Լեզվի տեսչությունը լուծարելը նշանակում է լեզվաքաղաքականության ասպարեզում վերադարձ խորհրդային մոդելին

Alph_tree

Оրերս լուր տարածվեց, թե ՀՀ կառավարությունը մտադիր է լուծարել լեզվի պետական տեսչությունը:

Այս մարմնի շուրջ պարբերաբար աղմուկ է բարձրանում լրատվամիջոցներով. մարդիկ բողոքում են, որ արդյունավետ չի աշխատում, չի կատարում իր գործառույթների մեծ մասը, երկրի լեզվավիճակը ոչ թե բարելավվում է, այլ, ընդհակառակը, գնալով վատանում: Ոմանք էլ զայրացած կոչ են անում այդպիսի վատ աշխատող հիմնարկը փակել, վերացնել:

Իհարկե, միամտություն կլիներ մտածել, թե այսպիսի հուզական զեղումների ազդեցությամբ է կառավարությունը որոշել լուծարել լեզվի տեսչությունը: Երբ, օրինակ, կառավարությունը ակնհայտորեն վատ է աշխատում, ապա ոչ մեկի մտքով չի անցնում երկիրը թողնել առանց կառավարության: Պարզապես նոր վարչապետ է նշանակվում, սա էլ վերանայում, թարմացնում է կառավարության կազմը:

Ոմանք կառարկեն, թե երկիրն առանց կառավարության չի կարող լինել, բայց առանց լեզվի տեսչության կլինի: Կառավարությունը՝ ոնց որ երկրի գլուխը. առանց գլխի մարդ կլինի՞: Բայց, ի՞նչ է, քի՞չ կան անուղեղ մարդիկ: Անոտ, անձեռ, անաչք, անականջ մարդիկ էլ են լինում, Աստված կարոտ պահի: Բայց դա չափանիշ չէ:

Իսկ որ Ֆրանսիայում լեզվի տեսչությունը նախարարության կարգավիճակ ունի, դա՞ ոնց է, մեզ համար չափանիշ լինել չի՞ կարող: Թե՞ կարծում եք, որ այդ նախարարությունը քննադատության ու դժգոհության պակաս ունի, Ֆրանսիայում այն փակելու կոչ անողներ չկան:

Չմոռանանք, որ տեսչությունը ստեղծվել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի կիրարկման կարգի պահանջով, որպեսզի վերահսկի և ապահովի այդ օրենքի դրույթների պատշաճ իրագործումը: Ցավոք, այդ դրույթները մեր անվերապահ հայրենասեր ու հայերենասեր ժողովրդի կողմից խախտվում են համատարած: Եվ այդ բնագավառի ամենակոպիտ իրավախախտները մեր հայրենապաշտ ու ազգասեր օլիգարխներն ու պաշտոնյաներն են, որ իրենց կյանքն էլ կտան հանուն մեր մայրենիի հարատևման: Վկան՝ «Մուլտի գրուպը», «Գրանդ քենդին», «Ալեքս գրուպը», «Էլիտ գրուպը» և այլն, սրանց քույրերը, եղբայրներն ու ճուտիկները՝ մեկը մեկից ավելի մաքուր հայերեն անուններով:

Որոշ խելոքներ կասեն՝ լեզո՞ւն ինչ է, որ դրա պաշտպանության համար հատուկ օրենք էլ լինի: Բայց հասկացող մարդիկ հայերենը համարել են մեր ազգային անվտանգության հայեցակարգի անհրաժեշտ բաղադրիչներից մեկը: Ո՞վ չգիտի, որ հայերենը չլիներ, հայ ազգը վաղո՜ւց վերացել էր: Այս ամենը շատ լավ գիտեն մեր այսօրվա իշխանավորները, որոնք հավանաբար չեն մոռացել, թե ինչ պայքարի գնով 1993-ին ընդունվեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը: Դրա դեմ կատաղի մարտնչում էին ռուսախոս հայերի ու Հայաստանի ռուսների քաղաքական ու մշակութային կազմակերպությունները (նույնիսկ «Ինչու չպետք է ընդունել լեզվի մասին օրենք» վերնագրով ռուսերեն մի գրքույկ լույս տեսավ ու բաժանվեց խորհրդարանում): Դարձյալ միամտություն կլինի կարծել, թե այդ կատաղի դիմադրությունը միայն նրանց ինքնաբուխ զգացմունքների արտահայտությունն էր: Դրա հետքը շատ ավելի հեռվից ու խորքից էր գալիս: Պարզ է, որ խոսքը ռուսական կայսերապետական ծավալապաշտության մասին է: Բայց այն ժամանակ ռուսական կայսրությունը թուլացման ու քայքայման փուլում էր, իսկ Հայաստանում ազգային զարթոնք ու վերելք էր: Դրա շնորհիվ հաջողվեց ընդունել լեզվի մասին օրենք և ստեղծել լեզվի տեսչություն:

Բայց հետո իրավիճակը սկսեց փոխվել, ահա թե ինչու լեզվի տեսչության 4 պետերից ամեն մի հաջորդը նախորդից ավելի թույլ էր և «խելոք մնալու» ավելի խիստ հրահանգով կաշկանդված, մինչև որ տեսչության ակտիվության մակարդակը մոտեցավ զրոյի: Եվ նույնիսկ բացասական աստիճանի իջավ, երբ լեզվի տեսչության ներկայիս պետը հրապարակավ կողմ արտահայտվեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքում այնպիսի փոփոխություն կատարելու օգտին, որով հայաստանցի հայերի համար թույլատրվեց այլալեզու դպրոցական կրթությունը։ Եվ գաղտնիք չէ, որ այդ պահից օրինական դարձան մինչ այդ օրենքից դուրս գործող բազմաթիվ ռուսական դասարաններ, որոնք թաքնվում էին հայկական դպրոցների ցուցանակների հետևում, նաև մի ֆրանսիական դպրոց (Նար-Դոսի 2 հասցեում), որը ԿԳ նախարարի գիտությամբ պարզապես ստվերում էր գործում։

Հիմա իրավիճակը տրամագծորեն հակառակն է: Ռուսաստանը վերելքի փուլում է և ջանում է վերականգնել կայսրության խորհրդային շրջանի նվաճումները: Իսկ Հայաստանը գնալով թուլանում, հյուծվում ու հուսալքվում է: Ոչ վաղուց նա բերման ենթարկվեց Եվրասիական տնտեսական միություն: Դա, հասկանալի է, նշանակում է Ռուսաստանի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու մշակութային գերիշխանության մեծացում: Արդեն հնչում են խոսքեր հայկական դրամը վերացնելու և Հայաստանի՝ ռուբլու գոտի մտնելու, ռուսերենը Հայաստանում պետական լեզու հռչակելու մասին և այլն:

Ահա այս համաշարում միանգամայն հասկանալի է դառնում լեզվի տեսչությունը լուծարելու տրամաբանությունը: Դա նշանակում է լեզվաքաղաքականության ասպարեզում վերադարձ խորհրդային մոդելին: Պատահական չէ, որ մեկ ամիս առաջ լեզվի տեսչությունից անջատվեց և որպես կառավարությանն առընթեր առանձին մարմին հաստատվեց Հայերենի բարձրագույն խորհուրդը, որը գրեթե նունն է լինելու, ինչ նախկին ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր տերմինաբանական խորհուրդը (կոմիտեն):

Դժվար չէ կանխատեսել, որ լեզվի տեսչության բացակայության պայմաններում անգլերենի վտանգավոր տարածմանը զուգահեռ (ընդգծումը հեղինակինն է) կվերսկսվի ռուսերենի անխոչընդոտ հաղթարշավը Հայաստանում. պետական, առևտրային, առողջապահական, գիտատեխնիկական և այլ հիմնարկներում դարձյալ գործավարությունը կիրականացվի ռուսերեն, հայերենը մեծապես դուրս կմղվի գործածությունից, կտարածվեն ռուսախոսությունը, ռուսական կրթությունը՝ ի հաշիվ հայերենի ու հայկականի: Այդ պայմաններում անիմաստ թղթի կտորներ կդառնան ոչ միայն մեր անկախության հռչակագիրը, լեզվի մասին օրենքը, այլև Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները, որոնք պարզապես կիրառության ասպարեզ չեն ունենա:

Արցախյան շարժումից սկսած՝ մենք ունեցանք մի շարք կարևոր նվաճումներ՝ Հայաստանի ու Արցախի անկախություն, ազատագրված տարածքներ, ազգային բանակ, ազգային արժույթ, օրենքով պաշտպանված պետական լեզու, ազգային դպրոց, հայեցի կրթության միասնական ու համապարփակ համակարգ և այլն: Բայց վերջին տասնամյակում սկսել ենք աստիճանաբար կորցնել այդ նվաճումները: Այսպես որ շարունակվի, ոչ միայն ազատագրված տարածքները, ազգային արժույթը, ազգային բանակը, պետական լեզուն ու հայ ազգաբնակչության մեծագույն մասը կկորցնենք, այլև կվտանգենք Արցախի և նույնիսկ Հայաստանի գոյությունը: Աստված չանի, կիրականանա Իլհամ Ալիևի այն կանխատեսումը, թե «կարիք չկա շտապելու, քանի որ մի 10-15 տարուց Հայաստանն իրեն-իրեն կվերանա ու կդառնա մերը»:

Ահա թե ինչ վտանգավոր ճանապարհով են մեզ տանում մեր իշխանությունները: Դրա հերթական վառ ապացույցն է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության լուծարման մտադրությունը:

Հովհաննես ԶԱՔԱՐՅԱՆ

լեզվաբան

Աղբյուրը՝ http://www.aravot.am/2017/04/18/878967/

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Գործարարություն, Իրավական, Լուրեր, Օրենսդրություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.