նախ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Կոնֆուցիուսի կենտրոնին չինական կողմի ցուցաբերած աջակցության համար` շեշտելով, որ այն մեր երկու երկրների միջև կրթական և մշակութային առումով կարևոր օղակ է: Այդ համատեքստում նախարարը նշել է, որ Երևանում կառուցվող չինական դպրոցի գործունեության մեկնարկից հետո խիստ կարևորվելու է կենտրոնի դերակատարումը` Հայաստանի մանկավարժական կադրերի վերապատրաստման և տեղական կադրերով համալրելու առումով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ աշխատանքային ծրագիր մշակել Երևանում չինական դպրոցի աշխատանքներին աջակցելու ուղղությամբ: Քննարկվել է նաև Կոնֆուցիուսի ինստիտուտների ցանցի կողմից Հայաստանին տրամադրվող կրթաթոշակների մեթոդի արդիականացման հարցը, կարևորվել կոնկրետ ուղղություններով դասախոսական կադրերով ապահովելու խնդիրը:
Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի տնօրենի պաշտոնակատարը բարձր է գնահատել Կոնֆուցիուսի կենտրոնի Հայաստանի մասնաճյուղի գործունեությունը:
Անդրադառնալով մեր ժողովուրդների հնամյա պատմությանը` նա նշել է, որ մեր երկու ժողովուրդները դարերի ընթացքում կարողացել են պահպանել ու պաշտպանել իրենց քաղաքակրթությունն և ինքնությունը:Գիտության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության ընդլայնման նպատակով տեղի է ունեցել նաև Հայաստանի գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հանդիպումը Չինաստանի գիտության նախարարի հետ:Այսօր ավարտվել է նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը ՉԺՀ:
Աղբյուրը` http://www.lragir.am/index/arm/0/society/view/142839