«Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»

Otaralezu

Երբ լրատվություն տարածվեց Հայաստանում հանրակրթական մի քանի օտարալեզու դպրոց բացելու վերաբերյալ, և հարց դրվեց այդ նպատակով փոփոխություն կատարել  «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում, վրդովմունքի ու հիացմունքի ալիքներ բարձրացան: Հայաստանում իրենց երեխաներին օտար դպրոցներ ուղարկել ցանկացողների «ախորժակը» բացվեց, և նրանք չեն դադարում խոսել «միջազգային չափանիշներին համապատասխան» հանրակրթության նմուշներ ունենալու անհրաժեշտության մասին: Իսկ թե ինչքանով է հայալեզու կրթությունը խանգարում այդ «միջազգայինին», այդպես էլ չի հիմնավորվում:

Հենց հայերի մեջ է տարածված «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես» ասացվածքը, իսկ դա նշանակում է, որ մենք ամենևին էլ մեր մեջ պարփակված ազգ չենք: Սակայն հենց այն հանգամանքը, որ մենք իրոք ազգ ենք, ու մանավանդ` ունենք դարերի փորձությունը հաղթահարած, գրական մշակման ենթարկված, արդիական լեզու, մեզ ուժ է տալիս ասելու, որ մեր նոր սերունդն իրավունք ունի աշխարհի վրա իր տեղը հաստատել` մտածելով հայերեն: Որքան էլ այժմ մշուշված է ներկայանում, սակայն լեզու և ազգ բառերը նույն արմատից են ծագում, իսկ դա նշանակում է, որ գոնե հայի համար դրանք անբաժանելի են: Իսկ ինչո՞ւ չմտածենք, որ անցած հազարարամյակների ընթացքում մենք հայ ենք մնացել հենց հայության «սերուցքի» մեջ անսասան մնացած այս գիտակցության շնորհիվ:

«Արարատյան ուխտագրքում» կարդում ենք, որ հայոց լեզուն մեզ համար խորհրդանիշների համակարգ է, հոգևոր էություն, գենատիկորեն մեզ վերապահված որակ, մինչդեռ մյուս լեզուները ընկալում ենք որպես արտաքին հաղորդակցման միջոց, որպես բառերի քերականական համակարգ: Իսկ երբ հայոց լեզվի բառերն են մեր ուղեղի մեջ կորցնում իրենց խորհուրդը, ապա դառնում են անկենդան, հայերենն էլ մեզ համար դառնում է սոսկ բառերի քերականական համակարգ£ Ու դրանով հավասարվում է օտար լեզուներին, որոնք մենք յուրացնում ենք£ Միտքն էլ դառնում է անկենդան, թերի, անպտուղ£

Ըստ էության, երբ մենք փորձում ենք նորից կյանք տալ օտարալեզու դպրոցներին, մտածում ենք միայն հաղորդակցվելու հնարավորությունները մեծացնելու մասին: Իսկ թե ի՞նչ է տալիս օտար կրթությունը մեր հոգուն ու մտքին, գործնականում անտեսում ենք: Անընդհատ կրկնում ենք, թե լեզուն մտածողություն է, բայց քանի՞ մարդ է խորությամբ ընկալում այս խոսքերի իմաստը: Հաստատ` իրենց երեխաներին օտարալեզու դպրոցներ ուղարկող ծնողները այս մասին գաղափար անգամ չունեն: Թե չէ նախ կմտածեն, նոր կբախեն նման դպրոցների դռները: Եվ եթե դրսում ապրող հայերը, չունենալով այլ հնարավորություն, իրենց երեխաներին օտար դպրոցներ են ուղարկում, ինչո՞ւ պետք է Հայաստանում էլ նույն կերպ վարվենք: Ու բոլորովին նշանակություն չունի` մասնավո՞ր, թե՞ պետական են լինելու օտարալեզու դպրոցները: Նույն հայ երեխան է փորձության ենթարկվում: Իսկ որ դա փորձություն է, կարող են համոզվել բոլոր նրանք, ովքեր գոնե լսել են ուղեղի ու լեզվի կապի մասին:

Վերջերս ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով դասախոսություն լսեցի այն մասին, թե ինչպես է մարդու ուղեղը արձագանքում երկլեզվությանը: Դասախոսին, կարծեմ հայտնի լեզվաբան Իվանովն էր, զարմանք էր պատճառել հատկապես չինազգի օտարաբնակ մի հանրության ուղեղի «պահվածքը»: Եթե սովորաբար երկլեզու անհատների ուղեղի մեկ կիսագունդը մի լեզվին է հարմարվում, մյուս կիսագունդը` մյուսին, ապա այս խմբի մարդկանց ուղեղի նույն կիսագունդը սկսել էր հարմարվել երկու լեզվի: Սա նշանակում է, որ տարբեր լեզուներով խոսելն ուղղակիորեն ազդում է մարդու ուղեղի կառուցվածքի վրա: Ու երբ որևէ ծնող իր երեխային փորձում է գեներով իրեն տրված լեզվական միջավայրից զրկել, պետք է սրա մասին նույնպես մտածի: Նույն դասախոսության մեջ օրինակ էր բերվում միջինասիացի մի երիտասարդ, որը Մոսկվայում աշխատելիս աշխատավայրում ռուսերեն է խոսել, տանը` եղբոր հետ, իր լեզվով: Ու նրա ուղեղն այնպես է վերափոխվել, որ իր լեզվով միայն կենցաղային թեմաներից է կարողացել խոսել, ռուսերենով` միայն աշխատանքին վերաբերող թեմաներից: Ուղեղը խիստ սահմաններ է գծել:

Անգամ հին աշխարհում հայերս  հիմնականում ապրել ենք այնպիսի լեզվական միջավայրում, որ կարողացել ենք, հայերենին զուգահեռ, տարածաշրջանում ազդեցություն ունեցող այս կամ այն լեզվով էլ հաղորդակցվել: Արդի աշխարհում էլ հո արդեն բոլորովին անհնար է մասնագիտության, աշխատանքի, անգամ կենցաղի մեջ կայանալ` օտար լեզուներ չիմանալով:  Ահա այստեղ է, որ մարդ պիտի կարողանա զգալ մայրենի լեզվի ու հաղորդակցության լեզվի տարբերությունը£ Եթե կրթությանդ լեզուն նաև քո մայրենին է, հաստատ, ուղեղդ էլ իր հնարավորությունների բարձրակետում կգործի, իսկ եթե տանը հայերեն ես խոսում, իսկ գիտությունները յուրացնում անգլերեն կամ ռուսերեն, ապա հնարավորություններիդ ցածրակետում ես: Այսինքն կրթությունդ մայրենի լեզվով ստացիր, եթե այդպիսի երջանիկ հնարավորություն ունես, իսկ օտար լեզուն քեզ համար միջոց դարձրու աշխարհի հետ շփվելու ու նրանից քեզ անհրաժեշտը վերցնելու համար: Այդ ժամամակ արդեն ուղեղդ ճիգեր չի թափի ու չի վերափոխվի, իսկ հարազատ լեզվական միջավայրում զարգացած, քո լեզվամտածողությանը բնորոշ ձևերով հարստացած մտքիդ համար էլ ուրիշ լեզուների միջոցով ստացած գիտելիքներդ հաստատուն հիմքի վրա կլինեն: Որովհետև ուղեղի այդ վերափոխումը կարող է մի դեպքում, գուցե, դրական լինել, մեկ այլ դեքում՝ անկասկած բացասական:

Այսօրվա տվյալներով՝ աշխարհում խոսվող 6909 լեզու կա£ Բնական է, որ շփումների հսկայական հնարավորությունների մեր դարում թարգմանությունը ամենաարդիական պահանջներից է£ Անցյալի աշխարհում ևս հասարակությունները ներփակված չեն եղել իրենց սահմաններում, այնպես որ ուրիշ լեզուների տիրապետելը և միմյանց բանավոր կամ գրավոր խոսքը թարգմանելը միշտ է պահանջված եղել£ Այդուհանդերձ՝ թարգմանչաց տոն միայն մենք ունենք: Իսկ որ առավել հետաքրիր, անգամ առեղծվածային է, հենց առաջին ամբողջական թարգմանությունը՝ Աստվածաշունչը, թարգմանական արվեստի կատարյալ նմուշ է: Գուցե կարելի է եզրակացնել, որ օտար կաղապարները դեռևս չէին հասցրել խաթարել թարգմանությամբ զբաղվող հայերի մտածողությունը…

Ցավոք, նույնը չես ասի այսօր տարածվող թարգմանական հեղեղի մասին, երբ օտար լեզուների կաղապարներն ու բառերն ուղղակի պատճենվում են` աղավաղելով հայերենն ու զրկելով ճկնությունից: «vokrugsveta.ru»–ն հայտնում է, որ աշխարհի 6909 լեզուների կեսից ավելին ոչնչացման եզրին է£ Խորհրդային տարիներին Հայաստանում թերևս ավելի շատ երեխա ռուսական դպրոցում էր սովորում, քան հայկական£ Այն ժամանակ բանասերներիս դասախոսող հայտնի հայագետի որդին հաջորդ դասին լսարան մտնելով՝ ասում էր, թե ռուսական կրթություն ունեալով՝ դժվարությամբ է հայերեն դասախոսություն կարդալ£ Հայոց լեզվի և գրականության տարեց ուսուցչուհին ականջներին չէր հավատում, երբ պրակտիկայի ժամանակ ասում էինք, որ մենք հայկական բանասիրական ենք ընդունվել շատ բարձր մրցակցություն հաղթահարելով. իրեն մի փոքր մխիթարված էր զգում՝ հայերենով հետաքրքրվողներ դեռ կան£ Լսելով, որ դու դեմ ես ռուսական դպրոցներին, սկսում էին համոզել, թե հայերենով արդի աշխարհում հեռու չես գնա… Եվ այլն, և այլն£ Այսինքն՝ հայերենն էլ էր հայտնվել վերացող լեզուների շրջագծի սահմաններում£

ՀՀ կառավարությունը հիմա ամեն ճիգ ու ջանք գործադրվում է՝ Հայաստանում այս կամ այն անվան տակ նորից բացելու օտարալեզու դպրոցների ճանապարհը, ու դրան հասավ ծառայամիտ խորհրդարանականների «արտահերթ» որոշմամբ£ Այսինքն՝ հնդեվրոպական հնագույն լեզուներից մեկը, որը, հակառակ անհամար փորձություններին, այսօր էլ խոսվող ու պետական լեզու է, նորից է սկսում երթը դեպի վերացող լեզուների շրջագիծը£ Ու սա ամենևին էլ չափազանցություն չէ. արդի աշխարհում գործընթացները շատ արագ են զարգանում£ Աչք էլ չենք թարթի, մեկ էլ կտեսնենք՝ մեր Տիգրանը, որ ավագ սերնդի բերանում հիմա ավելի շատ «Ծիգռան» է հնչում, կդառնա «Թիքրան»£ Իսկ հայությունն էլ, որի գոյատևման գլխավոր կռվանը հենց լեզուն է, կկորցնի ամենահուսալի հենարանը£    Այսպես հո «գիտուն լեզվագետներն» ընդամենը մեկ լեզուն փոխարինում են մյուսով£ Հապա էլ ուր մնաց «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես» իմաստուն խոսքի խորհուրդը£

Արմենուհի Փալանդուզյան

Գրառումը կատարվել է Հրապարակախոսական, Շտեմարան բաժնում։ Էջանշեք այս հղումը.