Ինչպես է բարոյականությունը փոխվում օտար լեզվում

Lips

Մարդու վարքը զարմանալի փոփոխություններ է կրում օտար լեզվով մտածելիս

Ի՞նչն է որոշում, թե ով ենք մենք: Մեր սովորույթնե՞րը։ Մեր էսթետիկ ճաշա՞կը։ Մեր հուշե՞րը: Եթե ստիպեք, կպատասխանեմ, որ եթե գոյություն ունի մի բան, որ իմ մեջ բույն է դրել և իմ էության անբաժանելի մասն է, դա, անխոս, իմ բարոյական կենտրոնն է, իմ մեջ պարփակված ճշտի ու սխալի ընկալումը:

Եվ սակայն, մեկից ավելի լեզուներով խոսող շատ մարդկանց նման,  հաճախ զգացողություն ունեմ, թե անձս իմ իմացած լեզուների հետ փոքր-ինչ փոխվում է՝ դառնում ավելի հաստատակամ՝ անգլերենում, ավելի անվրդով՝ ֆրանսերենում, ավելի դյուրազգաց՝ չեխերենում։ Հնարավո՞ր է, որ այդ տարբերությունների հետ, իմ բարոյական կողմնացույցը նույնպես փոխում է իր ուղղությունը՝ կախված այդ պահին իմ գործածած լեզվից։

Այս հարցն սկսել է շատ հետաքրքրել բարոյական դատողություններով զբաղվող հոգեբաններին: Վերջին ժամանակներս արված բազմաթիվ  հետազոտություններն առաջ են քաշում այն հարցը, թե արդյոք մարդկանց մտածողությունը էթիկայի մասին փոխվում է՝ կախված օտար լեզվից: Օրինակ, պատկերացրեք ՄԱԿ-ի պատվիրակների մի խումբ, որը բանակցում է բանաձևի շուրջ՝ գործածելով լիգվա ֆրանկա: Ուսումնասիրությունները   վկայում են, որ բարոյական երկսայրության բախվելիս, մարդկանց արձագանքը մայրենի լեզվով իրավամբ տարբերվում է օտար լեզվով  նրանց արձագանքից:

2014թ. Ալբերտ Կոստայի ղեկավարությամբ հրատարակվեց մի աշխատություն, որի համար հիմք էր ծառայել «տրոլեյբուսային խնդիր» կոչվող գիտափորձը: Գիտափորձին մասնակցող կամավորները, կանգնելով  բարոյական երկսայրության առաջ, պետք է որոշում կայացնեին : Պատկերացրեք գծերից դուրս եկած տրոլեյբուս, որը թեքվում է դեպի հինգ հոգանոց խումբը, որն էլ իր հերթին չի կարող տեղաշարժվել: Դուք անջատիչի կողքին եք և  կարող եք տրոլեյբուսը տեղափոխել գծերի այլ շարք՝ փրկելով հինգ հոգու կյանքը՝ մեկի մահվան գնով։  Կձգե՞ք անջատիչը։

Մարդկանց մեծ մասն ասում է, որ կձգի անջատիչը: Բայց ի՞նչ կանեին մարդիկ, եթե տրոլեյբուսը կանգնեցնելու միակ ձևը լիներ ճանապարհին հայտնված անծանոթի դուրս հրումը հետիոտնային կամրջակից։ Մարդիկ հակված են շատ դժկամությամբ ասել, թե անծանոթին  կհրեին հետիոտնային կամրջակից, թեպետ երկու իրավիճակներում էլ մեկ մարդ է զոհաբերվում՝ հինգի կյանքը փրկելու համար։ Սակայն Կոստայի և նրա գործընկերների հետազոտությունը ցույց տվեց, որ օտար լեզվով ձևակերպված երկսայրությունը զգալիորեն ավելացնում է  մարդկանց պատրաստակամությունը հետիոտնային կամրջակից հրելու զոհաբերության ենթակա անձին: Այսպես, կամրջակի վրայի անձի զոհաբերմանը դրականորեն էին պատասխանել ձևակերպված խնդիրը մայրենի լեզվով կարդացողների  20%-ից պակասը, իսկ օտար լեզվով կարդացողների մոտ 50%-ը: (Հարցմանը մասնակցում էին կամավորներ, որոնց մայրենին իսպաներենն էր, իսկ օտար լեզուն՝ անգլերենը և կամավորներ, որոնց մայրենին անգլերենն էր, իսկ օտար լեզուն՝ իսպաներենը:  Երկու խմբերն էլ նույնօրինակ վարք էին դրսևորել, ինչը վկայում է օտար լեզվի, այլ ոչ թե անգլերենի կամ իսպաներենի ունեցած էֆեկտի մասին:

Օգտագործելով լրիվ տարբեր մեկ այլ գիտափորձ՝ Ջանեթ Գեյփլը և նրա գործընկերները նույնպես պարզել են, որ օտար լեզվի օգտագործման հետևանքով փոխվում են գիտափորձի մասնակիցների՝ բարոյապես ճիշտն ու սխալը տարաջատելու որոշումները: Գիտափորձի մասնակիցները պետք է կարդային առերևույթ անվնաս գործողությունների նկարագրություն, որոնք, սակայն, շատերի համար բարոյապես դատապարտելի են: Օրինակ, համաձայնեցված ու անվտանգ սեքսը քույր ու եղբոր միջև կամ վրաերթից սատկած սեփական շանը ուտելը: Պատմություններն օտար լեզվով (անգլերեն կամ իտալերեն) կարդացողների համար այդ գործողություններն ավելի պակաս դատապարտելի էին, քան մայրենի լեզվով կարդացողների համար:

Ի՞նչ փույթ՝ բարոյականության մասին  մեր մայրենիով ենք դատում, թե օտար լեզվով: Կարծիք կա, որ բարոյականության մասին դատողություններն իրենց մեջ պարփակում են միմյանցից անջատ և միմյանց հակոտնյա մտածողության երկու ձև: Այդ ձևերից մեկն արագ արձագանքն է, մեր ներքին ձայնը, իսկ մյուսը՝ հնարավորինս շատ մեծագույն բարիքի հասնելու զգուշավոր խորհրդածությունը: Որևէ օտար լեզու գործածելիս` մենք անգիտակցաբար ընկղմվում ենք խորհրդածական կերպի մեջ, ուղղակի որովհետև ոչ մայրենիով գործելու մեր ջանքերը հուշում են մեր իմացական համակարգին՝ պատրաստվել լարված գործողության: Թվում է՝ պարադոքս է: Սա նման է այն գիտափորձին, որի ժամանակ դժվարընթեռնելի տառատեսակով գրված մաթեմատիկայի խնդիրը կարդացող մարդիկ հակված էին եղել ավելի քիչ  անուշադրության սխալներ անել (թեպետ փորձը ցույց է տվել, որ հետազոտությունը կրկնելիս դժվար է ունենալ նույն արդյունքը):

Բացատրություններից մեկն այն է, որ մայրենի և օտար լեզուների միջև ծագում են տարբերություններ, քանի որ մեր մանկության լեզուները առավել ուժգին հուզական ալիքներ են  հաղորդում, քան ակադեմիական  միջավայրում յուրացրած լեզուները: Հետևաբար բարոյականության մասին օտար լեզվով արված դատողությունները չեն կրում հուզական արձագանքների այն դրոշմը, որն ի հայտ է գալիս մանկության տարիներին յուրացրած լեզուն գործածելիս։

Ուսումնասիրությունները փաստում են,  որ հիշողության միջոցով լեզուն միահյուսվում է այդ լեզուն յուրացնելու ընթացքում ունեցած փորձառությանն ու փոխհարաբերություններին: Օրինակ, երկլեզու մարդիկ ավելի են հակված հիշելու իրենց կյանքից մի դրվագ, եթե այդ մասին նրանց հիշեցնեն հենց այն լեզվով, որով տեղի է ունեցել դեպքը: Կրքոտ հույզերի թոհուբոհում սովորած մեր մանկության լեզուները խորին զգացումով են ներծծված (ու՞մ մանկությունն է, ի վերջո, զերծ  սիրո, ցասումի, զարմանքի ու պատժի երփներանգ գույներից): Համեմատության համար նշենք, որ ուշ տարիքում ձեռք բերած լեզուները, հատկապես, եթե դրանք յուրացվել են դասարանային սահմանափակ փոխհարաբերությունների  արդյունքում կամ անհամուհոտ ձևով ներկայացվել են համակարգչային էկրանների ու ականջակալների օգնությամբ, մեր միտք են ներթափանցում հուզականությունից գունաթափված վիճակում: Հենց այդ հուզականությունն է, որ մարդուց անբաժանելի է իր մայրենի լեզվում:

