Լ. Սահակյան. «Համշենցիների թվաքանակի մասին հաճախ կեղծ և ուռճացված տվյալներ են շրջանառվում»

“ԱՆԿԱԽ” շաբաթաթերթ N 19 [86]

Մայիսի 26-հունիսի 2, 2011, էջ 6

2010թ-ի ամռանը Հայաստանից մի փոքր խումբ այցելել է Թուրքիայի Ռիզեի նահանգի Համշեն, Չամլըհեմշին, Արդաշեն և Արդվինի նահանգի Խոփա գավառների համշենցիների բնակավայրերը։ Դաշտային աշխատանքների ընթացքում հավաքած նյութի հիման վրա օրերս լույս տեսավ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի օսմանագիտական բաժնի ղեկավար, բ. գ. թ. Լուսինե Սահակյանի “Համշենի հայկական միկրոտեղանունների իմաստակառուցվածքային քննություն” ուսումնասիրությունը: Ներկայացնում ենք մեր հարցազրույցը Լուսինե Սահակյանի հետ իրենց այցի և կատարած աշխատանքի արդյունքների մասին:

Տիկին Սահակյան, պատմեք այցի մասին, ո՞րն էր այցելելության նպատակը։

Անցյալ ամռանը մի փոքրիկ խմբով հնարավորություն ունեցանք այցելելու Արդվինի նահանգի Խոփայի գավառի Քեմալփաշայի (նախկին Մաքրիյալ) ենթաշրջանի մի շարք բնակավայրեր, ուր ապրում են բուն Համշենից այստեղ տեղափոխված՝ 18-րդ դարում բռնի մահմեդականացված համշենցիների ներկա սերունդները։ Եղանք Արդահանի Բիլբիլան կոչվող նրանց ամառային արոտավայրում: Այնուհետև անցանք Արտանուջ գավառով, եղանք հայտնի Ջեհեննեմ դերեսիում՝ Դժոխքի կիրճում, որտեղ ցեղասպանության տարիներին թուրք հրոսակները բազմաթիվ հայերի են ցած նետել, ու մինչև այսօր էլ տեղացիները հիշում են այդ սարսռազդու ոճրագործությունը։ Մի քանի օր կանգ առանք նաև պատմական բուն Համշենում, մասնավորապես՝ Ռիզեի նահանգի Չամըլհեմշին գավառում, այդ թվում՝ Այդերի (Արտեր) ամառային արոտավայրում, որն այսօր դարձել է զբոսաշրջության կենտրոն։ Այցելեցինք գավառի Մաքրեվիս, Չաթ (հնում՝ Տափ), Չինչիվա

Զիլկալե (ներքին բերդ) - լուսանկար Լ․ Սահակյանի

(հնում՝ Շինչիվա) գյուղերը, պատմական Զիլ (Ներքին) բերդը, Համշեն գավառի Զուղա, Արդաշեն գավառի Օջե գյուղերը: Այցի նպատակն էր դաշտային հետազոտությունների միջոցով պարզել, թե համշենցիներն այսօր որքանո՞վ են պահպանել հայկական սովորույթները, ի՞նչ շերտեր են մնացել հայկական մշակույթից, ինչպիսի՞ն են այդ շրջանների բնակչության լեզվավիճակն ու ժողովրդագրական պատկերը։ Նշեմ, որ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող ճանաչված համշենագետ Սերգեյ Վարդանյանը Բիլբիլանում իր հավաքած արժեքավոր բանահյուսական նյութերի մի մասն արդեն հրատարակել է «Ձայն համշենական» ամսաթերթում (2011, N 1-4)։

Տիկին Սահակյան, որքա՞ն է այսօր համշենցիների թիվը Թուրքիայում, գնահատականները խիստ տարբեր են ու հակասական:

Այսօր համշենցիների թվաքանակի մասին հաճախ կեղծ և չափազանցված տվյալներ են շրջանառվում. խոսում են Թուրքիայում 1.5-3 միլիոն համշենցիների գոյության մասին: Այս թվերն իրականության հետ որևէ կապ չունեն:

Տարիների ընթացքում իմ հավաքած տեղեկությունների համաձայն, որոնք հենվում են առավել վստահելի հաղորդումների՝ հատկապես համշենցի մտավորականների և տեղացի բնակիչների վկայությունների վրա, այսօր հայերենի Համշենի բարբառով խոսող համշենցիների թիվը Արդվինի նահանգի Խոփա և Բորչկա գավառներում կազմում է մոտավորապես 20-25 հազար, իսկ Թուրքիայի մեծ քաղաքներում հաստատվածներով հանդերձ՝ ընդհանուր առմամբ՝ 30-35 հազար։ Կրկնենք, որ այս թիվը վերաբերում է հայերենի Համշենի բարբառախոսներին։ Իսկ Ռիզեի նահանգի Համշեն, Չամլըհեմշին, Արտաշեն, Ֆընդըքլը, Փազար, Չայելի, և Իքիզդերե գավառներում բնակվող և Թուրքիայի այլ քաղաքներ տեղափոխված՝ մայրենի բարբառը վաղուց մոռացած համշենցիների թիվը, մոտավոր հաշվումներով, 50-60 հազար է։ Առավել առարկայական լինելու համար նշենք, որ Ռիզեի նահանգի Չամլըհեմշին գավառում համշենցիների թիվն ամռանը հասնում է 6000-7000-ի, իսկ ձմռանը համշենցիները հեռանում են իրենց ամառանոցներից, և գավառում մնում է մոտավորապես 2400 մարդ: Դեռևս 25 տարի առաջ Համշեն գավառի 80 տուն ունեցող Զուգա/Զուղա գյուղում այժմ մշտական բնակելի է ընդամենը 10 տուն, իսկ 30 տուն ծառայում է որպես ամառանոց: Արդաշեն գավառում համշենցիների թիվը մոտ 3 հազար է։ Այսինքն՝ ողջ Թուրքիայում համշենցիների թիվը ընդհանուր առմամբ տատանվում է մոտավորապես 80-90 հազարի միջև։ Այս թիվը հաստատում են նաև խնդիրներից լավատեղյակ, տեղում իրենց ազգագրության, պատմության հարցերով զբաղվող համշենցի մասնագետները: Կարծում եմ, որ նրանք այս թվերը կեղծելու խնդիր չունեն։ Ուստի չափազանցված գնահատականները լիովին անտեղին են։ Ցավոք սրտի, մեզանում նմանատիպ հարցերը հաճախ են աղավաղվում։ Բերեմ թարմ օրինակ։ Վերջերս Ղրղզստանից մեկ համշենցի այցելել էր Արցախ՝ ընդամենը տնտեսական պայմանների հետ ծանոթանալու համար և մի քանի օր անց հետ վերադարձել։ Իսկ հայկական շատ լրատվամիջոցներ այս լուրը ծուռ հայելու մեջ ներկայացրեցին, թե իբր 200 համշենցի ընտանիք պատրաստվում է վերաբնակվել Արցախում։ Անհասականալի ոգևորություն բարձրացավ մամուլում, հեռուստաալիքներում, նույնիսկ չգիտեմ՝ խեղաթյուրում ասեմ, թե պատրանք, հեռուստաալիքներից մեկով հայտարարվեց, թե իբր արդեն այդ համշենցին դարձի է եկել՝ քրիստոնեություն ընդունել։ Լավ է, որ այս բացահայտ ապատեղեկատվությունն ստացավ նաև իր հերքումը։

Եթե խոսենք մահմեդական համշենցիների ազգային ինքնագիտակցության մասին, արդյո՞ք նրանք պահպանել են հայկական ինքնության տարրեր:

Ռիզեի նահանգում և Արդվինի նահանգի Խոփա և Բորչկա գավառներում պատկերն էականորեն տարբեր է։ Վերջին երկուսում համշենցիները դեռևս խոսում են հայերենի Համշենի բարբառի յուրահատուկ խոսվածքով: Միաժամանակ, շեշտենք, որ նրանք հայերեն տառեր չգիտեն։ Մեսրոպյան այբուբենն այժմ գիտաճանաչողական նպատակներով սովորում են մի քանի մտավորականներ։ Պետք է ասել, որ շնորհիվ բարբառի պահպանման` Խոփա և Բորչկա գավառների համշենցիների մի մասն ընդունում է իր հայկական ծագումը, բայց ոչ ավելին՝ հայկական ինքնության այլ կարևոր բաղադրիչները, մասնավորապես՝ միասնական հայկական պետության, Հայաստան-հայրենիքի գաղափարը, գրեթե արտահայտված չեն: Նրանց մեջ կան նաև այնպիսիները, ովքեր խուսափում են իրենց

Բիլբիլանի արոտավայրում - լուսանկար Լ․ Սահակյանի

ծագման մասին խոսել, լավագույն դեպքում՝ իրենց համարում են հոմշեցի (համշենցի), մերժելով ինչպես հայկական, այնպես էլ թուրքական ինքնությունը: Չափազանց հետաքրքրական է, որ այս գավառների համշենցիների միջավայրում տարածված են մարքսիստական-աթեիստական մոլեռանդ համոզմունքները, որոնք, ըստ իս, որոշակի հոգեբանական ինքնապաշտպանական դեր են կատարում իսլամական-թուրքական գաղափարաբանության դեմ։ Մարքսիստական-աթեիստական գաղափարների ամրակայմանը, ինչպես տեղացիներն էին ասում, նպաստել է նաև այն, որ տակավին 1928 թ. Մոսկվայից վերադառնալով՝ թուրք կոմունիստ գրող Նազիմ Հիքմեթը ձերբակալվում է և Խոպայի բանտ տեղափոխվում։ Այս դեպքից հետո նրա ստեղծագործությունները լայն տարածում են գտնում նաև համշենցիների միջավայրում։

Իսկ Ռիզեյի համշենցինե՞րը։

Ռիզեի նահանգի համշենցիների շրջանում թուրքացումը խոր արմատներ է գցել։ Նրանք թուրքախոս են, մոռացել են իրենց մայրենին՝ հայերենն ու նրա Համշենի բարբառը։ Ոմանք, երբեմն ընդունելով հայկական ծագումը, անմիջապես հավելում են, որ արդեն թուրքացել են։ Առհասարակ համշենցիների միջավայրում շրջանառվում են թուրք կեղծարար գիտնականներ Քըրզըօղլուի և Սաքաօղլուի տեսակետները, ըստ որոնց, նրանք իբր սերում են թյուրքական ցեղերից։ Թեև այստեղ մարքսիզմի գաղափարակիրների նույնպես հանդիպեցինք, սակայն սկսած 1950-ական թթ. Թուրքիայում զարգացում և տարածում ստացող իսլամական կառույցները լրջորեն ազդեցին Ռիզեի համշենցիների վրա ևս։ Խիտ բնակեցված գյուղերում և վարչական կենտրոններում բացվել են ղուրանի շրջանային, անգամ գիշերօթիկ դասընթացներ, շատացել են մզկիթները, որի հետևանքով համշենցիների մեջ կարելի է հանդիպել նաև մոլեռանդ մահմեդականների։

Այնուհանդերձ, Ռիզեի նահանգում ապրող համշենցիները, ի տարբերություն Խոպայի և Բորչկայի, պահպանել են Վարդավառի տոնը։ Հուլիս ամսվա վերջին Թուրքիայի տարբեր վայրերից հավաքվելով՝ Ռիզեի համշենցիները բարձրանում են յայլաները (արոտավայրերը) և նշում Վարդավառը, որը, կարելի է ասել, ավելի շուտ վերածվել է երգուպարի ինքնատիպ մի տոնակատարության։ Բացի այդ՝ Ռիզեի համշենցիները դեռ այսօր էլ խոսակցական թուրքերենում շարունակում են օգտագործել հայերեն կենցաղային բառեր, ինչպես նաև միկրոտեղանուններ (հանդերին, առուներին, անտառներին, աղբյուրներին, հողամասերին տրվող անուններ), որոնք հիմնականում կազմվել են Համշենի բարբառի բառաֆոնդից: Չամլըհեմշին (Ներքին Վիժե) գավառի Մաքրեվիս գյուղում ինձ հաջողվեց գրառել մի շարք միկրոտեղանուններ, տոհմանուններ, անձնանուններ։ Այսինքն՝ ինչպես այդ մասին գրում է չամլըհեմշինցի լրագրող և հայրենագետ Ջան Ուղուր Բիրյոլը, նրանց մոտ հայերենը պահպանվել է զուտ տեղանունների ու կենցաղային բառերի օգտագործման չափով:

