Հացի, ջրի, օդի նման պետք է ունենալ հպարտություն

«Առաջին լրատվականը» զրուցել է կիպրոսաբնակ լեզվաբան Արտա Ճեպեճյանի հետ:

— Տիկին Ճեպեճյան, Ձեր հրապարակախոսական նյութերում Դուք նշում եք, որ մայրենի լեզուն գիտակցություն է, որը թույլ է տալիս պրպտել, հետաքրքրվել արմատներով, պատմությամբ, գրականությամբ, որ այն ինքնության զորավոր հասկացողություն ունենալու համար է: Ավելի շատ խոսում եք սփյուռքում լեզվի պահպանության խնդրից, սակայն այստեղ էլ այդ խնդիրներն առկա են, ծանո՞թ եք դրանց:

— Այո, գիտեմ` ինչ է կատարվում այդտեղ: Վերջերս տեղեկացա օտարալեզու դպրոցների բացման հետ կապված խնդիրներին: Մենք այսօր սփյուռքի մեջ լեզվի խնդիրների մասին ենք խոսում, և ավելի շատ մտահոգություն կա հայրենիքի մեջ գործածված հայերենով: Ըստ էության, հայրենիքում բնակվող հայերը սփյուռքի մեջ գործածված հայերենով պետք է մտահոգվեին, այնինչ այդտեղ էլ առկա է նման խնդիր: Մեր մեծագույն մտագոհությունն, այսպես կոչված, լեզվափոխությունն է: Դեռ մանկուց սփյուռքի մեջ մեր ծնողները և ուսուցիչները հանձնարարում էին, որ հայերեն խոսենք: Հիմա էլ (մանավանդ մամուլի մեջ) խուսափում ենք օտար բառեր գործածելուց, փորձում ենք մեր մտքերը միմիայն հայերենով արտահայտել:

— Կարելի է ասել` այսօր սփյուռքում ավելի մտահոգված են հայոց լեզվի պահպանության խնդրով, քան Հայաստանում, մանավանդ որ այստեղ ռուսաց լեզվի` հին ավանդույթի վերադարձի մեծ թափ է նկատվում:

— Սա միշտ եղել է, և բնական էր, բայց վերջին տասնամյակում այս հարցն ավելի շատ է արծարծվում, որովհետև մեծ է այն մարդկանց թիվը, որոնք հայրենիքից հեռու են ապրում: Երբ մենք լեզվաբաններով հավաքվում, նստում զրուցում ենք, մտահոգվում ենք հայրենիքի մեջ գործածված ռուսերենով, բառերի` շատ հաճախ ռուսերեն կամ անգլերեն հնչյուններով ներկայացնելու խնդրով, մի բան, որ մենք տարիներով խուսափել ենք անել: Սա է, որ մեզ շատ ցավ է պատճառում: Բայց եթե աշխատենք այդ ուղղությամբ, կկարողանանք թոթափել: Մենք գիտենք, որ 70 տարի Հայաստանը փաստացի Ռուսաստանի տիրապետության տակ էր, և անխուսափելի էր ռուսերեն բառերի ներմուծումը, ինչպես և անխուսափելի էր մեր` Լիբանանի մեջ թուրքերեն, արաբերեն, ֆրանսերեն բառերի ներմուծումն ու գործածումը, բայց, անշուշտ, անհանգստություն կա հեռուստատեսային լեզվի հետ կապված: Լեզուն պետք է ավելի անաղարտ լինի եթերով: Այդ օտար բառերը, հատկապես ռուսերեն բառերը, անհասկանալի են, բայց չէ՞ որ մեր լեզուն շատ հարուստ և ճկուն է, և կարող ենք շատ բառեր փոխառել և գտնել դրանց հայերեն տարբերակը:

— Իսկ առհասարակ կարողանո՞ւմ եք հայկական հեռուստաալիքներ դիտել, շատ սփյուռքահայեր են բողոքում հաղորդումների որակից և այլն:

— Ճիշտ է, թեև ժամանակս ընդհանրապես ընթերցելով է անցնում, բայց երբեմն հետևում եմ հեռուստատեսությանը: Շատ հետաքրքրական են ներկայացված հաղորդումների մտահոգությունները: Ինչպես և ասացի, ընդհանրապես դժվարություն կա հասկանալու, որովհետև ոչ միայն լեզուն, այլ նաև շարահյուսական մի շարք խնդիրներ կան, ոչ ճիշտ հայերեն քերականությամբ: Թեև սա էլ ինչ-որ առումով հասկանալի է, 70 տարի Ռուսաստանի ճնշումների, ռուսաց լեզվի ճնշումների մեջ է եղել հայրենիքը, բայց, օրինակ, մյուս կողմից` պետք է նկատել, որ սփյուռքի մեջ էլ տեսակ-տեսակ մարտահրավերներ կան` քաղաքական լեզվական, մշակութային այլասերումներ… Դրա համար էլ ասում եմ` լեզվաբանությունը պետք է պայքարի, շարունակի պայքարել և գոյություն ունենալ:

— Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, ինչի՞ հետևանք էր լեզվի օրենքում փոփոխություններ կատարելը, ե՞րբ են կանգնում առհասարակ նման կարևոր փոփոխություններ, կարելի՞ է ասել վտանգավոր որոշումներ կայացնելու շեմին: Ըստ Ձեզ` ավելի շատ ինքնուրույնության կորստի՞ հետևանք է:

— Նախ պետք է նկատել, որ աշխարհն արդեն բաց հասարակություն է, և մենք չպետք է վախենանք, որ մենք տակավին գտնվում ենք 21-րդ դարում, և հայը ընդհանրապես շատ մարտահրավերների առաջ է կանգնել: Հայը տեսել է Ավարայրի օրեր, ցեղասպանություն, մեր ինքնությունը, կրոնը այս բոլորը պահել ենք, և մեր պահանջատիրությունը պետք է ցուցաբերենք: Չպետք է մոռանալ, որ մեր մայրենի լեզուն պետք է մեզ մեր մշակույթն արտահայտելու համար, մեր հպարտությունը, գրականությունը, մեր լեզուն պետք է մեզ, որ ուրիշի հետ հաղորդակցվելու լեզու գտնենք, պետք չէ վախենալ: Մինչ այս պահը մենք մեր արմատների և գրի շնորհիվ կամ միջոցով ենք գոյությունը պահպանել: Ճիշտ է, ես ամբողջությամբ տեղյակ չեմ վերջին շրջանում իրականացված որոշումներից լեզվի օրենքի շուրջ, բայց կարող եմ ասել` պետք չէ այս բոլորը լինեն հայոց լեզվի հաշվին: Մենք մեր լեզուն պետք է պահենք, և պետք է հասկանանք` օտար լեզուն ինչի՞ համար ենք սովորում: Մենք պարզապես պետք է մեր լեզվով հպարտանանք, մեր հաղթություններով, պատմությամբ և այդպես ճամփա ելնենք:

— Իսկ ներկայում ի՞նչ խնդիրներ եք դրսից տեսնում հայրենիքում առկա, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանն այսօր:

— Հայաստանը մեզ համար մեր հայրենիքն է, և մանավանդ այն, որ մենք հեռու ենք և մեզ համար մատչելի չէ հայրենիքը… Անշուշտ, կան նաև քաղաքական մտահոգություններ, այստեղ էլ մամուլը կանդրադառնա Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Պետք է ասենք, որ մեր քաղաքական առաջնորդները միասնաբար միայն կարող են լուծել ղարաբաղյան հարցը և ուրիշ խնդիրներ նույնպես: Անշուշտ, սփյուռքի և հայրենիքի հետ կապված խնդիրներ շատ կան, պետք է մտածեն լեզվի ապագայի մասին, պետք է հեռուստատեսությունն ավելի մատչելի դառնա այստեղի սերնդի համար:

— Ավելի մատչելի՞, թե՞ ավելի գրական, բարձրարժեք հաղորդումներով:

— Այս բոլորը, այո՛, շատ կարևոր են, մանավանդ մեզ համար, որ ռուսերենից այդտեղ շատ բառեր են ներմուծվել, ինչի արդյունքում շատ բաներ մեզ համար մատչելի չեն լինում: Ունենալով 70 տարվա Սովետական Միության պատմություն` մենք կարողացանք մեր լեզուն պահել, ռուսաց լեզուն այդքան մեծ տեղ գրավելով հանդերձ` մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք պահել, շատ հայորդիներ հայերեն չսովորեցին այդ տարիներին Հայաստանի մեջ, բայց մենք կարողացանք պահել լեզուն:

— Ստացվում է` մենք այն ժամանակ կարողացանք պահել, հիմա` անկախության տարիներին, այդ խնդրի առաջ ենք կանգնել:

— Լիբանանում, Սիրիայում ապրող շատ հայեր խնդիր են դրել իրենց առաջ, որ հայերենը մեր որպիսության հարցն է դրել, որ իրենք եթե պետք է վերապրեն, իրենց լեզվով է, որ պետք է վերապրեն, հայերենն է, որ պետք է ապահովի շարունակականություն, ինքնուրույնություն, հպարտություն, պատկանելիություն: Հիմա` 21-րդ դարում, համաշխարհայնացում է գնում, մենք այս դեպքում պետք է ամեն ինչ անենք, որ շարունակենք հայ մնալ: Վահան Թեքեյանը տարիներ առաջ ասում էր` հացի, ջրի, օդի նման մենք պետք ունենանք հպարտություն: Մենք` որպես հայ քրիստոնյաներ, հաճախ հպարտությունից հեռանում ենք:

— Մենք հպարտության, արժանապատվության խնդի՞ր ունենք:

— Հիմա բոլորը իտալերեն, անգլերեն, հունարեն են սովորում: Հիմա համակարգիչ կա, համացանց կա, և մեր զավակներն արդեն բավականին ժամանակ կծախսեն դրանց վրա, բայց մամուլն էլ արդեն հայերենով կա այնտեղ, և ես իմ մանուկներին կվարժեցնեմ, որ հայերեն կարդան, և սա է, որ Կանադայի և Լիբանանի մեջ փոքրամասնությունները սկսել են իրենց մայրենի լեզուն համացանցի միջոցով վերագտնել:

— Կարելի է ասել` համացանցը կդառնա այն խթանը, որը կնպաստի լեզվի պահպանմանն ինչ-որ առումով:

— Այո՛, պարզապես սփյուռքում էլ շատ ծնողներ հետևողական պետք է լինեն հայերենի նկատմամբ, հայերեն դպրոցներ տանեն իրենց երեխաներին, հայերեն խոսեն նրանց հետ: Ցավոք սրտի, շատեր սովորում են և ասում, որ հայերենը շատ դժվար է, բայց բոլոր լեզուներն էլ ունեն հատկություններ: Իսկ հայոց լեզուն իսկապես շատ հարուստ է: Հենց հայերենով մենք պետք է աշխարհում և մանավանդ թուրքին ցույց տանք, որ կանք, նրան, ով ուզում էր մեզ բնաջնջել…

http://www.1in.am/

Գրառումը կատարվել է Հրապարակախոսական բաժնում։ Էջանշեք այս հղումը.