Երբ օտարերկրացիները հայերեն են սովորում. Հարցազրույց մասնագետի հետ

EduLab կրթական կենտրոնի մասնագետ Թերեզա Հովհաննիսյանը NEWS.am-ին տված հարցազրույցում պատմում է հայերենը որպես օտար լեզու դասավանդելու առանձնահատկությունների, օտարերկրացիների՝ հայերեն սովորելու շարժառիթների եւ դժվարությունների մասին:

Օտարերկրացիներին որքանո՞վ է հեշտ սովորել հայերեն:

Հայերի մեջ տարածված մի լեգենդ կա, թե հայերենն աշխարհի ամենադժվար լեզուներից է: Հաճախ ուսանողները EduLab են գալիս՝ համարելով, թե արկածախնդրության պես մի բան է հայերեն սովորելը, գալիս են այն մտքով, թե մի քանի օրից կնահանջեն: Իսկ շաբաթներ անց արդեն հումորով են վերաբերվում «գերբարդ» հայերենի մասին հայերի այդ համոզմանը: Եվ հետաքրքիրն այն է, որ ուսանողներիցս շատերը հայ ծանոթներին հետո չեն ասում, որ սովորական լեզու է հայերենը: «Թող էդպես մտածեն, ես ինձ էդպես հերոս եմ զգում».- կատակով ասում է ուկրանիացի ուսանողուհիս:

Հայերենը հեշտ է կամ դժվար է հենց այնքան, ինչքան յուրաքանչյուր այլ լեզու: Ինչպես յուրաքանչյուր լեզու, հայերենը նույնպես ունի հեշտ եւ դժվար կողմեր: Կարող ենք որոշ առանձնահատկություններ մատնանշել: Շատ ենք ասում, որ հայերենի բաղաձայն հնչյունները եռաշարք են, դժվար են: Չեք հավատա, բայց արտասանական դժվարությունները հեշտ են հաղթահարվում: Եվ պարզվում է՝ ամենադժվար հաղթահարելին ղ-ր զույգն է, իհարկե գերմանախոս, ֆրանսիախոս ուսանողների համար:

Ըստ իս՝ մեր լեզվում իրապես մի քանի բարդ բաղադրիչ կա. ամենաբարդը շարադասությունն է, ավելի ճիշտ՝ օժանդակ բայի շարադասությունը: Այն տեղադրում են շեշտված բառից հետո: Բայց հաճախ դժվար է կռահել, թե ո՛րն է շեշտված բառը, ասենք՝ «հաճախ»-ը հիմնականում շեշտում ենք՝ «ես հաճախ եմ նրան տեսնում», իսկ «սովորաբար»-ը չենք շեշտում, չենք ասի՝ «ես սովորաբար եմ նրան տեսնում»: Նման բազմաթիվ մանրուքներ կան, որոնք բնավ էլ մանրուքներ չեն:

Իսկ հայերեն սովորելու հեշտ կողմերից մեկը գրել եւ կարդալն է. ի տարբերություն շատուշատ լեզուների՝ հայերեն տառերը սովորելուց հետո ուսանողը կարող է կարդալ:

Ինչո՞ւ են օտարերկրացիները հայերեն սովորումՁեր կարծիքովո՞րն էշարժառիթը:

Ես ավելի քան 15 երկրներից ուսանողներ ունեմ: Մի մասը Հայաստան են տեղափոխվում 2-3 տարով, եւ քանի որ ուզում են ծանոթանալ հայ մշակույթին, իսկ լեզուն չեն տարանջատում մշակույթից, հայերեն են սովորում: Մի զգալի մաս են կազմում այն օտարախոսները, որոնք ամուսնացած են հայի հետ կամ որոնց ապագա կողակիցը հայ է։ Ի դեպ, նրանք ամենից ոգեւորված ուսանողներն են: Այո, սերը հզոր շարժառիթ է: Իհարկե, կամավորական ծրագրերով Հայաստան եկած երիտասարդներ նույնպես շատ ունենք, որոնց առցանց եմ դասավանդում, եթե Երեւանից դուրս են բնակվում:

Կուզենայի հավելել նաեւ, որ օտարազգի ուսանողներից բացի ունեմ նաեւ սփյուռքահայ ուսանողներ, որոնք Հայաստանում լինեն, թե արտերկրում, առցանց եղանակով նույնպես մեծ հաճույքով են սովորում, ջանում բարելավել հայերենի իրենց իմացությունը։ Ուրախալի է, որ այդպիսի սփյուռքահայերի թիվը գնալով աճում է, եւ ուրախ եմ, որ դասընթացի միջոցով կարողանում ենք մեր ներդրումն ունենալ այդ կարեւոր խնդրի լուծմանը։

Կհիշե՞ք հետաքրքիր դեպքեր Ձեր ուսանողներից:

Մի շրջան Եմենից Մուհամեդի հետ «Թթենի» ֆիլմն էինք դիտում, որում շատ հյութեղ հայերեն է հնչում, դրանից բացի այդ դասի ընթացքում իրավիճակային մաս ունեինք, որտեղ գնորդը որոշում է խանութին վերադարձնել գնած ապրանքը: Նրան մի քանի համապատասխան երկխոսություն եմ տալիս, պարապել հանձնարարում, որ հաջորդ անգամ դերային խաղ անենք: Հաջորդ դասին սկսում եմ. «Կներեք, ես երեկ մի շալվար եմ առել, բայց ուզում եմ վերադարձնել»: Սպասում եմ, որ ասի՝ կտրոնը պահե՞լ եք, իսկ ինքը. «Ազնիվ խոսք, կին արմատը ամոթ չունի» (տարբեր արտահայտություններ «Թթենի» ֆիլմից)… Հավատացեք, շարունակությունը չեմ հիշում: Զվարճալի էր ու անմոռանալի:

Երբեմն այնքան սուր դիտարկումներ են անում: Երբ անցանք վերջերս բառը, բացատրեցի, որ այստեղ ս-ն նշանակում է այս, այսինքն՝  «այս վերջին ժամանակներում» (հստակ է, չէ՞, որ այս բառն առաջին մակարդակում ենք սովորում), Մեքսիկայից Լուիսը այսպես արձագանքեց. «Հա՜, «աշխարհումս ախ չիմ քաշի», նույնն է» (Լուիսը հրաշալի դուդուկահար է, Սայաթ-Նովա էլ հասցրել էր մի քանի անգամ լսել): Ի՞նչ եք կարծում, հայախոսներից քանի՞սը կարող են իմանալ, որ աշխարհումս-ը նշանակում է «այս աշխարհում»… Երբ սովորում էինք այլեւս չեմ գնա կամ խոսակցական էլ չեմ գնա, նույն Լուիսը բարձրաձայն մտածեց այն մասին, որ այլեւս-ը եւ էլ-ը նույնն են, ինչպես այս-ից ունենք էսայդ-ից՝ էդ, ուրեմն այլ-ից՝ էլ… Այնքան շատ են նման դեպքերը… Մի վերջինն էլ ասեմ. երբ Մուհամեդին ասացի, որ download-ը ներբեռնել է, անմիջապես պատասխանեց. «Upload-ն էլ վերբեռնել է՞»: Այսպիսին են իմ ուսանողները՝ սուր, մտածող…

Արդյոք օտարերկրացիների հետ տեղացիները սիրում են հայերեն խոսել:

Նշանակետին խփեցիք այս հարցով: Ոչ, ցավոք, հիմնականում չեն սիրում: Ուսանողներս շատ են բողոքում, որ հայերը նրանց հետ հայերեն չեն խոսում: Սկզբում հավատս ուղղակի չէր գալիս, ժամանակի ընթացքում համոզվեցի: Հայերը, եթե գիտեն օտարի լեզուն, կարծես անպայմանորեն ուզում են ցույց տալ, որ իրենք կարող են խոսել այդ լեզվով: Ամենահետաքրքիրն այն է, որ հենց օտարերկրացի են տեսնում, սկսում են ակամայից ռուսերեն խոսել: Չեն գիտակցում, որ այդ մարդը Եվրոպայից է, ու նրա՝ ռուսերեն իմանալու հավանականությունը շատ փոքր է: Եթե անգլերեն չգիտես, թվում է՝ պիտի ժեստերով ինչ-որ բան ցույց տաս, բայց, չէ, մենք ռուսերեն ենք խոսում:

Ինչ դժվարությունների են առավել հաճախ բախվում ձեր ուսանողները:

Դժվարությունները շատ են… Մեզանում շատերը օտարերկրացուն համարում են անհոգ ու ոչինչ չհասկացող մարդ, որին կարելի է խաբել, որից կարելի է փող շորթել (նա հաստատ այնքան խելք չունի, որ գլխի ընկնի): Մենք մոռանում ենք, որ եթե մարդը մեր փոքր երկիր է եկել, ուրեմն հավանաբար շատ է շրջագայել, փորձ կունենա, բնականաբար նաեւ խելք… Այստեղ շատերը «թաքուն» ծիծաղում են նրանց վրա, ծաղրում… Երբ ամենաաշխատասեր, հայերեն ամենալավը սովորող ուսանողը պատմում է, թե ինչպես իր վրա կարող են ծիծաղել սուպերմարկետում, մարդու սիրտը կտոր-կտոր է լինում… Բայց ամենամեծ խնդիրը մեր պահպանողական կամ նեղ մտածելակերպն է: Օտարերկրացիների համար անհասկանալի է, որ մարդը կարող է պակաս ուրախանալ, երբ աղջիկ երեխա է ունենում, էլ չեմ ասում՝ կարող է տխրել: Նա չի հասկանում,  թե ինչու պիտի հասուն աղջկա ծնողները կամ ընկերը որոշեն, թե ոնց ապրի՝ գնա կամ չգնա քաղաքից դուրս, երեկոյան ուշ կամ շուտ տուն գա: Նրանցից ոմանք չեն համակերպվում մեր ցուցամոլությանը, հարսանիքների հինգհարկանի տորթերին, ոսկիներով պճնված կանանց, որոնք ընդամենը աշխատանքի են գնում եւ այլն:

Երեւանում հատկապես մարդիկ ոչ միշտ են հաղորդակցվում գրական հայերենովձեր ուսանողներին այսպես ասած ո՞ր հայերենն եք դուք սովորեցնումԱրդյոք միայն գրական հայերեն իմանալը խնդիր չի առաջացնում ադապտացվելուն:

Ընդհանրապես իմ ուսանողների գործը հեշտ չէ: Նրանք սովորում են թե գրական, թե խոսակցական հայերենի առանձնահատկությունները: Գիտե՞ք՝ ինչ եմ նկատել: Երբ հայը հայերեն է խոսում օտարերկրացու հետ, չգիտես ինչու սկսում է գործածել այնպիսի բառեր, որ երբեք չի օգտագործի հայախոսի հետ: Օրինակ՝ առօրյայում մենք ասում ենք՝ ծախել, ի՞նչ ծաղիկ, առնել, իսկ օտարերկրացու հետ խոսելիս հիշում ենք՝ վաճառել, ինչպիսի ծաղիկ, գնել… Այնպես որ օտարերկրացին պիտի իմանա՝ այստեղ, էստեղ, ստեղ… Սիրում եմ ասել, որ չեմ դասավանդում գրական հայերեն, դասավանդում եմ գրագետ հայերեն:

Հեղինակ` Աիդա Հովհաննիսյան

Աղբյուրը` https://news.am/arm/news/429146.html

 

Գրառումը կատարվել է Զանազան, Զրույցներ լեզվի մասին, Կրթական համակարգ, Հայերենագիտություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.