Արցախյան դպրոցի տնօրենը դեմ է օտարալեզու դպրոցներին

Արդեն մեկ տարի է բարձր դասարանի աշակերտները իրենց ուսումը շարունակում են ավագ դպրոցում: Ավագ դպրոցի, ինչպես նաև կրթական բարեփոխումների մասին հարցազրույց է տվել ԱԺ պատգամավոր, Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի տնօրեն Ռոմելա Դադայանը:
«Եթե տարեկան թողարկենք 100 հոգի, որոնք կնպաստեն մեր պետության առաջադիմությանը, դա բավարար է: Իսկ մենք ավագ դպրոց ընդունում ենք 500-600 հոգի, որոնք չեն դիմանում, որովհետև պատրաստ չեն ավագ դպրոցում սովորելու», նշել է դպրոցի տնօրենը: Ըստ Ռ. Դադայանի` ավագ դպրոցի գաղափարը շատ լավն է, բայց դրա իրականացման ճանապարհը խոչընդոտվում է հապճեպությամբ: Աշխատանք տարվում է, մեծ ջանքեր են գործադրվում, բայց առայժմ ցանկալի արդյունք չկա: Գուցե՞ դա տարիների հարց է, գուցե՞ հետագայում ծնողը կամ աշակերտը կգիտակցի, որ ավագ դպրոցում պետք է սովորի այն աշակերտը, որը ունի բավարար գիտելիքներ: Նշվեց նաև, որ այս տարի փոքր-ինչ առաջընթաց է նկատվել. մի մասը գիտակցեց, որ նրանք չեն կարող ավագ դպրոցում սովորել: Նա առաջարկում է այդ պրոցեսը այնքան արագացնել, և խստապահանջությունն այնպիսին դարձնել ավագ դպրոցում, որ միայն այն աշակերտները ոտք դնեն այնտեղ, որոնք կկարողանան տանել ուսումնական ծրագրի բարդությունը: Ծրագիրը իսկապես բարդ է, թեմաները ծավալուն են, և դրանք նախատեսված չեն միջին մակարդակի աշակերտի համար:
Խոսելով   այսօրվա միջնակարգ հանրակրթական դպրոցի խնդիրների, դրանց  առանձնահատկության մասին` Ռ. Դադայանը ասաց, որ  ՀՀ-ում և Արցախում կրթական համակարգը նույնն է, հետևաբար ամենուր նույն խնդիրներն են: Հիմնական խնդիրները կապված են դասագրքերի և ծրագրի հետ, և այդ չափորոշիչները այնքան խրթին են, որ ոչ բոլոր աշակերտները կարող են դա հաղթահարել: Դասագրքի պակասը պատճառ Է դառնում, որ աշակերտը ինքնըստինքյան հեռանա առարկայից և գրքից: Ծանրաբեռնավածությունն այնքան մեծ է, որ աշակերտը չի հասցնում ուսուցչի կողմից հանձնարարված բոլոր առաջադրանքները կատարի:

Առաջին դպրոցի տնօրենը խոսեց նաև ժամանակակից տեխնոլոգիաների` համակարգչի դերակատարության մասին աշակերտի կյանքում` նշելով բացասական և դրական կողմերը: Նա չի բացառում համակարգչի կարևորությունը, սակայն արդյունքն այն է , որ ժամանակակից աշակերտը դասերին հատկացնում է ընդամենը մեկ ժամ` 3-4 ժամի փոխարեն: Միայն միջինից բարձր աշակերտը հանձարարված 6 առաջադրանքներից կատարում է հազիվ 2-ը: Դա կապված է նրա հետ, որ նախ առաջադրանքները ծավալուն են և բարդ, մյուս կողմից էլ աշակերտը իր ժամանակը վատնում է այլ զբաղմունքների վրա: Աստիճանաբար դասագրքից հեռանալով` նա չի յուրացնում ծրագիրը և սկսում է անառաջադիմել:
Որպես ուսուցիչ, տնօրեն, ԱԺ պատգամավոր` Ռ. Դադայանը Արցախում օտարալեզու դպրոցների ստեղծման հնարավորության վերաբերյալ ասաց.
«Մեր արցախցիները ընդհանրապես ընդօրինակել սիրում են, չեմ կարծում, որ դրանից էլ հեռու կմնանք»:
Նշեց, որ կտրականապես դեմ է նման դպրոցների բացմանը և մեջ բերեց Խ. Աբովյանի խոսքերը` “Տասը լեզու սովորիր, բայց քո լեզուն ղայիմ բռնիր”: Զրույց գնաց նաև այն ցավալի փաստի մասին, որ ծնողների մեծ մասը, ինչպես նաև ժողովուրդը հակված է դեպի օտարը` կարծելով, թե սեփականը արդեն յուրացրել են: Ի դեպ, այսօր հայոց լեզվի դրվածքը երկրում այնքան էլ բավարար վիճակում չէ: Դա և’ ուսուցչի, և’ աշակերտի, և’ ծնողի մեղքն է: Այսօր աշակերտների 50%-ը չի կարողանում մայրենի լեզվով ինքնուրույն մտքեր արտահայտի, որովհետև մենք անտեսում ենք մեր լեզուն` նախապատվություն տալով օտար լեզուներին: Ուսուցիչը չի հերքում օտար լեզուների իմացության կարևորությունը, սակայն նախ և առաջ պետք է հղկել մայրենի լեզուն:
Կրթության որակը բարձրացնելու համար Ռ. Դադայանը կարևորում է այն փաստը, որ ինքն էլ, որպես մի ուսուցիչ, պարտավոր է շատ աշխատել դպրոցում ուսուցումն ու դաստիարակությունը ճիշտ հունով տանելու համար: Իսկ որպես ԱԺ պատգամավոր` նշում է, որ միայն իր ձայնը շատ քիչ է: Խնդիրներ շատ կան, ուղղակի այդ բարեփոխումները այնքան շատ խնդիրներ են դնում, որ խնդիրների առատությունը ևս խոչընդոտում է առաջընթացին: Նա առաջարկում է կրթական համակարգում եղած խնդիրներին մեկ առ մեկ լուծում տալ:
2010-2011 ուսումնական տարին շրջանավարտներ չի ունենա, դա դպրոցի համար խնդիր չէ: Այս ուսումնական տարվա շրջանավարտներն էլ կլինեն 9-րդ դասարանցիները: Վերջին զանգի արարողություն 2011-ի մայիսին կկազմակերպվի 9-րդցիների համար, բայց նրանք հրաժեշտ կտան միջնակարգ դպրոցին, իսկ ուսումը կշարունակեն ավագ դպրոցում: Տնօրենի խոսքերով սա այն ավանդական, շատ սպասված վերջին զանգը չի լինի, որովհետև ուսուցիչները աշակերտներին ոչ թե դեպի կյանք, այլ դեպի նոր դպրոց կուղղարկեն, որն արդեն 12-ամյա կրթությունն է պարտադրում:

Դիանա Մովսիսյան

www.artsakhnews.am

Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին, Շտեմարան բաժնում։ Էջանշեք այս հղումը.