Քեթրին Հարիսը և նրա գործընկերները  փաստում են, որ մայրենի լեզուն կարող է գրգռել  բնածին արձագանքներ: Օգտագործելով մաշկի էլեկտրահարության մեթոդը մարդու հուզականության մակարդակը գնահատելու  համար  (ադրենալինի հոսքի դեպքում էլեկտրահարությունն ավելանում է)՝ նրանք գիտափորձ էին կատարել թուրքերենը որպես մայրենի լեզու կրողների վրա, ովքեր ուշ տարիքում էին անգլերեն սովորել: Գիտափորձի մասնակիցները պետք է լսեին երկու լեզվով բառեր: Բառերի մի մասը չեզոք բնույթի էին (սեղան), իսկ մյուս մասը՝ տաբու (քաք) կամ հանդիմանող բնույթի (ամո՛թ քեզ): Ի տարբերություն չեզոք բառերի, տաբուները լսելիս, գիտափորձի մասնակիցների մոտ նկատվել էր հուզականության ավելի բարձր մակարդակ, հատկապես մայրենի թուրքերենի դեպքում: Այնուամենայնիվ, լեզուների միջև ամենաազդեցիկ տարբերությունն ակնհայտ էր հանդիմանությունների դեպքում. գիտափորձի մասնակիցները շատ մեղմ էին արձագանքել անգլերեն, սակայն բուռն հակազդել էին թուրքերեն արտահայտություններին:  Ոմանց այդ նկատողությունները «հիշեցնում էին» մերձավոր ազգականների ձայնը: Եթե ​​լեզուն կարող է ծառայել որպես ամենավաղ հանցանքների ու պատիժների մասին մեր տպավորիչ հուշերն ամբարող  սափոր, ապա զարմանալի չէ, որ հուզական նման զուգորդումները գունավորում են մեր բարոյական դատողությունները մայրենի լեզվում:

«Ճանաչողություն» (Cognition) հանդեսում վերջերս հրապարակված հետազոտությունն է՛լ ավելի է ծանրացնում այդ մեկնաբանության կշիռը: Հետազոտությունը հիմնված էր այնպիսի իրավիճակների վրա, որոնցում բարի մտադրությունները հանգեցրել էին վատ հետևանքների (ոմն մեկը նոր բաճկոն է նվիրում մի անօթևանի սոսկ այն պատճառով, որ այդ խեղճ մարդուն ծեծեն, քանի որ նա՛ է կասկածվում բաճկոնը գողանալու մեջ) կամ լավ հետևանքներն ի հայտ էին եկել ի հեճուկս կասկածելի մտադրությունների (զույգը հաշմանդամ երեխա է որդեգրում պետությունից գումար ստանալու համար)։ Այս պատմություններն օտար լեզվով կարդալուց հետո բարոյական դատողություն կատարելիս, գիտափորձի մասնակիցներն ավելի էին հակված գերարժևորել հետևանքներն ու թերարժևորել մտադրությունները, քան նույն պատմությունները մայրենիով կարդալուց հետո: Հետազոտության արդյունքները չեն համընկնում այն պնդմանն, ըստ որի օտար լեզուն մարդկանց ստիպում է ավելի խորը մտածել:  Ուսումնասիրությունները  ցույց են տալիս, որ ուշադիր խորհումը ստիպում է մտածել մարդկանց գործողությունների տակ թաքնված մտադրությունների մասին ավելի շատ:

Այնուամենայնիվ, հետազոտությունների արդյունքները միահյուսվում  են այն գաղափարին, ըստ որի, օտար լեզու գործածելիս,  բթացած հուզականությունը  նսեմացնում է մտադրությունների կարևորությունը՝ պակաս  համակրանք ազնիվ  և պակաս զայրույթ ստոր մտադրություններ ունեցողների հանդեպ։ Մեկ այլ ուսումնասիրության ժամանակ, նմանատիպ վարք էին դրսևորել ուղեղի առաջամիջային հարճակատային կեղևի (հուզական արձագանքի  գոտի) վնասվածքով հիվանդները՝ հետևանքը գերադասելով մտադրությունից։

Այդ դեպքում, ո՞րն է բազմալեզու անձի «իսկական» բարոյական էությունը։ Բարոյականությանն առնչվող իմ հուշե՞րը, հուզախառն շփումների ցոլքերը, որոնք ինձ սովորեցրել են «բարի» լինելու իմաստը: Գուցե բանականությունս գործի դնելու իմ կարողությո՞ւնը, երբ ձերբազատվում եմ այդպիսի չգիտակցված կապանքներից ։ Իսկ գուցե հետազոտությունների այս շարան ուղղակի ջրի երես է հանում ճշմարտությունն անկախ մեր իմացած լեզուների քանակի՞ց․ այն է՝ մեր բարոյական կողմնացույցը մեր անձը ծեփած ամենավաղ ուժերի և այդ ուժերից մեր փախուստի ձևերի  համադրությունն է։

Հեղինակ՝ Ջուլի Սեդիվի

Աղբյուրը` How morality changes in a foreign language

Հոդվածը թարգմանվել է անգլերենից հատուկ Լեզվի ժողովրդական տեսչության կայքի համար:

Գրառումը կատարվել է Լուրեր բաժնում։ Էջանշեք այս հղումը.