
Կառավարությունը մտադիր է մինչև տարեվերջ լուծարել Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությունը:
Նախարարության աշխատակազմում որպես առանձնացված ստորաբաժանում գործող Լեզվի պետական տեսչության հնարավոր լուծարումը մտահոգել է գրականագետ Հովիկ Չարխչյանին: Գրականագետը Լեզվի պետական տեսչությունը լուծարողներին նախ մեկ պատմական փաստ է հիշեցնում: Սկսած Առաջին հանրապետության կազմավորումից և հաջորդած տարիներին Հայաստանի իշխանությունների ուշադրությունը մշտապես սևեռված է եղել հայոց լեզվի վրա: Իսկ այն մարդիկ, որոնք այսօր որոշել են Լեզի տեսչությունը լուծարել, նրանք կա՛մ պատմություն չգիտեն, կա՛մ տեղյակ չեն` ինչ նշանակություն ունի լեզվի արժեքը:
«Կամ էլ այնքան ապազգային երևույթ են դարձել, որ իրենք լեզուն կարող են վերածել ինչ-որ մի սովորական շարքային ՊՈԱԿ-ի, ԾԻԳ-ի»,- NewsBook-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գրականագետը:
Փոխանակ Lեզվի պետական տեսչության լիազորություններն ընդլայնվի` նրան տրվի կոմիտեի կարգավիճակ, այն կառավարությանը կից կառույց դառնա, վերահսկողական մարմնից վերածվի լեզվաշինական կառույցի, մեկընդմիշտ վերացնում են:
«Ի՞նչ կարող ես այդ տեսակ մարդկանց ասել, որոնք Լեզվի պետական տեսչություն են լուծարում, այստեղ մենք մտածողության իսպառ բացակայության երևույթի հետ գործ ունենք»,- հավելեց մտավորականը:
Հովիկ Չարխչյանի կարծիքով` Լեզվի պետական տեսչությունը չի կարող երկրին փող բերել` դա ո՛չ ռեստորան է, ո՛չ օբյեկտ: Այն մի կառույց է, որին պետությունն ինքը պետք է կերակրի և փայփայի:
«Այսօր օտար լեզուների, մշակույթների, այնպիսի ինտերվենցիա է հանրապետությունում, որ դրանից պաշտպանվելու միակ տարբերակը սեփական լեզուդ պաշտպանելն ու հզորացնելն է: Այս ամբողջ իրողության մեջ, երբ կառավարությունը նման որոշում է կայացնում, ես ընդամենը մի պատասխան ունեմ դրան` պետք է լեզվի նկատամամբ հարգանք ունեցողները համախմբվեն ու հակադարձեն բոլոր այն իշխանական մարմիններին, որոնք նման հանցավոր քայլի են դիմում»,- շեշտեց մտավորականը:
Գրականագետը նշեց, որ լեզվի տեսչությունը պետք է լուրջ գիտական կառույց դարձնել:
«Այսօր մենք դրա փոխարեն ունենք մի խեղճ լեզվի տեսչություն, որտեղ մասնագետներին ուղարկում են խանութների ցուցանակները ստուգելու, հետո դժգոհ են մնում, թե այդ մարդիկ ինչո՞ւ են այդ բանն անում: Եթե դու մարդու գործունեության շրջանակն այնքան ես նեղացնում, որ դարձել է հարկայինի աշխատող, ի՞նչ եք այդ մարդուց պահանջում»,- ընդգծեց Հովիկ Չարխչյանը:
Աղբյուրը ` Newsbook.am