
Վերջապես Հայաստանում պետք է լինի մի հանրամատչելի ամբիոն, որտեղից տարածվեն մեր աստվածային լեզվի արծաթահունչ ղողանջները։
Գեղեցիկ խոսքեր չեմ ասում, ահա թե ինչը նկատի ունեմ. Հանրային հեռուստաընկերությունում հարկավոր է բացել ամենօրյա հաղորդաշար, որի բանիմաց աշխատակիցները հայ հանրությանը օգնեն շտկել լեզվական սխալները, խոսել և գրել ճիշտ, գեղեցիկ, առինքնող մայրենիով։
Անձնական շփումներից և տեսած-լսածիս վերլուծությունից գիտեմ, որ իսկական մասնագետների ցավալի պակասություն կա, հատկապես հետանկախական շրջանում ուսում ստացածների և կիսատ-պռատ գիտելիքներով մամուլում, հեռուստատեսություններում և այլուր աշխատանքի անցածների շրջանում։
Սա նկատի ունենալով` առաջարկում եմ իմ` ավագ սերնդի ներկայացուցչիս անձնական աջակցությունը` որպես ընկեր-խորհրդատու։ Կարծում եմ` հայերենի բազմաթիվ ջատագովներ, օրինակ Կարլ Յալանուզյանը, Մարինե Հովյանը , քույրս` Արմենուհին, և ուրիշներ չեն հրաժարվի այս ազգօգուտ ձեռնարկին իրենց գիտելիքները նվիրաբերելուց։
Ես արդեն երկու անգամ իմ «Գործածական բառացանկը» և «Լեզվաոճական ուղեցույցը» համացանցում տեղադրել եմ, նույնն արել է Մագաղաթ.ամ կայքը, և ուզում եմ շեշտել, որ մեր ժողովուրդը ճիշտ և ստուգված գիտելիքների ահռելի ծարավ ունի։ Ուղեցույցի լրացված տարբերակը հատվածաբար տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում ևս։
Պատրաստ եմ տարիների ընթացքում կուտակած դիտարկումներս տրամադրել իմ ժողովրդին։
Առաջարկվող հաղորդաշարի մասին երբեմն խոսակցություններ լինում են, բայց երևի ինչ-որ կարծր պատի են դեմ առնում, մարում։
Մինչդեռ հայոց չքնաղ լեզուն օրհասական վիճակում է։ Ով դա չի նկատում` կամ անիմաց է, կամ ոսոխ։
Մի ամենօրյա գրագետ հաղորդմամբ կարելի է կարճ ժամանակում վիճակը շտկել։ Որովհետև սխալներով խոսողների մեծ մասը անհոգի հիմար չէ, պարզապես մեկը ճիշտը չի ուսուցանել։
Դա անպայման ու մեծագույն պատասխանատվությամբ պետք է անի մեր պետությունը` իր Հանրային հեռուստատեսության ներուժով և փորձառու մասնագետների ներգրավմամբ։
Դիմագրքի ոչ մի գրառում, ակումբային ոչ մի քննարկում ու բանավեճ այն արդյունքը չեն տա, որպիսին ունակ է տալ Հ1-ի ամենօրյա հաղորդաժամը։
Ընկերներիս խնդրում եմ արձագանքել։
ՀՓ, 09.09.2017
ՀԳ. Գրառումը ՏԱՐԱԾԵԼԸ անհատական աջակցություն է այս գործին։