Լեզվի հարցը ամենախոցելի հարցն է

Մշակույթի աշխարհում

Հայաստանի կառավարությունում աշխատելիս թեև գիտության և մշակույթի հարցերը իմ անմիջական ղեկավարման ոլորտում չեն եղել, սակայն ներքին անդիմադրելի մղումով մշտապես օժանդակել եմ գիտության և մշակույթի գործիչներին:

Այն տարիներին տարօրինակ «հետևողական» ընտրությամբ մշակույթի, գիտության, կրթության, լուսավորության բնագավառները տնօրինում էին բավական ժրաջան, պատվասեր, համեստ, ազնիվ պետական գործիչներ, ովքեր սակայն, իրազեկությամբ, գոնե նախասիրություններով ոչ միայն շատ հեռու էին վերոհիշյալ ոլորտներից, այլև լավ պատկերացում չունեին այդ արժեքների մասին, նաև մայրենի լեզվին չտիրապետելու պատճառով, ինչպես օրինակ Լարիսա Ստեփանյանն ու Ռեմա Սվետլովան: Իսկ թե ինչո՛վ էր պայմանավորված նման ընտրությունը` այսօր այդ հարցի բացատրությունը ես ունեմ:

Եթե քաղաքական գործիչն ազգային մշակույթի կրող չէ, իր ժողովրդի հոգևոր ժառանգությանն անտեղյակ և անմասն է, անիմաստ է նրանից արգասաբեր աշխատանք ակնկալել. սա իմ անխախտ համոզմունքն է: Խոսելով մշակույթի մասին` ես չեմ սահմանափակվում գրականությամբ, երաժշտությամբ, արվեստի այլ ճյուղերով: Խոսքս լայնածավալ ընդգրկման` ժողովրդի ապրելակերպի, ազգային նկարագրի, պատմության, բանահյուսության, էպոսի, դիցաբանության, լեզվի բազմակողմանի իմացության մասին է:

Երբեմն իմ թիկունքին ամբաստանել են, իբր շատ եմ «ներխուժում» մշակութային ոլորտները, հովանավորում եմ գրողներին, արվեստագետներին` կենցաղային հարցերից մինչև նրանց ստեղծագործությունները հանրությանը ներկայացնելը: Այդ մեղադրանքները անհիմն են, ես գործել եմ պաշտոնական շրջանակներում` դա համարելով իմ աշխատանքային գործունեության անբաժան մասը, որովհետև մշակույթի գործիչները հասարակության առավել անպաշտպան խավը եղել են, կան ու կլինեն, իսկ այնպիսի երկրում, ինչպիսին մերն է, առավել ևս:

Իհարկե այդ տարիներին գաղափարական կաշկանդումներ էլ կային` խորհրդային վարչակարգում դրանք չլինել չէին կարող: Բայց հենց այդ տարիներին ազգային վիթխարի արժեքներ են ստեղծվել, որքան էլ ոմանք փորձեն անտեսել կամ ժխտել: Ասեմ նաև, որ անձամբ ինքս այդ տարիներին կարեցածս արել եմ վարչա-գաղափարական կաշկանդումները մեղմելու, սահմանափակելու համար: Անկեղծ ասած, ես շատ հանգիստ էի վերաբերվում իշխանության նկատմամբ ընդդիմադիր կեցվածք ունեցող մշակույթի  գործիչներին: Այսօրվա իշխանություններն էլ պետք է մեկընդմիշտ համակերպվեն այդ իրողությանը և կարողանան հանգիստ, արժանի վերաբերմունք դրսևորել նրանց նկատմամբ: Ճշմարիտ մտավորականը, ստեղծագործողը բարու, գեղեցիկի և արդարության մունետիկն է, ինչը նշանակում է` դիմակայում չարին, կեղծիքին, անարդարությանը: Ճշմարիտ ստեղծագործողը լռել չի՛ կարող, նա ծնվում է միակ առաքելությամբ` աշխարհին ու մարդկանց լսելի դարձնել սեփական ժողովրդի  նվիրական իղձերն ու բարձր ձգտումները, մեկ անգամ ևս հաստատել նրա մարդասիրական չափանիշներն ու հոգևոր արժեքները: Մեծ ստեղծագործողի ձայնին ունկնդիր է մարդը. իշխանության մարդիկ բացառություն չեն կազմում:

Հատկապես տագնապեցնող է հանրակրթական դպրոցի ներկա վիճակը: Ընդհանրապես շատ դժվար է ինձ հունից հանել կամ խուճապի մատնել, բայց հոգիս խռովված է, որովհետև հայ դպրոցը ծանր վիճակում է: Դարերով հային հայ են պահել եկեղեցին ու դպրոցը, բայց 21-րդ դարում ամենևին էլ հռետորական հարց չէ հայկական դպրոցի լինել-չլինելու հարցադրումը: Եթե դպրոցն է ճգնաժամի մեջ, նույն ճակատագիրն է սպասվում նաև բարձրագույն ուսումնական հաստատությանը: Նշանակում է` մենք կրթված հասարակություն ունենալ չենք կարող, և ազգը, ժողովուրդը նահանջ կապրի, կզրկվի իր բարձրագույն արժեքներից:

Այո, այսօր հայ մարդն իր կամքից անկախ ենթարկվել է ձևախողման:

Ինչպիսի ծայրահեղ ու միակողմանի գնահատականներ էլ որ այժմ արվեն, այն օրերին մշակութային բուռն ու լեցուն կյանք կար, կազմակերպվում էին տարաբնույթ միջոցառումներ: Անսահման էր իմ մարդկային հպարտությունն ու շոյված` ազգային արժանապատվությունս, երբ օտարերկրյա դեսպաններն ու պաշտոնյա հյուրերը հիացմունքի ու զարմանքի խոսքեր էին ասում Գ. Հասրաթյանի և Հ. Իգիթյանի ջանքերով ստեղծված Ժամանակակից արվեստի` այն ժամանակ եզակի մեր թանգարանի կամ թե իր տեսակի մեջ միակ մանկական պատկերասրահի մասին:

***

80-ական թվականներին էր, ԽՍՀՄ կրթության նախարարությունից միութենական հանրապետություններին ուղղված շրջաբերական ստացանք, համաձայն որի բարձրագույն ուսումնական հաստատություններում առարկաների հիմնական ուսուցումը պիտի կատարվեր միայն ռուսերեն լեզվով: Բայց Հայաստանում կիրառում չստացավ:

Այդ ամենը դեռ «չմարսած»` հետևեց մեկ այլ «միջոցառում», բրեժնևյան սահմանադրության ընդունումից հետո հանրապետությունները ևս իրենց սահմանադրություններն էին ընդունում, որոնք գրված լինելով միութենականին «համահունչ»` օրենսդրորեն ամրագրում էին ռուսերենի գերակայող կարգավիճակը: Մայրենի լեզուն, ըստ էության, այլևս պետական լեզու չէր:

… Մոսկվայից վերադառնալուց հետո Կարեն Դեմիրճյանը ինձ հրավիրեց Կենտկոմ և կարճ նախաբանից հետո ցույց տվեց մի ձևակերպում, որն անպայման պետք է հավելվեր Հայաստանի նոր սահմանադրությանը, և որով նախագծից հանվում էր հայերենին պետական լեզվի կարգավիճակ ամրագրող հոդածը: Ի դեպ, ձևակերպումը վարպետորեն մշուշապատ էր:

-Ինչո՞ւ եք ինձ հրավիրել,-տարակուսանքով հարցրի ես:

— Չէ՞ որ Դուք նոր սահմանադրության մշակման հանձնաժողովի անդամ եք,-ասաց նա:

-Եթե ցանկանում եք իմ կարծիքն իմանալ, կասեմ, որ դա անմտություն է, դա ոչ միայն լուրջ դիմադրություն կառաջացնի, այլև ծանր հետևանքներ կարող է ունենալ: Անգամ Ստալինի օրոք այդպիսի բան չի եղել…

Դուք էլ եք հասկանում, որ դա անհեթեթություն է: Լեզվի հարցը ամենախոցելի հարցն է ազգային հանրապետություններում, իսկ այդ հավելումն ընդամենը նացիոնալիստական տրամադրությունների շահարկման առիթ է տալու:

Հանձնաժողովի հերթական նիստում խիստ առարկություններ եղան: Նոր հավելումի դեմ սուր ելույթներ ունեցան Սիլվա Կապուտիկյանը, Գրիգոր Խանջյանը, Ղափանի կուսշրջկոմի քարտուղար Ռ. Մինասյանը, Նոյեմբերյանի կուսշրջկոմի քարտուղար Գ. Նախշքարյանը: Նրանց ելույթների ընթացքում Կ. Դեմիրճյանը կասկածանքով նայում էր ինձ, կարծելով, թե մտերիմ-բարեկամներիս հետ նախօրոք քննարկել ենք հարցը: Նման բան տեղի չէր ունեցել:

Հաջորդ օրը Կենտրոնի պլենում էր և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստը. ընդունվել էր նոր սահմանադրությունը: Ես չմասնակցեցի ոչ պլենումի, որ Գերագույն խորհրդի նստաշրջանի աշխատանքներին: Տանը հեռուստացույցով տեսա, որ առանց դիմադրության ընդունվեց նոր սահմանադրությունը: Մեր նստաշրջանի ավարտից հետո Վրաստանում ուսանողական բողոքի ցույցեր տեղի ունեցան` ընդդեմ մայրենի լեզվի սահմանափակման: Ի դեպ, նախապես խնդրել էի Դեմիրճյանին հետաձգել նիստը` մինչև տեսնենք, թե ինչպիսի դիրք կընդունեն Վրաստանում: Բողոքի ալիքը հասավ նաև Աբխազիա: Թբիլիսի ժամանեց ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Կապիտոնովը: Իրավիճակն այնքան պայթյունավտանգ էր, որ անգամ Կրեմլում դա հասկացան և ստիպված եղան տեղի տալ. Վրաստանում վրացերենը սահմանադրության մեջ մնաց որպես պետական լեզու:

… Տուն զանգեց Գերագույն խորհրդի քարտուղար Մանիկ Բախչինյանը, հայտնեց, որ սահմնադրության մեջ մնում է նախկին ձևակերպումը, այսինքն հայոց լեզուն մնում է պետական լեզու: Շնորհակալություն հայտնեցի զանգի համար, բայց չմոռացա «հիշեցնել», որ մեր նստաշրջանը վաղուց էր ավարտվել` արդեն ընդունված որոշումը «սրբագրելու» համար: Երկուսս էլ ծիծաղեցինք:

Ազգային զարթոնք ապրող ժողովրդի արժանապատվությունը ոտնահարող այդպիսի գռեհիկ միջամտությունները նույնպես խարխլում էին Խորհրդային Միության հիմքերը: Խորհրդային իշխանության տարիների մեր գիտության ու մշակույթի աննախադեպ վերելքի պատճառներից մեկը, եթե ոչ հիմնականը, ինչպես Թումանյանն է ասում` «մաքառումն է»: Լեզվի, մշակույթի նկատմամբ դրսից եկած ճնշման փորձերը հակառակ ազդեցությունն էին ունենում: Բրեժնևի, մասնավորապես, Սուսլովի անխոհեմ քայլերը ժողովուրդների ազգային մշակութային դաշտը նեղացնելու գործում միշտ էլ արժանացել են բացահայտ կամ խուլ դիմադրության: Ռուսական չինովնիկությունը երբեք ազգային-քաղաքական հարցերում նրբանկատ չի եղել, եթե ավելին չասենք: Նրանց պետք չէ շփոթել ռուս մտավորականության հետ, որի աջակցությունը միշտ էլ բարձր ենք գնահատել:

Ալեքսան Կիրակոսյան «Մայրամուտի շեմին. հուշեր և մտորումներ», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2002թ., էջ 218-222:

Թվայնացումը` Լեզվի ժողովրդական տեսչության

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Իրավական, ԼԺՏ-ի նյութերը, Խախտումներ, Կրթական համակարգ, Հրապարակախոսական, Օրենսդրություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.