Տառադարձման թնջուկը արդի հայերենում

Թարգմանական առնվազն 1600–ամյա ավանդույթներ ունենալով՝ այժմ կանգնել ենք մի իրավիճակի առջև, երբ  տառադարձումը դարձել է արդի հայերենի ամենացավոտ խնդիրներից մեկը։ Թե՛ էլեկտրոնային, թե՛ տպագիր, և թե՛ հեռուստատեսային լրտվամիջոցներն օրական բազմաթիվ օտարալեզու տեքստեր են թարգմանում և արագորեն տեղադրում։ Նրանց աշխատակիցները ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն, ցավոք՝ ո՛չ էլ մտահոգություն ու անհրաժեշտ պատրաստվածություն ունեն հայերենի հնչյունական կազմին ու ձևավորված ավանդույթներին համապատասխանեցնելու օտար անուններն ու փոխառյալ բառերը։ Ցանկացած լրատվամիջոց բացելիս այս խնդրին այս կամ այն չափով առնչվում ես։

Առաջին հերթին դժվարությունը ծագում է նրանից, որ հայերեն թարգմանություններն արվում են հիմնականում ռուսերենից ու անգլերենից։ Երեքն էլ հնդեվրոպական լեզու լինելով, այնուհանդերձ, այժմ խիստ տարբերվում են հնչյունական կազմով։ Մի կողմ թողներով ձայնավորները, անդրադառնանք բաղաձայների բնույթին։ Հայտնի է, որ արդի գրական արևելահայերենի 30 բաղաձայները բաժանվում են ձայնեղ (15-ը), պարզ խուլ (10-ը) և շնչեղ խուլ (5-ը) տեսակների։ Այդ 30–ից 15–ը եռաշարք են կազմում հետևյալ ձևով՝ բպփ, գկք, դտթ, ձծց, ջճչ։ 8 բաղաձայն երկշարքով են միավորվում՝ զ–ս, ժ–շ, ղ–խ, վ–ֆ։ Մնացած 7–ից 6–ը հայերենի ձայնորդներն են՝ լ, մ, ն, ր, ռ, յ։ Վերջին հ բաղաձայնը կոկորդային հնչյուն է, որը նաև անվանվում է հագագ կամ շունչ։ Հենց հ–ի շնորհիվ գոյություն ունեն հայերենի հինգ շնչեղ խուլերը (փ, ք, թ, ց, չ

«Անզեն» աչքով էլ տեսանելի է, որ հայերենի շնչեղ խուլերից փ–ն, ք–ն, թ–ն, ձայնեղներից ղ–ն, իսկ պարզ խուլերից էլ հ–ն, ճ–ն, ծ–ն ռուսերենում բացակայում են (հիշենք՝ մի քանի հնչյուն էլ արտահայտվում է տառակապակցությունների ձևով, ինչպես (дз–ձ, дж–ջ)։   Անգլերենում բացակայում են կամ որոշ դեպքերում տարբերակված, ուրեմն և առանձին գրանշանով ամրագրված չեն պարզ խուլերը, բացակայում է ղ–ն, ճ–ն, ծ–ն։ Ո՛չ ռուսերենում, ո՛չ անգլերենում ր–ն և ռ–ն որպես առանձին հնչյուններ չեն ընկալվում։ Եվ այլն, և այլն, և այլն։

Մեկ պարագա ևս կա, որն ազդում է արդի գրական արևելահայերենի տառադարձության վրա։ Հիշենք՝ գրական արևմտահայերենում պարզ խուլեր (պ, կ, տ, ծ, ճ) չեն հնչում, բացի այդ էլ՝ գրաբարի բաղաձայներն այստեղ շատ դեպքերում տեղաշարժ–տեղափոխություն կրելով՝ փոխել են եռաշարքում ունեցած իրենց դիրքը։ Եթե այս օրինակը արևելահայերենի վրա բերենք, կարող ենք հիշել ձայնեղների խլացման բազմաթիվ օրինակներ, որից էլ ուղղագրությունն այդքան բարդանում է։ Հեռու չգնալով՝ նկատենք նույն տառադարձություն բառի ձ–ն, որ այժմ ց է հնչում  և բարդանալ բառի դ–ն, որ թ է հնչում։