Գրառումների ժամանակ նկատեցի, որ միկրոտեղանունները հիմնականում հիշում էին տարեցները, մեծավ մասամբ՝ չհիշելով անգամ դրանց իմաստները։ Ռիզեի Չինչիվա գյուղում, բնակիչները, մեզ տեսնելով, շատ զարմացան, մեզ ասում էին` «քանի դար է՝ այստեղ հայի ոտք չի կպել»: Չափազանց հետաքրքիր հանդիպում կայացավ Արդաշեն գավառի Օջե գյուղում։ Մեզ դիմավորեցին պարկապզուկի ուղեկցությամբ իրենց շուրջպարով (հորոնով)։ Այնտեղ հաջողվեց գրառել ինչպես իրենց խոսակցական թուրքերենում պահպանված բառեր, այնպես էլ արժեքավոր միկորտեղանուններ։

Կբերե՞ք ձեր գրանցած միկրոտեղանուններից մի քանի օրինակ։

Չամլըհեմշինում և Արդաշենում մեծահասակներից գրառել եմ շուրջ 100 միկրո կամ ժողովրդական տեղանուն։ Ուղևորությունից վերադառանալուց հետո ինձնից 9 ամիս պահանջվեց, որ հավաքած տեղանունները համակողմանի քննության և ստուգաբանության ենթարկեմ ու ներկայացնեմ մեր հանրությանը։ Առհասարակ միկրոտեղանունները հայտնի են միայն մարդկանց որոշակի խմբին։ Դրանք փոքր միավորների՝ արոտավայրերի, կալերի, ճահիճների, անտառների, բլուրների, գետակների, առվակների, հանդերի, ձորակների անուններ են, որոնք կազմվում են տեղական բարբառային բառաֆոնդից։ Միկրոտեղանուններն ավելի մանրամասն պատկերացում են տալիս տվյալ տեղանքի աշխարհագրական դիրքի, բուսականության, բնակչության զբաղմունքի, լեզվական իրողությունների մասին։ Բերեմ մի քանի օրինակ՝ Աղփիափ-Աղբրիափ, Ացկօղ-Աջկող, Գալէր-Կալեր, Ընգէզութ-Ընկուզուտ, Ցաքութ-Ցախուտ, Քարափ, Օձուտ, Խացթուր-Խաչդուռ։ Ի դեպ նշեմ, որ խաչ արմատով տեղանուններն ու բառերը տարածված են համշենցիների խոսակցական թուրքերենում՝ Խաչքար-Խաչիքար, Խաչիվանաք-Խաչիվանք, Խաչափիթ-Խաչափայտ, Խաչկուն, Հազինդաղ-Խաչին+տեղ, Խաչի ավլա-Խաչի բակ, Խաչաջուր (տանձի տեսակ) և այլն։ Միկրոտեղանունները հայոց պատմական հիշողության և մշակութային ժառանգության մասն են։ Հետևաբար, դրանց ուսումնասիրությունը պետք է ընդգրկվի հայ պատմաբանասիրության օրակարգում, հատկապես այն պատճառով, որ դրանց մեծ մասը, գտնվելով թուրքական միջավայրում, ժամանակին չգրանցվելու դեպքում սերնդափոխության հետևանքով դատապարտված է մոռացության։

Գրառումը կատարվել է Հայերենագիտություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.