ԿԳ նախարարը պետք է հրաժարական տա. թող ՀՅԴ-ում ռուսերենը հայտարարի 1-ին լեզու

«Եթե նման բան է ասել, պետք է հրաժարական տա: Խնդիրն այն է, որ ռուսերենն արդեն իսկ ունի երկրորդ լեզվի կարգավիճակ»,-ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի՝ դպրոցներում ռուսերենին ավելի բարձր կարգավիճակ տալու մասին հայտարարությունն այսպես է մեկնաբանում գրող Վահրամ Մարտիրոսյանը:

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա ԿԳ նախարարին հետեւյալ խորհուրդը հղեց. «Թող «Դաշնակցությունում» ռուսերենը հայտարարի առաջին կուսակցական լեզու, եւ ամեն օր անցնեն պարտադիր դասընթացներ»:

Հիշեցնենք, որ Լեւոն Մկրտչյանը հայտարարել էր՝ ռուսերենը ՀՀ-ում երկրորդ պետական լեզու չի հռչակվի: Թեեւ ռուս պաշտոնյայի կողմից հետխորհրդային երկրներում ռուսերենը երկրորդ պետական լեզու ճանաչելու ակնարկը հայտարարության մակարդակով է, բայց Վահրամ Մարտիրոսյանը չի կասկածում՝ եթե ռուսները ճար ունենան՝ կանեն, ավելին՝ առաջին պետական լեզու կդարձնեն. «20 տարեկանում պատրաստվում էի ցույց անել, քանի որ լինելու էր որոշում՝ ԽՍՀՄ բոլոր բուհերում մասնագիտական առարկաները ռուսերենով անցնելու վերաբերյալ: Այն ժամանակ «ԿԳԲ»-ն մեր թեւերը ոլորեց, տարավ բացատրական զրույցի: Բայց ասում են, որ այդ ցույցի նախապատրաստումն օգնեց, որ որոշումը չլինի»: Վահրամ Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ պատրաստ է զենքով պայքարել ռուսերենը ՀՀ երկրորդ պետական լեզու ճանաչելու դեմ:

Լուիզա Սուքիասյան

Աղբյուրը` http://www.aravot.am/2016/11/25/830595/

 

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Լուրեր, Կրթական համակարգ բաժնում։ Էջանշեք այս հղումը.