Կարծում եմ, առանձին անդրադարձի կարիք ունի օտար լեզուների ր և ռ հնչյունների տառադարձումը հայերենում։ Լեզուները, որոնցից այսօր հայերենում թարգմանություն կամ հղումներ են արվում, այս հնչյունների համար հիմնականում մեկ գրանշան ունեն։  Ր կամ ռ ընտրելու հարցը արդիական է հատկապես բառասկզբի պարագայում։ Հայերեն տեքստերն այժմ լի են օտար անուններով, որոնք սկսվում են ր–ով։ Հայերենում հանդիպման հաճախականությամբ առաջին–երկրորդը լինելով հանդերձ, այս հնչյունով սկսվող բառերի թիվը թերևս տասից էլ պակաս է։ Բառարան չբացելով՝ ես հիշեցի րոպե, րոք (իլիկ), րաբբի, րաբունի գոյականները և Րաֆֆի հատուկ անունը։ Հնուց ի վեր հայերենը հայտնի է հենց այս հատկությամբ՝ բառասկզբի ր–ն կա՛մ ռ է դառնում, կա՛մ նրանից առաջ ձայնավոր է ավելանում։ Այդպես ունենք արև,  արեգակ, երեխա և այլ ձևեր։ Ուշագրավ է, որ հայերենի որոշ բարբառներում (Լոռու, Ղարաբաղի) բառասկզբում ր հնչում է (օրինակ՝ Րևան՝ Երևան, րեժան՝ արաժան, րեխա՝ երեխա, րաբա՝ արաբա)։ Տեղյակ չլինելով հայերենի վերը նշված տարբերակիչ առանձնահատկությանը՝ շատերը օտար հատուկ անունների սկզբում պարզապես գրում են ր, և այդպիսով աղավաղում հայերենը։ Պատկերացրեք՝ հայերիս մեջ այժմ տարածված Ռուբեն, Ռոբերտ, Ռոզա, Ռայա, Ռաֆայել, Ռադիկ, ռուս և նման այլ բառեր ժամանակին տառադարձեին այսօրվա «գրագիտության» մակարդակով։ Չեմ կարծում, թե որևէ մեկի ականջին հարազատ կհնչեր Րուբեն կամ Րոզա տարբերակները։ Ահա մի օրինակ տպագիր մամուլից. «Հոնգկոնգցի բժիշկները Շվեյցարիայի «Րոշե» դեղագործական ընկերությանը… մեղադրել են Ասիայի բնակիչների նկատմամբ խտրական քաղաքականության մեջ»։ Բառասկզբի ր–ն ռ դարձնելու հայերենի այս առանձնահատկությունը մի քանի հազարամյակի ընթացք ունի, ու հիմա՝ «զանգվածային գրագիտության» մեր դարում, սա անտեսելը նույնն է, ինչ որ հայոց պետության մեջ մեր երեխաներին օտարալեզու կրթություն տալը։ Երկուսն էլ հայերենի լեզվամտածողության հիմքերին են խփում։

Պակաս կարևոր չէ նաև բառամիջում ր–ի և ռ–ի միջև ընտրություն կատարելը։ Քչերն են գիտակցում, որ հայերենում սրանք տարբերակված հնչյուններ են, և պետք է առաջնորդվել նախ և առաջ հայերեն հնչողության առանձնահատկություններով և ձևավորված ավանդույթներով։ Շատերը մերժելով ռուսերենի ազդեցությունը՝ ցանկացած «р» (ռուսերենում) և «r» (անգլերենում և լատինատառ մյուս լեզուբերում) տառադարձում են ր–ով։ Մի մասն էլ, ականջը սովոր ռուսերենի կաշտ հնչյունին, համարյա բոլոր նշված տառերը ռ–ով է արտահայտում։   Ամենածիծաղելին (եթե չասենք՝ ցավալին) այն է, որ ռ–ով են տառադարձում հենց անգլերեն բառերը։ Օրինակ «Ասուպ»–ի խաչբառերից մեկում «owner» բառը հայերեն տառերով գրել են «օունըռ», այն դեպքում, երբ անգլերենին շատ թե քիչ ծանոթ մարդիկ տեղյակ են՝ բառավերջի r–ն այնքան թույլ է է հնչում, որ  գրեթե չի էլ լսվում, իսկ հայերենի ռ հնչյունը գիտենք, թե որքան ուժեղ ու արտահայտված է հնչում։ Հայազն Երիտասարդների Միաբանության տարածած հայտարարության մեջ էլ կարդացի «պռոադրբեջանական» բառը՝ ակնհայտ ռուսերեն հնչողություն։ Եվ կարելի էր նման սխալից խուսափել, եթե պարզապես օգտագործվեր ադրբեջանամետ բառը։

Իսկ ամենից ցավալին այն է, որ սկսել են շփոթել նաև բուն հայերենի ր–ն ու ռ–ն։ Սրանում համոզվելու համար բավական է միայն շրջել Երևանում ու աչքի անցկացնել պատահած ցուցանակներն ու գրությունները։ Ամեն մի պատկերացումից վեր է, բայց գրված կտեսնեք, օրինակ, Աճարյան փողոց. ակնհայտ է, որ մեծ լեզվաբանի անունը սա գրողի ականջին կյանքում չի հնչել, նրա վերաբերյալ էլ մեկ տող անգամ չի կարդացել։  Այնինչ հայերենի տառադարձումը մեծապես առնչվում է հենց լսողության ու տեսողության հետ։ Բայց ինչպես կարող է անտեղյակ մարդը ճիշտ տառադարձել, ասենք, Սոֆիկո Ճիաուրելիի ազգանունը, եթե տեսնում է միայն ռուսերենի Чиаурели գրությունը, ականջը հայերենով չի լսել, իսկ իր մտքով էլ չի անցնում, որ ճ հնչյունը վրացերենում էլ կա, հայերենում էլ։

