Լեզվի մասին օրենքի խախտումը և ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը ոտնահարելը օտարերկրյա դեսպանությունների կողմից ֆիլմերի փառատոնների անվան տակ դարձել է ավանդույթ

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ`

պարոն Ս. Երիցյանին

Հարգելի պարոն Երիցյան,

Այսօր տեղեկացա, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ ս.թ. հունվարի 19-21-ը Երևանի«Մոսկվա» կինոթատրոնում կայանալիք փառատոնի հնդկական ֆիլմերի ցուցադրությունները լինելու են ռուսերեն՝ անգլերեն ենթագրերով:

Այդպես էլ չհասկացա, թե ինչ կապ ունեն ռուսերենն ու անգլերենը երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ: Սակայն մի բան պարզ է. Հայաստանի Հանրապետության Լեզվի մասին օրենքի խախտումը և ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը ոտնահարելը օտարերկրյա դեսպանությունների կողմից ֆիլմերի փառատոնների անվան տակ դարձել է ավանդույթ: Դա անթույլատրելի է:

Ստորև Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում փառատոնը գավազդող հայկական լրատվամիջոցների ցանկը`

Հայաստանի հանրային ռադիո, «Առավոտը հանրայինում» ծրագիր

yerkirmedia.am

www.panarmenian.net

https://armenpress.am

https://www.newsinfo.am

lurer.com

Lratvakan.am

blognews.am

ditaket.am

Կցանկանայի Ձեզ տեղեկացնել, որ 2017թ.-ի մարտի 19-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին ուղղված իմ նամակ-բողոքից հետո ֆրանկոֆոն ֆիլմերը թարգմանվեցին և ցուցադրվեցին հայերեն:

Ֆիլմերի հայերեն թարգմանությունը չապահովելով` Հնդկաստանի դեսպանությունը խտրականություն է կիրառում ՀՀ քաղաքացիների նկատմամբ, իսկ հայկական լրատվամիջոցները` խրախուսում դա:

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ, որպեսզի ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը, օգտագործելով ՀՀ օրենսդրության բոլոր հնարավորությունները, պարտադրի Հնդկաստանի դեսպանությանն ապահովել ֆիլմերի հայերեն թարգմանությունը կամ հետաձգել միջոցառման անցկացումը, իսկ վերոնշյալ լրատվամիջոցներին խիստ նախազգուշացնի  ՀՀ Լեզվի մասին օրենքի և Սահմանադրության խախտմամբ իրականացվող փառատոնը գովազդելու համար:

Նամակի մեկական օրինակ ուղարկում եմ Հայաստանում Հնդկաստանի դեսպանին և Լեզվի ժողովրդական տեսչություն քաղաքացիական նախաձեռնությանը:

Ա. Մամիկոնյան

ՀՀ քաղաքացի

Հունվարի 16, 2018թ.

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Գովազդ, Իրավական, ԼԺՏ-ի նյութերը, Լուրեր, Խախտումներ, Միջազգային փորձ բաժնում։ Էջանշեք այս հղումը.