Բաց նամակ ՀՀ վարչապետին Լեզվի պետական տեսչությունը վերակազմավորելու պահանջով

Հարգելի պարոն Վարչապետ

Գրում եմ ձեզ, մտահոգված լինելով հայոց լեզվի վիճակով եւ նրա հետ կապված բազմաթիվ չլուծված խնդիրներով։ Լեզուն տվյալ ազգի ինքնության հիմքն է ու որոշիչը։ Շատ կարեւոր է նաեւ այն փաստը, որ լեզվի զարգացմանն աջակցելը կարող է ոգեշնչել երկրի նվիրյալ մտավորականությանը եւ կառավարության մտադրությունների լրջության նշանը դառնալ։

Ցավոք, հաճախ լեզուն մնում է քաղաքական ուժերի շահարկման առարկա, եւ իշխանության հասնելուց հետո լեզվի հետ կապված խոստումները մոռացվում են, կամ ձեւականորեն են իրագործվում։ Այդպես, անկախ Հայաստանի կառավարական համակարգում ստեղծվեց Լեզվի պետական տեսչությունը, սակայն այդ կարեւոր ատյանը առաջին մեկ-երկու տարիներից հետո աստիճանաբար կորցրեց իր դերակատարությունը, իսկ այժմ առհասարակ որեւէ արդյունավետ գործունեություն չի իրականացնում եւ նույնիսկ վարկաբեկում է լեզվական ոլորտի կառավարման գաղափարը։

Մինչդեռ այդ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող է լուծել միայն արդյունավետ գործող Լեզվի տեսչությունը։ Իսկ դրա համար այն պետք է ունենա կառավարության հստակորեն արտահայտված քաղաքական եւ բարոյական աջակցությունը՝ carteblanche։

Անհրաժեշտ է նախ եւ առաջ վերակազմավորել տեսչությունը, դուրս բերելով Գիտության եւ կրթության նախարարության ենթակայությունից եւ ենթարկեցնելով անմիջապես ՀՀ Կառավարությանը, ինչպես նաեւ հիմնովին վերանայել ներկայումս գործող մեկ էջանոց «Լեզվի մասին» օրենքը, ուժեղացնելու համար այն եւ դարձնելու համար իրոք աշխատող փաստաթուղթ։

Հարգելի պարոն Վարչապետ։ Այս նամակը սոսկ խնդրի արձանագրման եւ դրա վրա ձեր ուշադրության հրավիրման փորձ է․ դրական արձագանքի դեպքում, պատրաստ եմ ձեզ ներկայացնելու գործողությունների մանրամասն ծրագիր։ Խոստանում եմ, որ այն կլինի կշռադատված եւ իրատեսական։

Հարգանքով՝

Ռուբեն Հակոբյան (Թարումյան)՝

հայկական տառատեսակների ստեղծող, թարգմանիչ։

03.11.2016

 

 

 

 

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Իրավական, Օրենսդրություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.