ԻՐՈ՞Ք ՔԱՂՑՐ Է ՍՏՐԿՈւԹՅՈւՆԸ

Ցասումով ու տագնապով ծանոթանալով ՀՀ ԿԳ նախարարության 2010 թ. ապրիլի 20-ի (Կ-876-20.04.2010 — ԳԿ-010/0)՝ «Հայաստանի Հանրապետության օրենքը «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին և օրենքի փոփոխության «հիմնավորումներին»՝ չես ուզում հավատալ, որ հայրենական կրթությունը կարգաբերելու կոչված գերատեսչությունն այդքան հեռու է մեր հանրապետության լեզվակրթական խնդիրներից, ուստի ստիպված ես եզրակացնել, որ օրինագծում առաջարկվող փոփոխություններով ՀՀ ԿԳ նախարարությունը հայությանն ուծացման ուղղորդող անթաքույց նկրտումներ ունի։

ՀՀ «Լեզվի մասին» օրենքի երկրորդ հոդվածի առաջին պարբերության վերաշարադրումը, թե՝ «….Հայաստանի Հանրապետությունում …. կրթության և ուսուցման լեզուն գրական հայերենն է՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի», մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ գործող օրենքում ազգային փոքրամասնությունների համար այդ սահմանափակումն արդեն իսկ կա, ընդ որում՝ պետական հովանավորությամբ. աշխարհի ուրիշ ո՛չ մի պետության համատիպ օրենսդրական փաստաթղթերում ազգային փոքրամասնություններին այդպիսի արտոնություն տրված չէ։ Նշանակում է՝ ԿԳ նախարարությունը ոչ թե սողանցք, այլ բաց դուռ է թողնում Հայաստանում հայ երեխայի՝ ոչ ազգային լեզվով կրթության համար։

Վտանգն ավելի է սաստկանում նույն հոդվածի երրորդ պարբերության վերաշարադրանքով. «Հայաստանի Հանրապետության տարածքում օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման ոչ հանրակրթական և հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ կամ մասնակցությամբ»։

Նախ՝ գործող օրենքով օտար լեզվով ուսուցմամբ մի՛միայն բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնելու հնարավորություն է տրված, այն էլ՝ ՀՀ Կառավարության որոշմամբ, ո՛չ թե համաձայնությամբ կամ մասնակցությամբ։

Երկրորդ՝ «Համաձայնությամբ կամ մասնակցությամբ» արտառոց բառակցությունը հստակ հուշում է, որ ՀՀ Կառավարության անհամաձայնության դեպքում էլ ԿԳ նախարարությունը կբացի այդպիսի հաստատություններ, ասենք, «գիտափորձ» անվան տակ, որը հաճախադեպ է այդ նախարարության փորձառության մեջ։

Երրորդ՝ «հանրակրթական և ոչ հանրակրթական հաստատություն» արտահայտությունը օտարալեզու կրթության հնարավորություն է տալիս ոչ միայն բուհերին ու դպրոցներին, այլև մանկապարտեզներին։

Չորրորդ՝ «այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման» ձևակերպումը ԿԳ նախարարության՝ ուսուցման խառնալեզվության «մեթոդը» Հայաստանում վերջնականապես պաշտոնականացնելու և տարածելու ոտնձգությունն է։

Ինչ վերաբերում է օրինագծի հիմնավորման հատվածի այն «հիմնավորմանը», թե «….նախագծի առաջադրման նպատակն է կարգավորել լեզվաքաղաքականության և կրթության բնագավառների օրենսդրության տեխնիկական հակասությունները….», որոնք իրոք կան օրենքում, ապա հարկ ենք համարում հիշեցնել, որ տեխնիկական բնույթի շտկումները կատարվում են արագ ընթացակարգով, իսկ վերը դիտարկված պաշտոնական առաջարկությունները ոչ թե կարգավորում, այլ մղձավանջի են վերածում քաոսային վիճակում գտնվող մեր լեզվակրթական կենսատարածքը։

Պատահական չէ, որ կրթության գերատեսչությունից ելած այս փաստաթուղթը լի է խնդրառական, կետադրական, ուղղագրական ու բառագործածության սխալներով, և այդ փաստաթղթի տեքստը դպրոցում հայերենի ուսուցման լավագույն նմուշ կարող է ծառայել՝ «Ուղղի՛ր սխալները» առաջադրանքով։

Հատկանշական է նաև այն, որ վտանգավոր այդ փաստաթուղթը լույս աշխարհ եկավ Մեծ եղեռնի 95-րդ տարելիցի շեմին։ Ի դեպ, երիտթուրքերի ուսուցչի՝ Սուլթան Համիդի կառավարության հայասպան գործունեությանը ևս նախորդեց հայկական դպրոցների կրճատումը։ Քանիցս մեր դպրոցները ոչ միայն կրճատել, այլև փակել է ցարական Ռուսաստանը։ Կարելի է ենթադրել, որ այդ երկրները՝ իրենց կառավարություններով, հազորացան՝ շնորհիվ մեր դպպրոցների սակավացման ու վերացման։ Ի՞նչ եք կարծում, արժե՞ արդյոք զրկել մեր հայրենի կառավարությանը հզորացման իր եզակի հնարավորությունից…

