ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Այդ բոլորի դեմ մենք, ամենից առաջ հայ կոմունիստներս, պիտի կռվենք անխնայորեն և անողոքաբար: Հայաստանը կապված է եղբայրական կապերով Խորհրդային Ռուսաստանի հետ: Բայց նա միաժամանակ դրա հետ անկախ մի հանրապետություն է, որ ունի իր ուրույն ազգային դեմքը: Հայաստանը հայ աշխատավորների, հայ ժողովրդի պետությունն է: Եվ այդտեղ պետական լեզուն հայերենն է: Նա, ով չի ցանկանում այդ ըմբռնել, ով դիտավորությամբ խուսափում է գործածել հայերենը պետական հիմնարկությունների մեջ, իրապես վարում է հակահեղափոխական մի գործ: Նա, ով չի կարող համակերպվել մեր պետության այս պահանջին, կարող է հեռանալ երկրից: Խորհրդային Հայաստանը հայ բանվորների և գյուղացիների պետությունն է:

Մեր մտավորականության մեջ ազգայնականների կողքին կա մի ուրիշ տարր, որը սոցիալիստական պետության համար նույնքան անհանդուրժելի է, ինչպես առաջինը: Դա այն տարրն է, որ կտրված է իր հայրենիքից և համակված է յուրօրինակ բուրժուական հակասական տրամադրություններով: Դա այն տարրն է, որ ամենայն կերպ պաշտպանել է ռուսականացման այն սկզբունքը, որ կիրառվել է մեր երկրում ցարիզմի օրերից: Այդ տարրին պատկանող մտավորականները չեն ցանկանում ամենևին ուսումնասիրել հայ լեզուն և կյանքը ու գերադասում են կառավարել երկիրը ռուսական լեզվի միջոցով: Այդ տարրի ներկայացուցիչներից շատ շատերը սիրում են անշնորհք ռուսերենով ցուցադրել իրենց բացասական վերաբերմունքը դեպի հայ լեզուն… Դրանց թվում է, թե այժմ իրենք իրավունք ունեն հակադրել դաշնակցականների վայրենի նացիոնալիզմին կադետների գռեհիկ ռուսիֆիկատորությունը:

Հայ աշխատավորության 90 տոկոսը ռուսերեն չգիտի և խոսում է միայն հայերեն, հետևաբար աշխատավորական հանրապետության լեզուն ևս պիտի լինի ժողովրդի լեզուն: Այն մի խումբ մտավորականները կամ հայ բուրժուազիայի զավակները, որոնք չեն ցանկանում սովորել պետական լեզուն, պիտի մի ուրիշ տեղ ցուցադրեն իրենց ընդունակությունները: Մեր պետական հիմնարկություններից պիտի դուրս նետվեն բուրժուական լամուկների և օրիորդների այն խմբերը, որոնք աղավաղում են Խորհրդային Հայաստանի ժողովրդական դեմքը: ՀՍՍՀ Կենտկոմի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մյասնիկյան («Սովետական Հայաստան» թերթ, 1921թ., հուլիսի 1, առաջնորդող)

Աղբյուրը՝ https://www.facebook.com/Language.Committee/photos/a.277843909456451/277846832789492/?type=3

Գրառումը կատարվել է Հրապարակախոսական բաժնում։ Էջանշեք այս հղումը.