Մեծ խառնաշփոթ է առաջացնում նաև օտար անուններն ու բառերը տառադարձելիս պարզ խուլի (պ, կ, տ) ու շնչեղ խուլի (փ, ք, թ) ընտրության հարցը։ Դարձյալ շատերը առաջնորդվում են անգլերենի կամ ռուսերենի հնչողությանը գերադասություն տալով, և ունենում ենք նույն անվան մի քանի տարբերակ։ Սա շատ տարողունակ հարց է, դրա համար՝ միայն մեկ ակնարկ. գրական արևելահայերեն տեքստեր եթե բացենք, կտեսնենք, որ պարզ խուլերն այնտեղ մեծապես գերակշռում են շնչեղներին, և պետք չէ ամեն անգամ երկնտրանքի առաջ կանգնելիս մտածել՝ քանի որ ռուսերենում պարզ խուլ է, իսկ մենք այդ լեզվի միջոցով ենք  փոխառել, ուրեմն պետք է անպայման շնչեղ խուլ տարբերակն ընտրենք՝ նրանից տարբերվելու համար։ Կարծում եմ՝ չպետք է այսպիսի դեպքերում անտեսենք նաև հայերենի բարեհնչյունությունը։ Մանավանդ՝ հաճախ ուղղակի անհնար է վերլուծել ու պարզել, թե տվյալ բառը որ լեզվից են փոխառել հենց ռուսերենն ու անգլերենը, և թե ինչպես են հնչել դրանք փոխատու լեզուներում։ Իհարկե, այստեղ պետք է որ մեծ լիներ Լեզվի պետական տեսչության ու ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի դերը, որպեսզի գիտական եղանակներով պարզեին ու տարածեին հայերենին հարազատ ձևերը, թեկուզ՝ հետադարձ ընթացքով՝ դրանք լրատվամիջոցներում որևէ տարբերակով հայտնվելուց հետո։ Սակայն սա չի արվում կամ արվում է ոչ բավարար չափով, ու ինքնահոսի թողնվելով՝ մի հսկայական խառնաշփոթ է ստեղծվել։

Մեկ այլ խնդիր էլ օտարագիր բառերով հայերեն տեքստերը խճողելն է առաջացնում։ Առանց տառադարձվելու են թողնվում հատկապես լրատվամիջոցների անունները, ինչ–որ կազմակերպությունների անուններն ու հապավումները, որոշ երկերի վերնագրեր։ Սրանց մի մասը, թերևս, չարժե էլ հայատառ դարձնել կամ ուղղակի անհնար է լինում, սակայն ստեղծված պատկերն էլ ահավոր է. ստացվում է, ու հայերեն տեքստ ես վերցնում ու կեսը անգլերենով կարդում։ Օրինակ արժե մտաժել, թե ինչ  տեսք կարելի էր տալ «Կապիտալից» վերցված հետևյալ նախադասությանը. «Bank of America-ն փորձել է փակել WikiLeaks-ը»: Կարծում եմ՝ գոնե պետք էր   բանկի անունն էլ, կայքի անունն էլ չակերտներում դնել, օրինակ՝ «WikiLeaks»։ Գուցե արժեր նաև բանկի անունը գրել «Ամերիկյան բանկ»։ Իսկ գուցե այդ դեպքում սա չէ՞ր նույնացվի «Bank of America»–ի հետ։ Կա նաև «Բանկ օֆ Ամերիկա» տարբերակը, եթե, իհարկե, անտեսենք, որ Bank բառի a–ն պարզ ա չի հնչում, և գուցե պետք էր ընտրել «բենք» տարբերակը…  Նաև այստեղ է, որ պետք է օգնության գային հստակեցված, ճշգրտված ցանկեր, քանի որ ոչ մի խմբագիր ու սրբագրիչ չի կարող այս ամենը ճշգրիտ որոշել։ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4–րդ հոդվածի գ) կետի համաձայն՝ ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները պետք է ձևավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով: Իհարկե, լրատվամիջոցները նշված չեն, սակայն հենց այստեղ ենք ավելի շատ առնչվում այսպիսի խնդիրների։

(Հիմա էլ լատինատառ հայերենով իրար հաղորդագրություն գրելն է նորաձև դարձել։ Սակայն լատինատառ գրես, երբ քո լեզվի հնչյունական կազմը լիովին արտահայտող կատարյալ այբուբեն ունես, թերևս, անմտության շարքից է)։

Ու այստեղ, հաստատ, Գորդի մեթոդներով թնջուկը վերացնել հնարավոր չէ, որովհետև կտրվողը ոչ թե պարան է լինելու, այլ արյունատար անոթ։

Արմենուհի Փալանդուզյան

Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին, Լուրեր, Շտեմարան բաժնում։ Էջանշեք այս հղումը.