ՀՀ «Լեզվի մասին» 1993-ի օրենքը չի գործում ոչ թե գործառության անհնարինության, այլ նրա դրույթները ենթաօրենսդրական ակտերով և պաշտոնյաների կամայականությամբ միտումնավոր սահմանափակելու հետևանքով. սահմանակփակումների «առաջամարտիկը», որքան էլ տարօրիմակ է, միշտ ԿԳ նախարարությունն է եղել։ Սա նախարարության չորրորդ փորձն է՝ ընդդեմ անկախ Հայաստանի հիմնասյան՝ պետական լեզվի։ Տեսնես ի՞նչն է մղում այս մի նախարարին այնպիսի մոլության, որ չի պապանձվում մինչև իսկ սրբապիղծ մտքեր նետելիս՝ իրո՞ք համոզմունքը, թե՞ սուր հոտառությամբ ռունգները, որ չեն դիմանում երկիրդ հիմնիվեր քարուքանդ անելու համար շպրտված աստղաբաշխական հաշվարկների զգլխիչ բուրմունքին։ Մեր «նժդեհականը» զորավարի գաղափարախոսությունը «սերտելիս» մի՛ բանի վրա է միայն բևեռվել. «Նժդեհն էլ ռուսական կրթություն ուներ»։ Ակամա մտածում ես՝ չլինի՞ Հայաստանի հանրապետական կուսակցությունը խմբագրել է Նժդեհի հորդորները և խոր նկատումները հայապահպանության հարցում հայերենի անզուգական դերի վերաբերյալ։ Այլապես ինչո՞վ բացատրես իր գործունեությունն այս նվիրական անունով ողողած իշխող կուսակցության՝ մեր պետության կրթոլորտը վստահած բարձրագույն պաշտոնյայի այն անսքող «հիմնավորումը», թե հայերենով հնարավոր չէ բարձրակարգ կրթության ապահովում։ Զայրացուցիչն այստեղ բնավ էլ այն չէ, թե ասվածը չի համապատասխանում իրականությանը, որովհետև այսօր համապատասխանում է ցավագնորե՛ն, այլ այն, որ տարիների ընթացքում իրականությունը նպատակայնորե՛ն համապատասխանեցվեց այդ համապատասխանությանը, և ահա եկել է հարմար պահը՝ հնչեցնելու այդ վարձատրվող գույժը՝ որպես լիակուշտ հաշվետվության ավետիս…

Նախագիծն ամբողջությամբ հակաօրինական է, ոտնահարում է մեր Սահմանադրությունն ու ազգային արժանապատվությունը, և եթե մեր իշխանավորների երակներով հոսող արյունը դեռ ի զորու է հիշեցնել տերերին իրենց սերումը, ապա պարտավոր են բավարարում տալ ներքոբերյալ պահանջներին։

Ա) Ընթացք չտալ օրինագծին, քանի որ ՀՀ «Լեզվի մասին» 1993 թ. օրենքը ժողովրդավարության և ազգապահպանության անզուգական փաստաթուղթ է թե՛ հայության, թե՛ ազգային փոքրամասնությունների համար։

Բ) Անվստահություն հայտնել ԿԳ նախարարության համապատասխան անձանց։

Գ) ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը համապատասխան ընթացակարգով ու սեղմ ժամկետում ներառել անձեռնմխելի հոդվածների շարքը՝ մեկընդմիշտ բացառելով ՀՀ ազգային անվտանգության կարևորագույն բաղադիչներից մեկի՝ պետական լեզվի՝ հայերենի, և նրանով իրականացվող կրթության խաթարմանը միտված որևէ օրինագծի առաջադրմա՛ն իսկ հնարավորությունը։

Դ) Միջոցներ ձեռք առնել՝ սեղմ ժամկետում վերացնելու ՀՀ Սահմանադրությանն ու «Լեզվի մասին» օրենքին հակասող բազմաթիվ դրսևորումները կրթության, գովազդի, հեռուստատեսության և մնացած բոլոր ոլորտներում։

03. 05. 2010 թ. Դավիթ ԳՅՈւԼԶԱԴՅԱՆ

Հ. Գ. Պատրաստվում էի խմբագրություն ուղարկել հոդվածս, երբ ընկերս, «Հրապարակի» ս. թ. մայիսի 4-ի համարը ձեռքին, «աչքալուսանք» տվեց։ Շնորհակալ եմ խմբագրությանը անաչառության համար։ Լեզվի տեսչության՝ «դամբանականս» ստորագրողներից միայն երեքի հետ եմ աշխատել, մնացածին չեմ ճանաչում։ Հակառակի պես հոդվածներ շատ եմ գրել, որոնցից երկուսում խիստ քննադատել եմ Ս. Երիցյանին իր բարձր պաշտոնավարության ընթացքում։ Բնավորություն է՝ ներողամիտ լինել մինչևիսկ բացահայտ զրպարտիչների հանդեպ, ուր մնաց քենով լցվեի ստիպողաբար ստորագրողների նկատմամբ…

Դ. Գ.

Գրառումը կատարվել է Հրապարակախոսական բաժնում։ Էջանշեք այս հղումը.